ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Արմեն Այվազյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 223]

7. Մի լրացում

1997 թ. ամերիկյան «հայագիտությունը» կատարեց հայոց պատմության իր մեկնություններն ամրապնդելու և տարածելու չափազանց նշանակալից մի նոր քայլ: Երկու հատորով հրատարակվեց իր նախադեպը չունեցող կոլեկտիվ մի աշխատություն՝ «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը» (The Armenian People from Ancient to Modern times. Vols. 1-2. Edited by Richard Hovannisian. New York, St. Martin's Press, 1997, 890 pp.); Ռիչարդ ՀովՀաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած այս աշխատությունը նախատեսված է ինչպես ԱՄՆ համալսարանների հայագիտական ամբիոններում և հայկական դպրոցներում դասավանդվելու, այնպես էլ լայն հասարակության (նախ և առաջ՝ սփյուռքահայության) համար: Հեղինակների թվում են՝ մեզ ծանոթ Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասսելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին (որ գրել է երկու գլուխ), Ն. Գարսոյանը (որ գրել է միանգամից վեց գլուխ): Այս հատորներում հարձակումը հայոց պատմության վրա կազմակերպված է բազմաթիվ ուղղություններով: Համառոտ բերենք մի քանի օրինակ (ստորև բոլոր ընդգծումներն իմն են՝ Ա. Ա.).

1) Հայկական լեռնաշխարհը ներառվել է Անատոլիայի մեջ: Օրինակ՝ Ջեյմս Ռասսելը գրում է հին շրջանի մասին՝ «Հայերը...գաղթեցին արևելյան Անատոլիա» (Vol. 1, p. 22:

"the Armenians... migrated to eastern Anatolia"); Նինա Գարսոյանը, դարձյալ խոսելով հին շրջանի մասին, իր գրած գլխի ամենաառաջին բառերով հստակեցնում է այս դրույթը. «Անատոլիայում ու, մասնավորապես, հայկական լեռնաշխարհում տիրող քաղաքական իրավիճակը...» (Vol. 1, p. 37: "The political situation prevailing in Anatolia and particularly on the Armenian highlands...");

Հ) Հայերը բազմիցս ու միանշանակ կերպով հայտարարվում են եկվոր ժողովուրդ, որոնք բնակություն են հաստատել ուրիշների հողերի վրա (Ռասսել). «հայերը փոխ առան անունը

[էջ 224]

մեծ հեթիթ ազգի, որի հողերի վրա նրանք անցան հարավարևելյան Եվրոպայից դեպի արևելք իրենց գաղթերի ժամանակ» (Vol. 1, p. 22: "the Armenians adopted the name of the great Hittite nation over whose lands they passed in their eastward migrations from southeastern Europe.")։ Եվ դարձյալ՝ «Եթե հայերն ապրած լինեին Անատոլիայում այնքան երկար, որքան Խուրացի-Ուրարտացիները, ապա նրանք հավանաբար կունենային այդ մրգերի համար բնիկ, հնդեվրոպական բառեր: Ավելի հավանական է, որ նրանք բնակվել են և սովորել են այդ մրգերի անունները ավելի հին նստակյաց բնակչությունից, որը մշակում էր դրանք» (Vol. 1, p. 23: "Had the Armenians been living in Anatolia as long as the Hurro-Urartians, probably they would have had native, Indo-European words for these fruits. More likely, they settled and learned the names of these fruites from the older, settled population who cultivated them"); Ուրարտերենը հայտարարվում է «Հայկական լեռնաշխարհի բնիկ լեզու» (Vol. 1, p. 26: "The indigenous languages of the Armenian plateau, such as Urartian, probably survived well into the Hellenistic age...").' Ինչպես դժվար չէ նկատել, այս եզրակացությունների համար Ռասսելի համար միակ կռվան են եղել որևէ կերպ չհիմնավորված իր իսկ ենթադրությունները:

Հայերը կոչված են կոլոնիստներ (Ռասսել). «...Անատոլիական քաղաքակրթությունները, և´ հեթիթները, և´ խուրացի- ուրարտացիները, որոնց սկզբում հանդիպեցին նախահայկական կոլոնիստները...» (Vol. 1, p. 23: "the Anatolian civilizations, both Hittite and Hurro-Urartian, with which the proto-Armenian colonists first came into contact.")։ Հայկական լեռնաշխարհում հայերին կոլոնիստ անվանելը մեծ բավականություն կպարգևի թուրքերին, քանի որ բացի իր վերաբնակիչ, գաղութաբնակ նշանակությունից, այդ բառն ունի նաև բացասական հայտնի երանգներ: Ուրարտացիները բնիկ են հայտարարված, իսկ հայերը եկվոր էջ 24-ում (Vol. 1, թ. 24: "They [the Armenians] settled down, learning the words for

[էջ 225]

some local fruites and other everyday items from the native Hurro-Urartians")։

Բնականաբար, հայերի ծագումնաբանության այս մոդելում «մոռացության» է մատնվել մ.թ.ա. 16-11 դարերում գոյատևած Հայասայի թագավորությունը: Անվանացանկում Հայասան առհասարակ նշված չէ, իսկ Ռասսելն այն իմիջիայլոց հիշում է ոչ թե որպես հին հայկական պետական կազմավորում, մի փաստ, որը կարող է տակնուվրա անել հայերի եկվորության իր սուտ թեզը, այլ որպես «շրջան հյուսիսային Հայաստանում» (Vol. 1, p. 26: "the region Hayasa, in northern Armenia");

3) Իհարկե, Թոմսոնը չի զլանում մի անգամ ևս Մովսես Խորենացուն և Եղիշեին վերաբերող իր կեղծիքները հաստատելուց, երկուսին էլ հանելով իրենց ապրած 5-րդ դարից (Vol. 1,pp. 209, 212-218);

4) Վերն արդեն խոսել ենք Անի Ադամյան- Բուռնությանի՝ Կիլիկյան Հայաստանում հայերի մեծամասնություն չկազմելու կեղծ թեզի մասին (տե՛ս էջ 211-212):

5) Հայաստանի պատմական ժողովրդագրության կեղծումը շարունակում է Ջորջ Բուռնությանը, գրելով թե Արևելյան Հայաստանում հայերը մեծամասնություն են կազմել առավելագույնը մինչև 17-րդ դար ու շահ Աբբասի իրականացրած բռնագաղթից հետո այլևս փոքրամասնություն են եղել և 19-րդ դարի դրությամբ կազմել բնակչության ընդամենը 20 տոկոսը (Vol. 2, p. 96); Բուռնությանի ավելի վաղ արած նույնատիպ հայտարարությունների մասին վերն արդեն խոսել ենք, տե՛ս էջ 209-211:

6) Ըստ Հրայր Դեքմեջյանի՝ հայկական աոաջին տպագիր գիրքը լույս է տեսել... 1660 թ. Հոլանդիայում (Vol. 2, p. 432); Իրականում, ինչպես գիտի յուրաքանչյուր դպրոցական՝ հայերեն առաջին գիրքը տպել է Հակոբ Մեղապարտը 1512 թ. Վենետիկում: Իսկ 1660 թ. հայերեն լեզվով լույս են տեսել մեզ հայտնի 46-րդ, 47-րդ և 48-րդ գրքերը, ընդ որում երկուսը՝

[էջ 226]

Վենետիկում, մեկը՝ Ամստերդամում (չի բացառվում, որ այս վերջինը տպագրված լինի 1661 թ.)426:

7) Ինչպես ասել ենք, այս երկհատորյակի բովանդակությանն իր մեծ «լուման» է բերել նաև Ռ. Սյունին (գրել է երկու գլուխ՝ Vol. 2, pp. 109-137, 347-387): Ստորև մեջբերում ենք այդ հատվածներում հայ ժողովրդի մասին հայտնված մտքերից մի քանիսը: Գլուխներից մեկը, որ վերաբերում է 19-րդ դարի զարգացումներին, կոչվում է... «Ազգային գիտակցության ձևավորումը» (Vol. 2, p. 116: "The Formation of National Awareness"), այս վերնագրով իսկ Սյունին փորձում է ասել, թե մինչև 19-րդ դար հայերը դեռ չէին հասել ազգային ինքնագիտակցության մակարդակի, այլ՝ ընդամենը եղել են «դարեր շարունակ եկեղեցով շաղկապված կրոնական խարխուլ համայնք» (p. 116: "...they would remain, as in centuries past, a loose religious community held together by their church"), «բաժանված և տարաբնույթ ժողովուրդ» (p. 120: "a divided and diverse people"), «ամենից առաջ կրոնական համայնք, որի վրա իշխում էր եկեղեցին» (p. 120: "a primarily religious community dominated by the church").- Ըստ Սյունիի՝ «չկար մի հստակ տարածք, որտեղ ապրում էր հայերի մեծամասնությունը» (p. 120: "the absence of a fixed territory where most Armenians lived"), ասել կուզի՝ չկար Հայաստան երկիր: Թերևս այսքանով էլ բավարարվենք, քանի որ այս ու այսպիսի դրույթների քննադատությունը վերն արդեն մանրամասն շարադրել ենք:

Այս երկհատորյակն արդեն իսկ դարձել է ԱՄՆ-ում հայագետ նոր կադրերի պատրաստման հիմնական դասագիրք: Դժվար է պատկերացնել, թե այսուհետև որևէ երիտասարդ գիտնական կհամարձակվի ԱՄՆ-ում պաշտպանության ներկայացնել դոկտորական մի թեզ, որտեղ նա, ասենք, կգրի, թե Խորենացին ու Եղիշեն հինգերորդ դարի հեղինակներ են ու ըստ

_____________________________

426 Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալեան. Հայ գիրքը 1512-1800 թթ., նշվ. աշխ., էջ 34-37:

[էջ 227]

այդմ էլ կօգտագործի նրանց երկերի պարունակած պատմական անգնահատելի նյութը։ Եթե նույնիսկ գտնվի մի այդպիսի խիզախ և սկզբունքային երիտասարդ, ապա նրան անմիջապես կորակեն «նեղմիտ ազգայնական», և թեզի պաշտպանությունը կտապալեն:

Սակայն ավելի վտանգավոր է այն, որ «ամենաբարձր մակարդակով» գրված այս դասագիրքը ԱՄՆ-ում դաստիարակելու է նաև ամերիկահայ աճող սերնդին՝ մի մեծ ու նոր վիհ բացելով հայաստանցիների և սփյուռքահայերի միջև: Այս նոր քայքայիչ գործողության պատասխանատվությունը պետք է հավասարապես բաժանեն և՛ այդ երկհատորյակի նշված հեղինակներն ու խմբագիրը, և՛ Հայաստանի Ազգային Ակադեմիան, որ օտարերկրյա կեղծարար հայագետների նկատմամբ իր կրավորական, երբեմն էլ՝ անգետ ու անհիմն մեծարումների դիրքորոշումով արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանի և հայ ազգի շահերին:

8. Ամփոփում

Ամերիկյան «հայագիտության» քաղաքական միտումները

Ամերիկյան «հայագիտության» վերը քննված հիմնական թեզերի ամբողջությունը հստակ քաղաքական միտումներ է հետապնդում.

ա) քայքայել այն պատմաիրավական հիմքը, որը երբևէ կարող է հայ ժողովրդին թույլատրել վերստին տիրանալու պատմական Հայաստանի՝ իրենից ցեղասպանության եղանակով առգրավված բնիկ տարածքներին կամ թեկուզ դրանց մի մասին (ըստ այդմ՝ այժմ կտրուկ ակտիվացել է Արցախի պատմության կեղծարարությունը).

բ) թուլացնել սփյուռքահայերի, ապա և՝ հայաստանցիների, բարոյահոգեբանական և գաղափարական նվիրվածությունն ու կապվածությունը Հայաստանին, հայ մշակույթին, հայ ազգի ընդհանուր կենսական շահերին, այլ կերպ ասած՝

[էջ 228]

բթացնել և վերջնականապես կոտրել հայության՝ իր պատմությանը, ներկային և ապագային տեր կանգնելու կարողությունը, մարտունակությունն ու դիմադրողականությունը:

Արդյո՞ք սրանով ամերիկյան վերը նշված «հայագետների» միտումները չեն նույնանում թուրք- ադրբեջանական «հայագիտության» նպատակներին:

Հայագիտության կեղծված դաշտի վերահսկողությունն ԱՄՆ-ում

Հայագիտության դաշտի վերն ուրվագծված «օկուպացումը» այլևս ինքնին բավարար է հայագիտական ուսումնասիրություններն ԱՄՆ-ում (մասամբ՝ նաև. Եվրոպայում) թերի՝ ձախ ու ծուռ հունի մեջ մղելու և շարունակ այնտեղ պահելու համար: Լիակատար վերահսկողությունն առավել ապահովելու համար կիրառվում են նաև օժանդակ միջոցներ ու լծակներ, այդ թվում.

1.Հայաստանյան հայագիտության նվաճումները գիտակցաբար անտեսվում են, հաճախ նույնիսկ ենթարկվելով անհիմն ու վարկաբեկիչ հարձակումների:

2. ԱՄՆ-ի հայագիտական գլխավոր ամբիոնները գրավել են նույն դպրոցի ներկայացուցիչները, որոնք հայագիտության ոլորտ մտնող նոր ուժերին պարտադրում են իրենց տեսակետները, նաև՝ ըստ իրենց հայեցողության տնօրինում են եղած պաշտոնների բաշխումը:

Այս առումով հատկանշական և միաժամանակ օրինաչափ է վերջերս տեղի ունեցած մի արտառոց նշանակում հայագիտական պաշտոնի: Սյունիի՝ 1995 թ. Չիկագոյի համալսարան տեղափոխվելուց հետո, Միչիգանի համալսարանի Ալեք Մանուկյանի անվան Հայոց նոր պատմության ամբիոնը մոտ երկու տարի թափուր էր մնացել, որ ինքնին տարօրինակ է: Այս թափուր պաշտոնի համար ուշացումով հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել էին բազմաթիվ հայագետներ Եվրոպայից, Ամերիկայից և նույնիսկ Հայաստանից: Արդյունքում՝

[էջ 229]

1997 թ. գարնանն այդ պաշտոնին նշանակվել է մասնագիտությամբ... անտրոպոլոգ (ազգագրագետ-մարդաբան) մի երիտասարդ ամերիկուհի՝ Ստեֆանի Պլացը: Թե ինչպե՞ս է ոչ-պատմաբան Պլացն իր ուսանողներին Հայոց նոր պատմություն սովորեցնելու՝ անկանխատեսելի և անկռահելի է, քանզի սա իրեն նախորդած Սյունիից էլ պակաս գիտի հայոց պատմության սկզբնաղբյուրներն ու գրականությունը: Դժվար թե այդ աշտոնի համար բավարար լինի տիկին Պլացի վաստակած երկամյա աշխատանքային փորձը Հայաստանում, որտեղ նա հաջողությամբ վարել է գիտական փոխանակությունների հարցերով զբաղվող ամերիկյան կիսակառավարական մի գովելի հիմնարկության (IREX-ի) ղեկավարի պաշտոնը: Կարևորը պարզ միտումն է՝ ԱՄՆ-ում ամեն կերպ իսկական մասնագետներին հեռու պահել հայագիտության, հատկապես՝ քաղաքական կշիռ ունեցող պատմագրության, գլխավոր պաշտոններից:

3. ԱՄՆ հայագիտության ներսում քննադատական մթնոլորտն իսպառ բացակայում է, որ հետևանք է ինչպես «հայագետներիցս» յուրաքանչյուրի հայոց պատմության և մատենագրության մի մենաշնորհային բնագավառ-պատառ գրավելու և նրանում այլակարծությունը բացառելու ստեղծված իրողությամբ, այնպես էլ այդ իրողությունից բխող ընդհանուր ծուլությամբ և իրենց հեղինակած աշխատությունները լրացուցիչ հայագիտական գրականությամբ չստուգելու հանգամանքով: Հատկապես շահարկվում է գիտական հեղինակության գործոնը՝ «աշխարհահռչակ» գիտնականի անուն է փակցվել Ռ. Թոմսոնին, Ն. Գարսոյանին, Ռ. Սյունիին և մյուսներին: Նրանց այլևս չեն քննադատում, միայն գովաբանում են ու «զարգացնում» հայոց պատմության նրանց «նորովի ընթերցումները»:

4. Նույն կարգի մասնագետները ղեկավարում են հայագետ նոր կադրերի պատրաստումը Արևմուտքում, այստեղից բխող հեռագնա բոլոր հետևանքներով հանդերձ:

5. Նույն մարդիկ վերահսկում են նաև գիտական հրապարակման դաշտը, իրենց շրջանակին պատկանող հեղինակների

[էջ 230]

հրապարակած յուրաքանչյուր գործ, անգամ Սյունիի գրածի որակի, գրախոսում են ամենադրական կերպով, հաճախ՝ հովվերգական մոտիվներով։ Մյուս կողմից, անցանկալի նյութերը, որ ստեղծագործում են այդ շրջանակից դուրս գործող մասնագետները, գրախոսվում են քամահրանքով և բացասաբար, իսկ իրենցից կախված լինելու դեպքում՝ չեն հրապարակվում. ամենավառ օրինակներից է 1986 թ. Երևանում անցկացված՝ Մովսես Խորենացու 1500-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի նախապես համաձայնեցված անգլերենով հրապարակման տապալումը: Այս նպատակով կիրառվում են նաև կանխարգելիչ նախահարձակ միջոցներ, ինչպես, օրինակ, այն, որ հայերի բնիկությունը Հայկական լեռնաշխարհում հաստատելու փորձ անողներր նախապես հռչակվել են ոչ-գիտական՝ «ազգայնական» մոտիվներով առաջնորդվող մասնագետներ, դիլետանտներ, հայ «բունիաթովականներ» և այլն։

5. Վերջապես, ամենակարևորն այն է, որ, եթե ԱՄՆ-ում որևէ երիտասարդ գիտնական փորձի առաջադրել և պաշտպանել նշված կեղծ դրույթներին հակառակ տեսակետներ, նա անմիջապես զրկվելու է խոշոր համալսարաններում աշխատելու, ինչպես նաև՝ հայագիտության գծով ուսանելու հնարավորությունից, ընդսմին արժանանալով «դիլետանտի» և «նեղճակատ ազգայնականի» պիտակին։

Ամփոփիչ մի դիտարկում ևս. մեր շարադրանքի գրեթե բոլոր հերոսները գրեթե առանց բացառության արևմտյան համալսարանական ամբիոնավար «պրոֆեսորներ» են, որոնք որպես կանոն նաև հայկական հին ու նոր գրական մշակույթը պահպանող, խնամող և ուսումնասիրող կենտրոններից հեռու են «տեղադրված». հին կամ նոր հայերենի նրանց իմացությունս բավական մակերեսային է՝ որևէ մեկր Հայերենի որևէ տարբերակով բանավոր կամ գրավոր վարժ արտահայտվել չի կարողանում, վկա՝ արտասահմանում կայացող «հայագիտական» բոլոր գիտաժողովների աշխատանքային լեզուն կարող է լինել ցանկացած մի բան, բայց ո՛չ երբե՛ք՝ հայերենը, իսկ Հայաստանում կայացող ժողովներին մեր հերոսներից որևէ մեկը հա–

[էջ 231]

յերեն զեկուցելու փորձ դեռևս չի արել։ Նրանցից որևէ մեկը տասնյակ հազարավոր հայերեն ձեռագրերի հարյուրավոր տպագիր ցուցակների, առավել ևս՝ բուն ձեռագրերի ուսումնասիրմամբ որևէ աշխատություն չի հեղինակել ել չի էլ կարող427: Նրանց գիտական արտադրանքն էլ շատ մեծ չափով Հայաստանում կամ սփյուռքում ստեղծված՝ հայագիտական հայերե´ն գրականության արդյունքների անգլերենացումն է, սակայն՝ մի կարևոր նորարարությամբ, լեզվափոխումից հետո, հերթը գալիս է մեր «կարկառուն հայագետների» «բուն աշխատանքի»՝ ամերիկյան սոցիալական գիտությունների օրվա ճաշակին համապատասխանող մի ինչ-որ ինքնանպատակ մոդայիկ բան ասելուն։ Այս ամենի ընդհանուր արդյունքն է՝ հայկական քաղաքակրթության ու մշակույթի և նրանց հին ու նոր կրողների (ներառյալ՝ իրենց բանաքաղությունների աղբյուրների հեղինակների) նսեմացնելը, «գավառական» որակելը և այդ ամենին իրենց «վերևներից» նայելը։ Շա~տ գեղեցիկ ու բարոյական է։

Մի վերջին պարզաբանում. մեզ ամենևին չպետք է շփոթեցնի այն հանգամանքը, որ արծարծված կեղծարարներից շատերն ծագումով հայ են. ավելին՝ այս երևույթը չպետք է վերագրենք մեր չունեցած–չեղած ինչ-որ ազգային հատկանիշի։ Պարզապես՝ օտար ափերում ծնված-սնված-ապրող այդ մարդկանց ուծացումն ավարտվել է (ընդ որում՝ հայերենի նրանց իմացության չափն այլևս դեր չունի)։ Սակայն, պետք է արձանագրենք, որ հայոց պատմության խեղաթյուրման ծրագրավորված գործողություններն առավել արդյունավետորեն իրականացնում են հենց ա´յդ անձինք։ Իսկ սա արդեն ունի իր հանրահայտ՝ դարավոր ճշմարտություն-մեկնությունը. ցան–

_____________________________

427 Այս իմաստով միակ բացառությունը թերևս Պիդըր Քաուին է (հայերեն անկաշկանդ խոսել և զեկուցել էլ է կարողանում), որ, սակայն, նկատի ունենալով Դանիելի մարգարեության հայերեն բնագրի իր հրատարակության բնագրագիտական «որակը» (հմմտ. Պատմա– բանասիրական հանդես, 1993, հմր. 1-2 (137-138), էջ 199-206), երևի այսուհետև իրեն այսպիսի փորձություններից հեռու է պահելու։

[էջ 232]

կացած ժամանակ, ցանկացած իրականության և գաղափարախոսության մեջ նորադարձ հավատափոխները (neophytos կամ new converts) միշտ ավելի հետևողական, անձնվեր ու անողոք են լինում, որովհետև նրանք պարտավոր են միշտ շրջապատին ապացուցելու, որ իրենք այդ շրջապատի մյուս անհատներից պակաս ուղղափառ չեն. այսինքն՝ սրանք են, որ միշտ հարկադրված են «պապից ավելի կաթոլիկ» լինելու: Սա նաև այն դեպքերից է, երր Հայաստանի և հայ ազգի շահերի դեմ ձեռնարկվող քայքայիչ գործողություններում սփյուռքի ուծացած ներկայացուցիչներն օգտագործվում են իբրև օտար ուժերի կամակատար կատարածուներ: Չմոռանանք նաև, որ այստեսակ «սփյուռքահայերը» հաջողությամբ մոլորեցնում են սփյուռքի հայրենասեր ուժերին ևս, մասնավորապես՝ նրանք փայլուն են իրականացրել բոլոր առումներով բավական բարդ մի գործողություն. ԱՄՆ-ում կեղծ-հայագիտական ամբիոններ են հիմնեք և նրանցում հայավնաս աշխատանք կատարել... հայկական համայնքից հայթայթած խոշոր գումարներով, հայության իսկ տրամադրած դրամական միջոցներով: Մինչդեռ այդ գումարների մեկ տասներորդն էլ բավական կլիներ հայաստանյան հայագիտությունը ներկա ծանր պայմաններից դուրս բերելու համար: Մի թարմ օրինակ. 1998 թ. սկզբին ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանում իր անունով Հայոց պատմության ամբիոն բացելու համար սփյուռքահայ Էթել Ջառաքյան-Ջաֆարյան Դաֆեթը նույն համալսարանին հատկացրել է 1 միլիոն 250 հազար դոլար428: Համեմատության համար նշենք, որ նույն 1998 թ. 126 աշխատակից ունեցող Երևանի Մաշտոցյան Մատենադարանին Հայաստանի բյուջեից հատկացվել է 30 միլիոն 200 հազար դրամ (60400 դոլար), որի մեջ աշխատավարձի ֆոնդը կազմել է ընդամենը 988020 դրամը (1976 դոլար):

_____________________________

428 Alin K. Gregorian, "New Tufts University Armenian Studies Professor Predicts Rosy Future," Azg/Mirror-Spectator On-Line October 28, 1998.

[էջ 233]

Ամերիկյան «հայագիտության» մեթոդաբանության գլխավոր սկզբունքը և հիմնական խոչընդոտը

Ամերիկյան «հայագետների» մեթոդաբանության մեջ կիրառվող գլխավոր սկզբունքն արդի հայագիտության նվաճումների անտեսումն է: Այսպես, գրելով Մովսես Խորենացու կամ Եղիշեի երկերի մասին, որպես կանոն բացարձակ լռության են մատնում վերջիններիս հաղորդումների հավաստիությունը հաստատող բազմաթիվ փաստերը, ինչպես նաև ընդարձակ փաստարկումները: Նույն մոտեցմամբ էլ քննում են պատմագիտական շատ այլ խնդիրներ, մի կողմից, հենվում են միայն իրենց իսկ «դպրոցի» վերջին տասնամյակներում հրատարակած թերի և կողմնակալ նյութերի վրա, կամ՝ ընտրովի եղանակով, օգտագործում են իրենց եզրակացություններին համահունչ 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբին գրված հայագիտական գրականության մի մասը429: Մյուս կողմից՝ գիտակցված ձևով չնկատելու են տալիս արդի հայաստանյան հայագիտության ծավալուն գրականությունը կամ՝ այն օգտագործում են կրկին իրենց միտումին համապատասխան՝ խիստ ընտրովի եղանակով:

_____________________________

429 Մի լրացուցիչ հետաքրքրական օրինակ: Իր «Studies in Christian Caucasian History» վերոհիշյալ երկում Կ. Թումանովը գովում է Ադոնցին՝ Խորենացուն 5-րդ դարի հեղինակ չընդունելու համար (էջ 108): Սակայն քննադատում է այն բանի համար, որ Ադոնցը հին հայերի զարգացածության մակարդակն իրավամբ ավելի բարձր էր համարում, քան հին իբերացիներ-նախավրացիներինը (էջ 90, ծնթ. 127): Միևնույն ժամանակ, Թումանովն ընդունում է Հայասան իբրև նախահայկական պետական կազմավորում (նրան հաջորդած Գարսոյանն ու Ռասսելն այս փաստն էլ ժխտեցին), սակայն... միայն այն նպատակով, որպեսզի քննադատի Ադոնցին՝ հայերի և իրանցիների սոցիալական զարգացածության մակարդակը հավասար համարելու համար և ասի, թե՝ «ուրարտացիների և այլ նախակովկասցիների սոցիոլոգիական մակարդակն անհրաժեշտաբար եղել է ավելի զարգացած, քան նախահայերինը» (The sociological level of these [the Urartians and other proto-Caucasians] must of necessity have been more advanced than that of the proto-Armenians, p. 70, note 76):

[էջ 234]

Արևմտյան «հայագետների» հիմնական խոչընդոտը մնում է հայաստանյան հայագիտությունը (որ, ի դեպ, հաճախ է արժանանում նրանց հարձակումներին կամ արհամարհա-քամահրական արտահայտություններին): Ուստի մայր-hայագիտության չեզոքացումը, լիակատար մեկուսացումը և Արևմուտքի գիտական աշխարhից դուրսմղումը նրանց առաջնահերթ խնդիրն է։ Այս խնդրի վերջնական լուծումը հնարավոր կդարձնի մի կողմից՝ թաքցնելու իրենց դպրոցի հարաբերականորեն թույլ հայագիտական պատրաստվածությունը (երբեմն էլ՝ բացահայտ տգիտությունը), մյուս կողմից՝ այն լիակատար ազատություն կշնորհի-- լուրջ հակազդեցությանը հանդիպելու մտավախությունից ազատ -- շարունակելու ոչ– գիտական շրջանակներից ստացված պատվերի հաջող կատարումը։ Հենց ա՛յս, և ո՛չ թե նոր հետազոտություններին զարկ տալու դիտավորությամբ են հաջորդաբար հրատարակվում հակագիտական առաջաբաններով ու ծանոթագրություններով օժտված՝ Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանգի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Անանիա Շիրակացու, հայ մյուս դասական հեղինակների անգլերեն թարգմանությունները։ Ընդ որում, այդ թարգմանությունները խիստ թերի են, երբեմն էլ՝ աղճատված, հետևաբար՝ դրանց օգտագործումը պետք է լինի միշտ շատ զգուշավոր՝ միայն սկզբնաղբյուր– բնագրի Հետ Համեմատելով։ Թերևս, միայն այսպիսի քննական մոտեցում ցուցաբարելու դեպքում հնարավոր կլինի թոմսոնական-գարսոյանական թարգմանությունները ծառայեցնել հայագիտության իրական զարգացման ու նոր՝ առավել ճշգրիտ թարգմանություններ պատրաստելու համար։ Այլ հարց է, որ ԱՄՆ-ում աշխատող որոշ հայագետներ, ներառյալ վերոհիշյալ դեմքերից մի քանիսը, երբեմն գրում և հրատարակում են նաև զանազան մանր օգտակար ուսումնասիրություններ, անում են հետաքրքիր դիտողություններ։ Այդ կարգի ուսումնասիրությունները, սակայն, մատուցված են այնպես, որ որևէ կերպ չվտանգեն հայագիտության մեջ իրենց զավթած «իշխող բարձունքները»:

[էջ 235]

Դրամական սղություն չունեցող ամերիկյան «հայագիտական» դպրոցի հաջորդ տրամաբանական քայլը լինելու է հայաստանում արմատներ ձգելու և այստեղ իր ներկայացուցիչներն ունենալու փորձը։ Ի դեպ, հայաստանյան հայագիտության մեկուսացման և ջախջախման խնդիրը կարծե՛ս իր լուծումն ստանում է մեկ այլ՝ առավել արմատական եղանակով, որ դեռևս մեկ տասնամյակ առաջ որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել։ Այն է՝ այժմ արդեն կարելի է խոսել հայաստանյան հայագիտության արագընթաց կազմալուծման կամ ինքնակազմալուծման մասին։ Արդեն շուրջ 8 տարի է, ինչ սոցիալ–տնտեսական հայտնի պատճառների բերումով, ինչպես նաև պետության խիստ անբավարար ուշադրության պատճառով, մայր–հայագիտությունը գրեթե կաթվածահար վիճակում է։ Այն, ինչ արվել է այս տարիների րնթացքում՝ եղել է սպառման ենթակա իներցիայի արդյունք։ Վերջին 7-8 տարվա ընթացքում առաջացած վտանգավոր երևույթներից նշենք հատկապես այն, որ միջնադարագիտության բնագավառում նոր կադրերի պատրաստումր կանգ է առել։ Մեկ միջնադարագետ– հայագետ պատրաստելու համար անհրաժեշտ է առնվազն հետբուհական տասը տարվա լարված ուսումնառություն և աշխատանք։ Այսպիսով, հերթափոխի եկող գիտնականների մի ամբողջ սերունդ արդեն իսկ կորսված է։ Շատ շուտով այս բացն իրեն զգացնել է տալու ամենայն լրջությամբ։ Հայագիտության խորը նահանջը Հայաստանում սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը՝ ամենաբազմազան տխուր հետևանքներով։

Անդրօվկիանոսյան կեղծ-հայագիտական դպրոցն արդեն իսկ ունի ինքնաբավ զարգացման ավելի քան երեսնամյա հաջող փորձ, կուռ կառուցվածք և ենթակառուցվածք։ Ուստի նրա ընթացքի կասեցումը շատ ավելի բարդ խնդիր է, քան թուրք– ադրբեջանական կեղծարարության դեմ պայքարելը։ Միջազգային գիտական ու հասարակական ասպարեզներում (ինչպես նաև Հայաստանում) մայր–հայագիտության լուծելիք խնդիրները շատ են ու չափազանց բարդ։ Երկու կենսական հարց

[էջ 236]

անհրաժեշտ է լուծել անհապաղ. նախ՝ ստեղծել հայաստան-յան հայագիտության զարգացման խոշոր՝ առնվազն 1 միլիոն դոլար կապիտալ ունեցող հիմնադրամ, որը նպատակային շնորհներ ու կրթաթոշակներ կտրամադրի փաստացի աշխատավարձից զուրկ անհատ գիտնականներին, գիտական առանձին խմբերին, ինչպես նաև՝ հայագիտության ասպարեզ մուտք գործող երիտասարդներին: Երկրորդ՝ պետք է ձեռնարկել հայաստանյան հայագիտության կարևոր ուսումնասիրությունների անգլերեն թարգմանությունն ու հրատարակությունը: Առանց Հայաստանի նորանկախ պետականության դրամական, բարոյա-քաղաքական և անհրաժեշտ այլ կարգի (մինչև այժմ չեղած) աջակցության՝ այս խնդիրներում հաջողություն ակնկալելն անհույս բան է։ Հայաստանի պետությունն ու կառավարությունը սերունդների առջև այս առումով մեծ պատասխանատվություն ունեն:

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։
Տրամադրել է՝ Արմեն Այվազյան
Scanned: Լինա Քամալյան
OCR: Լինա Քամալյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice