Արմեն Այվազյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 19]

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ կեղծ գիտական դպրոցի օրինաչափ զարգացումները (Ռ. Գ. Սյունիի «Հայացք դեպի Արարատ: Հայաստանը նոր պատմության մեջ» գիրքը)

1. Նախաբան

1993 թ. Բլումինգտոն քաղաքում գտնվող Ինդիանայի Համալսարանի տպագրատունը լույս ընծայեց Ռոնալդ Գրիգոր Սյունիի «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գիրքը (Ronald Grigor Suny, Looking toward Ararat: Armenia in Modern History. Bloomington: Indiana University Press, 1993. Pp. XI, 289)։ Հեղինակի անունը մեծ հարգ ունի թե' ամերիկյան ակադեմիական շրջանակներում, թե՛ ամերիկահայ համայնքում: ԱՄՆ-ում նա ունի նախկին ԽՍՀՄ ազգերի խնդիրների, այդ թվում՝ Այսրկովկասի նոր և. նորագույն պատմության հարցերի առաջատար մասնագետներից մեկ լինելու համարում: Ահա թե իր գործընկերոջ արժանիքներին ինչպիսի փառաբանական գնահատական է տվել Ստանֆորդի Համալսարանի Ռուսական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Նորման Նայմարքը. «Սյունին մեթոդաբանության հարցերում իր մասնագիտական հմտությունը համատեղում է ռուսական և. խորհրդային պատմության մասին հիմնավոր գիտելիքների և առանձին ոչ-ռուս ազգերի, հատկապես՝ վրացիների և հայերի, պատմության

[էջ 20]

և պատմագրության իր hանրաճանաչ ձեռնհասության հետ»11:

Այս դիֆերամբի հավաստիությունը դեռևս կպարպենք, իսկ առայժմ՝ մի փոքր Ռ. Գ. Սյունիի մասին. 1995-ից ՛Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր է ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից մեկում՝ Չիկագոյի Համալսարանում: Մինչ այդ, առաջինը լինելով, Միչիգանի Համալսարանում մեկ տասնամյակից ավելի նա զբաղեցնում էր Ալեք Մանուկյանի նվիրատվությամբ հիմնադրված ու նրա անունը կրող՝ Հայոց արդի պատմության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնր: Հայանպաստությանը կոչված այս պաշտոնավարության ընթացքում էլ Սյունին արտագրել է իր «գլուխգործոցը», որը, ինչպես կտեսնենք, ամերիկյան հայագիտության «նվաճումների» թանձրույթն է:

2. Սյունիի բուն նպատակը

«Հայացք դեպի Արարատ»ի Առաջաբանում Սյունին մատնանշում է իր ստեղծագործության բուն նպատակը, այն է՝ «կազմալուծել » (decompose) hայ

քաղաքական ազգայնականների քաղաքական գաղափարախոսության hիմքը, ըստ որի hայերի շարունակական գոյությունը որպես պատմական ժողովուրդ, նրանց առաջացումը hայկական լեռնաշխարհում նրանց զինում է ինքնորոշման և պետականության իրավունքով ու նաև պատմականորեն վավերացված պահանջատիրությամբ այն տարածքների նկատմամբ, որ կազմում են Հայաստանը12։

Ըստ Սյունիի, հայերի այս կարծիքը ոչ այլ ինչ է, քան՝ միայն «հավատալիքների հավաքածու» (the collection of

_____________________________

11 Ronald Grigor Suny, The Revenge of the Past: Nationalism, Revolution, and the Collapse of the Soviet Union (Stanford, CA: Stanford University Press, 1993), p. XII.
12 Suny, Looking toward Ararat, op. cit., pp. 4-5.

[էջ 21]

beliefs): Ահավասիկ նրա գրած Հաջորդ նախադասությունը (որն, ի դեպ, նաև ցույց է տալիս, որ Սյունին ինքն էլ հրաշալի գիտակցել է իր բռնած հայատյաց ճանապարհը և շտապել է կանխել իր հնարավոր քննադատներին).

Քանի որ հայկական պատմության այս ըմբռնումն այդքան մեծ քաղաքական դեր ունի հայերի համար..., ապա այն կասկածի ենթարկելու, այդպիսի ընթերցումը կազմող հավատալիքների հավաքածուն կազմալուծելու որևէ փորձ պետք է կատարվի զգուշությամբ և նրբանկատորեն՝ լիովին գիտակցելով, որ նմանօրինակ որևէ ուսումնասիրություն կարող է նկատվել իբրև հարձակում [հայ] ազգի ոգու դեմ իսկ:

[Because this view of Armenian history plays such an important political role for Armenians..., any attempt to dispute it, to decompose the collection of beliefs that make up this reading, must be done with care and sensitivity, with full awareness that such an investigation may be perceived as an attack on the very soul of the nation.] 13

Թեև, Սյունիի վերը շարադրած նպատակն ինքնին բավարար է նրա երկը հակագիտական համարելու համար, սակայն, կարևոր է պարզելը, թե ի՞նչ հիմնական դրույթների վրա է նա կառուցել իր տեսությունը: Ուստի, հեղինակին շնորհակալություն հայտնելով իր գլխավոր՝ կանխորոշված (գուցե եւ՝ իրեն հանձարարված) նպատակն այդաստիճան անկեղծորեն խոստովանելու համար, անցնենք նրա երկասիրության քննությանը:

3. Հայոց հին և միջնադարյան պատմության հարցեր

Սյունիի օգտագործած աղբյուրները շատ հաճախ պարզապես հղված չեն, սա նրա գրքի մեթոդաբանական ամենաբնորոշ և ո´չ-պատահական թերություններից մեկն է

_____________________________

13 Նույն տեղում, էջ 5:

[էջ 22]

այս հակագիտական եղանակով էլ հեղինակը «պարզել» է հայերի ծագումնաբանությունը.

նախահայերը գաղթել են արևելյան Անատոլիա՝ Հայկական լեռնաշխարհ, մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին:

[the proto-Armenians migrated into eastern Anatolia, the Armenian Plateau, in the mid-sixth century B. C.] 14

Այս կարճ նախադասության մեջ կա միանգամից երկու կոպիտ սխալ.

1) Արևելյան Անատոլիայի նույնացումը հայկական լեռնաշխարհի հետ սխալ է և' պատմական, և' աշխարհագրական տեսակետներից: Մինչև վերջին տասնամյակները Անատոլիա աշխահագրական եզրը եղել է Փոքր Ասիա թերակղզու հոմանիշ: Սակայն, 1920-ական թթ. ի վեր, սկզբում միայն Թուրքիայում, ապա՝ նաև Արևմուտքում, Անատոլիան ու նոր թխած արևելյան Անատոլիա եզրը սկսեցին դիտավորությամբ գործածել՝ մատնանշելու համար Թուրքիայի Հանրապետության արևելյան ամբողջ տարածքը՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը և Քրդստանը15: Սակայն, անգամ այդպիսի սխալ և աշխարհագրորեն խեղաթյուրված «Անատոլիա »-ն կիրառողները դեռևս այն չէին նույնացրել ամբողջ Հայկական լեռնաշխարհի հետ, որ իր մեջ ներառում է նաև Արևելյան (Պարսկական/Ռուսական /Խորհրդային/անկախ) Հայաստանը: Իսկ որ Սյունին Արևելահայաստանն էլ է մտցնում Անատոլիայի տարածքի մեջ շատ պարզ երևում է նաև Ղարաբաղի աշխարհագրության նրա հետևյալ նկարագրությունից. «Ղարաբաղը՝ լեռնային մի շրջան է՝ արևելյան Անատոլիայով ձգվող մեծ Հայկական լեռնաշխարհի ամենաարևելյան ծայրին...» (A mountainous region at the easternmost edge of the great

_____________________________

14 Նույն տեղում, p. 7.
15 Տե՛ս, օրինակ, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1 (Երևան, 1974), էջ 373. Հմմտ. Encyclopedic de l'Islam. Nouvelle e´dition. Tome I. (Leyde-Paris: E. J. Brill, 1960), p. 475; Encyclopedia Britannica, -Vol. 2 (Chicago-London-Toronto, 1961), p. 536:

[էջ 23]

Armenian mountain-plateau stretching through eastern Anatolia) 16։ Նկատենք, որ ամերիկյան ուրիշ «հայագետներ» էլ են սկսել ամբողջ Հայկական լեռնաշխարհը համարել Անատոլիայի բաղկացուցիչ մաս: Այսպես, խոսելով հին ժամանակների մասին, Նինա Գարսոյանը ևս, իմիջիայլոց, հայկական լեռնաշխարհը մտցնում է Անատոլիայի մեջ, գրելով. «Անատոլիայում ու, մասնավորապես, Հայկական լեռնաշխարհում տիրող քաղաքական իրավիճակը...» ("The political situation prevailing in Anatolia and particularly on the Armenian highlands...")17:

Ինչևիցե, ստորև մենք դեռ մանրամասն կանդրադառնանք Սյունիի կողմից Անատոլիա եզրի օգտագործման ետնախորքային ելևեջներին, իսկ այժմ վերադառնանք հայերի ծագումնաբանության հարցերին:

2) Սյունին չի ասում, թե նախահայերը որտեղից են հայկական լեռնաշխարհ «գաղթել»: Այդուհանդերձ, վստահորեն կարող ենք եզրակացնել, որ նա նկատի ունի վաղուց հնացած այն տեսությունը, ըստ որի նախահայեր համարվող փռյուգիացիները մ.թ.ա. 6-րդ դարում ներխուժել և գրավել են պատմական Հայաստանի տարածքը: Ժամանակակից հայագիտությունը, սակայն, վաղուց է նշել Ուրարտական պետության գոյության շրջանում (9-6-րդ դդ. մ.թ.ա.) և այդ պետության գոյությունից առաջ հայկական էթնիկ տարրի կայուն ներկայությունը Հայկական լեռնաշխարհում18: Գիտականորեն լիո-

_____________________________

16 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 193.
17 Richard Hovannisian, ed., The Armenian People from Ancient to Modern times, Vols. 1-2, (New York, St. Martin's Press, 1997), p. 37.
18 Տե՛ս, օրինակ, Г. А. Капанцян, Хайаса -- колыбель армян. Этногенез армян и их начальная история. Ереван, 1947. Գ. Բ. Ջահուկյան. Հայոց պատմություն, նախագրային շրջան: Երևան, 1987: Նույնի՝ "Հայկական շերտը ուրարտական դիցարանում", "О соотношении хайасского и армянского языков", "Լեզվական նոր տվյալներ հայոց նախաքրիստոնեական կրոնի և հավատալիքների մասին" - Պատմա-բանասիրական հանդես, 1986, No. 1, 1988, No. 1, 2, 1992, No. 1. Բ. Ն. Առաքելյան, Գ. Բ. Ջահուկյան, Գ. Խ. Սարգս-

[էջ 24]

վին հիմնավոր այս տեսակետն ընդունվել է օտարերկրացի անաչառ մասնագետների կողմից և արձանագրվել անգլերեն մասնագիտական գրականության մեջ19։ Սակայն, Սյունին կատարյալ լռության է մատնում ինչպես այս հայտնի տեսակետի գոյությունը, այնպես էլ հնդեվրոպացիների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում և նրա հարակից շրջաններում տեղադրող վերջին կապիտալ ուսումնասիրությունները20: Ավելին՝ հնդեվրոպացիների նախահայրենիքի մասին գիտական բանավեճն իսկ հիշատակության չի արժանացել: Այսպիսով, դրա հիշատակումը նա կամ աննպատակահարմար է դիտել (՛չէ՞ որ կվտանգվեր հայերի եկվորության թուրքանպաստ տեսությունը) կամ, գուցե, պարզապես անտեղյա՞կ է դրան:

Խոսելով հայ ժողովրդի կազմավորման մասին, Սյունին անում է հետևյալ հայտարարությունները.

_____________________________

յան. Ուրարտու-Հայաստան: Երևան, ԳԱ, 1988: Ս. Հմայակյան. Վանի թագավորության պետական կրոնը: Երևան, 1990:

19 Տե՛ս, օրինակ, R. D. Wilkinson, Introduction to the History of Pre-Christian Armenia (Cambridge, Mass.: Society for Armenian Studies, 1983), pp. 3-6, 72, notes 8 and 9; Edward Gulbekian, "Why did Herodotus Think the Armenians Were Phrygian Colonists?" Armenian Review 44 (3-175) (Autum 1991), pp. 65-70.
20 Տե՛ս Т. В. Гамкрелидзе, В. В. Иванов, Индоевропейский язык и индоевропейцы. Реконструкция и историко-типологический анализ праязыка и прокультуры.Предисл. Р. О. Якобсона, в 2-ух томах. Тбилиси, 1984. Այս աշխատությունը բազմիցս գրախոսվել է եվրոպական լեզուներով ու նաև լույս տեսել անգլերեն: Տե՛ս նաև Լ. Luca Cavalli-Sforza, Paolo Menozzi, Alberto Piazza, The History and Geography of Human Genes (Princeton University Press, 1996), pp. 264-265; Colin Renfrew, Archeology and Language: the Puzzle of Indo-European Origins (London: Jonathan Cape, 1987); Colin Renfrew, "The Origins of Indo-European Languages," Sci. Am. 261(4), pp. 106-114 (1989). A. B. Dolgopolski, "The Indo-European homeland and lexical contacts of Proto-Indo-European with other languages," Mediterr. Lang. Rev. (Harassowitz) 3:7-31. Merrit Ruhlen, The Origin of Language: Tracing the Evolution of the Mother Tongue (Toronto: John Wiley & Sons, Inc., 1994), pp. 186-188.

[էջ 25]

«Ընդհուպ մինչև մեծ թագավոր Տիգրանի (մ.թ.ա. 95-55) -գահակալումը, հայերը նախնական (!) սոցիալական և լեզվական կազմավորման ընթացքի մեջ էին: Նախահայերը դարձան ճանաչելի խումբ իրենց սեփական իրանական տիպի (!) ցեղային (!) կառուցվածքով և փոխառված (!) հեթանոսությամբ» (շեշտադրումներն իմն են՝ Ա. Ա.):

[Up to the reign of the great king Tigran (95-55 B.C.), Armenians were in the process of original social and linguistic formation. The Proto-Armenians became an identifiable group with their own Iranian-style tribal structure and borrowed paganism.]21

Նախ՝ պարզ չէ, թե ինչպե՞՛ս կարող էին, ըստ Սյունիի, ընդամենը չորս հարյուր Հիսուն տարի առաք արևմուտքից Հայաստան խուժած նախահայերը, արդեն մ.թ.ա. 1-ին դարում այդքան արագորեն կազմավորվել իրանական տիպի ցեղային կառույցների մեջ (եթե, իհարկե, սրանով նա նախահայերի Իրանից գալու մասին բոլորովին անհեթեթ նոր մի տեսություն չի առաջադրում): Երկրորդ, այնուամենայնիվ, որո՞նք էին մ.թ.ա. 1-ին դարում նախահայկականից հայկական կարգավիճակի անցած ցեղերը, ի՞նչ էին նրանց անվանումները, ե՞րբ վերացավ այդ ցեղային կառուցվածքը: Այս հարցերին Սյունին չի անդրադարձել: Իրականում, արդի հայագիտությունը չի ճանաչում այդպիսի ցեղեր, իսկ հայ ժողովրդի կազմավորումն էլ ավարտված է համարում ամենաուշը մ.թ.ա. 6-5-րդ դարերում: Սիրելի պրոֆեսորս մի հարց ևս թողել է անպատասխան՝ արդյո՞ք իր նշած «.նախահայերը» սեփական հեթանոսության որևէ տարր չունեին (կամ գուցե աթեի՞ստ էին), թե նրանք իրոք, ինչպես ինքն է ասում, միայն փոխառել էին «.իրանական և հունական աստվածությունները», դրանց հիման վրա ստեղծելով իրենց «ազգային (sic! - Ա. Ա.)...հեթանոսական կրոնը», որին էլ զարմանալիորեն «մոլի նվիրվածություն էին ցուցաբե-

_____________________________

21 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 7.

[էջ 26]

րում»22: Այնինչ, նախահայկական և բուն հայկական հեթանոսական կրոնի մասին գոյություն ունի մասնագիտական գրականություն, որն ամբողջովին զանց է առնված23:

Վերջապես, չափազանց հետաքրքրական կլիներ, եթե Սյունին իսկապես պարզաբաներ, թե ասելով, որ հայերը «ճանաչելի խումբ» դարձան միայն մ.թ.ա. առաջին դարում, ապա «հայ» կոչելով ու՞մ նկատի ունեին, օրինակ, Հեքաթեոս Միլեթացին (մ.թ.ա. 550 թ.), Դարեհ թագավորի Բեհիսթունյան արձանագրությունը (մ.թ.ա. 520 թ.), ապա նաև Հերոդոտոսը և Քսենոփոնը (մ.թ.ա. 5-րդ դ.). սրանք վկայություններ են, որ ինքը Սյունին հիշում է24:

Այսքանով չբավարարվելով՝ Սյունին հայերի՝ իբրև, ժողովրդի կազմավորումն դնում է ավելի ուշ ժամանակահատվածի մեջ, բոլորովին անպատեհ հայտարարելով, թե մ .թ. 4-րդ դարի սկզբի դրությամբ հայերն արդեն «կազմել էին եզակի, ճանաչելի էթնիկ-կրոնային համայնք»25: Այսպիսով, այս տեղաժամանակային քմահաճ խաթարումներից ու շիլա-շփոթից հայոց պատմությանն անտեղյակ անգլախոս անպատրաստ ընթերցողը մակաբերում է միայն այն, որ հայ ժողովրդի կազմավորումն ավարտվել է մ.թ.ա. առաջին դարից մինչև մ. թ. 4-րդ դարն ընկած ժամանակահատվածում, որն արդեն իսկ սխալ է և ոչ մի փաստով չի հիմնավորվում:

4. Հայոց գենետիկան

Հատուկ ուշադրության է արժանի Սյունիի ձգտումը՝ հայերին ամեն կերպ ետ պահել իրենց արմատները մինչև մեր թվարկությանը նախորդած դարերը հասցնելու մտքից: Մ.թ.ա.

_____________________________

22 Նույն տեղում, p. 8.
23 Տե՛ս ծնթ. 18:
24 Նույն տեղում, p. 7. հմմտ. Ronald Grigor Suny, The Revenge of the Past: op. cit., p. 175, note 72.
25 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 8.

[էջ 27]

6-5-րդ դարերում ապրած «նախահայերի» մասին պարբերությունից անմիջապես հետո նա գրում է.

...գուցե (!) կան գենետիկ կապեր այդ հին ժողովրդի և այսօր Խորհրդային Հայաստանում26 ապրող ոմանց (!) միջև, սակայն ապրած լինելով Արևելք-Արևմուտք միգրացիաների, ներխուժումների, զավթումների և դաժան բնաջնջումների անկայուն տարածաշրջանում, արդի հայերն ավելի շատ էթնիկ միախառնումների արդյունք են, քան Ուրարտուի կենսաբանական մաքրարյուն ժառանգներ (շեշտադրումներն իմն են՝ Ա. Ա.):

[Perhaps, there are genetic connections between this ancient people and some today living in Soviet Armenia, but having lived in a region of volatile East-West migrations, invasions, conquests, and brutal exterminations, modem Armenians are more the product of ethnic intermingling, than they are the pure biologic heirs of Urartu.]27

Ուրարտուն հանկարծ՝ ամենավերջում հիշատակելով՝ Սյունին փորձել է խոհեմաբար իր համար նահանջի տեղ թողնել, սակայն ամբողջ կոնտեքստն ստեղծում է ընթերցողի այն միանշանակ տպավորությունը, թե հայերը որոշակի գենետիկ միատարրության են հասել ավելի ուշ ժամանակներում, քիչ է մնում ասի՝ Խորհրդային Հայաստանի օրոք, չէ՞ որ Հայկական լեռնաշխարհում Սյունիի հիշատակած միգրացիաները, ներխուժումները, զավթումներն ու դաժան բնաջնջումները կրկնվել են ընդհուպ մինչև մեր դարի 20-ական թթ.:

Իրականում՝ հայոց գենետիկ միատարրությունը եղել է հայերի ազգախմբող, ագգատարանջատող և ազգապահպան որոշիչ գործոններից մեկը, կարելի է ասել՝ հայոց ինքնության հիմնաքարերից մեկը: Ըստ Encyclopedia Britannica-ի. «հա-

_____________________________

26 Հանրահայտ է, 1993 թ. Խորհրդային Հայաստան այլևս չկար, ուրեմն՝ մեր «հայագետը» զլացել է անգամ իր գիրքը, ավելի ճիշտ՝ միտքը, ըստ պատշաճի սրբագրելուց:
27 Նույն տեղում, p. 7.

[էջ 28]

յերն ունեն շատ բնորոշ և միատեսակ դիմագծեր: Նրանք բարձրահասակ են ու. թուխ, նրանց աչքերը մեծ են, քիթը՝ երկար) բավական բարակ, ուղիղ կամ թեթևակիորեն արծվային, հաճախ ծայրին թեքված: Նրանք չափազանց կարճագլուխ են՝ հայկական տիպիկ գլուխը կարճ է, այն ուղղաձգորեն բարձրանում է վզից վերև, այնպես որ գանգն ընդունում է կոնուսաձև տեսք...»28։ Այս նկարագիրն է պատճառը, որ հային կարելի է դյուրությամբ ճանաչել օտար և հեռավոր երկրներում:

Հետաքրքիր է, որ ճիշտ այսպիսի դեմքեր են պատկերված մ.թ.ա. 1-ին դարի հայոց թագավորների, հատկապես Տիգրան մեծի, Արտավազդ Բ-ի, Տիգրան Գ-ի պատկերները կրող դրամների վրա29: Հայաստանի տարածքում պեղված՝ մ.թ.ա. երկրորդ և առաջին հազարամյակներով թվագրվող գանգերի ձևը, ինչպես նաև նրանց՝ գիտական ամենաարդիական եղանակներով կատարված դիմային վերակառուցումները, բացահայտում են հին և արդի հայ սերունդների գենետիկ խիստ միանմանությունը30: Օրինակ, ըստ մասնագետների՝ «վաղ երկաթե դարի դամբարաններից ստացված գանգերը, որ պեղվել են Նորադուզում, բոլորովին չեն տարբերվում ժամանակակից հայերից, օժտված են խիստ դուրս ցցված քթոսկրերով, քթարմատի բարձրության մեծ ցուցանիշներով, ուժեղ պրոֆիլավորված դիմային կմախքով» 31: Մի այլ ուսումնասիրություն, որ կատարվել է այլ կարգի մեծաթիվ տվյալների հետազոտության հիման վրա, եկել է նույնատիպ եզրակացության.

Частота распределения генов системы АВО и Rhesus (D) у армян, проживающих в Нагорном Карабахе, Армении, Грузии, Франции, установлен-

_____________________________

28 Vol. 2 (Chicago-London-Toronto, 1961), pp. 380-381.
29 Լուսապատճենները տե՛ս Զարեհ Պտուկյան. Արտաշեսյան հարստության դրամները: Վիեննա, 1969. Խ. Ա. Մուշեղյան. Հայաստանի դրամական գանձերը. Երևան, 1973:
30 Տե՛ս Ռուբեն Հարությունյան և Նվարդ Քոչար. Ի՞նչ են պատմում մեր գեները. Երևան, 1989, էջ 55, 61-62:
31 Նույն տեղում, էջ 55:

[էջ 29]

ная разными исследователями на весьма неоднородном количественном материале и в разные годы, почти одинакова. Для данной популяции характерна высокая частота встречаемости генов РА И d.32

Մարդաբանական-գենետիկ այսաստիճան նույնությունն ունի իր պատմակա՛ն բացատրությունը, այն է՝ մինչդեռ հայերը դարեր շարունակ շատ մեծ թվով ձուլվել են այլազգիների մեջ, շատ հաճախ ենթարկվելով բռնի ուծացման, նրանք իրենց մեջ չեն ձուլել այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների մի այնպիսի զգալի թիվ, որ բավարար լիներ նշանակալի գենետիկ որակափոիւություններ առաջացնելու համար: Աշխարհագրական, պատմական, սոցիալական, դավանական որոշակի իրողությունների բերումով, հայերն ապրել են սոցիալ-կենսաբանական հայտնի երևույթի՝ փաստական էնդոգամիայի արտակարգ երկարատև մի ժամանակահատված, այսինքն՝ հայերի մեջ խառն ամուսնությունները միշտ աննշան տոկոս են ունեցել (չհաշված արտերկրում ապրող հայերի հետ կատարվող ակկուլտուրացիայի և ասիմիլյացիայի բնականոն երևույթները): Նշենք հայոց էնդոգամիային նպաստած պատմական երեք հիմնական գործոն.

ա) Հայաստանի էթնիկ միատարրությունը, որ պատմական փաստ էր արդեն մ.թ.ա. վերջին դարերում (հիշենք Ստրաբոնի հայտնի հաղորդումը Արտաշես Ա-ի օրոք Հայաստանի միալեզվության մասին)33, և որը ձգվեց ընդհուպ մինչև մ.թ. 17

_____________________________

32 В. М. Нерсисян, Р. 3. Деланян, И. Б. Данелян, Н. Я. Бадунц, "Особенности распределения фенотипов и генов систем АВО и Rhesus у населения Нагорного Карабаха", Генетика (Российская академия наук) Том 30, 2, 1994 февраль, с. 274.
33 Strabo, Geography. Compiled and transl. by F. Lasserre (Paris, 1975),book XI, Chapters 14, 5 (Coll. G. Bude, vol. VIII, p. 123). Ստրաբոնի այս հաղորդման մանրամասն վերլուծությունը տե՛ս Գագիկ Սարգսյան. Ինքնորոշում և կողմնորոշում. Մեծ Հայքի վերելքի շրջան. -Ինքնություն [Identitas] , Ա, Երևան, «Կամար», 1995, էջ 91-93:

[էջ 30]

դարը: 17-18-րդ դարերում ևս պատմական Հայաստանի տարածքում հայերը կազմում էին զգալի մեծամասնություն.

բ) մ.թ. 13 դարի երկրորդ կեսից հետո Հայաստանի տարածքի մեծ մասում հայոց ռազմաքաղաքական անկախ և հզոր իշխանության չգոյությունը նպաստում էր հայերի ձուլմանը տիրող ազգությունների մեջ և, միաժամանակ, անհնար էր դարձնում այլազգիների «հայացումը».

գ) մահմեդականների, կաթոլիկների, հույների, վրացիների, ասորիների հետ ամուսնանալը գործնականորեն անհնար էր, որովհետև պայմանավորված էր կրոնական արգելքներով և սեփական համայնքի հետ կապերը խզելու վտանգով: Հիշենք թեկուզ այդ առթիվ Հայոց կանոնագրքերում արձանագրված՝ «Վասն որ ընդ այլազգիս խառնակին խնամութեամբ» հատուկ հոդվածը, որ խիստ պատիժ էր նախատեսում և´ այլազգիի հետ ամուսնացողի, և´ նրա ծնողների համար 34։

Այսպիսով, հայերը շարունակաբար պահպանել են գենետիկ միատարրության խիստ բարձր մակարդակ՝ իր ազգատարանջատիչ կարևոր հետևանքներով հանդերձ 35։ Չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ հայ հորից և մորից ծնված այսօրվա հայը, գենետիկորեն անհամեմատ ավելի մոտ է մ.թ.ա. վերջին դարերում ապրող հայերին, քան, ասենք այսօրվա ֆրանսիացիները կամ իսպանացիները (չխոսելով այլևս ամերիկացիների, ավստրալացիների, բրազիլացիների և այլ երիտասարդ ազգերի մասին)՝ մ.թ. 10-րդ դարում ապրած իրենց նախնիներին: Ինչպես ասացինք, մեր այս եզրակացությունը լիովին հաստատվում է հնագետների, գենետիկների, մարդաբանների , կենսաբանների և բժիշկների հայտնագործումներով

_____________________________

34 Մխիթար Գոշ. Գիրք դատաստանի: Աշխատասիրությամբ՝ Խոսրով Թորոսյանի. Երևան, ԳԱ հրատ., 1975, էջ 365: Կանոնագիրք Հայոց, Հ. Ա: Աշխատասիրությամբ Վազգեն Հակոբյանի. Երևան, ԳԱ հրատ., 1964, էջ 231:
35 Փաստական էնդոգամիայի սոցիալական հետևանքների մասին տե՛ս Ю. В. Бромлей, Очерки теории этноса. Москва, 1983, сс. 206-207.

[էջ 31]

և ուսումնասիրություններով36: Վերջում նշենք, որ Սյունիի՝ հայերի գենետիկային վերաբերող սխալ թեզի աղբյուրը, ամենայն հավանականությամբ, թուրք հայտնի կեղծարար հեղինակներից մեկն է՝ Քյամուրան Գյուրունը, որն ավելի պարզ է ւսրտահայտվել. «հին հայերը րնդհանուր ոչինչ չունեն մեր այսօրվա ճանաչած հայ համայնքի հետ»37: Սակայն, ինչպես տեսանք, Սյունիի և Գյուրունի պատկերացումները Հայոց գենետիկայի մասին շատ հեռու են թե՛ պատմական իրականու-թյունից, թե՛ մասնագիտական գրականության իմացությունից:

5. Ադրբեջանցիների և ղարաբաղցի հայերի ծագումնաբանության «խնդիրներ»

Սյունին, կանխամտածված և անհիմն կերպով ժխտելով հին և նոր հայ սերունդների գենետիկ շարունակականությունը, միաժամանակ չի վարանում հայտարարելու, որ կովկասյան ալբանացիները եղել են. ա) «հստակ էթնիկ-կրոնական խումբ» (distinct ethnoreligious group), և բ) որ նույն այդ ժողովուրդը, թեև թուրքախոս և շիա մահմեդական դարձած՝ «այսօրվա ադրբեջանցիների ուղղակի նախնին է» (the direct

ancestors of present-day Azerbaijanis)38։ Սա ասվել է հաշվի չառնելով պատմագիտական այն հաստատումը, որ կովկասի ալբանացիների մեթաէթնիկ39 խումբը բաղկացած էր 26 ցեղից, որոնցից յուրաքանչյուրը, ըստ Ստրաբոնի, խոսում էր իր «լեզ-

_____________________________

36 Մանրամասնույունների և մատենագիտության համար, տե՛ս Ոուբեն Հարությունյան և Նվարդ Քոչար, նշվ. աշխ., էջ 51-61, 75-86, 102-104, 132, 136-137:
37 Տե՛ս Մանվել Զուլալյան, Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր). Երևան, 1995, էջ 46:
38 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 193.
39 Այս եզրի մասին մանրամասնորեն տե՛ս С. И. Брук, Н. Н. Чебоксаров. Метаэтнические общности. - Расы и народы, Т. 6, Москва, 1976.сс. 15-41.

[էջ 32]

վով»40: Այս ցեղերը մեկ պետության՝ Աղվանքի թագավորության մեջ միավորված էին շուրջ հինգ դար՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 462 թ. (երբ Պարսկաստանը լուծարեց այն): Դրանից հետո այդ ցեղերը գոյատևել են անջատ- անջատ՝ բացառապես իրենց ցեղային անվանումների տակ, որոնց ուղղակի հետնորդներն են Դաղստանում և Հյուսիսային Ադրբեջանում ապրող լեզգիախոս ժողովուրդները՝ լեզգիները, ուդիները, թաբասարանցիները, ցախուրները, ռութուլցիները, ագուլցիները, քրիզները, բուդուգները, խինալուգները41։

Կեղծ և շինծու է Սյունիի այն թեզը, թե կովկասյան ալբանացիներն այժմյան ադրբեջանցիների ուղղակի նախնիներն էին, քանզի ադրբեջանցիները՝ ա) եթե օգտագործենք ամերիկացի միջազգայնագետ Շիրին Հանթերի բնորոշումները՝ գենետիկորեն «իրանական և թյուրքական ժողովուրդների միախառնման» արդյունք են, բ) լեզվով՝ թյուրք են, գ) կրոնով՝ հիմնականում շիա մահմեդական են (աղվանները հայադավան քրիստոնյա էին), դ) մշակույթի տեսակետից, ինչպես ճիշտ նկատել Է նույն Շիրին Հանթերը՝ «թուրք/իրանական խառը ժառանգության» տեր են42:

Իր բռնած թուրք - ադրբեջանական ուղեգիծը շարունակելով՝ Սյունին գրում է.

_____________________________

40 Strabo, Geography. Compiled and transl. by F. Lasserre (Paris, 1975), book XI, 4, 6.
41 Այդ ցեղերի էթնիկ պատմության և նրանցից շուրջ 20-ի անվանումների մասին տե՛ս А. А. Акопян, Албания-Алуанк в греко-латинских и древнеармянских источниках. Ереван, 1987. Այս ֆունդամենտալ մենագրությունը ամփոփ կերպով ներկայացվել է նաև ֆրանսերեն, տե՛ս Revue des Etudes Armeniens, Vol. XXI (Paris, 1988-1989), pp. 485-495. հմմտ. նաև Պատմա-բանասիրական հանդես, 1987, No. 3, էջ 166-189, հատկապես, էջ 167-168, 172-175:
42 Shireen T. Hunter, "The Muslim Republics of the Former Soviet Union: Policy Challenges for the United Slates," The Washington Quarterly, Summer 1992, pp. 59-62.

[էջ 33]

...Հին և միջին դարերում Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մաս էր կազմում...ժամանակի ընթացքում ղարաբաղցի աղվանները միախառնվեցին հայերի հետ: Աղվանական եկեղեցու Գանձասարում գտնվող կենտրոնական նստավայրը դարձավ հայ եկեղեցու թեմերից մեկը:

[Karabakh had been in ancient and medieval times part of the kingdom of the Caucasian Albanians... in time the Karabakh Albanians merged with the Armenians. The central seat of the Albanian church at Gandzasar became one of the bishoprics of the Armenian church...]43

Բարեբախտաբար, կարիք չունենք մանրամասնորեն հերքելու տխրահռչակ Զիա Բունիաթովից ու նրա աշակերտներից փոխառնված այս կեղծիքները, քանզի դրանք անվավեր են ճանաչվել I960-1990-ականն երին ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով լույս տեսած բազմաթիվ գիտական ուսումնասիրություններում44: Այսուհանդերձ, անենք սոսկ երկու կարևոր շեշտադրում.

ա) Ղարաբաղում երբեք չեն եղել «ղարաբաղցի աղվաններ», որ հետո էլ՝ «ժամանակի ընթացքում միախառնվեին» հայերին, որովհետև աղվանական ցեղերը բնակվում էին Կուր գետի ձախափնյակում, իսկ Ղարաբաղը գտնվում է այդ գետի աջափնյակում, ափից էլ՝ բավական հեռու:

Այնուհետև. եթե և՛ ղարաբաղցի հայերի, և՛ ադրբեջանցիների երակներում հոսեր միևնույն աղվանական արյունը, ապա այս երկու խմբերի մեջ գենետիկ որոշակի մերձավորությունը և նմանություններն անխուսափելի կլինեին, մինչդեռ համապատասխան լուրջ և հազարավոր տվյալներով փաստարկված ուսումնասիրությունները ցույց են տվել ղարաբազցի հա-

_____________________________

43 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 193.
44 Այս հարցի համաոոտ տեսությունը և մատենագիտությունը տե՛ս, օրինակ, Christopher J. Walker, ed., Armenia and Karabakh, op. cit., pp. 73-79, 138, note 19. տե՛ս նաև հոդվածների հետևյալ ժողովածուն՝ К освещению проблем истории и культуры Кавказской Албании и восточных провинций Армении. Сборник статей. Ереван, 1991.

[էջ 34]

յերի և ադրբեջանցիների միջև եղած վիթխարի գենետիկ հեռավորությունը45:

բ) 1216-1238 թթ. կառուցված Գանձասարի վանքը, որ 14-18 դարերում եղել Է Ղարաբաղի հայոց հոգևոր և քաղաքական կենտրոնը, հայ ճարտարապետության ամենանշանակալից և. միջազգայնորեն ճանաչված հուշարձաններից մեկն Է 46: Իսկ ահա իրեն գիտնական, այն էլ «Հայոց պատմության պրոֆեսոր»47 հորջորջող Սյունին Գանձասարը համարում է «աղվանական եկեղեցի»:

Սյունին սրանով, փաստորեն, մեղսակից է դառնում պատմության նենգափոխման ադրբեջանցիների փորձերին. իսկ սա մի գործունեություն է, որ մեծապես պատասխանատու է հայ-ադրբեջանական ազգամիջյան լարվածության համար: Պետք է ասել նաև , որ ադրբեջանական պատմագրությունը չի սահմանափակվել միայն հայոց պատմության վերաքննումով, այն կեղծել է նաև. Իրանի պատմությունը, դառնալով նաև հայագիտական ոլորտից դուրս աշխատող մասնագետների քննադատության առարկան48: Հնարավոր է արդյո՞ք, որ Սյունին

_____________________________

45 В. М. Нерсисян, Р. 3. Деланян, И. Б. Данелян, Н. Я. Бадунц, "Особенности распределения фенотипов...", указ. соч., сс. 271— 275.
46 Տե՛ս, օրինակ, А. Л. Якобсон, "Гандзасарский монастырь и хачкары: Факты и вымыслы", -- К освещению проблем истории и культуры Кавказской Албании и восточных провинций Армении, сс. 448-456. Գանձասարի վանքին վերաբերող ուսումնասիրությունների մատենագիտությունը տե՛ս Gandzasar. Documents of Armenian Architecture (Documenti di Architettura Armena). Milano, Italia, 1987, pp. 22-25, իսկ Գանձասարի վանքի բոլոր արձանագրությունները, այդ թվում նրա հայ հիմնադիր-կաոուցողներինը, զետեղված են հետևյալ գրքում՝ Բագրատ Ուլուբաբյան, Գանձասար: Երևան, «Հայաստան», 1981:
47 Նույն 1993 թ. լույս տեսած իր մյուս գրքում Սյունին հե՛նց այդպես էլ բնորոշված է, աոանց իր կոչումի մեջ «արդի» բառի հիշատակության, տե՛ս Ronald Grigor Suny, The Revenge of the Past, op. cit., p. XII և կազմը:
48 Տե՛ս Էնայաթ Օլլա-Ռեզա, Ազարբայջան և Առռան. Թեհրան, 1982 (պարսկ.) (ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել Երևանում 1993

[էջ 35]

պարզապես անտեղյակ է ադրբեջանական պատմակեղծարարության հանրաճանաչ խնդրին և դրան վերաբերող ծավալուն մատենագիտությանը: Վստահորեն՝ ո՜չ. նա նախընտրել է

ադրբեջանական կեղծիքը, թեև կարդացել և այլ առիթով իր գրքում հղել է այդ հարցերին նվիրված՝ 1988 թ. Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հրատարակած առանցքային գրքույկը ինչպես նաև՝ գիտական նույն տեսակետի՝ Ուոքերի խմբագրած անգլերեն տարբերակը49։

Ուշագրավ է նաև Սյունիի շարադրանքի ոճը. քաղաքականապես խիստ զգայուն այս խնդիրն արծարծելիս, նա որևէ աղբյուր չի հղում, ո՛չ էլ՝ դեպքերի հսւոակ ժամանակագրությունն է տալիս: Օրինակ, Սյունիի հայտարարությունն առ այն, թե «հին և միջին դարերում Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մաս էր կազմում»՝ արևմտյան անտեղյակ րնթերցողի վրա թողնելու է այն տպավորությունը, թե հնուց մինչև 14— 15-րդ դարերը Այսրկովկասում գոյություն է ունեցել մի անկախ Աղվանքի թագավորություն, որի կազմում էլ անընդմեջ եղել է Ղարաբաղը։ 1978 թ. հրապարակված ու այնուհետև 1987 թ. վերատպված իր մի հոդվածում Սյունին գրել է, թե՝ «իններորդ և տասներորդ դարերում Արցախ / Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մասն էր» (during the ninth and tenth centuries, Artsakh/Karabakh was part of the Caucasian Albanian kingdom)50; Սակայն, ինչպես ասացինք՝ այդ թագավորությունը գոյատևել է մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 462 թ., իսկ Արցախը (Ղարաբաղը) գտնվել է այդ թագավորության կազմում 451 թվից մինչև 462 թ.: Եթե ընդունենք, որ Սյունին այս ամենը չի իմացել 1978-1987 թթ., ապա Հայաստանի ԳԱ հրապարակած վերոհիշյալ գրքույքի

_____________________________

թ.): Տե՛ս նաև Shireen T. Hunter, The Transcaucasus in Transition: Nation-Building and Conflict (Washington, D. C: The Center for Strategic & International Studies, 1994), pp. 14-15, 190.
49 See Suny, Looking toward Ararat, op. cit., p. 269 (note 1), 281.
50 Ronald Grigor Suny, "The Karabagh Problem: A Historical Perspective," The Armenian Mirror-Spectator, November 14, 1987, p. 8.

[էջ 36]

ընթերցումից հետո նա արդեն հրաշալի տեղյակ է եղել Աղվանքի խնդիրներին: Այսպիսով՝ Սյունին միանգամայն գիտակցաբար է գործածում լպրծուն ոճ. սա նրան պետք է իր իսկական՝ իր գրքում չհղված թուրքական և ադրբեջանական աղբյուրները քողարկելու համար:

6. Հայոց թագավորության միջազգային վարկը և սահմանները

Սյունին գրում է.

Իրենց (իմա՝ հայերի — Ա. Ա.) անցյալում միայն մեկ անգամ է պատահել, որ Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ միավորվել է մեկ հայ տիրապետողի իշխանության տակ:

[Only once in their past was the entire Armenian plateau unified under a single Armenian ruler...]51

Թուրքական ծանոթ կեղծիքներից է52: Հետաքրքիր է, որ Սյունին այդպես էլ չի ճշտում, թե ո՞վ էր այդ միակ հայ տիրապետողը և իր հայտարարությունը հաստատելու համար որևէ աղբյուր չի վկայակոչում: Բարեբախտաբար, նրա հավանական սկզբնաղբյուրը՝ վերոհիշյալ Քյամուրան Գյուրունը, ավելի պարզ է խոսում: Ըստ Գյուրունի՝ «Միակ ժամանակաշրջանը, երբ այս (իմա՝ հայ -- Ա. Ա.) ավատատերերը անկախություն էին վայելում, եղել է մ.թ.ա. 94-ից մինչև 66 թ.՝ Տիգրանի տիրապետության օրոք»53, և կամ՝ «Եթե մենք

_____________________________

51 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 214.
52 Թուրքական պատմագրության այս թեզը մանրամասն ներկայացված է հետևյալ գրքում՝ Մանվել Զուլալյան, Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ, նշվ. աշխ.: Հմմտ. Clive Foss, "The Turkish View of Armenian History: A Vanishing Nation," in The Armenian Genocide: History, Politics, Ethics, ed. by Richard G. Hovannisian (New York: St. Martins Press, 1992), p. 254.
53 Տե՛ս Kamuran Gurun, The Armenian File: The Myth of Innocence Exposed (London-Nicosia-Istanbul: Published jointly by K. Rustem & Bro. and Weidenfeld & Nicolson Ltd., 1985), p. 15.

[էջ 37]

Թվագրենք [հայերի] անկախության ժամանակաշրջանը մ.թ.ա. 95 թվով, ապա կտեսնենք, որ այն տևել է ընդամենը 30 տարի։ Դրանից հետո Հայաստանն այլ բան չէր, քան մի խաղազինվոր հռոմեացիների և պարսիկների հակամարտությունների մեջ»54:
Այստեղ հարկ չկա մանրամասնել պատմական հայտնի փաստերը, բավարարվենք սոսկ հիշեցնելով, որ իրականում Հայաստանը հարյուրամյակներ շարունակ եղել է մերձավոր-արևելյան տարածաշրջանի հզոր և խոշորագույն պետություններից մեկը, իսկ հայոց Արտաշեսյանների և Արշակունիների օրոք Հայկական լեոնաշխարհը գրեթե լիովին ներառնված էր Հայաստանի՝ միջազգային մեծ կշիռ ունեցող պետականության մեջ55:

7. Հայաստանի նենգափոխումը Անատոլիայով

Թուրք-ադրբեջանական պատմագրության հետ Սյունիի գրքի զուգորդումները կանոնավոր բնույթի են: Այսպես, Սյունին նախորդ մեջբերման մեջ Հայաստան եզրի փոխարեն գործածել է Հայկական լեռնաշխարհ աշխարհագրական եզրը: Արդյո՞ք սա պատահականություն է: Պարզվում է, որ՝ ո՛չ: Հայաստան եզրն այս գրքում հիշատակվում է անհամեմատ ավելի քիչ, քան՝ նրա փոխարեն, երբեմն զավեշտորեն անպատեհ տեղերում գործածվող, Անատոլիա-ն ու Արևելյան Անատոլիա-ն (տե՛ս էջ 55, 56, 67, 95, 98, 104, 111 և այլն): Հայաստան անվան այս նենգափոխումն առավել ցայտուն արտացոլվել է գրքի տեղանունների և անձնանունների Անվանացանկում՝ Index-ում (էջ 283-289): Անվանացանկի Հայաստան հոդվածը ուղղակի պարպված է. այն ընթերցողին լոկ հղում է երեք այլ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետու-

_____________________________

54 Նույն տեղում, p. 10.
55 Այս մասին ավելի մանրամասն տե՛ս սույն աշխատության երկրորդ մասում, հատկապես էջ 138-140:

[էջ 38]

թյուն, Խորհրդային Հայաստան և Թուրքահայաստան: Այսպիսով, Սյունիի Անվանացանկը հին և միջնադարյան Հայաստանի, Պարսկահայաստանի կամ Ռուսահայաստանի գոյությունն ուղղակի չի ճանաչում, թեև շարադրանքի մեջ ինչ-որ կերպ սողոսկել են «[հին] Հայաստանը» (Էջ 7), «[միջնադարյան] Հայասաանը», «[արևմտյան] Հայասաանը» (Էջ 18), «պատմական Հայասաանը» (Էջ 19, 104) և այլն: Ավելին, ինչպես շարադրանքում, նույնպես և. Անվանացանկում Թուրքիայում ապրած բոլոր հայերի համար, ավանդական՝ արևմտահայեր-ի կամ թուրքահայեր-ի փոխարեն առաջարկվում է գործածել անատոլիական հայեր նորահնար հորջորջումը (մասնագետ պատմաբանի համար անատոլիական հայեր-ը կարող են լինել միայն նրանք, ովքեր ապրել կամ ապրում են պատմական Հայաստանից դուրս՝ Փոքր Ասիա թերակղզու տարածքում): Դատելով Սյունիի՝ Անատոլիա եզրի գործածման բացարձակ գերակշռությունից, որ, ի դեպ, Անվանացանկը թերացել է արտացոլելուց (Անատոլիան գործածված է շատ ավելի էջերում, քան նշել է Անվանացանկը), նույնպես և ողջ շարադրանքից, կարելի է զարմանալ, թե ինչու՞ է գիրքը վերնագրված Հայաստանը և ո՛չ թե՝ Արևելյան Անատոլիան նոր պատմության մեջ։

Թուրքական քարոզչությունն այս մոտեցումը բավական վաղուց էր ծրագրել: Նրա էությունը հստակ ձևակերպել է Թուրքիայի գաղտնի ծառայության նախկին գործակալ, հետագայում՝ թուրքական «հայագիտության» գաղափարախոսական առաջնորդ Էսաթ Ուրասը 56 (ստորև, մեջբերվող նախադասությունը թուրքերեն բնագրում ամբողջովին գրված է մեծատառերով).

Ամենից կարևոր և անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը. Հայաստանը չի կարող լինել որևէ այլ բան, քան

_____________________________

56 Տե՛ս Vahakn N. Dadrian, The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. (Providence & Oxford: Berghahn Books, 1995), p. 444.

[էջ 39]

աշխարհագրության վրա հիմնված հասարակ հիշողություն, տարածք՝ առանց քաղաքական սահմանների57:

Խոստովանենք, որ Ուրասի համեմատությամբ՝ Սյունին առաջադեմ հեղինակ է. չէ՞ որ Ուրասի՝ «Հայերը պատմության մեջ և հայկական հարցը» հսկայածավալ հատորի Անվանացանկում Հայաստան անունը չկա58:

Մանվել Զուլալյանը, վերլուծելով թուրք պատմաբանի վերջերս լույս տեսած աշխատությունը, արդարացիորեն նկատել է, որ «թուրք պատմագրության բոլոր ուղղությունների ներկայացուցիչների հայեցակետը այն է, [որ] հայերը իրենց ողջ պատմության ընթացքում ինքնուրույնությունից զուրկ, փոքրաթիվ մի համայնք են եղել, իսկ Հայաստան կոչեցյալ երկիրն էլ լոկ մի աշխարհագրական հասկացողություն է»59։ Իր վերոբերյալ արտահայտություններով Սյունին պարզապես կրկնում է թուրք պատմագրության հենց ա՛յս հայեցակետը: Ցավոք, Հայաստան անվան դեմ թուրքական քարոզչության արշավը և արևելյան Անատոլիա կեղծիքով նրա նենգափոխումը60 գրեթե ամբողջովին հաղթանակել է Արևմուտքի ակադեմիական շրջանակներում ու նաև լրջորեն թափանցել

_____________________________

57 Տե՛ս Ուրասի գրքի հետևյալ գրախոսականում՝ Christopher J. Walker, "THE ARMENIANS IN HISTORY AND THE ARMENIAN QUESTION. BY ESAT URAS. An English translation of the revised and expanded second edition, pp. XIV, 1048. Ankara, documentary Publications, 1988," Journal of the Royal Asiatic Society (1990) No. 1, p. 166. Այս գրախոսության հայերեն թարգմանությունս տե՛ս «Փյունիկ» պարբերականի 1991 թ. մարտի 31-ի համարում, էջ 9-10:
58 Esat Uras, The Armenians In History And The Armenian Question. An English translation of the revised and expanded second edition, pp. XIV, 1048. Ankara, documentary Publications, 1988, p. 1034.
59 Տե՛ս Մանվել Զուլալյան, էնվեր Կոնուկչու. Էրզրումը սելջուկներից մինչև Հանրապետությունը. Անկարա, 1992, 974 էջ (թուրք.). - Պատմա-բանասիրական հանդես, 1997, No. 1, էջ 267.
60 Մանրամասնությունները տե՛ս Մանվել Զուլալյան. Հայոց Պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ, նշվ. աշխ., էջ 28, 42, 60:

[էջ 40]

ռուսական պատմագրական և քաղաքագիտական գրականության մեջ (թեև. ռուսներն ավելի հաճախ գործածում են Արևմտյան Հայաստան եզրը):

Ավելացնենք, որ պատմական Հայաստանի հիշատակումը «չեզոքացնող» թուրքական և թուրքամետ աշխատանքներին Սյունին վաղուց է լծվել: Այսպես, դեռևս 1983 թ. լույս տեսած՝ «Հայաստանը քսաներորդ դարում» անունով գրքույկում, նա արել է այսպիսի մի հայտարարություն. «Բացի Խորհրդային Հայաստանից չկա այլ Հայաստան, ու նաև չկա մի այլ հայ ազգ, բացի նրանից, ով երազում է Արարատի ստորոտում»

(There is no Armenia but Soviet Armenia, and there is no Armenian nation but the one which dreams at the base of Ararat)61։ Ահա այսպես՝ բացի պատմական Հայաստանը «չեղյալ» հայտարարելուց, փորձ է արվում նաև թուլացնել Հայաստան- սփյուռք կապերը, միլիոնավոր սփյուռքահայերին զրկել իրենց հայ ազգի բաղկացուցիչ մասը զգալուց ու, հետևաբար համապատասխանաբար գործելուց: Հետաքրքիր է, որ Սյունիի արած այս հայտարարությունը ժամանակին քննադատել էր սոցիոլոգ Մարի Քիլբորն Մաթոսյանը62, որ ազգությամբ ամերիկուհի է։ Սակայն, ինչպես տեսնում ենք, քննադատությունը տեղ չի հասել:

8. Հովսեփ էմինի ճանապարհորդությունը Հայաստան և Սյունիի եզրակացությունները

Այժմ անդրադառնանք Հայացք դեպի Արարատ-ի թերևս ամենաառանցքային հատվածին: Սյունին, խոսելով 14-18 դարերի հայոց պատմության մասին, արել է մի շարք ցնցող եզրակացություններ: Լսենք իրեն.

_____________________________

61 Ronald G. Suny, Armenia in the Twentieth Century (Chico, CA: Scholars Press, 1983), p. 83.
62 Տե՛ս Mary Kilbourne Matossian-ի գրախոսությունը Armenian Review-ում 1984, Հտ. 37, էջ 89-91:

[էջ 41]

Այսօր շատ հայերի համար դժվար է ընդունել այն դրույթը, որ հայերը ոչ միշտ (և ո՛չ մշտապես) են գիտակցել, որ եղել են յուրահատուկ և պատմականորեն նշանավոր ազգ, կազմել են եզակի մշակույթ ունեցող լեզվական և կրոնական նույն հարակցված համայնքի մի մասնիկը: Տանը, եկեղեցում և դպրոցում ստացած նրանց գիտելիքները միայն հաստատում և վերահաստատում են, թե նրանց ժառանգությունը հասնում է մինչև Տիգրան Մեծ, եթե ոչ մինչև Ուրարտու, հարկավ՝ մինչև Գրիգոր Լուսավորիչ («Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է եղել»), մինչև Սբ. Վարդան... Հե´նց այս վաղեմի ժառանգությունն են ձգտում պահպանել արևմտյան հասարակության ապամշակութացնող և ասիմիլացնող հմայքներին գիտակից ու հայրենասեր սփյուռքահայերը: Սակայն երբ ավելի մոտից ենք քննում հայերի (sic -- ո՛չ Հայաստանի՝ Ա. Ա.) վաղ նորագույն պատմությունը (իմա՝ 16-18 դդ. — Ա. Ա.), հայտնաբերում ենք, որ մինչև 19-րդ դարի վերածնունդը շատ հայեր, եթե ոչ նրանց մեծամասնությունը, բացի սաղմնայինից՝ կորցրել էին իրենց հայ լինելու մասին ամբողջ գիտակցությունը: Երբ հայերը մտնում էին իրենց երրորդ հազարամյակը, հայկական մշակույթից և գիտակցությունից մնացել էին գրեթե միայն լեզուն և կրոնը (սրանք էլ աղճատված վիճակում):

[The notion that Armenians were not always (and consistently) aware that they made up a distinct and historically distinguished nation, that they were part of a coherent linguistic and religious community with a unique culture, is difficult for many Armenians today to accept. Their very existence at home, in church, and in school has been the affirmation and reaffirmation of a legacy that stretches back at least to Tigran the Great, if not Urartu, certainly to Grigor Lusavorich ("Armenia was the first Christian nation"), to Saint Vardan.... It is precisely this age-old legacy that conscious and patriotic Armenians in the diaspora are dedicated to preserving in the face of the acculturationist and assimilationist attractions of Western society. Yet when one takes a closer look at the early modern history of Armenians, one finds that all but a rudimentary sense of

[էջ 42]

being Armenian had been lost for many (if not most) Armenians, particularly in Armenia proper, in the years before the nineteenth-century revival. Language and religion (and these in adulterated forms) were almost all that was left of Armenian culture and consciousness as Armenians entered their third millennium.]63

Իր այս գրանդիոզ մտքերը Սյունին փորձում է հիմնավորել ընդամենը մի վկայությամբ, որ քաղել է հայ ազգային ազատագրական շարժման անզուգական գործիչ Հովսեփ Էմինի (1726-1809)՝ անգլերենով 1792 թ. Լոնդոնում հրատարակած երկից: Նախ՝ կարդանք Էմինի վկայության Սյունիի վերաշարադրանքը, ծանոթանանք այդ վերաշարադրանքի հիման վրա Սյունիի արած ևս մի քանի ցնցիչ «հայտնագործություններին», ապա անենք մե՛ր եզրակացությունները, ընդսմին՝ ընթերցելով Էմինի բուն հաղորդումը:

Այսպիսով, մեր պրոֆեսորը պատմում է sic նշաններն իմն են, թարգմանում ենք աննշան կրճատումներով՝ Ա. Ա.).

Եկեք հիշենք պատմությունը՝ արկածախնդիր (sic) Հովսեփ Էմինի, որը 18-րդ դարի կեսերին ճանապարհվեց Անատոլիա (sic) և բախվեց Օսմանյան կայսրության ամենաhետամնաց շրջաններում ապրող hայերին ու նրանց անցյալին: Էմինը՝ անգլիական Հնդկաստանում մեծացած մի հայ, իր կյանքի առաքելությունն էր դարձրել մահմեդական լծից հայերի (sic)64 ազատագրությունը... 1759 թ. նա ճանապարհ ընկավ դեպի արևելյան Թուրքիա (sic)՝ դեպի «Բարձր Հայքի լեռները»... Երբ Էմինը հասավ առաջին պատահած հայկական գյուղը, գյուղացիները, որոնք ապշել էին հայերենով խոսող

_____________________________

63 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 55.
64 Էմինը ձգտում էր հասնել ո՛չ թե սոսկ «հայերի ազատագրությանը», այլ Հայաստանի' ազատագրությանը: Ինչպես տեսնում ենք, Սյունին սկզբունքորեն խուսափում է Հայաստան բառն օգտագործելուց, որ այստեղ միակ ճիշտը կլիներ, քանզի հայերն ապրում էին մահմեդականների իշխանության տակ նաև Իրանում, Սիրիայում, Եգիպտոսում, Կ. Պոլսում և այլուր:

[էջ 43]

մի ձիավորի տեսնելուց՝ քիչ էր մնում նրան ծեծի ենթարկեին: Փրկվելու համար Էմինն ստիպված եղավ ձևացնել, թե ինքը թուրք է, ինչպես և գյուղացիները սկզբից կարծել էին: Ավելի ուշ, գյուղապետի հետ անձնական հանդիպման ժամանակ, Էմինը հարցնում է, թե ինչու՞ էին հայերը դեմ նրա՝ միայնակ ձիով շրջելուն, արդյո՞ք նրանք դեմ են, որ հայերը զինվոր լինեն կամ ազատ գործեն: Գյուղապետը պատասխանում է. «Տեր, մեր ազատությունը մյուս աշխարհում է, մեր թագավորը Հիսուս Քրիստոսն է»: Էմինը հարցնում է. «Ինչպե՞ս է այդպես պատահել, ո՞վ է ձեզ ասել»: Նրանք պատասխանում են. «Եկեղեցու սուրբ հայրերը, որոնք ասում են, թե հայ ազգը ենթակա է եղել մահմեդականներին աշխարհի ստեղծման օրից և պետք է այդպես էլ մնա մինչև հարության օրը: Այլապես մենք կարող ենք մեր երկրից շատ արագ վռնդել օսմանցիներին»: Ապշելով պատմության այսպիսի նոր ընթերցումից, Էմինը հանում է Մովսես Խորենացու իր օրինակը և խնդրում է քահանային որոշ հատվածներ կարդալ այնտեղից: Ահա այստեղ էին այն ապացույցները, որ հայերն անկախ են եղել օսմանցիների Անատոլիա (sic)65 գալուց շատ ավելի վաղ66:

Այստեղ, կիսատ թողնելով !մինի պատմածը և նրան այլևս չհիշելով՝ Սյունին սարքել է հայոց 16-18 դարերի պատմության իր մտակառուցումը.

Էմինի պատմած այս հատկանշական պատմությունը ցուցադրում է արևելյան Անատոլիայի (sic) հայ գյուղացիների գիտակցության անդնդախոր բացերը:

...հայերի դրությունը բացահայտվում է երկու հետաքրքիր առումներով.

1. մուսուլմանական իշխանության արդյունավետությունը հայերի վրա (sic - ո՛չ Հայաստանի վրա՝ Ա. Ա.) բխում էր մասամբ հայերի համոզմունքից, որ իրենց ենթակայությու-

_____________________________

65 Սյունին դարձյալ խուսափում է Հայաստան ասելուց: Ըստ նրա, ստացվում է, որ Մովսես Խորենացին գրել է անկախ Հայկական Անատոլիայի մասին, որ անհեթեթություն է:
66 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 55-56.

[էջ 44]

նը որոշ Հափով արդարացված էր, սաՀմանված էր Աստծո կողմից, և, որ ազատագրությունը լինելու է կամ երկնքում և. կամ 666 տարի Հետո (Համս/ձայն Հին գուշակության) fSIC -Սյոլնիի շարադրանքից ընթերցողը երբեք էի կարող իմանալ, թե ի՞նչ գուշակության մասին է խոսքը, քանղի Սյունին կիսատ է թողնում էմինի պատմած այս ԴրվաԳՐ՝ Ա- Ա-):

2. Հայերի կրավորականությունը... խրախուսվում էր Հայերի մե9 եղած Հեղինակությունների, Հատկապես՝ Հոգևորականների կողմից:

18-րդ դարի դրությամբ շատ Հայեր գրեթե ոչինչ էին պահպանել իրենց ազգային մշակույթից, բացառությամբ լեզվից, որն էլ վերածված էր փոխադարձաբար անհասկանալի բարբառների և. խառնված էր իշխող ազգությունից փոխառված բառապաշարի (??!! - Ա. Ա.) հետ: Նրանց կրոնը խառնված էր նախապաշարմունքի և հեթանոսական պրակտիկայից վերցված փոխառությունների հետ, իսկ նրանց եկեղեցին տխրահռչակորեն այլասերված էր... Հայոց պատմության մասին գիտելիքները բոլորովին ջնջված էին, բացառությամբ վանականների մի փոքրիկ խմբի, որն արտագրում ու վերարտադրում էր հին տեքստերը:

[Այսպիսով՝ հայերը գտնվում էին] սոցիալական հետամնացության, մշակութային ոչնչացվածության և քաղաքական անզօրության վիճակում...

(This peculiar story told by Joseph Emin illustrates the abysmal lack of awareness of the Armenian peasants of eastern Anatolia....

These accounts reveal two interesting aspects of the Armenian condition:

1. Part of the effectiveness of Muslim rule over Armenians stemmed from Armenian conviction that this subjugation was in some sense justified, was ordained by God, and that liberation would come either in heaven or only after 666 years (according to ancient prophecy).

[էջ 45]

2. The passivity of the Armenians was... encouraged by the leading authorities among the Armenians, particularly the clerics.

By the eighteenth century many Armenians had very little left of their national culture, except for a language reduced to mutually incomprehensible dialects and mixed with vocabulary borrowed from the dominant nationality. Their religion was mixed with superstition and borrowings from pagan practice, and their church was notoriously corrupt....Knowledge of Armenian history had been effectively wiped out, except among a small group of monks who copied and recopied the ancient texts....

[Thus, the Armenians were in] social backwardness, cultural annihilation, and political impotency....)67

Ստորև, մենք մանրամասն քննության կենթարկենք Էմինի պատմածը, որպեսզի պարզենք, թե ի՞նչ հիմքեր ուներ Սյունին այսպիսի մտքեր արտահայտելու համար: Սակայն, նախ անդրադառնանք վերոբերյալ մեջբերումներում արծարծված մի քանի խնդրի, որոնք պարզ ցուցադրում են, թե Միչիգանի և Չիկագոյի համալսարանների այս պրոֆեսորը ինչքան է ծանոթ հայ մատենագրությանը:

8.1. Հայոց մշակույթն ու մատենագրությունը 16-18 դարերում և հայոց պատմության մասին հայերի գիտելիքները

Ըստ Սյունիի՝ «Հայոց պատմության մասին [հայերի] գիտելիքները բոլորովին հնձված էին, բացառությամբ վանականների մի փոքրիկ խմբի, որը արտադրում ու վերարտադրում էր հին տեքստերը»: Ափսո´ս, պրոֆեսորս չի հրապարակում այդ վանականների մասին երևի միայն իրեն հայտնի վիճակագրական տվյալները, որ մենք ևս իմանայինք, թե, օրինակ՝

_____________________________

67 Նույն տեղում, p. 56.

[էջ 46]

քանի՞ հոգուց էր բաղկացած այդ խումբը, ի՞նչ հին տեքստեր էր արտագրում և. ի՞նչ հաճախականությամբ էր դրանք վերարտադրում:

Իրականում՝ 17-18—րդ դարերում հայ մտավորականները (ի դեպ, նաև աշխարհականները) ներգրավված չէին մեխանիկական «արտագրության և վերարտադրության մեջ», այլ , նույնիսկ թուրք-պարսկական բռնապետության անբարենպաստ պայմաններում, շարունակում էին արդյունավետորեն ստեղծագործել փիլիսոփայության և աստվածաբանության, պատմագրության և բանաստեղծության, քերականության և երաժշտության, ճարտարապետության և այլ բնագավառներում: Իրականությունն այն է, որ 17-18-րդ դարերում, մշակութային վճռորոշ երկու՝ կրթության և տպագրության բնագավառներում, հայերը բացահայտորեն աոաջ էին անցել և´ իշխող ազգություններից՝ պարսիկներից ու թուրքերից, և՛ տարածաշրջանի մյուս ժողովուրդներից։

8.1.1. Հայոց տպագրությունը

Այսպես, 1512 թ. մինչև 1759 թ., այսինքն՝ մինչև Էմինի Հայաստան ժամանելը, հայերը տպագրել էին 570 տարբեր գրքեր68, որոնց րնդհանուր տպաքանակը հասնում էր տասնյակ հազարների: Այս գրքերի մի զգալի մասը պարունակում էր նյութեր հայոց պատմության մասին, իսկ ոմանք էլ հենց միայն հայոց պատմություն էին: Դրանցից էր, օրինակ, Առաքել Դավրիժեցու (?1670) մեծածավալ Գիրք պատմութեանցը. այն ավարտի էր հասցվել Ս. Էջմիածնում 1662 թ. և տպագրվել էր Ամստերդամում 1669 թ., դառնալով հեղինակի կենդանության օրոք լույս տեսած հայ առաջին պատմագրական երկը69 (ի դեպ, այս գիրքը լույս է տեսել նաև ֆրանսերեն և ռու-

_____________________________

68 Տե՛ս Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալեան, Հայ գիրքը 1512-1800 թթ.: Հայ հնատիպ գրքի մատենագիտություն: Առաջաբանը՝ Ն. Ոսկանյանի, խմբագրությամբ՝ Ռ. Ա. Իշխանյանի, Երևան, 1988, էջ 1-441:
69 Տե՛ս Аракел Даврижеци, Книга историй. Перевод с армянского,

[էջ 47]

սերեն)70: 1638 թ. Նոր Ջուղայում հայերը հիմնադրեցին Իրանի և ամբողջ Միջին Արևելքի առաջին տպարանը, ընդ որում՝ եզակի սարքավորումները Եվրոպայից չէին մուծվել, այլ պատրաստվել էին տեղում՝ հայ վարպետների ձեռքով71։

Ըստ երևույթին, Սյունին սխալմամբ կարծում է նաև, թե Էմինի մոտ եղած Մովսես Խորենացու գիրքը մի ձեռագիր էր, մինչդեռ այն, ամենայն հավանականությամբ, եղել է տպագիր օրինակ, մինչև 1759 թ. Մովսես Խորենացու Հայոց Պատմությունը տպագրվել է վե՛ց անգամ՝ 1683-ին Մարսելում, 1695-ին Ամստերդամում, 1698-ին (տպագրության վայրը դիտավորյալ նշված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ՝ Կ. Պոլսում), 1735-ին կ. Պոլսում (Մինաս Համդեցու համառոտ շարադրությամբ), 1736-ին Լոնդոնում, 1752-ին Վենետիկում72: Մեր համոզմամբ, Էմինի անձնական օրինակը եղել է այս տպագրություններից մեկը:

Շեշտենք, որ այդ դարաշրջանում, զուգահեռաբար, ողջ թափով և անընդհատ, գործում էր նաև հայ ձեռագրական ավանդույթը՝ հազարավոր այլ գրքերի արտադրության ավանդական միջոցը:

Հայոց նվաճումների արժեքն ավելի պարզ կպատկերացնենք, եթե նկատենք, թե մշակութային իրավիճակն ինչպիսին էր աշխարհագրական այս տարածքում իշխող ազգությունների՝ թուրքերի և պարսիկների մոտ: Այսպես՝ առաջին թուրքերեն գիրքը տպագրվել է 1729 թ., ընդ որում՝ այդ հրատարակությունը գլուխ բերելուն օգնել և որոշ սարքավորումներ էին

_____________________________

предисловие и комментарий Л. А. Ханларян. Москва, 1973, с. 18.
70 Տե՛ս ծնթ. 52 և M. Brosset, Collection d'historiens armeniens. Livre d'histoire, compose´ par le vartabied Arakel de Tauriz, t. 1, St. Petersbourg, 1874, p. 267-608.
71 Տե՛ս Լեոն Մինասյան, Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը. Նոր Ջուղա, 1972: Տե՛ս նաև Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն. Հ. 1, Երևան, 1977, էջ 351-379:
72 Տե՛ս Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալեան. Հայ գիրքը 1512-1800 թթ., էջ 88-90, 116-118, 126-129, 331, 338. 415-416:

[էջ 48]

տրամադրել Կ. Պոլսի հայկական տպարանները, «.որոնք այդ ժամանակ բավականաչափ մեծ փորձ էին կուտակել, [քանզի] հայկական առաջին տպարանը Կ. Պոլսում հիմնադրվել էր տակավին 1565 թ.»73:

Պարսկերենով առաջին գիրքը լույս է տեսել 1826 թ.74: Վրացերենով առաջին գիրքը տպագրվել է 1708թ.75: Հետաքրքիր է, արդյո՞ք հայտնի են պրոֆեսորիս ադրբեջաներենով, քրդերենով, ասորերենով և. մեր տարածաշրջանում գործածական այլ լեզուներով լույս ընծայված հնատիպ գրքեր:

8.1.2. Հայոց կրթությունը

Գրքի այլ էջերում Սյունին զարգացնում է 18-րդ դարի դրությամբ իբր գրանցված հայերի «մշակութային ոչնչացվածության» (cultural annihilation)76 իր տեսակետը՝ հայտարարելով, մասնավորապես, թե «մինչև, ռուսական անեքսիան կովկասյան հայերը դպրոցներ չեն ունեցել» (!!?? — Ա. Ա)77:

Նախ նշենք, որ հազարավոր օրինակ գրքերի ձեռագիր արտադրությունը և տպագրությունը, որ, ի դեպ, այն ժամանակներում ավելի թանկ ձեռնարկ էր, քան նույնիսկ այժմ է, ինքնըստինքյան հաստատում է, որ Սյունին, կատարելապես անտեղյակ լինելով հայոց ստեղծած մշակութային—նյութական

_____________________________

73 Տե՛ս Ю. А. Петросян, Османская Империя: Могущество и гибель. Москва: Наука, 1990, сс. 144-145 (ի դեպ, 1748 թվին, թուրքերենով տպագրությունը ընդհատվեց, վերսկսվելով միայն 18-րդ դարի վերջին). Հմմտ. Բ. Մ. Թուղլաճյան, Հայկական ՛տպագրությունը Օսմանյան կայսրությունում և հայերու նպաստը թուրքական տպագրական արվեստին. — Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ. XII: Թուրքիա: Երևան, ԳԱ, 1985, էջ 98-114:
74 Տե՛ս Աբդ-ուլ Ռազզաք Դումբուլի. Մուասիրե Սուլթանիե (պարսկերեն՝ Թագավորական գործեր) Գիրքը վերատպվել է Թեհրանում 1973 թ.:
75 Տե՛ս Н. Бердзенишвили, И. Джавахишвили, С. Джанашиа. История Грузии. Часть I, Тбилиси, 1946, с. 387.
76 Նույն տեղում:
77 Նույն տեղում, p. 58.

[էջ 49]

հարստությանը, մեծապես թերագնահատում է 16-18-րգ դարերում ապրող հայերի կրթության ու գրագիտության մակարդակը, իրականում մի քանի անգամ ավելի բարձր էր, քան օսմանցի թուրքերինը, ասորիներինը (վերջիններս երբեմն հաճախում էին հայկական դպրոցներ)78, վրացիներինը և, նվազ չափով, պարսիկներինը:

15- 16-րդ դաբերում, Հայաստանում ընթացող ավերիչ պատերազմները պատճառեցին հայ մշակույթի մեծ նահանջ։ Սակայն, 17-րդ դարում սկսվեց հայոց կրթամշակութային վերածնունդը, որը թեև փոքր-ինչ դանդաղորեն, սակայն համաչափ տարածվեց Բաղեշի հռչակավոր դպրոցից մինչև Տաթև, իսկ այստեղից էլ՝ ողջ Հայաստանով մեկ79։ Օրինակ, 1653 թ. Էջմիածնի դպրոցն ուներ 50 ուսանող՝ «կայաւորեալք են բազմութիւնք եղբարց կուսակրոնից իբրեւ յիսնեակ թուով. միշտ յաստուածաշունչ գիրս պարապեալք եւ յար ի քն[ն]ութիւնս բնախօսական տառից կրթեալք»80: 1639 թ. մարտին գրված մի նամակում այս դպրոցն անվանված է «զնոր Աթէնս». «Սիմէոն վարդապետն... եկն ի սուրբ Աթոռս եւ հաստատեաց զնոր Աթէնս շնորհօք ս. Հոգւոյն... եւ էին ամենեքեան (իմա՝ աշակերտողները - Ա. Ա.) մեծ եւ փոքր Լ (30) հոգի»»81 : Առաքել Դավրիժեցին ևս հաստատում է, որ երբ Սիմեոն Ջուղայեցին դեռ նոր էր եկել Էջմիածին82՝ միաբանների թիվը ավելի քիչ էր՝ «...ոչ միայն Էջմիածնի միաբանքն, այլ եւ բոլոր վանօրէից գրոց աշակերտեալ աբեղայքն... միահամուռ ժողովեցան ան-

_____________________________

78 Տե՛ս Ա. Մովսիսյան. Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության, Ժ-ԺԵ դարեր. Երևան, 1958, էջ 302:
79 Տե՛ս Ներսես Ակինյան, Բաղեշի դպրոցը, 1500-1704. Վիեննա, 1952:
80 Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1641-1660 թթ.), Հտ. Գ: Կազմեց Վազգեն Հակոբյան. Երևան, 1984, հտ. Գ, էջ 537:
81 Տե՛ս Հ. Պօղոս Անանեան. Ոսկան վարդապետի նամականին. -«Բազմավէպ», 1967, թիւ 6-8, էջ 133:
82 Հմմտ. Հ. Ղ. Միրզոյան, XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն. Երևան, 1983, էջ 148, ծնթ. 216:

[էջ 50]

ձինք երեսուն, եւ սկսան առնուլ դաս»83: Հայկական բարձրագույն կրթության օջախներում ուսուցման առարկա են եղել փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, աստղաբաշխությունը, մատենագիտությունը, պատմությունը, աշխարհագրությունը, քերականությունը, թվաբանությունը, տարրաբանությունը, երկրաչափությունը, ճարտասանությունը, տրամաբանությունը, մարդակազմությունը, տոմարագիտությունը , երաժշտությունը և այլ առարկաներ84: Ի դեպ, վերոհիշյալ Սիմեոն Ջուզայեցին, փոխանակ «արտագրելու ու վերարտադրելու հին տեքստերը», նստել ու հեղինակել էր հայերեն Քերականութիւն (1637 թ., տպագրվել է 1725 թ. Կ. Պոլսում) ու նաև Տրամաբանութիւն (տպագրվել է 1728 թ. Կ. Պոլսում)85:

Գաղափար կազմելու hամար, թե ազգային կրթության զարգացմանն ի´նչ կարևոր նշանակություն էին տալիս հայ վերնախավերը, ստորև, մեջբերում ենք րնդամենը մի պատմական վկայություն: 1693 թ. մայիսի 1-ին Նոր Ջուղայի հայության հոգևոր և աշխարհիկ ղեկավարությունը («...ի Շոշ եղեալ քրիսւոոնէախումբ դասք եկեղեցականաց եւ աշխարհականաց») մի գրություն է ուղարկում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններին և Արարատյան ու Ատրպատականի երկրների հոգևոր հայրերին, որը դատապարտում էր անօրինականորեն ընտրված Նահապետ Ա կաթողիկոսի (1691-1705) վարքագիծը: (Ընդ որում, օգտվելով 1638 թ-ից ի վեր Նոր Ջուղայում հաստատված տպարանի ընձեռած հնարավորությունից, այս շրջաբերականը բազմացրել են 200 օրինակ:) Ընդգծելով Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեության առաջնահերթ 12 բնագավառ, նրանք երկրորդ իսկ կետում մատնանշում էին ազգային

_____________________________

83 Տե՛ս Աոաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց. Աշխատասիրությամբ՝ Լ. Ա. Խանլարյանի, Երևան, 1990, էջ 321:
84 Տե՛ս, օրինակ, Հայ ժողովրդի պատմություն. Հտ. 4, Երևան, 1972, էջ 437-450:
85 Տե՛ս Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալեան, Հայ գիրքը 1512-1800 թթ., էջ 263-264, 278-279:

[էջ 51]

առաջընթացի գործում կրթա-լուսավորական լայն ցանց ստեղծելու անհրաժեշտությունը (փաստորեն, սա հե´նց առաջին գործնական կետն է, քանզի բուն առջին կետը բարոյախոսական է՝ այն խոսում է սոսկ Սուրբ Գրքի «անպարապ ընթերցման» մասին).

[Ամենայն Հայոց կաթողիկոսը] դպրատունս եւ զդասատունս հաստատեսցէ´ յամենայն տեղիս, որպէս սովորութիւն է այլազգեաց քրիստոնէից, եւ մանաւանդ թէ մեզ իսկ գլխովին, նաեւ պարսից եւս, զոր գիտողացն է քաջայայտ՝ թէ որքան ունին ջանք եւ փոյթ յայդմ իրի: Քանզի շինութիւն եւ հաստատութիւն ազգի դովա´ւ լինի: Որպէս եւ տեսանեմք խոպանացեալ եւ անգիտանացեալ ազգն վրաց՝ յաղագս ոչ ունելոյ փոյթ զայնմանէ86։ Այս նախադասությանը ծանոթանալուց հետո, թողնենք, որ ընթերցողն ինքը դատի, թե ինչ արժեք ունի Սյունիի վերոհիշյալ հայտարարությունը 18-րդ դարի դրությամբ հայերի «մշակութային ոչնչացվածության» մասին, կամ թե՝ իբր հայերը «միասնական՝ ազգային հստակ գիտակցություն ունեցող ժողովուրդ չեն եղել» (not a single people with a clear national sense)87, այլ մինչև քսաներորդ դար եղել են «մի հասարակ էթնոգրաֆիկ կոնգլոմերատ» (a simple ethnographic conglomerate)88։ Ցավոք, պրոֆեսորս չի բարեհաճում բացատրել գիտական գրականության մեջ մեզ երբևէ չհանդիպած և բոլո-

_____________________________

86 Տե՛ս 3. Թ. Տէր-Յովհանեանց, Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան. հտ. Բ, Նոր Ջուղա, 1881, էջ 118-119: Այս փաստաթղթի մանրամասն քննությունը տե՛ս Արմեն Այվազյան, Երկու փաստաթուղթ Հայ եկեղեցու պատմութեան դիւանից (1665 եւ 1693 թթ.). -Շողակաթ, Ստամբուլ, 1996, (տպագրության մեջ է): Նույն ուսումնասիրության համառոտ տարբերակը լույս է տեսել Հայաստանի Հանրապետութիւն օրաթերթում (26 մարտի 1995 թ., էջ 6) հետևյալ խորագրով՝ «Կաթողիկոսական ընտրություններին վերաբերող երկու կարևոր փաստաթուղթ (1665 և 1693 թթ.)»:
87 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 4.
88 Նույն տեղում, p. 27.

[էջ 52]

րովին անհասկանալի բնորոշման իմաստը՝ ի՞նչ կնշանակի «էթնոգրաֆիկ կոնգլոմերատ»:

Իսկ ռուսական անեքսիայից առաջ կովկասյան հայերի դպրոցներ չունենալու, մասին Սյունիի խոշորագույն «գյուտը» կարելի էր ուղղակի ներկայացնել Նոբելյան մրցանակի, եթե, իհարկե, մոռանանք դպրոցում սովորած «մի քանի» փաստ, օրինակ այն՝ որ Հայաստանում, ներառյալ նրա «կովկասյան» մասը, հայերենով ուսուցմամբ առաջին դպրոցները բացել է Ս. Մեսրոպ Մաշտոցը՝ տակավին 5-րդ դարի սկզբին: Հայոց դպրության ավելի ուշ շրջանների մասին ևս գոյություն ունի ստվարածավալ գրականություն89: Կարո՞ղ է Սյունին ասել, թե՝ եթե ոչ հայկական դպրոցներում դասավանդվելու, ապա ի՞նչ այլ նպատակով կամ ու՞մ համար էին գրվում զանազան առարկաների դասագրքերը 90:

Ինչևիցե՝ Սյունիի այս և այլ «գյուտերը» վկայում են ինչպես հայոց պատմությունից այս հեղինակի տարրական գիտելիքների բացակայության, այնպես էլ նրա՝ միտումով կեղծարարության դիմելու փաստի մասին:

8.2. Հայոց լեզվին վերաբերող հարցեր

Ըստ Սյունիի, 18-րդ դարի դրությամբ հայոց լեզուն «վերածված էր փոխադարձաբար անհասկանալի բարբառների և խառնված էր իշխող ազգությունից փոխառված բառապաշարի հետ»: Եվ դարձյալ՝ հեղինակը չի հղում այն աղբյուրը, որ ի-

_____________________________

89 Տե՛ս, օրինակ, հետևյալ աշխատությունները՝ Ա. Մովսիսյան. Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության, նշվ. աշխ.: Ա. Ալպոյաճյան, Պատմություն հայ դպրոցի: Կահիրե, 1946: Երևանում շուտով լույս կտեսնի նախապես վենետիկյան «Բազմավեպում» հրապարակված մի ուշագրավ աշխատություն, որ նվիրված է ընդամենը մի հայկական դպրոցի պատմությանը՝ Սահակ Ճեմճեմյան, Նախիջևանի Հայոց վարժարանը և Հռոմը (ԺԷ դար): Երևան, 1998:
90 Տե՛ս, օրինակ, Գ. Ջահուկյան, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում. Երևան, 1954:

[էջ 53]

րեն ստիպել է այսպիսի հայտարարություն անելու։Քիչ հետո մենք կնշենք Սյունիի օգտագործած աղբյուրը, սակայն նախ շեշտենք, որ «14-ից մինչև 18-րդ դար [տևած] աղետաբեր ժամանակաշրջանում»91 ևս՝ հայերը, իրենց բացարձակ մեծամասնության մեջ, խոսելով տարբեր բարբառներով, ունակ էին միմյանց հետ շփվելու և շփվում էին խոսակցական և գրավոր հայերենո՛վ, քանզի.

1. Հայոց լեզուն երբեք իր միասնականությունը չի կորցրել. հիշյալ շրջանում ևս հայոց լեզվի քերականական կառուցվածքը և արմատական բառապաշարը միանգամայն կենդանի էին և գործածական. գրվել են քերականական ու պատմագիտական աշխատություններ, ստեղծվել անզուգական բառարաններ, կատարվել թարգմանություններ... Այս փաստը հաստատված է ահռելի ծավալ ունեցող հրապարակված և ձեռագիր վիճակում պահպանված գրականության մեջ92։

2. Գրաբարը՝ դասական հայերենը, շարունակում էր օգտագործվել իբրև գրական լեզու ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսերը (երբեմն՝ նույնիսկ մինչև 20-րդ դար).

3. Գործածական էր նաև միջին (Կիլիկյան) հայերենը, 12-րդ դարից ի վեր այն ևս, զգալի չափով, ձեռք էր բերել գրական լեզվի կարգավիճակ, որի և Կ. Պոլսի բարբառի հիմքի վրա աստիճանաբար ձևավորվեց արևմտահայ գրական լեզուն:

4. Սխալվում է Սյունին նաև հայերենի բարբառների գնահատության հարցում՝ կարծելով, թե հայերենի այդ տարածական միավորները կարող են «փոխադարձաբար անհասկանալի» դառնալ: Ընդհակառակը՝ նրանք հենց փոխադարձաբար լրացնում են մեկը մյուսին, որովհետև բոլոր հնագույն բարբառները և նրանցից հեռացած միավորները ունեն նույն հնչյունական, քերականական ու բառային հատկանիշները՝ մի

_____________________________

91 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 54.
92 Այս մասին բավարար պատկերացում կարող են տալ Հակոբ Անասյանի կոթողային Հայկական մատենագիտություն. Ե-ԺԸ դդ. երկու հրապարակված հատորները. Երևան, 1959, 1978:

[էջ 54]

տեղում մի քիչ ավելի, մյուսում պակաս, սակայն քերականական կուռ կառուցվածքով, գրաբարյան ձևերի յուրացմամբ, նոր ձևերի ու ոճերի ծավալումներով, գրաբարում չվկայված հնդեվրոպական բառերի պահպանումով, լեզվական երևույթների, լեզվական իրողությունների և այլևայլ գործոնների կենսունակությամբ: Բարբառները միշտ էլ գոյություն են ունեցել, գործել են թե՛ գրաբարի, թե՛ միջին հայերենի, թե´ աշխարհաբարի և թե՛ ժամանակակից հայերենի հետ զուգահեռ և փոխադարձաբար հարստացրել են միմյանց: Եվ այսպես՝ գրաբարի հիմքում ընկած են Տարոնի և Արարատյան բարբառները, նոր գրական հայերենների՝ արևելահայերենի հիմքում Արարատյան, իսկ արևմտահայերենի՝ Կ. Պոլսի բարբառները:

Այսպես է հայոց լեզվի զարգացման պատմությունը, այդպես՝ լեզվական օրինաչափությունների ամբողջությունը, որ փոփոխվում ու կատարելագործվում է դարերի ու հազարամյակների աստիճանական զարգացումով:

Կարճ ասած, պարզ է, որ Սյունին որևէ գաղափար չունի հայագիտության առանձին ճյուղը ներկայացնող հայերենագիտության մասին՝ մի գիտություն, որ միջազգային ասպարեզում հայտնի է առնվազն 19-րդ դարից, իսկ, օրինակ, Հայաստանի Ակադեմիայում 1943 թ. ի վեր գործում է Լեզվաբանության մի ամբողջ ինստիտուտ՝ իր 1973 թ. կազմավորված ու բեղմնավոր աշխատող բարբառագիտական առանձին բաժնով: Այլևս չբարդացնելու համար այս պարզ խնդիրը՝ այստեղ ցանկացողներին հղում ենք հայերենագիտության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետի երեք կոթողային աշխատություն93:

Ի դեպ, եթե Սյունին ճիշտ վերլուծեր Էմինի պատմությունը, ապա իր՝ հայերենի «փոխադարձաբար անհասկանալի

_____________________________

93 Գ. Բ. Ջահուկյան, Հայոց լեղվի զարգացումը ու կաոուցվածքը. Երևան, 1969. Նույնի՝ Հայ բարբառագիտության ներածություն. Երևան, 1972. Նույնի՝ Հայոց պատմություն, նախագրային շրջան. Երևան, 1987:

[էջ 55]

բարբառների» ձախավեր թեզին չէր հանգի: Արդարև, Էմինը, որ 1726 թ. ծնվել էր Պարսկաստանի Համադան քաղաքում94 և մեծացել Հնդկաստանում. առաջին անգամ մտնելով իր պատմական հայրենիք՝ Բարձր Հայքի նահանգ, այնուամենայնիվ, ունակ գտնվեց հայերեն լեզվով ազատորեն հաղորդակցվելու հայ գյուղացիների հետ, որոնք անտարակույս խոսում էին այլ բարբառով (ստորև տե՛ս նաև Էմինի պատմության բուն մեջբերումը):

Արձագանքենք, սակայն, Սյունիի այն քամահրական հայտարարությանը, թե հայոց լեզուն «խառնված էր իշխող ազգությունից փոխառված բառապաշարի հետ»: Այսպես ասելով՝ Սյունին անշուշտ ուզում է շատ նրբորեն ընթերցողի մոտ ստեղծել այն տպավորությունը, թե հայերն «իշխող ազգության» (ավելի ճիշտ կլիներ ասել՝ ազգությունների, քանզի դրանք երկուսն էին՝ օսմանցի թուրքերը և պարսիկները) համեմատ զարգացման ավելի ցածր մակարդակի վրա էին, այլապես նա պետք է փորձեր նաև տեսնելու, թե նույն ժամանակաշրջանում ինչպիսին էր իր իմացած իշխող ազգության՝ օսմանցի թուրքի լեզվական դրությունը: Սյունին չգիտի՞, որ օսմաներենն այնքան լի էր արաբերեն ու պարսկերեն (նաև՝ հունարեն, հայերեն ու եվրոպական) փոխառություններով, որ 1928 թ. սկսված թուրքերենի «մաքրագործման» բարենորոգումից ըն դամենը մի քանի տասնամյակ անց՝ օսմաներենը գործնականորեն անհասկանալի է դարձել Թուրքիայի այսօրվա քաղաքացու համար: Օրինակ՝ Չիկագոյի Համալսարանի պրոֆեսոր Ռ. Դանկոֆի վերջերս լույս տեսած ընդգրկուն Հայոց փոխառությունները թուրքերենում ուսումնասիրությունը հաշվում է թուրքերենում գործածվող՝ հայերենից փոխառնված առնվազն 806 բառ95։ Այնպես որ, մեր «Սյունի պրոֆեսորը» որևէ

_____________________________

94 The Life and Adventures of Joseph Emin, an Armenian, written in English by himself. 2nd ed. (first published in London in 1792), (Calcutta: Baptist Mission Press, 1918), p 5.
95 Տե՛ս R. Dankoff, Armenian Loanwords in Turkish (Wiesbaden: Harrassowitz, 1995). հմմւո. Uwe Blasing, Armenishe lehngut im

[էջ 56]

իրական- պատմական հիմք չունի ներկայացնելու, թուրքական (կամ, թեկուզ՝ պարսկական) կառավարումը Հայաստանում՝ որպես, ասենք, Աֆրիկայում ֆրանսիական կառավարման նման մի «լուսավորիչ» երևույթ:

Այժմ տեսնենք, թե ո՞րն է Սյունիի խնդրո առարկա հայտարարության բուն աղբյուրը: Պարզվում է, որ վերոհիշյալ էսաթ Ուրասը իր գրքում գրել է գրեթե բառացիորեն նույնը, ահա՝ «նույնիսկ այսօր հայերենը կարելի է բաժանել ութ տարբեր բարբառների, որոնք մեծավ մասավ աղավաղված են և բացարձակորեն անհամատեղելի»96: 1990 թ. Ուրասի գիրքը գրախոսելիս, Ք. Ուոքերը հատուկ ուշադրություն էր դարձրել այս նկատողության վրա և դիպուկ նկատել.

Եթե այս նախադասությունը, բացի վիրավորանքից, ունի որևէ այլ իմաստ, ապա այն լիիրավ կարելի է գործածել նաև անգլերենի հասցեին: Լեզուն ազգ հասկացության գլխավոր բաղադրիչն է, այդ պատճառով էլ հայերենն արատավորելու և թուրքերենից նրա ածանցվածությունը ցույց տալու Ուրասի փորձերը, անկասկած, բխում են թուրքերեն առաջաբանում տեղ գտած գլխավոր գաղափարից, այն է՝ ջնջել հայ ազգի ինքնակա գոյության մասին որևէ միտք97։

Ինչպես տեսնում ենք, Ուրասը և Սյունին գործնականում նույն բանն են ասում և անում: Համեմատենք Սյունիի և Ու-

_____________________________

Turkeitւrkishen am Beispiel von Hemsin (Amsterdam-Atlanta: GA 1992): Այս բնագավառում լուրջ ուսումնասիրություններով հանդես են եկել նաև հայաստանցի մասնագետները, տե՛ս, օրինակ՝ Խաչիկ Ամիրյան, հայերենից փոխառյալ բառերը արդի թուրքերենում. - Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ. XII: Թուրքիա: Երևան, ԳԱ, 1985, էջ 143-164: Նույնի՝ Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենում. Երևան, 1996. Ներսես Մկրտչյան, Հայերենից թուրքերեն անցած նորահայտ փոխառություններ. -- Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ. Հտ. XVI, 1996, էջ 230-243:
96 Տե՛ս Esat Uras. The Armenians In History And The Armenian Question, op. cit., p. 333.
97 Տե՛ս Ուոքերի վերը նշված գրախոսությունը Journal of the Royal Asiatic Society (1990) No. 1, p. 167:

[էջ 57]

րասի անգլերեն բնագրերը, «by the eighteenth century... [the Armenian] language [was] reduced to mutually incomprehensible dialects and mixed with vocabulary borrowed from the dominant nationality»98. Ուրաս՝ «Even today, Armenian can be divided up into eight different dialects, most of which are corrupt and totally incompatible» և «Greek and Latin influence reduced Armenian to a state of extreme confusion»99։ Ուշագրավ է, որ նույն մտքերն ասված են պարզապես տարբեր համանիշ արտահայտություններով, երբեմն էլ՝ երկուսի բառապաշարը համընկնում է:

Սյունիի՝ հայ ժողովրդի աոաջացման և գոյատևման հիմքի՝ հայոց լեզվի դեմ ուղղված վերոհիշյալ հարձակումը եզակի չէ: Ւնչպես վերը տեսանք, անդրադառնալով հայոց լեզվին, Սյունին համարում է, որ ընդհուպ մինչև մ.թ.ա. 1-ին դար հայոց լեզուն դեռ իր նախնական կազմավորման ընթացքում էր100: Դժվարանում ենք ասել, թե նախնական լեզվական կազմավորում՝ (original linguistic formation) ասելով և հայոց լեզվի ձևավորմանը վերաբերող հսկա գրականությանն անտեղյակ լինելով՝ Սյունին ի՞նչ է հասկանում, սակայն հայոց պատմության սկսնակ մասնագետներն անգամ գիտեն հույն աշխարհագրագետ Ստրաբոնի (մ.թ.ա. 64-մ.թ. 24) տեղեկությունն առ այն, որ մ.թ.ա. 2-րդ դարում Հայաստանի թագավորության ամբողջ տարածքում իշխող լեզուն արդեն հայերենն էր101 , որ նշանակում է, թե հայերենի նախնական կազմավորումը ավարտված պետք է լիներ դրանից շատ ավելի վաղ: Այսպես, Բրիտանական Հանրագիտարանը իրավամբ են-

_____________________________

98 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 56, հմմտ. pp. 18, 55.
99 Esat Uras, The Armenians In History And The Armenian Question, op. cit., p. 329, 333.
100 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 7.
101 Strabo, Geography, op.cit., book XI, Chapters 14, 5 (Coll. G. Bude, vol. VIII, p. 123).

[էջ 58]

թադրում է, որ Հայկական լեռնաշխարհում հայերենը գերիշխող էր արդեն մ.թ.ա. 7-րդ դարում102:

Հայոց լեզվի մասին Սյունիի մի այլ մեկնաբանություն դարձյալ փորձում է այսօրվա հայերին ետ պահել մ.թ.ա. առաջին հազարամյակում իրենց արմատները փնտրելուց, սիրելի պրոֆեսորս արդի և. հին հայերենը բաղդատում է և ինքնագոհ շեշտում՝ թեև. «նրանց (իմա՝ հին և. նոր հայերի) լեզուն կապված է (sic), բայց նաև. Հեռու է (sic) և տարբեր (sic)»103։ Գրաբարին ամենևին չտիրապետող, ժամանակակից հայենով էլ հզիվհազ կմկմացող պատահական անձի հերթական մերկապարանոց մի հայտարարություն՝ սյունիզմի մի նոր գոհար: Կարծե ս՝ խոսքը վերաբերում է մի բրածո ազգի լեզվին, որի զարգացումը պահածոյացվել է ու որևէ առաջընթաց չի ունեցել: Ի´նչ արժե ապա գրաբարի ու արդի հայերենի՝ որպես տարբեր լեզուների մասին թեզը, մտքի ինչպիսի´ խորը փայլատակում: Հայոց պատմության ամերիկյան պրոֆեսորն ուղղակի չգիտի հին և նոր հայերենների բառապաշարը նույնական է, քերականությունը՝ մեկը մյուսի մեջ աստիճանաբար փոխանցված, այլև՝ որ միջին կրթության տեր հայ մարդն ինքնուսուցմամբ կարող է կատարելապես տիրապետել հին հայերենին: Պատմական փաստ է նաև այն, որ հին և նոր հայերենը անհամեմատ ավելի մոտ են, քան, ասենք՝ լատիներենն ու իտալերենը, լատիներենն ու ֆրանսերենը, հին կելտերենն ու անգլերենը, հին (մինչև մ.թ. 7-րդ դար) պարսկերենն ու նոր պարսկերենը, հին եբրայերենն ու նոր եբրայերենը և Հնուց գործածական շատ այլ լեզուներ: Սա էլ իր հերթին փաստում է Հայ ազգի երկարատև խիստ ինքնուրույն քաղաքակրթությունը:

Մնում է, որ իրավացիօրեն լուրջ կասկածի ենթարկենք հայերենի սյունիական իմացությունը, այստեղ էլ արձանագ-

_____________________________

102 The New Encyclopedia Britannica (Fifteenth ed., 1984, Macropedia, Vol. 2), p. 23.
103 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 7.

[էջ 59]

րենք, որ հայոց հին պատմությանը վերաբերող սյունիական դատողությունները մասնագիտական կամ «պրոֆեսիոնալ» լինել չեն կարող:

8.3. Էմինի տեղեկությունները գիտական քննության լույսով

Այժմ վերադառնանք հայ գյուղացիների հետ Էմինի հանդիպմանը և հիշեցնենք, որ իր վերոհիշյալ համապարփակ եզրակացությունները Սյունին հիմնել է այդ միակ դրվագի վրա, ինչը պատմագիտական մեթոդաբանության տեսակետից ինքնին գռեհկություն է: Այսուհանդերձ, տեսնենք, թե արդյոք նա պատշաճորե՞ն է օգտագործել գոնե իր նախընտրած այդ միակ ադբյուրը՝ Էմինի վկայությունները: Քանի որ Սյունին ընտրովի և. հատվածաբար է ներկայացրել Էմինի հաղորդումը, ստորև նախ տալիս ենք հաղորդման ամբողջական շարադրանքը՝ Հ. Խաշմանյանի արևմտահայերեն ընտիր թարգմանությամբ (համեմատել ենք անգլերեն բնագրի հետ և արել մի քանի մանր սրբագրում): Այսպիսով, 1759 թ. Հալեպից դուրս գալով և քսանութ օր շարունակ ճամփորդելով, իր երեք հայ ծառայի ուղեկցությամբ, Էմինը հասել է Էրզրումի մատույցներին (Էմինն իր ինքնակենսագրությունը գրել է երրորդ դեմքով). -

Ենգի-Քոչ կոչված գյուղը մտնելուց առաջ տեսան, որ հոս թուրք զորքին նիզակները ցցված էին ամեն տունի առջև, գրեթե 500-ի չափ. ասոնք կերեվի Վրացի էմիրության, Սողոմոն իշխանին դեմ ելած բանակին ցրված մեկ մասն էին: Էմին ասավ իր մարդոց. «Դուք այս գյուղին մեջ կեցեք և գիշերը հայու մը տուն հանգիստ առեք, ես շարունակեմ իմ ճամփան որ չըլլա թե այս սատանորդիները իմ մասին հետապնդումներ ընեն»: Եվ զանոնք իր ետևը ձգելով, խորունկ ձյուներու մեջեն հառաջացավ մինչև որ երեք ժամ վերջ իրիկնամուտին հասավ Ճինիս (=Ջենիս՝ Ա. Ա.) ուրիշ հայկական գյուղ մը: Երբ գյուղին բնակիչները տեսան Էմինը ընտիր գորշ ձիու մը վրա հեծած, կարծեցին թե թուրք

[էջ 60]

հեծելազորային (trooper) մըն էր: Բայց երբ ան սկսավ իրենց լեզվով խոսել, շատ բարկացան և ուզեցին բյոլրերով հարձակիլ վրան և. ծեծիլ զայն: Սպառնական խոսքերով անոնք հարցուցին թե ան ինչպե՞ս կհամարձակեր առանձին ճամփորդելու, առանց կարավանի, քանի որ քրիստոնյա էր: Էմին անոնց այս վարմունքը տեսնելով, իրենց բիրտ գործողության սկսելե առաջ, թրքերեն լեզվով սկսավ խոսել անոնց հետ, սպառնալով բոլոր գյուղացիները սրի քաշել տալ հաջորդ առավոտ հոն հասնելիք զորքի միջոցավ: Այս կեղծ թուրքին խոսքերն լսածնուն պես, խեղճ արարածները սարսափեցան և հարյուրի չափ գյուղացիներ ծունկի եկան անոր առջև գթություն հայցելով և խոստանալով մեծ գումարներ, եթե ներեր իրենց և. այլևս այդ մասին չխորհեր, նույն ատեն հայտնելով իրենց հավատարմությունը Օսմանցիներուն, որոնք միակն էին ձյունին ու բուքին առանձին ճամփորդելու կարող տարվան այս եղանակին մեջ: Էմին այս կարգադրության համաձայն ձևանալով, խոստացավ այս դեպքերը չհիշել երբեք, և իր ձիեն իջնելով, ամենախորին ակնածանքով առաջնորդվեցավ դեպի գյուղապետին տաքուկ տունը, ուր իրեն համար ոչխար մը մորթեցին և իր ձիուն լավագույն ձևով հոգ տարին: Երբ որ փիլավը և քեպապը պատրաստ էին ընթրիքի համար, Էմին հրաման ըրավ որ ամեն մարդ իր տունը երթա. գյուղապետին և անոր եղբոր միայն շնորհք ըրավ որ իր հետ սենյակին մեջ մնան, իրեն ծառայելու համար: Սեղանին սփռոցը գետինը փռվեցավ և կերակուրները վրան զետեղվեցան: Այդ օրը չորեքշաբթի, ծոմապահության օր ըլլալով, Էմին չէր ուզեր ճաշել. իսկ հայերը կխորհեին թե եղած կարգադրութենեն գոհ չէր ու ավելի կաշառք կպահանջեր: Այդ դիվային սովորությունը թուրք զորքերուն մեջ ընդհանուր էր դարձեր: Ասոնք, իրենց ճամփորդություններու միջոցին, մեկ երկու օրով կմնային հայ գյուղերը: Այդ պատեհությամբ, շատ անգամ կպատահեր, որ այս զորքերը խոժոռ դեմք մը առնեին և մերժեին ուտել իրենց հրամայված ճաշը, անոնք թույլ չէին տար նաև, որ կեր տրվեր իրենց ձիերուն, մինչև որ այդպիսով կարենային խեղճ տանուտերեն մեծ գումարներ կորզեր Այս պատճառով ալ երբ գյուղացիները հանգանակություն մը ընելու պիտի

[էջ 61]

սկսեին, Էմին հրամայեց որ տեղերնուն չշարժեին, և սկսավ շատ մտերմորեն խոսիլ իրենց հետ. «Դուք քրիստոնյաներդ ինչո՞ւ կառարկեք, երբ ձեր ազգակիցներեն մեկը քմահաճույքը կունենա ռազմիկ դառնալու, և ինչու՞ դուք ազատ չէք: Ինչու՞ դուք ձեր սեփական թագավորը չունենաք»: Անոնց պատասխանը եղավ. «Պարոն, մեր ազատությունը անդիի աշխահրքն է. մեր թագավորը Հիսուս Քրիստոսն է»: Էմին ըսավ. «.Ի՞նչ խոսք է այդ. ո՞վ ըսավ ձեզի թե այդպես է»: «Եկեղեցիին Սուրբ Հայրերը, որոնք կըսեն թե հայ ազգը մահմեդականներուն հպատակ եղած է աշխարհի ստեղծվելեն ի վեր, և այդպես ալ պետք է մնա մինչև հարության օրը: Եթե ոչ մենք շատ արագ կրնայինք թուրքերը մեր երկրեն դուրս վռնդել»: «.Բարեկամներս, ըսավ Էմին, հիմա ձեզի գաղտնիք մը պիտի հայտնեմ, եթե երդում ընեք Սուրբ Ավետարանի վրա, թե ընթացքնիդ պիտի փոխեք»: Անոնք երդում ըրին, և էմին շարունակեց. «Նախ այս միսը վերցուցեք, որովհետև ես քրիստոնյա եմ և ձեզ նման ծոմ կպահեմ»: Հետո գրպան են հանեց Մովսես Խորենացիի պատմությունը, քիչ մը կարդալ գիտցող քահանայի մը լուր ղրկեց, ցուցուց անոր հայոց թագավորներուն ծննդաբերությունը... Ապա Էմինը սկսում է քարոզել ազատության գաղափարներ, բերելով օրինակներ եվրոպացի քրիստոնյաների պատմությունից և Աստվածաշնչից -- Ա. Ա.]

Էմին այսպես կշարունակեր իր ճառախոսությունը, երբ քահանան զենքը ընդմիջելով գոչեց. «Իրավունք ունի», և ան տունեն դուրս վազելով կանչեց գյուղին բոլոր ժողովուրդը՝ մարդիկ, կիներ և երեխաներ, որոնք ջերմեռանդությամբ կուզեին Էմինի ոտքերը համբուրել: Էմին սուրբ հայրերուն փառասիրությունը չունեցավ՝ այդ բանը արտոնելու անոնց, հապա անոնցմե յուրաքանչյուրը նույն խանդաղատանքով առավ իր բազուկներուն մեջ: Խնդության և ողբի այս տեսարանը կարժեր որ նկարագրվեր ճարտասանի մր բերանով: Պարկեշտ քահանան գոչեց. «Սիրեցյալ եղբայրներս, սիրեցեք և հարգեցեք այս անձը, որովհետև ասիկա այն մարդն է, որուն մասին Ներսես Մեծը104 մարգարեացավ գրեթե 630

_____________________________

104 Ջենիսի քահանան կամ Էմինը շփոթել են 4-րդ դարի Հայոց կաթո-

[էջ 62]

տարի առաջ, և որ պիտի ազատե մեզ մեր հարստահարիչներուն ձեռքեն, մեր և մեր կրոնի թշնամիներեն... սուրբ մարգարեությունը 666 տարի վերջ պիտի կատարվի... 638 տարին անցած են արդեն, կմնա 28 տարի ևս, լրացնելու համար մեր հալածանքը։ Հետո մենք ազատ պիտի ըլլանք և. աշխարհի վրա ոչ մի ուժ կարող պիտի Էր չըլլա մեզ հարստահարելու105:

Արդարև, այս շարադրանքը հարկադրում է եզրակացություններ անել ո՛չ թե 'a la Սյունի, այլ տրամագծորեն hակառակ ուղղությամբ Այսպես.

1. Ջենիսցի հայ գյուղացիները կարծել էին, թե Էմինը «թուրք հեծելազորային» է: Նրանք սարսափած էին ("frightened out of their senses ") և՛ այն մտքից, որ նրան թյուրիմացաբար վիրավորել էին, և՛, մանավանդ՝ որովհետև գիտեին, որ մերձակա գյուղում իջևանած թուրքական գումարտակը՝ քրիստոնյա վրացիներից մի քանի օր առաջ կրած պարտությունից հետո, կատաղած տրամադրության մեջ պետք է լինի ու չնչին առիթ տալու դեպքում իսկ կարող է իրենցի՛ց քինախնդիր լինել:

2. Երբ «թուրք հեծելազորայինը»՝ նույն ինքը Էմինը. հարցրել էր այս ահաբեկ գյուղացիներին, թե միթե՞ նրանք չեն ուզում ազատ ապրել և ունենալ սեփական թագավոր, վերջիններս, բնականորեն, շտապել էին ցուցադրելու, հենց Էմինի խոսքերով ասած՝ «իրենց հավատարմությունը Օսմանցիներուն» (their fidelity to the Othmans)։ Այսպիսի վարքագիծը միանգամայն հասկանալի է. այն համապատասխանում էր օս-

_____________________________

ղիկոս Ներսես Մեծին (Nerses the Great) 12-րդ դարում ապրած Ներսես Շնորհալու հետ, որը ծնվել է մոտ 1100 թ. և մահացել 1173 թ. օգոստոսի 13-ին: Այսինքն՝ ըստ քահանայի՝ Ներսեսը մարգարեացել է մոտավորապես 1129 թ.:
105 Տե՛ս Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները: Անգլերեն բնագրեն թարգմանեց Հ. Խաշմանյան. (Պեյրութ. Տպարան Մշակ, 1958), էջ 154-157. հմմտ. The Life and Adventures of Joseph Emin, an Armenian, pp. 140-143.

[էջ 63]

մանյան հասարակության՝ Շարիաթի (իսլամական իրավունքի) կանոններով ապրող հիմնական պահանջին, այն է՝ ոչ-մահմեդականների հնազանդությանը մահմեդականներին: Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար պատմաբանից ու անգամ ո՛չ մասնագետից մեծ ջանքեր չեն պահանջվում: Սոցիալական վարքագծի բազմաթիվ նմանատիպ երևույթների, երբ ինչ—ինչ պատճառներով ճշմարտության փոխարեն ասվում է դիմացինի համար նախատեսված ու նրան ցանկալի ոչ-ճշմարտությունը, մենք հանդիպում ենք գրեթե ամեն օր: Պատկերենք, օրինակ, նույնաբնույթ մի իրավիճակ, ասենք, մեկը 1950-1980-ական թթ. դուրս գար Արևելյան Բեռլինի որևէ փողոց, բացեիբաց քարոզեր Արևմտյան ու Արևելյան Գերմանիաների վերամիավորում ու հարցներ, թե առ այդ ինչ կարծիք ունեն անցորդները. վստահաբար, արևելագերմանական հատուկ ծառայություններից սարսափահար բեռլինցիները այդ մարդուն կպատասխանեին ճիշտ նույն ոճով, որով Էմինին պատասխանել էին հայ գյուղացիները, մանավանդ՝ եթե այդ մարդուն ամարեին ՇՏԱԶ՚՚-ի (արևելագերմանական ԿԳԲ-ի) ծպտված գործակալ։

3. Ջենիսցի հայ գյուղացիների հասկանալի վարքագծին անտրամաբանական մեկնություն տալը Սյունիին պետք է եղել ապացուցելու համար անապացուցելին, այն է՝ թե իբր.

ա) հայերը մոռացել էին, որ իրենք ապրում են Հայաստանում՝ իրենց հայրենիքում, այսինքն՝ այս երկիրն իրականում նրանց հայրենիքն էլ չէ. այս նույն դրույթն ավելի պարզորոշ արտահայտված է Սյունիի մի այլ հրապարակման մեջ՝ «Հայաստան հասկացությունն իսկ կորսված էր հայ զանգվածների մեջ»106: Ըստ Սյունիի, Էմինի հանդիպած հայ գյուղացիները,

_____________________________

106 Տե՛ս Ronald Suny, "Some Notes on the National Character, Religion, and Way of Life of the Armenians," unpublished paper presented at the Lelio Basso Foundation conference, Venice, October 18-20, 1985, p. 4; մեջբերված է հետևյալ հոդվածում՝ Nora Dudwick, "Armenia: the nation awakens," in Bremmer, I. and Taras, R., eds., Nations & Politics in the Soviet Successor States (Cambridge: Cambridge University Press,

[էջ 64]

ապա և՝ ինչպես ինքն է «.մակաբերում», հայերի մեծամասնությունը, չեն էլ իմացել, որ անցյալում անկախ պետականություն են ունեցել, քանզի «հայոց պատմության մասին գիտելիքները բոլորովին ջնջված էին»: Ի դեպ, Սյունիի այս հիասքանչ «հայտնագործությունը» քոչել-մտել է նաև նախկին Խորհրդային Միության ազգային խնդիրներին վերաբերող՝ ամերիկյան համալսարաններում վերջին տարիների գործածական մի դասագիրք, որի մեջ այն հաճույքով վերարտադրել է երիտասարդ «հայագետ» Նորա Դադվիքը107:

Պետք է նկատենք, սակայն, որ այս մտայնությունը նորություն չէ, այլև՝ սրա հեղինակն ամենևին էլ Սյունին չէ: Միայն այս մտայնության ծրագրայնությամբ կարելի է բացատրել այն, որ Հայաստան անունից վաղուց ի վեր խորշում են բազմաթիվ արևմտյան, հատկապես՝ ամերիկյան և բրիտանական պատմագիտական հրատարակություններ: Միայն մի օրինակ. Արևմուտքում Իրանի պատմությանը վերաբերող ամենահեղինակավոր գիտական ուսումնասիրությունը համարվող «Իրանի Քեմբրիջի պատմության» 6-րդ հատորը, որ ընդգրկում է 1335-1735 թթ. ժամանակահատվածը, Հայաստանը հիշում է ընդամենը երկու անգամ (էջ 59, 419), իսկ 1735-1991 թթ. պատմությունը շարադրող 7-րդ հատորի համար Հայաստանն առահասարակ անծանոթ անուն է: Ասենք, որ այս երկու հատորների ընդհանուր ծավալը 2100 էջից ավելի է: Միտումն առավել հստակ կլինի, եթե համեմատենք, թե քանի անգամ է նույն հրատարակությունը հիշատակել, օրինակ, Վրաստան անունը. 6-րդ հատորում՝ էջ 59, 71, 75, 79-80, 163, 172, 245-6, 268-9, 285-6, 296, 309, 327. հտ. 7-ում՝ էջ 20, 47, 95, 97, 114, 126-131, 136, 159, 517, 583, 299-300, 305, 311, 315, 317-319, 325, 327-34, 365,374, 377, 379, 381-3, 385, 583, 601, 706 108: Ընթերցողը կարող է հարցնել՝

_____________________________

1993), pp. 261-287: at 264, note 25 (p. 281).
107 Նույն տեղում:
108 The Cambridge History of Iran. Vols. 6, 7 (Cambridge: Cambridge

[էջ 65]

իսկ գուցե՞ Հայաստանն այսպես մոռացության մատնելը բխում է հենց եվրոպական սկզբնաղբյուրներից, գուցե՞ այդ ստվարածավալ հատորների պատրաստությանը մասնակցած արևմտյան անվանի գիտնականներն իրենց կարդացած սկզբնաղբյուրների մեջ պարզապես չե՞ն հանդիպել Հայաստան անվանը: Քա´վ լիցի. մեր տարածաշրջանի պատմությանը վերաբերող 14-19-րդ դարերի եվրոպական աղբյուրների բացարձակ մեծամասնությունը հրաշալիորեն ծանոթ է Հայաստանին՝ մի երկրի, որ նվաճված էր թյուրք ցեղախմբերի, այնուհետև՝ օսմանյան թուրքերի և պարսիկների կողմից, բայց ամենևին չէր կորցրել իր ազգային դիմագիծը, չէ՛ր դադարել Հայաստան լինելուց109:

բ) Սյունին պնդում է նաև, թե հայերը ազատագրվելու որևէ մղում իսկի չեն էլ ունեցել: Նա նույնիսկ համարձակվում է քննադատել հայ պատմաբաններին այն բանի համար, որ նրանք «գրում են, թե իբր հայերը անընդհատ դարերի միջով շարունակել են պահպանել իրենց ավանդական ազգային գիտակցությունը և ազատության ու անկախության ձգտումները» (Armenian historians write as if Armenians continued to maintain their traditional national consciousness and aspirations for freedom and independence)110: Այս վերջին կեղծիքը ուղ-

_____________________________

University Press, 1986, 1991).
109 Տե՛ս, օրինակ, վատիկանի դիվաններից քաղված՝ 16-18 դդ. գրված փաստաթղթերի ժողովածուն [Chick H. (the compiler)] A Chronicle of the Carmelites in Persia and the Papal Mission of the XVIIth and XVIIIth Centuries. Vol I-II (London: Eyre & Spottiswoode, 1939). Անգլիացի հեղինակների հիմնականում դրական ակնարկները Հայաստանի և հայերի մասին տե՛ս Christopher Walker, Visions of Ararat (London, 1997). Հայաստանի մասին եվրոպական աղբյուրների մանրամասն քննությունը տե՛ս Մանվել Զուլալյան. Հայ ժողովրդի 13-18-րդ դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների: Գիրք Ա -Քաղաքական պատմություն. Երևան, ԳԱ, 1990:
110 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 95. հմմտ. Suny, "Nation-making, Nation-breaking: The End of the Ottoman Empire and the Armenian Community," a paper prepared for presentation at the colloquium on "The Historian, Nationalism, and the End of Empire," at Prinston

[էջ 66]

ղւսկի սրբապղծություն է՝ մեր ամբոջ պատմության հասցեին: Այստեղ չենք պատրաստվում անդրադառնալ հայ ազատագրական շարժումների պատմության հանրահայտ և անթիվ այն փաստերին, որոնք արձանագրված են դասագրքերում և պատմագիտական զանազան ուսումնասիրություններում: Խոսենք միայն Էմինի պատմությունից բխող և Սյունիի՝ միտումով չարած եզրակացությունների մասին:

Այն, որ Սյունին ո´չ թե անընդունակ է եղել հասկանալու ջենիսցի հայ գյուղացիների սկզբնական վարքագծի պատճառները, այլ դիմել է մտածված նենգափոխության, պարզ երևում է այնտեղից, որ նա կիսատ է թողել Էմինի պատմածը և լռել հաջորդ դրվագի մասին, որն իր «տեսության» քարը քարին չի թողնում: Այն է՝ երբ Էմինը բացահայտել է իր հայ լինելը և սկսել խոսել ազատության ու ազատասիրության մասին, «ամենահետամնաց» հայ գյուղացիները նրա քարոզն ընդունել են անասելի ոգևորությամբ և խանդավառությամբ («գյուղին բոլոր ժողովուրդը՝ մարդիկ, կիներ և. երեխաներ, որոնք ջերմեռանդությամբ կուզեին Էմինի ոտքերր համբուրել: Էմին... անոնցմե յուրաքանչյուրը նույն խանդաղատանքով առավ իր բազուկներուն մեջ: Խնդության և ողբի այս տեսարանը կարժեր որ նկարագրվեր ճարտասանի մը բերանով...»):

Հետո, եթե այդ հայ գյուղացիներն իրոք չգիտեին, որ անցյալում անկախ երկիր են ունեցել, ինչպես է, որ նրանք բացահայտորեն, անգամ «թուրք հեծելազորայինի» երեսին, ասել են, թե ապրում են իրենց երկրում՝ «մենք շատ արագ կրնայինք թուրքերը մեր երկրեն դուրս վռնդել»: Սա արդեն բռնությանն ուժով պատասխան տալու կարգախոս է և ինքնին վկայում է, որ թուրքերն իրենք էլ շատ լավ գիտեին, որ երկիրը Հայաստան է,և. հանրահայտ ճշմարտություն պարունակող այդպիսի խոսքերից չպիտի խրտչեին: Այս եզրակացության համար ունենք բազմաթիվ այլ պատմական տեղեկություններ, օրինակ, թուրք հեղինակ Քյաթիբ Չելեբիի՝ 1649 թ.

_____________________________

University, May 3, 1996, p. 6.

[էջ 67]

գրած և 1732 թ. տպագրված Ջիհան-Նյումա-ում կարդում ենք. «ներկայումս Մեծ Արմենիան բաղկացած է Վանի, Կարսի և Էրզրումի վիլայեթներից, իսկ Փոքր Արմենիան (իմա Կիլիկիան Ա. Ա.)՝ Ադանայի և Մարաշի վիլայեթներից: Որոշ գրքեր ասում են, որ նախկինում Հայաստանի մայրաքաղաքն Ախլաթն էր: [Հայոց] պետության անկումով նրա ժողովուրդը վերածվեց ռյաթների և ցրվեց մինչև Տարսուս ու Մսիս (Կիլիկիայում)»111: Այնուհետև, խոսելով Էրզրումի մասին, նույն հեղինակը նկատում է, որ անցյալում Էրզրումը գտնվում էր «պարսիկների, հայերի և Բյուզանդիայի» իշխանության տակ112: Ի դեպ, 1957 թ. Քյաթիբ-Չելեբիի մահվան 300-ամյակի կապակցությամբ Անկարայում «Ջիհան- Նյումայի» վերաբերյալ լույս տեսած մի առանձին ուսումնասիրության մեջ հեղինակային «Արմենիա երկրի մասին» շատ պարզ վերնագիրը դարձել է «Արևելյան Անատոլիա»113:

Էմինի պատմածից ևս մի փաստ, որ Սյունին «չի նկատել», ի՞նչ են նշանակում հայ քահանայի հետևյալ խոսքերը, եթե ո՛չ ազատագրվելու ձգտում. «սիրեցեք և հարգեցեք այս

_____________________________

111 "Джихан-нюма" и "Фезлеке" Кятиба Челеби как источник по истории Армении (XVII в.). Предисловие, перевод и комментарии А. А. Папазяна (Ереван: АН Арм. ССР, 1973), с. 54. Ժամանակին Ա. Հ. Փափազյանը նկատել է այս նկարագրության մի շարք սխալներն ու շփոթները, այն է՝ ա) Արևելյան Հայաստանը, որ գտնվում էր Սեֆյան Իրանի տիրապետության տակ, լրիվ դուրս է մնացել Մեծ Հայքի նկարագրությունից, բ) 17-րդ դարում Արևմտյան Հայաստանի տարածքում մտնում էին ոչ թե երեք, այլ հինգ վիլայեթ՝ այդ թվում Վանը, Կարսը, Էրզրումը, Բիթլիսը և Չըլդըրը, գ) Փոքր Հայքը շփոթվել է Կիլիկյան Հայաստանի հետ (տե՛ս Ա. Հ. Փափազյան. Քյաթիբ-Չելեբիի «Ջիհան-Նյուման»-ն որպես աղբյուր Հայաստանի պատմական աշխարհագրության. - Պատմա-բանասիրական հանդես 1966, No. 4 (35), էջ 230-231):
112 Նույն տեղում, էջ 90:
113 Տե՛ս Katip Celepi, Hayati ve eserleri hakkinda incelemeler. Ankara, 1957. - այս մասին տե՛ս Ա. Հ. Փափազյան. Քյաթիբ-Չելեբիի «Ջիհան-Նյուման» որպես աղբյուր Հայաստանի պատմական աշխարհագրության, նշվ. աշխ., էջ 232:

[էջ 68]

անձը, որովհետև ասիկա այն մարդն է, որուն մասին Ներսես Մեծը մարգարեացավ գրեթե 630 տարի առաջ, և որ պիտի ազատե մեզ մեր հարստահարիչներուն ձեռքեն , մեր և մեր կրոնի թշնամիներեն», և ապա՝ «կմնա 28 տարի ևս, լրացնելու համար մեր հալածանքը: Հետո մենք ազատ սլիտի ըլլանք և աշխարհի վրա ոչ մի ուժ կարող պիտի չըլլա մեզ հարստահարելու»:

4. Սյունին ակնհայտորեն գաղափար չունի, թե ի՞նչ բան է Ս. Ներսեսի գուշակությունը: Նա ծանոթ չէ Աշոտ Հովհաննիսյան ի «Դրվագներ հայ ազատագրական մտքի» դասական ուսումնասիրությանը, որի առաջին հատորի (Երևան, 1957) վերնագրով էլ հայ միջնադարյան ազատագրական գաղափարախոսության «տեսիլքային» բաժինը արդարացիորեն կոչում են «հայ ազատագրական լեգենդ»114: Վերջինս, փաստորեն, Հայաստանի ազատագրության մի ծրագիր էր, որ 10-ից մինչև 18-րդ դար չափազանց տարածված էր և՛ հայ վերնախավերի, և՛ ժողովրդական զանգվածների մեջ: Լեգենդի բազմազան տարբերակների գլխավոր և անփոփոխ միտքն այն էր, որ Հայաստանը օտար տիրապետության լուծը կթոթափի և կվերականգնի իր անկախությունը միմիայն քրիստոնյա հզոր ազգերի աջակցությամբ: Ըստ միջազգային իրադրության փոփոխությունների, ազատագրությանը նպաստող քրիստոնյա հզոր ազգեր համարվում էին սկզբում բյուզանդացիներն ու «ֆրանկները» (այսինքն՝ կաթոլիկ եվրոպացիները), ավելի ուշ ռուսները: Լեգենդի մի քանի հնագույն տարբերակներ կանխագուշակում էին, որ քրիստոնյա ազատագրիչ բանակները Հայաստան պիտի առաջնորդեին այսպես կոչված «արմանները» կամ «որմանները», այսինքն՝ հայոց Տրդատ Մեծ թագավորի (298-330) 4-րդ դարի սկզբում Հռոմում թողած հայ զինվորների ժառանգները115: Այն փաստը, որ Ջենիսի քահանան

_____________________________

114 Տե՛ս, օրինակ, Հայկական Սովետական Հանրագիտարան. Հ. 6. Երևան, 1980, էջ 121:
115 Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության. հտ. Ա, Երևան. ԳԱ հրատարակչություն, 1957, էջ 33-

[էջ 69]

հայ Էմինին դրել էր գուշակությամբ նախատեսված Հայաստանի ազատագրողի տեղը, կարծե՛ս հուշում է, որ նա ծանոթ է եղել լեգենդի՝ հե՛նց արմանների դիպաշարով տարբերակին: Լեգենդի դիպաշարի երկու փոխկապակցված առանցքներն էին. ա) որ Հայաստանը կորցնելու է իր ինքնուրույնությունր, և բ) որ նա դարձյալ այն ետ է բերելու: Սա ինքնըստինքյան նշանակում էր, որ հայ զանգվածները քաջատեղյակ էին անցյալում անկախ թագավորություն ունեցած լինելուն: Ավելին՝ հայ ազատագրական լեգենդը առատորեն արտացոլված ու արձանագրված է ինչպես հայ մատենագրության մեջ, նույնպես և եվրոպական բազմաթիվ աղբյուրներում: Այսպես՝ շվեդ արևելագետ Հենրիխ Բրենները, որ Հայաստանում ճանապարհորդել է 1699 թ., լեգենդի տարբերակներից մեկը և նրա վայելած ժողովրդականությունն արձանագրել է այսպես.

Հին մի մարգարեության համաձայն, ...հայերը, ...որոնք հզոր էին երբեմն... ժամանակի ընթացքում... հուզած լինե-

_____________________________

57, 66, 76-78: Տրդատ Գ -ի ճանապարհորդությունը Հռոմ գիտության կողմից դեոևս չի հաստատվել: Աշոտ Հովհաննիսյանի կարծիքով, լեգենդը Տրդատ Գ-ին վերագրել է Տրդատ Ա-ի (65-88) հայտնի այցը Հռոմ 66 թ. և այնտեղ նրա թագադրությունը Ներոնի կողմից: Եթե Տրդատ Գ իրոք Հռոմ չի մեկնել, ապա մեր կողմից ավելացնենք, որ հայ զինվորների գործունեությունը Հռոմում հնարավոր է, որ արդեն ոչ թե մ. թ. 1-ին, այլ 3-րդ դարի արձագանք լինի: Խոսքս վերաբերում է հայ նետաձիգների այն գնդերին, որոնց 233 թ. Ալեքսանդր Սևերուս կայսրը բերել էր Հռոմ Սասանյան Պարսկաստանի դեմ հայ-հռոմեական պատերազմից հետո: Հետագայում հայկական այս գնդերը հաջողությամբ կռվել են գերմանական ցեղերի դեմ, իսկ 237 թ. արդեն այնչափ ազդեցություն են ունեցել, որ Հռոմում գահի են բարձրացրել նոր կայսր՝ Տիտոսին: Այս փաստերը հստակ արձանագրված են հռոմեական աղբյուրներում (տե՛ս Հայ ժողովրդի պատմություն. Հտ. II, Երևան, 1984, էջ 34. հմմտ. Aellus Lampridius, Alexander Severus, 61, 8 Scriptores Historiae Augustae, Hohl., vol.1, Lipsiae, 1927; Herodianus, Ab excessu divi Marci libri VII. 2. Ed. K. Stavenhagen, Lipsiae, 1922; "Trebelli Pollionis," Tyranni triginta, 32, 3, Scriptores historiae Augustae, ed. Hohl, vol. II, Lipsiae, 1927, p. 132. Տե՛ս նաև R. D. Wilkinson, Introduction to the History of Pre-Christian Armenia, op. cit., p. 62.):

[էջ 70]

լով իրենց դեմ Աստծու բարկությունը, զրկվելու են սեփական թագավորությունից և. ցաքուցրիվ լինելու աշխարհով մեկ, ինչպես երբեմնի Եհովայի սիրած ժողովուրդը՝ հրեաները։ Բայց պիտի գա ժամանակ, երբ Աստծու բարկությունը պիտի նահանջի նրա գթասրտության առաջ: Պիտի հառնի եվրոպական մի թագավոր, վերականգնելու նրանց թագավորությունը, ազատի հայերին իրենց տառապանքներից և վերադարձնի նրանց իրենց վաղեմի բնակավայրը: Եվրոպական այդ թագավորին հայերը սպասում են հիմա այնպես, ինչպես հրեաները Մեսիային116 (ընդգծումն իմը՝ Ա. Ա.):

Այսպիսի վկայություններ արձանագրել են եվրոպացի բազմաթիվ ճանապարհորդներ, օրինակ՝ Տավերնիեն, Շարդենը, Լա Բուլե լա Գուզը, դը Լալեն, Պողոս Փիրոմալլին, Արևելքում երբևէ գործած ամենանշանավոր կաթոլիկ միսիոներ Ռաֆայել դյու Մանը և ուրիշները 117, որոնք փաստում են և' հայերի քաջածանոթությունը լեգենդին, և' անկախ պետականությունը վերագտնելու հայոց մեծ տենչը: Հիշենք թեկուզ Էմինի հետ կապված մի այլ դեպք, որ Սյունին չէր էլ ուզի նկատել: Երբ 1763 թ. Էմինը ժամանում է Աստրախան.

մարգարեացող հայ վաճառականները... այլևս հաստատված իրողություն նկատեցին, թե Էմին բուն իսկ այն մարդն էր, զոր Ս. Մովսես, մեծ նահապետը գուշակած էր վեց հարյուր

_____________________________

116 Տե՛ս Heinricus Brunner, Epitomae commentariorum Moysis Armeni, de origine et regibus armenorum et parthorum etc, Stockholmiae, 1723, p. 96. - մեջբերումը տե՛ս Աշոտ Հովհաննիսյան. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության. Հտ. Բ, Երևան. ԳԱ հրատ., 1959, էջ 315: Բրենների մասին առավել հանգամանալից տե՛ս Գոհար Մուրադյան. Ուշ միջնադարի շվեդ հեղինակը Կովկասի և Ռուսաստանի ժողովուրդների մասին. - Իրան-Նամե հմր. 16-17 (1995-1996), էջ 22-29:
117 Բոլորի քննությունը տե՛ս Աշոտ Հովհաննիսյան. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության. Հտ. Բ, էջ 163-223 և Հ. Ս. Անասյան, 17-րդ դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում (Պատմական հետազոտություն), Երևան, ԳԱ հրատ., 1961, էջ 153-170:

[էջ 71]

քսան տարի առաջ118։ Ասոնք իրենց զավակները ևս միասին բերելով, գետնամած ինկան Էմինի ոտքերուն առջև 119:

Լեգենդի ազդեցությամբ էլ հայերը Էմինին սկսեցին կոչել «Հայաստանի իշխան» (the prince of Armenia), «ամենայն Հայոց իշխան», «մեծայարգ և պերճապատիւ նրբանկատ և -խոհեմագոյն ազնուատոհմ և պայազատ իշխանազուն իշխանաց իշխան», իսկ վրաց Հերակլ թագավորի նամակում (14/25 նոյեմբերի 1762 թ.) նա անվանված է «բարիծնունդ և պայծառափայլ բայազատափառ իշխանիդ Էմին Աղայիդ»120։

Փաստերը մեզ բերում են այն համոզման, որ Սյունին է -մինի երկը չի էլ կարդացել: Այլապես, նա պետք է նկատած լիներ, որ թե´ արևմտահայերը և թե´ արևելահայերը Էմինի գործունեությամբ բավական ոգևորված էին և նույնիսկ սկսել էին ապստամբելու կոնկրետ նախապատրաստություններ տեսնել: Այսպես, 1763 թ. գրված մի նամակում Ս. Կարապետի առանորդ Հովհան արքեպիսկոպոսը (ի դեպ՝ բարձրաստիճան հոգևորական) 121 Էմինին հաղորդում էր.

Անցնող տասնևմեկ ամիսը գրելով էի զբաղած: Ինձ շատ դյուրին եղավ ձեզմով շահագրգռել ու ձեր հերոսական մտածողությամբն համակել Թուրքիո բոլոր կարևոր հայերը՝ Պոլիս, Զմյուռնիա, Կեսարիա, Թոքատ, Էրզրում, Տիարպեքիր— Վուեր (Վա՞ն — Ա. Ա.) և այլն, և այլն... Գալով կռվողներուն, գիտցեք որ... ձեզ պիտի դիմավորեն 40,000

_____________________________

118 հավանական է, նկատի ունի Մովսես Բ. Եղվարդեցի կաթողիկոսին (574-604) կամ գուցե Մովսես Խորենացուն, իսկ ժամանակագրությունը շփոթ է -- Ա. Ա.:
119 Տե՛ս Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները, նշվ. աշխ., էջ 224- հմմտ. The Life and Adventures of Joseph Emin, an Armenian, p. 199.
120 Տե՛ս The Life and Adventures of J oseph Emin, an Armenian, p. 182, A. P. Иоаннисян, Иосиф Эмин. Ереван, Изд-во Госуниверситета, 1945, с. 109-111 (2-ое издание вышло в свет в АН Арм. ССР, 1989).
121 Հովնան արքեպիսկոպոսի գործունեության մանրամասն քննությունը տե՛ս А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, сс. 145-161, 230-235.

[էջ 72]

մարտիկներ: Ասորիներ և եզիտի քյուրտեր նմանապես պատրաստ են միանալու մեզ122:

Սյունին կարող էր այսպիսի բազմաթիվ այլ մանրամասնություններ գտնել թե´ Էմինի գրքում և թե՛ այդ գրքի դեռևս չգերազանցված պատմագիտական հետազոտության մեջ, որը պատկանում է հանգուցյալ ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանի գրչին (Սյունիին անհայտ են ինչպես երկիցս՝ 1945 և 1989 թթ. տպված այս մենագրությունը123, նույնպես և Էմինին ու նրա ժամանակին վերաբերող բոլոր սկզբնաղբյուրներն ու ուսումնասիրությունները):

Ի վերջո, նշենք ևս երկու ակնառու փաստ, որ Սյունին զանց է առել հանուն հայերի՝ ազատագրական ցանկություններ չունենալու մասին իր «եզրակացության».

ա) Սյունին տեղյակ չէ անգամ Սասնա ծռեր ժողովրդական էպոսի գոյությանը, էպոս, որ ազգային անկախության և ազատության իր կենտրոնական թեմայով ու բազմաթիվ պատումներով պահպանվել է ընդհուպ մինչև, մեր օրերը: Ընդ որում, էպոսը դեռևս 16-րդ դարում 124 առաջինն արձանագրել են եվրոպացի ճանապարհորդները:

«Սասնա ծռեր» հերոսական էպոսը հայ ժողովրդի փայլուն տարեգրությունն է, որ իբրև բանարվեստի անմահ կոթող, իր բազմաթիվ պատումներով ու տարբերակներով տարածված է եղել Հայաստանի տարբեր շրջաններում: Հայ ժողովրդական վեպում առանձնապես շեշտված են հերոսականությունը, հայոց պետականության ամուր հիմքերի, հայ ընտանիքի, հայոց համախմբվածության, հայկական գաղափարախոսության ա-

_____________________________

122 Տե՛ս Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները, նշվ. աշխ. էջ 267. հմմտ. The Life and Adventures of Joseph Emin, an Armenian, pp. 234-235. հմմտ. pp. 228-229.
123 Տե՛ս ծնթ. 120:
124 Տե՛ս Roberto Gulbenkian et H. Berberian, "La Legende de David de Sassoun d'apres deux voyageurs Portugais du XVIe siecle," Revue des Etudes Armeniennes Tome VIII (Paris, 1971), 175-188.

[էջ 73]

մենաբազմազան հարցեր: Եվ եթե հանկարծ հայ անգրագետ շինականին հասու չէր ,լինի հայ դասական մատենագրությունը, ապա «Սասնա ծռեր», «Արշակ» և նմանաբնույթ այլևայլ ծավալուն երկերը միշտ էլ վառ էին պահում հայրենասիրական, ազատասիրական, ինքնուրույն լինելու գաղափարները: Ավելին՝ վանքերին կից բազմաթիվ դպրոցներում Խորենացու «Հայոց պատմությունը» եղել է ուսուցման պարտադիր դասագիրք (վկա՝ հիշատակված հնատիպ բազմաթիվ հրատարակություններից բացի, նաև նրա հարյուրավոր ձեռագիր օրինակությունները): Սխալմունք, ավելին՝ շփացածություն է մտածելը, որ եթե գրագիտությունը զանգվածային չի եղել, ապա մարդը զուրկ է եղել մտածելուց, չի հասկացել հայրենասիրությունը, հայրենիքին պահապան կանգնելը, թե՝ զուլում, մահ ու ավեր տարածող օտար նվաճողը հաճելի է եղել հայ մարդուն, կամ, ասենք՝ եզդի, ասորի փոքրամասնություններին:

բ) Սյունին կատարելապես անտեսում է 1720-ական թթ. հայոց ազատամարտը, երբ, ըստ հայկական ու ոչ-հայկական աղբյուրների, Արևելյան Լեռնահայաստանը՝ Ղարաբաղն ու Կապանը, ռազմի դաշտ հանելով 30,000-ից 60,000-ի միջև տատանվող հայոց մշտական զորամիավորումներ, նվաճել էին փաստացի անկախություն125: Կարելի է ասել, որ հայոց պատմության այդ փառահեղ ժամանակաշրջանը ամերիկյան «հայագիտության» համար մնացել է իսկական terra incognita՝ անծանոթ մի տարածք: Այսպես՝ ԱՄՆ-ում հայոց 18-րդ դարի

_____________________________

125 Տե՛ս Эзов, op. cit., документы 213, 215, 216, 219, 224, 231, 233, 252, 301; A Chronicle of the Carmelites in Persia, op. cit., p. 578; [Judasz Tadeusz] Krusinski, The History of the Late Revolutions of Persia. -Vols. II. (New York: ARNO Press, 1973; reprint of the 1740 London ed), p. 131; П. Т. Арутюнян, Освободительное движение армянского народа в первой четверти XVIII в., Москва: Изд. АН СССР, 1953, сс. 158-162; Армянское Войско в XVIII веке. Документы. Подготовил к изд. А. Хачатрян. Ереван: Изд. АН Арм. ССР, 1968, сс. 69-72; Ա. Մ. Այվազյան. Իրադարձություններն Այսրկովկասում 1723 թ. և արցախահայերի աոաջին օգնական ռազմերթը Սյունիք. - Պատմա-բանասիրական հանդես No. 4 (131) (1990), էջ 68-71.

[էջ 74]

պատմության երկու, «առաջատար» մասնագետ՝ Ջորջ Բուռնությանը և Ռոբերթ Հյուսնը Դավիթ- բեկին անգիտաբար կոչում են Ղարաբաղի և Կապանի հայկական զինված ուժերի գլխավոր զորահրամանատար126: Մինչդեռ հայտնի է, որ Դավիթ -բեկի իշխանությունը Կապանի սահմաններից անդին չի անցել և երբեք չի տարածվել դաշնակից հայկական Ղարաբաղի վրա, որի ղեկավարները ևս քաջ հայտնի են՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան- Ջալալյան,Ղարաբաղի հայոց զորքերի գլխավոր զորահրամանատար Ավան-յուզբաշի, Թարխան-յուզբաշի և այլն:

Ընդհանուր առմամբ՝ ամերիկացի հայագետները խորշել են 1720-ական թթ. հայոց ազատագրական պատերազմն ուսումնասիրության առարկա դարձնելուց և նույնիսկ այդ շրջանի մասին եղած հայտնի փաստերն անգլախոս ընթերցողին պատշաճորեն ներկայացնելուց: Այս բավական հետաքրքիր «գիտախտրական» վերաբերմունքը, մեր կարծիքով, երկու պատճառ ունի: Նախ՝ այդ շրջանում հայերի՝ պարսկական և թուրքական կանոնավոր գերակշիռ ուժերի դեմ տարած տասնյակ ռազմական հաղթանակները127 հաստատում են հայերի՝ ազատասեր և մարտունակ ազգ լինելը և ցրիվ տալիս թուրք-ադբեջանա-սյունիական հակառակի մասին տարփողող «պատմական տեսությունները»: Երկրորդ, ու, թերևս, ավելի

_____________________________

126 G. Bournoutian, A History of Qarabagh. An Annotated Translation of Mirza Jamal Javanshir Qarabagh's Tarikh-e Qarabagh (Costa Mesa, CA: Mazda Publisher's, 1994), p. 17; Նույնի՝ The Khanate of Erevan Under Qajar Rule, 1795-1828 (Costa Mesa, CA and New York: Mazda Publisher's, 1992), p. 4, note 12; Robert Hewsen, Russian-Armenian Relations, 1700-1828 (Cambridge, Mass.: Society for Armenian Studies, 1984), pp. 13-14.
1271723-1727 թթ. հայկական և օսմանյան զորքերի միջև տեղի ունեցած 13 խոշոր ճակատամարտերի վայրը, ժամանակը և օսմանցիների կրած կորուստները նշող աղյուսակը տե՛ս A. M. Aivazian, The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Center for Policy Analysis, American University of Armenia, 1997), p. 20.

[էջ 75]

կարևոր հանգամանքն այն է, որ Սառը պատերազմի ծնունդ և այդ պատերազմի գաղափարական պահանջները սպասարկելու կոչված սյունիատիպ ամերիկացի «հայագետները» բնականաբար չէին ցանկանալու հանգամանորեն խոսել հե՛նց նույն 1720-ական թթ. սկիզբ առած հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության մասին, չէ՞ որ այդ համագործակցությունը պատմականորեն ուղղված էր Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ական դաշնակցի դեմ: Ավելին՝ այդ համագործակցության բացառիկ կայունությունը ամրապնդում էր հակառակորդ Խորհրդային Միության մեջ ապրող երկու ազգերի՝ ռուսների և հայերի բարեկամությունը ու դրանով իսկ՝ Խորհրդային Միությունը: 1991 թ. Հայաստանի անկախանալով՝ հայ-ռուսական ավանդական ռազմա- քաղաքական համագործակցությունը վերածեց միապետական ռազմա-քաղաքական դաշինքի, որ այս անգամ հանդես է գալիս իբրև լուրջ մի խոչընդոտ ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտների ընդլայնման համար: Կարելի է չկասկածել, որ ռուս-հայկական ավանդական ռազմաքաղաքական համագործակցությունից դժգոհ ճիշտ այս մտայնությունն է առթել Սյունիի՝ խորհրդահայ պատմաբաններին ուղղված հետևյալ «քննադատությունը», թե՝ «փորձելով արդարացնել Ռուսաստանի և. Հայաստանի միջև արդի կապերը, սովետական պատմաբանները շատ են շահագործել 18-րդ դարի Ղարաբաղի մելիքների ռուսական կողմնորոշումը... իրականում՝ ռուսական կողմնորոշումը ո՛չ կովկասյան հայերի համար է եղել կայուն մի տրամադրություն, և. ո՛չ էլ հայերի մեծամասնության համար՝ ընդգրկուն մի շարժում» (In their efforts

to legitimize the present links between Russia and Armenia, Soviet historians have made much of the Russian orientation of the eighteenth-century meliks of Karabakh.... in fact the Russian orientation was neither a consistent attitude of Caucasian Armenians nor a widespread movement among the majority of Armenians)128։

_____________________________

128 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 34.

[էջ 76]

5. Սի երկու խոսք էլ՝ ազատագրական պայքարի նկատմամբ հայոց եկեղեցական գործիչների ունեցած դիրքորոշման մասին: Հիշեցնենք Սյունիի գնահատականները. «Հայերի կրավորականությունը... խրախուսվում էր հայերի մեջ եղած հեղինակությունների, հատկապես՝ հոգևորականների կողմից»:

Ինչպես տեսանք, հե՛նց Հովսեփ Էմինի հավատարիմ զինակիցներից մեկը՝ ազատագրական շարժման բուռն ջատագով ու կազմակերպիչ Հովնան արքեպիսկոպոսը, հայոց ամենաբարձրաստիճան հոգևորականներից էր: 1720-ական թթ. ազատագրական շարժման ամենահայտնի ղեկավարներից էր Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան- Ջալալյանը (? 1728), որի նամակներից մեկում (24 սեպտեմբերի 1718 թ.) կարդում ենք բառացիորեն հետևյալը (պահպանվել է ռուսերեն թարգմանությամբ).

О, дабы исполнилось оное дело (իմա Հայաստանի ազատագրությունը՝ Ա. Ա.) по желанию и намерению нашему, чтоб свободился бедный наш народ от рук тиранских!...все, как малые, так и большие, упадшаго народа християне армянские желают свободы, о которых мы здесь попечение имеем, а оных сколько есть силы, все в готовности обретаются и ожидают видеть тот день, в которой бы новую издавна желаемую свободу от всего сердца получить!129

Եսայի կաթողիկոսը 20-րդ դարի հայ պատմաբան չէ, սակայն ո՞վ գիտե՝ Սյունին նրան էլ կարող է մեղադրել հայերին ազատագրական ցանկություններ վերագրելու մեջ:

Բերենք հայ հոգևորականության «կրավորականության» թեզի փուչ լինելը հաստատող մի վերջին փաստարկ ևս: 1723 թ. ապրիլի 2-ին էջմիածին այցելած թուրք դեսպանը, Աս-

_____________________________

129 Армяно-русские отношения в первой трети XVIII века. Сборник документов. Том II, часть I. Под ред. Аш. Иоаннисяна. (Ереван: Изд. АН Арм. ССР, 1964), док. 155, с. 371.

[էջ 77]

տուածատուր Ա. Համադանցի կաթողիկոսին (1715-1725) մեղադրում էր թէ՝ «դու էլ մեծ սուչի (=հանցանքի) տէր աս, որ Ըռուստին խետ մին աս դառցէլ, էսչանք խայ աս կանգնացուցել, որ ասում ան, թէ ԿՌ (60,000) խայ եարաղով հազիր ան (=զինված պատրաստ են [կռվելու])»130: Նույն հարցում կաթողիկոսին մեղադրում էր Երևանի պարսկական իշխանության լիազոր ներկայացուցիչը131: Այս ամբաստանություններն ամենևին էլ հիմնազուրկ չէին, մասնագետների կողմից չափազանց հավաստի ճանաչված նույն աղբյուրի 132 համաձայն՝ «մեր կաթուղիկոսն (իմա Աստվածատուր Համադանցին՝ Ա. Ա.) Հայոց ասկարին (=զինվորության) խետ մին այ, որ յամիշայ (=մշտապես) գաղտուկ մինն ըզմինու գիր ան ելէլ գրում»133։ Այսպիսով, 1720-ական թթ.հայոց ազատամարտի ուղղակի մասնակիցներից մեկը եղել է ոչ այլ ոք, քան Ամենայն Հայոց կաթողիկոսը ու, հետևաբար, բազմաթիվ այլ հոգևորականներ (անունները չենք թվարկում): Ընդ որում, Սյունին դարձյալ անտեղյակ է այս տեղեկությունները հաղորդող աղբյուրի «Պետրոս դի Սարգիս Գիլանենցի ժամանակագրության» գոյության մասին, թեև այն հայտնի է ոչ միայն հայերեն բնագրով, այլև ռուսերեն և անգլերեն թարգմանություններով (տե՛ս 130 և 132 ծանոթագրությունները):

Այստեղ մանրամասն չենք անդրադառնա Հայաստանյայց եկեղեցու հասցեին Սյունիի արած մյուս թերուս հայտարարու-

_____________________________

130 Տե՛ս «Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գրլանէնցի». -Կռունկ Հայոց աշխարհին, 1863, հմր. Գ, էջ 196:
131 Նույն տեղում:
132 Տե՛ս Петрос ди Саргис Гиланенц. Дневник осады Испагани афганами (՝1722-1723). Перевод и объяснения К. Патканова. Санкт-Петербург, 1870, С. XXIII. հմմտ. Աշ. Յովհաննիսեան. Պետրոս դի Սարգիս Գիլանէնց. Ս. Էջմիածին, 1916, էջ 12. տե՛ս նաեւ The Chronicle of Petros di Sarkis Gilanentz. Translated from the original Armenian and annotated by Caro Owen Minasian. With an Introduction and additional Notes by Laurence Lockhart. Lisbon, 1959, pp. X-XII:
133 Տե՛ս «Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գիլանէնցի», § 104. - Կռունկ Հայոց աշխարհին, 1863, հմր. Գ, էջ 196:

[էջ 78]

թյանը, այն է՝ թե «նրանց կրոնը խառնված էր նախապաշարմունքի և հեթանոսական պրակտիկայի փոխառությունների հեւո, իսկ նրանց եկեղեցին տխրահռչակորեն այլասերված էր...»։ Այս նախադասությունը գրված է ընթերցողի մոտ հայերի ու, մասնավորապես, հայ եկեղեցու մասին գեշ տպավորություն առաջացնելու համար։ Մյուս տպավորությունն էլ այն է, որ Սյունին համեմատել է հայ եկեղեցին մյուսների հետ և եկել այն եզրակացության, որ ոչ–հայկական եկեղեցիներրը եղել են առավել առաջադեմ ու նախապաշարմունքներից ձերբազատված։ Այս առթիվ իրոք կարելի է բազմաթիվ զուգահեռներ անցկացնել։ Այսպես՝ հայ եկեղեցին վհուկների որսով երբևէ չի զբաղվել, մարդկանց՝ գիտությամբ զբաղվելու կամ նմանատիպ այլ «հանցանքների» համար խարույկի վրա երբևէ չի ողջակիզել, իսկ ահա, օրինակ, աշխարհածավալ կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիան հրադատության (աուտոդաֆեի) է մատնել տասնյակ հազարավոր մարդկանց, 1481-1808 թթ. միայն Իսպանիայում՝ ողջակիզվել է 35,000 մարդ (վերջին հրադատությունն արձանագրվել է 1826 թ., Վալենսիայում)134։

Թույլ տանք, որ զուգահառների շարքը շարունակի 1230– ական թթ. Կիլիկյան Հայաստան այցելած մի օտարական՝ դոմինիկյան կրոնավոր Բրոքարդ Սթրազբուրգցին, որն անկեղծորեն գրել է Հայոց եկեղեցու ու նրա կաթողիկոսների մասին իր տպավորությունները.

Հայոց [հոգևոր] առաջնորդներուն գլուխը կկոչվի կաթողիկոս։ Անոր քով մնացի տասնևչորս օր, ան իր մոտ ունի արքեպիկոպոսներ և եպիսկոպոսներ, վանահայրեր և ուրիշ եկեղեցականներ։ Ան իր սնունդովն, զգեստներովն և կենցաղովն այնքան օրինակելի է, որ անոր նման ոչ մին տեսած եմ, ըլլայ կրոնական ըլլայ աշխարհական, և ստույգ կերպով կհայտարարեմ, թե՝ իմ կարծիքովս իր հագած զգեստները հինգ ստերլին շիլին արժեք չունեն։ Սակայն ան ունի շատ

_____________________________

134 Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1980, հ. 6, էջ 614։

[էջ 79]

հաստատուն դղյակներ և մեծ եկամուտներ, և հարուստ է որևէ հասարակ մարդե ավելի։ Ան կը հագնի ոչխարի կարմիր մորթե կոշտ մուշտակ մը, շատ մաշած և տգեղ և լայն թևերով, և անոր տակն շատ հինցած գորշ պարեգոտ մը, և գրեթե մաշած։ Բաց աստ ան կհագնի սև փորուրար մը, և աժան տեսակեն հաստ սև կրկնոց մը... Բոլոր վանականները մեծապես հարգելի են և ի պատվի...

...վանականներուն ես ալ հարցումներ ըրի, որոնք կպատասխանեին հեղինակությամբ, իբր Հովհաննես Ոսկեբերան, Գրիգոր Նազիանզացի և կյուրեղ Աղեքսանդրացի: Կղերական և աշխարհական խիստ բարեպաշտ են եկեղեցիին մեջ, և հոն ուրիշ բան չեն ըներ, բայց միայն կաղոթեն կամ կերգեն կամ ուրիշ ինչ որ պետք էր ընել հոն։ Չտեսա որևէ մեկը, որ ծիծաղեր կամ անպատշաճ վարմունք ունենար եկեղեցիին մեջ՝ (հավանաբար՝ Բրոքարդը Եվրոպայում նման բաների է ականատես եղել՝Ա. Ա.)։

Պատարագի պաշտամունքը բարեպաշտորեն կկատարվի իրենց եկեղեցիին մեջ։

...Այդ երկրին մեջ տեսած եմ ուրիշ օրինակելի սովորությունները՝ աշխարհականներու, կղերիկոսներու և վանականներու միջև, որ կկարծեմ թե հազվագյուտ պիտի ըլլար մեր երկրին մեչ գտնելու135։

Հիշենք նաև 17-18 դարերի մի քանի լուսավորիչ և շինարար կաթողիկոսների անունները. Մովսես Գ. Տաթևացի (1629– 1632), Փիլիպպոս Ա. Աղբակեցի (1632-1655), Հակոբ Դ. Ջուղայեցի (1655-1680), Աղեքսանդր Ա. Ջուղայեցի (1705-1715), Աստվածատուր Ա. Համադանցի (1715-1725), Սիմեոն Ա. Երևանցի (1763-1780). վերջինս, ի դեպ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, Էմիածնում հմնեց տպարան (1771 թ.) և թղթի գործարան (1776 թ.), և այլն, և այլն։ Հայաստանի անկախության կորստից հետո հայ եկեղեցուն էր վիճակվել ա–

_____________________________

135 Մկրտիչ եպս. Աղավնունի, Կիլիկիո հայ արքունիքին և հայ եկեղեցականության մասին ԺԳ դարուն օտար ճանապարհորդի մը տեղեկությունները. - Սիոն (1933, հունիս), էջ 179-182։

[էջ 80]

ռաջնորդել ազգը աննկարագրելիոր են բարդ պատմական ժամանակաշրջանում և , պետք է ասել, որ եկեղեցին, երբեմն՝ ավելի, երբեմն էլ պակաս հաջողությամբ, ստանձնել ու կատարել է այդ առաքելությունը։

Այսուհանդերձ՝ առավել մանրամասն մեկնաբանությունները թողնում ենք մեր այսօրվա եկեղեցական գործիչներին, եթե պատասխանը շատ ուշանա, ապա պետք է մտածենք, որ Սյունին պատմության իր աղքատիմացության պատճառով մեր եկեղեցու փայլուն դեմերին պարզապես շփոթել է 20-րդ դարի վերքին իր հանդիպած հայ եկեղեցական որոշ գործիչների հետ: Հետաքրքիր է, համամիտ էր արդյո՞ք Սյունիի՝ Հայոց եկեղեցուն տված վերոհիշյալ գնահատականների հետ մեր բարձրաստիճան կղերը, երբ նրան հրավիրեց 1996 թ. մայիսին մասնակցելու Փարիզում կայացած՝ հայ եկեղեցական բարձրագույն մակարդակի մի խորհրդակցության:

6. Վերջին նկատողությունը Հովսեփ Էմինի և նրա տեղեկությունների կապակցությամբ: Սյունին Էմինին բնութագրում է իբրև «արկածախնդիր» (adventurer)136; Անգլերենում այս բառն ունի միայն բացասական իմաստներ և. ենթաիմաստներ և. վերաբերում է շահադիտական նկատառումներով արկածախնդրության մեջ մտնող մարդկանց137: Մինչդեռ Էմինը, բոլոր առումներով, կատարյալ հայրենասերի տիպար էր. նա իր անձնական շահն և. անվտանգությունը բազմիցս է զոհաբերել իր նպատակադրած սուրբ գործին՝ Հայաստանը օտար տիրապետությունից ազատագրելուն: Սակայն Էմինը հայոց

_____________________________

136 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 55. հմմտ. Suny, "Nation-making, Nation-breaking," op. cit, p. 4.
137 Տե՛ս, օրինակ, անգլերեն լավագույն բառաններից մեկը՝ Merriam-Webster's Collegiate Dictionary -h (Tenth ed., 1993, p. 17): "adventurer is 1. one that adventures: as a: SOLDIER OF FORTUNE ("one who follows military career wherever there is promise of profit, adventure, or pleasure", Նույն տեղում, p. 1118); b: one that engages in risky commercial enterprises for profit; 2. one who seeks unmerited wealth or position esp. by playing on the credulity or prejudices of others."

[էջ 81]

նվիրյալ միակ ազատամարւոիկը չէ, ում Սյունին փորձել է վարկաբեկել: Բոլորովին վերջերս Փրինստոնի համալսարանում կարդացած իր մի դասախոսության մեջ Սյունին պատմականորեն սխալ և. վիրավորական բնորոշում էր տվել 19-րդ դարի վերջի հայ ազատագրական» շարժման սիրված գործիչներին ևս, ահավասիկ. «Սոցիալական բանդիտներն ու ավազակները, ինչպիսիք էին օրինակ, Ավոն Վանի կողմերում կամ Արաբոն և Մխոն Տարոնի կողմերում՝ դարձան ապստամբներ և. ազատամարտիկներ» (Social bandits and brigands, like Avo near Van or Arabo and Micho near Taron, became rebels and freedom-fighters)138:

Այսպիսով, բազմիցս համոզվեցինք, թե ինչ արժեք, գին ու «խորություն» ունի հայոց վաղ նորագույն պատմության Սյունիի, իր իսկ խոսքերով՝ «ավելի մոտից» կատարած «քննությունը»:

9. Հայոց ցեղասպանության սյունիական մեկնությունը

Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն ԱՄՆ-ում ունի երկու թև, առաջինը սփյուռքահայ և օտարերկրացի այն ճանաչված պատմաբաններն են, որոնք ամենայն անաչառությամբ քննում են հայ ժողովրդի այս մեծագույն ողբերգության միջազգային, սոցիալական և բազմազան այլ դրդապատճառներն ու կողմերը (ուշագրավ են հատկապես Վահագն Տատրյանի կոթողային աշխատությունները), երկրորդը՝ Թուր-

_____________________________

138 Տե՛ս Ronald Suny, "Nation-making, Nation-breaking," op. cit., p. 9. Ի դեպ, հայ ժողովրդի սիրված զավակներին անվանարկելիս, Սյունին հղում է, աոանց, սակայն, էջը նշելու՝ Ժիրայր Լիպարիտյանի դոկտորական ավարտաճառը, որը ձեռքի տակ չունենք. - տե՛ս Gerard Libaridian, The Ideology of Armenian Liberation. The Development of Armenian Political Movement Before the Revolutionary Movement (1639-1885) (Ph.D. dissertation im history, University of California, Los Angeles, 1987).

[էջ 82]

քիայիկողմից ֆինանսավորվող կեղծարարներն են, որոնք ուղղակի կամ անուղղակի ժխտում են ցեղասպանության փաստը (այս թևին են հարում կամ «չեզոք» դիրք բռնում հակառուսական-թուրքամետ ավանդական դիրքորոշումներ ունեցող ամերիկացի քաղաքագետներից շատերը): Սա հայագիտության միակ ասպարեզն է, որ գտնվում է ամեիիկահայ համայնքի սևեռուն հայացքի տակ. այստեղ կեղծարարները սովորաբար հակահարված են ստանում, ընդ որում՝ նաև ոչ-հայ անկաշառ գիտնականների կողմից։ Սակայն, ամերիկյան ակադեմիական ասպարեզում (էլ չասած հասարական-քաղաքական շրջանակների մասին) դեռևս շատ անելիք կա Թուրքիայի հետ բազմաթիվ թելերով կապված կեղծարար թևի դիմադրությունը հաղթահարելու համար139։

Ինչպե՞ս է Սյունին գնահատել հայոց ցեղասպանության հարցերը: Անմիջապես ասենք, որ ցեղասպանության փաստը նա չի ժխտել, սակայն այնպես է կեղծել ցեղասպանության պատմական ամբողջ ետնախորքը, որ հարց է առաջանում՝ արդյոք սա կեղծարարության մեկ այլ, գուցե և ավելի վտանգավոր նոր տարբերակ չէ՞։

_____________________________

139 Հայկական ցեղասպանությունը ժխտողների ակտիվ գործունեության և Թուրքիայի հետ ոչ-ակադեմիական կապերի մասին տե՛ս Roger W. Smith, Eric Markusen, and Robert Jay Lifton, "Professional Ethics and the Denial of the Armenian Genocide," Holocaust and Genocide Studies Vol. 9 (Spring 1995, 1), pp. 1-22; R. P. Adalian, "The Ramifications in the United States of the 1995 French Court Decision on the Denial of the Armenian Genocide and Princeton University," Revue du monde armenien moderne et contemporain 3 (1997) pp. 99-122; Robert Fisk, "US academics join rush to deny Turkish Massacres of Armenians: Slaughter viewed as accident of First World War," The Independent (London), Monday, 2 June 1997. Թուրքական պետության ԱՄՆ պատմագիտական հաստատությունների հետ մշակած կապերի մասին տե՛ս հետևյալ աշխատության երրորդ գլուխը՝ Speros Vryonis, Jr., The Turkish State and History: Clio Meets the Grey Wolf (Institute for Balkan Studies, Thessalonike: Aristide D. Caratzas, Publisher, New Rochelle, New York, 1993). 2nd ed., pp. 79-118.

[էջ 83]

ա) ժողովրդագրության կեղծում. օգտագործել է միայն պատմության հյտնի ռևիզիոնիստ թուրքոֆիլ Ջուսթին Մըքքարթիի կեղծած ժողովրդագրական տվյալները, թեև ի զարմանս հենց իրեն, սպրդել է՝ Մաքքարթին «կողմնակից է Հայոց ցեղասպանության թուրքական ժխտմանը» (a demographer sympathetic to Turkish denial of the Genocide)140: Ահա այն հիմնական ժողովրդագրական «փաստը», որ Սյունին երկի´ցս հրամցնում է ընթերցողին. «1912 թ. ոչ-մահմեդականները կազմում էին Անատոլիայի բնակչության ընդամենը 17%-ը» 141:

Ստացվում է, որ, եթե այս 1770-ից հանենք հույներին, այսորիներին, վրացիներին և մյուս ոչ- մահմեդականներին, ապա հայերը պետք է կազմեն ավելի ցածր տոկոս, թե որքա՞ն՝ հենց այստեղ էլ Սյունին գերադասում է խորհրդավոր քղամիդի տակ լռել։ Սրանով, փաստորեն, հայերին ասվում է հետևյալը. Այո, ցեղասպանություն եղել է, սակայն, նախ՝ այն եղել է ո՛չ թե ինչ-որ մտացածին Հայաստանում, այլ Թուրքիայի անբաժանելի մաս կազմող Անատոլիայում. և երկրորդ՝ դուք, հայերդ, այդ տարածքներում այնքան չնչին տոկոս եք կազմել, որ, անկախ ցեղասպանության փաստից, Թուրքիային տարածքային որևէ պահանջ ներկայացնելու իրավունք ո՛չ այն ժամանակ կարող էիք ունենալ, ո՛չ էլ՝հիմա։

Իսկ ո՞րն է պատմական իրականություւնը: Նախ՝ Հայոց ցեղասպանությունը մեկնաբանելիս, Անատոլիա եզրի օգտագործումը բոլորովին շեղում է ընթերցողին, որովհետև հայերը ինքնավարություն և անկախություն էին պահանջում ո՛չ թե Անատոլիայի, այլ Արևմտյան Հայաստանի վեց՝ պատմականորեն հայկական վիլայեթների՝ Վանի,Բիթլիսի Խարբերդի, Դիարբեքիրի, Էրզրումի և Սիվասի տարածքներում: Սյունին դարձյալ անտեսել է այս հարցի մասին գոյություն ունեցող

_____________________________

140 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 217.
141 Նույն տեղում, pp. 107, 217.

[էջ 84]

պատմագիտական այն աշխատությունները, որոնց համաձայն 1912 թ. դրությամբ հիշյալ վեց վիլայեթներում հայերը կազմել են միջին հաշվով ողջ բնակչության առնվազն 36-41%ը, ինչը նրանց դարձնում էր հարաբերական մեծամասնություն աոանձին-առանձին վերցրած մյուս բոլոր էթնիկ խմբերի համեմատությամբ (մինչդեռ Վասպուրականում, հայերի թիվը 60 %-ից ավելին էր)142: Ընդ որում, 1912 թ. տվյալները որպես Արևմտյան Հայաստանի նախացեղասպանական շրջանի ժողովրդագրական հաշվարկ ընդունել չի կարելի, քանի որ հայոց ցեղասպանության առաջին խոշոր փուլի ընթացքում՝ 1890-ական թթ., ոչնչացվել, բռնի մահմեդականացվել և երկրից դուրս էին մղվել հարյուր հազարավոր հայեր: Այդպիսով՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմ նրանց թիվն արդեն իսկ մեծապես նվազեցվել էր։ Ավելին՝ թուրքական պաշտոնական մարդահամարների տվյալները ևս չի կարելի ընդունել իբրև Արևմտյան Հայաստանի պատմական ժողովրդագրությունը բացահայտող արժանահավատ աղբյուր, ինչպես անում են արևմտյան թուրքամետ հեղինակները: Ինչպես ժամանակին խոստովանել է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, դեռևս Սուլթան Աբդուլ-Համիդն էր հատուկ հրահանգ իջեցրել մարդահամար անցկացնողներին՝ «դիտավորյալ (kasden) պակաս ցույց տալ հայերի թվաքանակը» և «մենք պակասեցրեցինք հայկական բնակչության թվերը, որպեսզի ձևացնենք, թե հայերը գոյություն չունեն»: Մեկ այլ

_____________________________

142 Տե՛ս, օրինակ, Е. К. Саркисян, "Административная и демографическая политика Османского правительства в Западной Армении", в Страны и Народы Ближнего и Среднего Востока, Т. V. Турция. Ереван: АН Арм. ССР, 1970, сс. 357-380; Richard Hovanissian, Armenia on the Road to Independence (Berkley, Calif.: 1967), p. 37; Levon Marashlian, Politics and Demography: Armenians, Turks, and Kurds in the Ottoman Empire (Cambridge, Mass.: -Zorian Institute, 1991); Հ. Հ. Գալստյան. Արևմտյան Հայաստանի բնակչության ազգային կազմը ըստ Վիտալ Քինեի վիճակագրության. - Մերձավոր և Միջին Արևեւքի երկրներ և ժողովուրդներ. XII: Թուրքիա: Երևան, ԳԱ, 1985, էջ 59-79:

[էջ 85]

Էջում էլ նույն հեղինակը ընդունում է, որ «թուրքական տարրը քանակային փոքրամասնություն էր այն նահանգներում, որոնք բնակեցված էին հայերով և քրդերով»143:

Մեկ այլ առիթով Սյունին դարձյալ «նրբորեն» փորձում է մեղմել թուրքերի ոճիրը՝ մեկ անգամ ևս շեշտելով՝ թե «Անատոլիայում» պատմականորեն ավելի վաղ ապրած լինելու միակ փաստարկն ունենալով, 19-րդ դարի վերջին հայ ազգայնականները հայտարարեցին իրենց այդ իրավունքը [իմա՝ «Անատոլիան հռչակել իբրև հայրենիք»144, իսկ թուրք ազգայնականները պատասխանեցին դրան:

[Armenian nationalists made such a claim in the late nineteenth century, and Turkish nationalists responded]145

Սյունիի ասածը պարզ է՝ հակամարտությունը հրահրել են հայ ազգայնականները, որոնք անհիմն կերպով ուզեցել են տիրանալ թուրքական Անատոլիային: Իսկ թուրք ազգայնականներն ընդամենը «պատասխանել են»: Չափազանց պարզունակ ու նույնքան թափանցիկ շուտասելուկ: Ըստ նրա՝ հայ և թուրք ազգայնականները «կռիվ-կռիվ» են խաղացել: Իսկ երկրի իսկական տերը՝ հայ ժողովուրդն ի՞նչ էր անում:

Սյունին Փրինսթոնի համալսարանում կարդացած իր դասախոսության մեջ ասում է, թե 1915-1918 թթ. ընթացքում Մեծ եղեռնին զոհ գնացած հայերի թիվը «ըստ պահպանողա-

_____________________________

143 Seyh Muhsin Sani [Huseyin Kazim Kadri], 10 Temmuz Inkilabi ve Netayici [Հուլիսի 10-ի հեղափոխությունը և նրա հետևանքները], Ստամբուլ, «Օրհանիյե», 1336 [1920], էջ 116, 121, 123. բնագիրն օսմաներեն է. - Հղումը տե՛ս Vahakn N. Dadrian, "Ottoman Archives and Denial of the Armenian Genocide," in The Armenian Genocide: History, Politics, Ethics, op. cit., pp. 294, 308 (notes 45, 46). Այս հոդվածում Տատրյանը թվերով փաստում է Ջ. Մըքքարտիի, ինչպես և վերջինիս համար աղբյուր ծառայած էսաթ Ուրասի, կանխամտածված կեղծարարությունը:
144 Տե՛ս Suny, "Nation-making, Nation-breaking," op. cit, p. 3.
145 Նույն տեղում:

[էջ 86]

կան հաշվարկների (ուրիշ հաշվարկներ չի հիշատակում - Ա. Ա.)՝ 600,000-ից մինչև 1,000000-ի միջև է»146, իր Հայացք դեպի Արարատ-ի մեջ մի տեղ կարդում ենք, որ 1915-1916 թթ. զոհվել է «մի քանի հարյուր հազարից մինչև 1,500000 հայ», իսկ մի ուրիշ Էջի մեջ Սյունին խոսում է 1915-1922 թթ. զոհված 600,000-ից մինչև մոտավորապես 1,500000 հայերի մասին147: Նույն 1993 թ. լույս տեսած իր մյուս գրքում նշված է, թե 1915-1922 թթ- հայերի կորուստները գնահատվում են «600,000-ից մինչև 2,500000»148: Ի՞նչ է սա, եթե ոչ դասական օպորտունիզմ, երբ նույն հեղինակը նշում է իրարից շատ հեռու կամ առաձգական թվեր, տարբեր լսարանների համար ասում է տարբեր բաներ, արդյունքում միայն թերահավատություն սերմանելով Հայոց Եղեռնի զոհերի մեկուկես միլիոնից անցնող թվի նկատմամբ:

բ) Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կեղծարարությանը Սյունիի արած հաջորդ զիջումը ևս նշանակալի է, ահավասիկ.

Միայն 1915 թվին՝ կայսրության անխուսափելի կործանման կոնտեքստում էր, երբ ռուսները սպառնում էին Արևելքին, իսկ ավստրալացիներն ու բրիտանացիները ափ էին իջել Գալիպոլիում, որ Օսմանյան կառավարությունը որոշեց լուծել Հայկական հարցը ռադիկալ կերպով: ...Հայոց ցեղասպանությունն ավելի վրեժխնդրությունից և խուճապահարությունից դրդված ճնշման գործողություն էր, քան թե վաղուց ծրագրված և վերևից մանրակրկիտ կերպով կառավարված ոչնչացման ծրագիր... (ընդգծումն իմն է՝ Ա. Ա., ահա ընդգծածիս անգլերեն բնագիրը — "Rather than a long-planned and carefully orchestrated program of extermination, the

_____________________________

146 Տե՛ս Suny, "Nation-making, Nation-breaking," op. cit., p. 16.
147 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 114, 217.
148 Suny, The Revenge of the Past, op. cit., p. 74.

[էջ 87]

Armenian Genocide was more a vengeful and panicky act of suppression")149:

Ինչպես տեսնում ենք, Սյունին պնդում է, որ 1915 թ. եղեռնը. ա) նախապես ծրագրված չէր, բ) «վերևից մանրակրկիտ կերպով կառավարված ոչնչացման ծրագիր» չէր,այլ գ) հայերին ոչնչացնելու՝ երիտթուրքերի վճիռն ընդունվել է պատերազմական իրավիճակից բխող քաղաքական և հոգեբանական ճնշումների ներքո150: Ինչպես ասացինք, ցեղասպանության փաստը Սյունին չի ժխտում, սակայն բերված երեք սխալ թեզն էլ վերցված են թուրքական քարոզչության զինանոցից151։ Հենց դրանով իսկ Սյունին արդեն զգալիորեն աջակցում է և «ջուր լցնում» հայոց ցեղասպանությունը ժխտողների ջրաղացին: Վերը բերածի վերջին հատվածն առել էինք 1996 թ. մայիսին Փրինսթոնում Սյունիի կարդացած զեկույցից (նույնը նրա գրքում շարադրված է ավելի երկարաբան152), այնինչ 1995 թ. ԱՄՆ-ում լույս է տեսել Հայոց ցեղասպանության հարցերի առաջատար մասնագետ ՎաՀագն Տատրյանի հիմնարար աշխատությունը, որտեղ վերլուծված են նշված թուրքական կեղծիքների ճիշտ հակառակը հաստատող՝ թուրքական, գերմանական, ավստրիական, անգլիական և այլ դիվաններից քաղված քանակով ու որակով ջախջախիչ փաստացի նյութեր։ Սակայն, դարձյալ թույլ տալով գիտական էթիկայի կոպիտ խախտում, Սյունին անտեսել է Տատրյանի ինչպես այս գիրքը, նույնպես

_____________________________

149 Suny, "Nation-making, Nation-breaking," op. cit., p. 16.
150 Հմմտ. նույն տեղում, էջ 10-11, 16, 18:
151 Օրինակ, հայտնի կեղծարար Ստանֆորդ Շոուն գրում է. «Այդ ժամանակվա Օսմանյան կառավարության խորհրդի գաղտնի արձանագրությունների ուշադիր ուսումնասիրությունը չի ցույց տալիս որևէ փաստ, որ իթթիհադական ղեկավարներից որևէ մեկը կամ որևէ ուրիշը կենտրոնական կառավարության միջից հրամայել է կոտորածներ ձեռնարկել» Stanford J. Shaw and Ezel Kural Shaw, History of the Ottoman Empire and Modern Turkey, Vol. 2 (Cambridge: Cambridge University Press, 1977), p. 316.
152 Suny, Looking toward Ararat, op. cit., pp. 94-115.

[էջ 88]

և նրա ու այլոց՝ ճշմարիտ իրականությունը ներկայացնող բազմաթիվ այլ ուսումնասիրություններ153։ Բացի այս, Սյունին 1890-ականների հայոց ջարդերը ցեղասպանություն չի համարում154, այլև՝ ժխտում է հայտնի պատմական այն ճշմարտությունը, որ երիտթուրքերի 1915 թ-ին կազմակերպած Հայոց մեծ եղեռնը Աբդուլ Համիդի վարած հայասպան ու հայաջինջ քաղաքականության շարունակությունն էր, նրա վերջնական մահասարսուռ արդյունքը: Ավելին, ահա թե ինչպես է Սյունին խոսում, օրինակ, Սասունի 1894 թ. ջարդերի մասին.

1894 թ. Սասունում հայերի և քրդերի միջև տեղի ունեցած բախումները հանգեցրին պետական զորքերի միջամտությանը և հարյուրավոր հայերի սպանությանը: Ավելի ուշ հայերն այս բռնությունն ընկալեցին իրբև առաջին փուլ ջարդերի այն չարքի, որ ավարտվեց 1915 թ. ցեղասպանությամբ: Բայց (sic՝ Ա. Ա.) 1894-1896 թթ. արևելյան Անատոլիայում կատարված ջարդերը կարելի է դիտել իբրև սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի կողմից միջէթնիկական հարաբերությունների հին հավասարակշռությունը վերականգնելու փորձ:

[In 1894 clashes between Kurds and Armenians in Sassun led to the intervention of state troops and the killing of hundreds of

_____________________________

153 Տե՛ս Vahakn N. Dadrian, The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucausus, op. cit., հատկապես էջ 219-247, ուր հանգամանալիցն ներկայացված է ցեղասպանության նախնական մանրակրկիտ ծրագրավորումը և իրականացումը թուրքական կառավարության կողմից: Տե՛ս նաև Vahakn N. Dadrian, "The Secret Young-Turk Ittihaddist Conference and the Decision for the World War I Genocide of the Armenians," Journal of Political and Military Sociology, Vol. 22 No 1, Summer 1994, pp. 173-202.
154 Արևմտյան պատմաբանների այս սխալ մոտեցումների մասին տե՛ս Մ. Գ. Ներսիսյան. Արևմտահայերի 1915-1916 թթ. ցեղասպանության պատմության մի քանի հարցերի շուրջը. - Պատմա-բանասիրական հանդես No. 2:142 (1995), էջ 11-20:

[էջ 89]

Armenians. This violence would later be read by Armenians as the first stage of a series of massacres that would culminate in the genocide of 1915. But the massacres in eastern Anatolia can be seen as part of an effort by the Sultan Abdul Hamid II to restore an old equilibrium in interethnic relations...]155

Այսպիսով, ըստ Սյունիի՝ թուրքական զորքերը սոսկ «միջամտել էին» հայ-քրդական բախումներին, ասել է թե՝ հանդես էին եկել գրեթե ՄԱԿ-ի զորքերին հատուկ «խաղաղարական» առաքելությամբ: Սասունի կոտորածի այստեսակ մեկնաբանությունն առնվազն վրդովեցուցիչ է, քանզի, օրինակ, հե՛նց Տատրյանի վերոհիշյալ գիրքն այդ դեպքերին նվիրել էր մի ամբողջ գլուխ, որում, դիվանական փաստաթղթերի հիման վրա, ապացուցված է, որ Սասունի ջարդերի ուղղակի կազմակերպիչը թուրքական կառավարությունն էր, իսկ կռիվներին ամենասկզբից և անմիջականորեն մասնակցել են քրդական տարազ հագած թուրքական կանոնավոր զորամասերը156։

Այսպիսով, Հայոց ցեղասպանության սյունիական մեկնաբանությունը կարելի է որակել իբրև գիտական օպորտունիզմի դասական օրինակ, իսկ ցեղասպանության փաստի նրա ձևական ճանաչումը՝ լոկ սփյուռքահայ զանգվածների աչքին թոզ փչելու մի միջոց՝ «անաչառ գիտնականի» վարկը պահպանելու և հայոց պատմության խեղաթյուրումը մյուս բոլոր ասպարեզներում անարգել առաջ տանելու համար:

Պետք է ասել, որ ԱՄՆ -ում ևս նկատել են հայող ցեղասպանության Սյունիի մեկնությունները: 1986 թ. Ռուբեն Ադալյանը, գրախոսելով Սյունիի «Հայաստանը քսաներորդ դարում» գիրքը, իմիջիայլոց, գրել էր.

Սյունին կոտորածը ցեղասպանությունից չի տարբերում: Նա վերաբերվում է Հայկական եղեռնին որպես մի կոտորածի, որը [սովորականից] ավելի մեծ թվով զոհեր խլեց: Որևէ

_____________________________

155 Suny, "Nation-making, Nation-breaking," op. cit., p. 10.
156 Տե՛ս Vahakn N. Dadrian, The History of the Armenian Genocide, pp. 114-116.

[էջ 90]

կերպ չեն նշված նրա (իմա՝ հայկական ցեղասպանության -Ա.Ա.] գաղափարաբանական արմատները թուրքական ազգայնականության մեջ: Նրա դիտավորությունն անտեսված է: Նրա վերջնականությունն ու ամբողջականությունը՝ շրջանցված։ Նրա ողբերգությունը՝ հասարակացված:

...Պնդել, թե «թուրքական գործողությունները հայերի դեմ ձեռնարկվել էին հուսահատության ու խուճապահարության մեջ» (Էջ 18) նշանակում է նսեմացնել ցեղասպանություն իրականացնողների մեղքը, պատասխանատվությունը և անմարդկայնությունը: Ավելին՝ այդպիսի հայտարարությունը սխալ է: ...մինչդեռ փաստերը այնքան պարզ ցույց են տալիս գործողությունների մի շատ հստակ ծրագիր, որ արդյունավետորեն իրագործվեց ու չդադարեցվեց մինչև որ լիակատար գործադրումն ապահովված էր: ...Ես գնահատում եմ Հայկական ցեղասպանության Սյունիի վերլուծությունը վրդովեցնելու չափ ծանծաղ:

[Suny does not differentiate between massacre and genocide. He treats the Armenian holocaust as a massacre with a larger number of victims. Its ideological roots in Turkish nationalism are never mentioned. Its deliberateness is ignored. Its finality overlooked. Its tragedy trivialized....To contend that "Turkish actions against the Armenians were taken in dispersion and panic" (p. 8) is to minimize the guilt, responsibility, and inhumanity of the perpetrators of the genocide. Besides, the statement is false...the facts so evidently show a very clear plan of action, executed with efficiency and not halted until fully implemented... I found Suny's analysis of the genocide of the Armenians disturbingly shallow.]157

Հատկանշական է, որ Ադալյանի սույն քննադատությունն ամերիկյան «հայագիտության» կողմից անուշադրության է մատնվել և. անտեսվել, մնալով ընդամենը «ձայն բարբառոյ յանապատի»: Իսկ ամերիկահայ հասարակական

_____________________________

157Rouben Adalian's review of Ronald Grigor Suny, Armenia in the Twentieth Century. Chico, Calif.: Scholars Press, 1983. - in Journal of the Society for Armenian Studies Volume 2 1985-1986, pp. 217-222.

[էջ 91]

շրջանակներն ու կազմակերպություններն անգիտաբար շարունակել ու դեռ շարունակում են Սյունիի մեծարումն ու մեկենասությունը158։

10. Նախիջևանի և Շուշիի հայաթափության մեկնաբանությունները

Սյունին գրում է. «Շուշի քաղաքը, որ նախկինում հայոց մշակույթի կենտրոն էր, դարձավ գրեթե ամբողջովին ադրբեջանաբնակ»159։ Սակայն, «մոռանում է» պարզաբանելու ամենակարևորը, այն՝ թե ինչպե՞ս Շուշին հայաթափվեց. գրքում ո՛չ մի խոսք չկա 1920 թ. մարտին մուսավաթականների կազմակերպած հայկական թաղամասերի հրդեհման և կոտորածի մասին: Սրանով Սյունին շատ նրբանկատորեն ընթերցողին մղում է եզրակացնելու, որ Շուշիի հայաթափությունը եղել է մի ինչ-որ բնական, սահուն և անարյուն ճանապարհով:

Նույն էջում անդրադառնալով Նախիջևանի ժողովրդագրությանը, առանց մանրամասնելու գրում է. «Ի տարբերություն Ղարաբաղի, Նախիջևանը շատ մեծ գերակշռությամբ ադրբեջանաբնակ էր» (Unlike Karabakh, Nakhichevan was very largely Azerbaijani in population)160: Մի այլ էջում էլ գրում է, թե 1926 թ. Նախիջևանում հայերը կազմում էին բնակչու-

_____________________________

158 Նշենք ժամանակագրորեն ամենավերջին դեպքը միայն՝ 1998 թ. սեպտեմբերի 17-ին Կոլումբիայի համալսարանի Հայկական Կենտրոնը նախաձեռնել, ու հովանավորել էր Սյունիի դասախոսությունը Դեյվիսի անվ. լսարանում, որտեղ վերջինս քննադատում էր Ռ. Քոչարյանի վճռական դիրքորոշումը Ղարաբաղի, հայոց ցեղասպանության և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում, որակելով Հայաստանի կառավարությունը իբրև կարծրամիտ ու ազգայնական (hard-line and nationalistic). - տե՛ս Prof. Michael Haratunian, "Suny Predicts Trouble for Armenia," Columbia University Armenian Center, Press Release - Event Report, September 25, 1998.
159 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 195.
160 Նույն տեղում, p. 195.

[էջ 92]

թյան ընդամենը 15%-ը161: Կարծում ենք, ավելորդ է ասելը, թե ինչու՞ է «հայագետն» արձանագրում 1926, այլ ո՛չ, ասենք, 1916 թվականի գրությունը՝ երբ հայերը Նախիջևանի բնակչության 40%-ն էին162: Նախիջևանում ադրբեջանցիների «շատ մեծ գերակշռության» մասին խոսք լինել չի կարող նաև այն պատճառով, որ բնակչության մնացած 60%-ը կազմում էին ոչ թե «ադրբեջանցիները»՝ մի էթնոս, որ գոյացել է 1920-ականներից մինչև 1960-ականներն ընկած ժամանակահատվածի ընթացքում, այլ շիա և սուննի թուրքախոս մահմեդականները, քրդերը, ասորիները և ռուսները: Ուստի՝ Նախիջևանի ադրբեջանական մեծամասնության մասին Սյունիի արած հայտարարությունը սխալ ու անհեթեթ է:

Փոխանակ նշելու այն հայտնի ճշմարտությունը, որ Նախիջևանից հայերը դուրս մղվեցին Բաքվի կառավարության ծրագրված քաղաքականության (մասնավորապես՝ իրենց տները վերադառնալու նախիջևանահայերի առջև դրված պաշտոնական արգելքի, տնտեսական ու ազգային հետևողական ճնշումների) հետևանքով163, Սյունին գրում է, թե Նախիջևանի հայաթափությունն արդյունք էր ադրբեջանցիների «ներգաղթի և ավելի բարձր ծնելիության»164: Ինչ խոսք, սա պատկանում է ընդամենը թուրք-ադրբեջանական կեղծիքների շարքին:

Միաժամանակ, Սյունին չի վարանում հայերին կշտամբելու՝ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության նկատմամբ նրանց տածած անվստահության համար: Ահավասիկ.

_____________________________

161 Նույն տեղում, p. 188.
162 "Кавказский календарь на 1917 г.", с. 214-221; Christopher J. Walker, ed., Armenia and Karabakh, op. cit., pp. 64-65.
163 Այս մասին մանրամասն տե՛ս, օրինակ, Владимир Ходжабекян, Баграт Асатрян, "Из истории армянского населения Нахичевана , Вестник общественных наук АН Арм. ССР, 1988, No. 6, сс. 18-27.
164 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 188.

[էջ 93]

«Համոզված լինելով, որ իրենք մահմեդականներից ավելի բարձր մշակութային մակարդակ ունեն, [Ղարաբաղի] հայերը իրենց հեռու էին պահում ադրբեջանական քաղաքականությունից».

«Բազմաթիվ հայեր այն կարծիքի են, որ ադրբեջանցիները պրիմիտիվ և վայրենի ժողղովուրդ են, որոնք հազիվ թե քաղաքակրթվել են խորհրդային [իշխանության] շրջանում». «Թեև նրանք (իմա՝ ղարաբաղցի հայերը -- Ա. Ա.) ավելի լավ էին ապրում, քան հարևան շրջաններում ապրող ադրբեջանցիները, հայերը տեսնում էին, որ իրենց կենսամակարդակը այնքան բարձր չէ, որքան հայկական հանրապետությունում ապրող հայերինը».

«Ղարաբաղցի հայերը, թշնամաբար տրամադրված լինելով ադրբեջանցիների դեմ, որոնց նրանք մեղադրում էին իրենց սոցիալական և մշակութային անբավարարվածությունների համար, նախընտրում էին սովորել ռուսերեն և ոչ թե ադրբեջաներեն».

«[Հայաստանից դուրս եկած] ադրբեջանցի գաղթականները շարժվեցին դեպի Ղարաբաղ, իսկ տեղացի հայերը վախեցան, որ փորձ է արվում մեծացնել մարզի մահմեդական բնակչությունը»165: Այս բոլոր կեղծիքներն ու հերյուրանքները, որոնք դռևս 1988 թ. փետրվարից շրջանառության մեջ են դրվել ադրբեջանական և մոսկովյան խորհրդային քարոզչության կողմից, ժամանակին ենթարկվել են հայ գիտնականների հանգամանալի քննադատությանը166: Սակայն, ինչպես միշտ, Սյունին հայկական՝ ճշմարիտ տեսակետին ունկնդիր և լսողունակ չէ։

_____________________________

165 Նույն տեղում, pp. 188, 194, 200.
166 Տե՛ս օրինակ, Правда о Нагорном Карабахе. Материалы и документы Ереван: ГУ, 1989. Григор Авакян, Нагорный Карабах: Ответ фальсификаторам. Ереван: "Айастан". 1991.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։
Տրամադրել է՝ Արմեն Այվազյան
Scanned: Լինա Քամալյան
OCR: Լինա Քամալյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice