Արմեն Այվազյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 8]

1. Ներածություն

Հայոց պատմությունը իբրև ռազմավարական պաշար

Յուրաքանչյուր պետության և ազգի հաջող կենսագործունեությունը պայմանավորված է համազգային կենսական շահերի միասնական ընկալմամբ, ապա՝ նաև այդ շահերի շուրջ ձևավորված հասարակական համախմբվածությամբ։ Պատմության ընթացքում ազգի կուտակած րնդհանուր հոգևոր ժառանգության յուրացումը թերևս գլխավոր նախադրյալն է՝ հասարակական առողջ համախմբվածության հասնելու համար։

Հայոց պատմությունը Հայաստանի ռազմավարական անձեռնմխելի պաշարն է։ Այն պարունակում է կայուն պետություն և հասարակություն կերտելու զարմանալի ամուր հիմք, որ է՝ հայկական չորսհազարամյա քաղաքակրթությունը և. նրա արդյունք հանդիսացող հայոց զորեղ, ընդգծված յուրօրինակ ինքնությունը։ Ըստ արժանվույն գնահատվելու և «ինտենսիվ շահագործման» ենթարկվելու դեպքում, ազգային քաղաքակրթությունն ու ինքնությունը իսկապես ավելին արժեն, քան նավթը, գազը, ոսկին, սպառման ենթակա այլ հանքանյութերը, քանզի վերջիններս կարող են որևէ պետության անվտանգ և հաջող զարգացումն ապահովել ընդամենը ժամանակավորապես միայն պատմական վաղանցուկ ժամանակահատվածի մեջ։ Մինչդեռ ազգային քաղաքակրթության և ինքնության տրամադրած հոգևոր հարստություններն անսպառ են։

Այժմյան զարգացող պետությունների մեծամասնությունը (ներառյալ բնական հարուստ պաշարներ ունեցողները) հոգե-

[էջ 9]

վոր – մշակութային այդչափ վիթխարի ռեսուրսներ և ազգային հստակ ինքնություն չունենալով, հաճախ են կանգնում հասարակական-պետական վտանգավոր ճգնաժամերի առջև։ Մենք ևս, սակայն, նույն ճակատագրին կարժանանանք, ազգային-պետական բարդ խնդիրների ճիշտ լուծումները գտնելու գործում կխարխափենք, եթե տեր չկանգնենք մեր անցյալին և նրա հոգևոր հարստություններին, չարժեվորենք նրանց կարևորությունը Հայաստանի ազգային անվտանգության համար։ Հետևաբար, հայոց պատմության գիտական ուսումնասիրությունը, ինչպես նաև մեր և. օտարերկրյա հանրությանը այդ ուսումնասիրության արդյունքների մատչելի մատուցումը ո՛չ թե զուտ ակադեմիական ձեռնարկ է, այլ՝ հայոց նորահաստատ պետականության կայացմանը նպաստող անհրաժեշտ և արդյունավետ միջոց։ Աճող հայ սերնդի հայրենասիրական– քաղաքացիական դաստիարակությունն ապահովող, ազգը միավորող ու համախմբող միակ ճանապարհն անցնում է մեր արմատների խորը և ճշմարիտ ճանաչման միջով։

Արդարև, Հայաստանի հզորացումը չցանկացող հայտնի և անհայտ ուժերն առայժմ, մեզնից առաջ անցնելով, ավելին են անում. խորապես գնահատելով հայոց պատմության ռազմավարական նշանակությունն ու ներուժը, վաղուց ի վեր իրականացնում են այն մաս — մաս կողոպտելու և ոչնչացնելու ծրագրված քաղաքականություն: Խոսքս վերաբերում է միջազգային գիտական շրջանակներում արդեն տասնամյակներ ի վեր շարունակվող հայոց պատմության հիմնահարցերի խեղաթյուրմանն ուղղված կազմակերպված գործողություններին։ Հայ հասարակությունը ծանոթ է թուրքական և ադրբեջանական «հայագետների» հակագիտական գործունեությանը, որին, խորհրդային իրականության րնձեռած հնարավորությունների շրջանակում, խորհրդահայ գիտնականները 1960– 1980-ական թթ՛ հուժկու հակահարված հասցրեցին։ Սակայն, տարբեր պատճառներով, որոնք քննության կառնվեն ստորև, դեռևս լուրջ գնահատական չի տրվել Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի հայագիտական կենտրոններում ծավալվող նույնօրի–

[էջ 10]

նակ գործունեությանը: Հայաստանի ազգային (ներքին՝ քաղաքացիական ու արտաքին՝ միջազգային) անվտանգության տեսանկյունից դիտելով, արևմտյան կեղծ-հայագիտությունն իր հետևանքներով առավել վնասաբեր է և վտանգավոր, քան՝ թուրք-ադրբեջանական պատմագիտական կեղծարարությունը, քանզի այն Հայաստանի շահերի դեմ ուղղված միջազգային մասշտաբով տարվող քարոզի բուն հիմքն է և նույն այդ քարոզի բաղկացուցիչ մասը։

Թուրքամետությունը արևմտյան ակադեմիական շրջանակներում

Արևմտյան մտավորական և ակադեմիական շրջանակներում թուրքամետությունը ձևավորվել է բավական վաղ՝19-րդ դարի սկզբներին, երբ Մերձավոր և Միջին Արևելքում առաջին անգամ ուժգնորեն բախվեցին անգլիական և. ռուսական կայսրությունների շահերը: Թուրքամետ տրամադրությունների առաջացման հիմնական աղբյուր հանդիսացող՝ Անգլիա- Ռուսաստան, այնուհետև նրան փոխարինելու եկած՝ ԱՄՆ/Արևմուտք - ԽՍՀՄ /Արևելք աշխարհաքաղաքական մրցակցությունը շատ երկար տևեց, ընդմիջվելով միայն Առաջին և, նվազ չափով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին: Այս ընդմիջումները, սակայն, կարճատև էին և, ցավոք, չէին կարող փոխել Արևմուտքի պետական-քաղաքական շրջանակների ու նրանց սպասարկող մտավորականների և ա կադեմիական շրջանակների թուրքամետ դիրքորոշումները1։ Իսկ Սառը պատերազմի տարիներին (1945-1990 թթ.) թուրքամետությունն Արևմուտքում արձանագրեց մի իսկական հաղ-

_____________________________

1 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի նկատմամբ անգլիական պետական և մտավորական շրջանակների տրամադրությունների փայլուն վերլուծությունը տե՛ս Christopher J. Walker, "Greenmantle's Absent Armenians: A Study of Anglo-Ottoman Attitudes," Armenian Review, Winter 1992, Vol. 45, #4/180, pp. 1-38.

[էջ 11]

թարշավ: Սա մի ժամանակաշրջան էր, երբ աշխարհառազմավարական հակամարտությունը երկու գերտերությունների՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ու նրանց գլխավորած միջպետական ռազմաքաղաքական խմբակցությունների՝ Վարշավյան պայմանագրի և Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի (ՆԱՏՕ) կազմակերպությունների միջև ընթանում էր մոլորակի գրեթե բոլոր անկյուններում: Այս հակամարտության էությունը լավագույնս բնորոշվում է խաղերի տեսությունից քաղաքագիտության ոլորտ թափանցած այսպես կոչված zero-sum game-ի հասկացությամբ՝ երբ երկու կողմերից մեկի որևէ շահումը անպատճառ նշանակում է մյուս կողմի կորուստ և հակառակը։ Հետևաբար, միանգամայն բնական է, որ ԽՍՀՄ բաղկացուցիչ մաս կազմող Հայաստանի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության, պատմաիրավաքաղաքական ձգտումները և ազգային-տարածքային պահանջները, սպառնալով ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկի՝ Թուրքիայի միջազգային վարկին և անգամ տարածքային ամբողջականությանը, այն էլ ի հաշիվ կոմունիստական ճամբարի հզորացման, բացահայտորեն հակասում էին Արևմուտքի ռազմավարական շահերին: Ահա թե այս մասին ինչ է գրում արևմտյան եզակի անաչառ պատմաբաններից մեկը՝ Քրիստոֆեր Ուոքերը.

Սառը պատերազմը որոշ չափով օրինականացրեց հայերի դեմ եղած նախապաշարմունքը արևմտյան ակադեմիական և նույնիսկ դիվանագիտական շրջանակներում (այդ ժամանակ մտածելակերպն այն էր, որ Թուրքիային պետք է սատարել՝ ինչ գնով էլ որ լինի): Ու հակառակ այն բանի, որ Սառը պատերազմն ավարտվել է, բազմաթիվ արևմտյան գիտնականներ և էքս-դիվանագետներ դրսևորում են «բրեժնևականություն»՝ հայերի տեսակետը հասկանալու իրենց անկարողության կամ չկամության մեջ, կամ գոնե այդ տեսակետի վավերագրային հիմքին լրջորեն ծանոթանալու գործում: Նրանք շարունակում են գրեթե անքննադատորեն աջակցել թուրքական պաշտոնական վերսիային: Արդյունքում՝ ակադեմիական հանդեսներում հայոց նոր պատմության մասին հայտնվող ու գիտականության հավակնող

[էջ 12]

նյութերից շատերը՝ իրականում parti pris (իմա՝ կանխորոշված — Ա. Ա.), խտրական և ոչ-արժանահավատ են2:

Միանգամայն ճիշտ բնութագիր ու իրադրությանը տրված պատմատեսական գնահատական, այնուհանդերձ հարկ է ավելացնել , որ.

1. Ռուսաստանի հետ Արևմուտքի աշխարհաքաղաքական հակամարտությունը չընդհատվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո, իզուր չէ, որ ամերիկացի քաղաքական ազդեցիկ մեկնաբաններից շատերր բացահայտ հայտարարում են, որ «Սառը պատերազմի ավարտը նույնպես ավարտվել է» և որ պետք է նպատակասլաց կերպով շարունակել նվաճված դիրքերի ընդլայնումն ու ամրապնդումը3 : Դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը եկավ հաստատելու, որ Արևմուտքում գերիշխողը հե՛նց այս տեսակետն է։ 1990-ականների երկրորդ կեսին, աշխարհաքաղաքական անողոք իրողությունների բերումով՝ Հայաստանը դարձյալ հայտնվել է Ռուսաստանի հետ միևնույն՝ դեռևս հստակ բնորոշում և սահմաններ չունեցող ճամբարում, իսկ Թուրքիան շարունակում է հանդես գալ Արևմուտքի դաշնակցի դերում, րնդսմին՝ հավակնելով դառնալու ռեգիոնալ գերուժ (այս խնդիրներին հանգամանորեն անդրադարձել ենք մեկ այլ աշխատության մեջ)4: Այս ամենին գումարվել է նաև այն, որ Ադրբեջանը ջանք չի խնայում դառնալու Այսրկովկասում և Միջին Ասիայում Արևմուտքի հանգուցային դաշնակիցը:

_____________________________

2 Christopher J. Walker, ed., Armenia and Karabakh: The Struggle for Unity. Foreword by Gerard Chaliand (London: Minority Rights Publications, 1991), p. 3.
3 Տե՛ս, օրինակ, John J. Maresca, The End of the Cold War is Also Over (Stanford University: Center for International Security and Arms Control, April 1995), pp. 1-23. Андрей Ревунов, "Стратегия: Американцы намереваются усилить свое влияние на южных рубежах России", -Независимое военное обозрение (Москва), No. 42, 6-12 ноября, 1998.
4 Տե՛ս Արմեն Այվազյան, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը» մենագրության մեջ. Երևան, "Հայաստան", "Հայինֆո", 1998:

[էջ 13]

Հետևաբար, Սառը պատերազմի տարիներին կարծր ուրվագիծ որդեգրած արևմտյան «.հայագիտական» դպրոցն իր դիրքերը վերանայելու որևէ դրդապատճառ չունի:

2. Արևմտյան «հայագիտությունը» իր ձեռքն է բարձրացրել ոչ միայն հայոց նոր պատմության վրա, ինչպես կարծում են շատերը, նաև՝ շատերը մեզանում, այլև, ինչպես ստորև ցույց կտանք, աղճատում է նաև Հայոց Հին և միջնադար լան քաղաքական ու մշակութային պատմության ողջ համակարգը: Սա միանգամայն օրինաչափ զարգացում է, քանզի պատմությունը միասնական՝ «օրգանապես» շաղկապված պատճառա-հետևանքային երևույթ է. անՀնար է գիտականորեն ուսումնասիրել պատմության այս կամ այն ժամանակաշրջանը՝ նրա նախորդ և հաջորդ շրջաններից կտրված, իրադրությունների տարժամանակյա մեկուսացումներով: Պատմության «համոզիչ» կեղծարարությունը նույնպես պահանջում է հնարավոր չափով համապարփակ ընդգրկում:

Արևմտյան «հայագիտության» սխալ գնահատման պատճառները

Որո՞նք էին, ուրեմն, այն պատճառները, որ հայաստանցի հայագետներին խանգարեցին ժամանակին նշմարել և հակազդել Արևմուտքում հայոց պատմությունը խեղաթյուրելու ա ճող միտումներին: Նշենք նրանցից մի քանիսը.

ա) արևմտյան հայագիտության նկատմամբ ձևավորված անքննադատ վերաբերմունքը.

հայաստանյան նորագույն պատմագիտությունը հիմնադրել են 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին Եվրոպայում ու Ռուսաստանում ուսում ստացած հայ մասնագետները: Հայոց պատմության հարցերի քննության մեջ կիրառելով եվրոպական պատմագիտության, լեզվաբանության, այլ հասարակական գիտությունների՝ իրենց սովորած արդի մեթոդաբանությունը, նրանք հասկանալի, բայց և միաժամանակ չափա-

[էջ 14]

զանցված ակնածանքով Էին վերաբերվում իրենց ուսուցիչներին և եվրոպական արևելագիտությանն առհասարակ։ Այս անքննադատ վերաբերմունքն Էլ գումարվելով հայերի մեջ օտար տիրապետության շրջանում խորը արմատներ գցած ազգային թերարժեքության բարդույթին, հետագայում փոխանցվեց հայագետների նոր սերունդներին.

բ) խորհրդահայ պատմագիտական դպրոցը, որ մեծ առաջընթաց ապրեց հատկապես 1940–ականներից մինչև 1990– ական թթ., չուներ եվրոպական լեզուներին ազատորեն տիրապետող բավարար թվով մասնագետներ.

գ) խորհրդային հասարակագիտության, ներառյալ՝ պատմագիտության, մեկուսացվածությունը Արևմուտքից և արևմտյան գիտական աշխարհից.

գ) ազգայնականության մեջ չմեղադրվելու բնական վախը՝ 1937թ. տեսած մեր ավագ սերնդի մեջ.

ե) եվրոպական լեզուներին տիրապետող մեր մասնագետների (մասնավորապես՝ միջնադարագետների) մեծ մասի թույլ պատրաստվածությունը ինչպես միջազգային քաղաքական, այնպես էլ առհասարակ քաղաքական ու քաղաքագիտական հարցերում։ Ավանդաբար, մեզանում այդպես էլ անհարկի անտեսվել են քաղաքագիտական ուղղվածություն ունեցող պատմագիտությունը և պատմատեսությունը։

Խորհրդային պայմաններում Արևմուտքում առկա ազատությունները խիստ ռոմանտիկացված էին ընկալվում: Բացառությամբ բացահայտորեն հայատյաց արևմտյան հեղինակների, հայ իրականության մեջ՝ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում մեծարվում էին Հայաստանին ու հայերին վերաբերող գրեթե բոլոր հրապարակումները ու նրանց հեղինակները (մանավանդ՝ հայերենին գրավոր կամ բանավոր տիրապետողները), առանց նրանց հեղինակած բուն նյութի մեջ խորամուխ լինելու։

Թվում է, թե խորհրդային Կոմկուսի նման մի վերադաս չունեցող՝ ազատ հասարակությունում ապրող գիտնականները, զուտ ակադեմիականից բացի, որևէ այլ շահ չունեն և իրենց

[էջ 15]

տեսակետները պետք է արտահայտեն՝ առաջնորդվելով միմիայն գիտականության, ճշմարտացիության և պատմական արդարության գաղափարներով։ Իրականությունն այն է, որ ինչքան միջոցներ ԽՍՀՄ-ն էր ծախսում միջազգային ասպարեզում «ագիտացիայի և պրոպագանդայի» վրա, քարոզչական նույն պատերազմում նույնքան կամ գուցե ավելին (ու ավելի արդյունավետորեն) էր ծախսում Թուրքիայի դաշնակից– թիկունք Արևմուտքը.

զ) արևմտյան հանձնակատարների շարքերում կանգնած ծնունդով հայ մի քանի հեղինակ ևս խորապես ապակողմնորոշում և շփոթության են մատնում հայաստանյան մտավորականությանը, քանզի դժվար է հավատալ, որ նրանք գիտակցաբար, երբեմն էլ «հարմարվողաբար» ծառայել ու ծառայում են ամենևի՛ն ոչ հայագիտությանը և ո՛չ հայ ազգի շահերին.

է) Վերջապես, արևմտյան «հայագիտությունը» իր առջև դրված խնդիրներն իրականացնում է ո՛չ թուրք–ադրբեջանական գռեհիկ կոպտությամբ, այլ շատ ավելի նուրբ, արտաքնապես՝ գիտական ընդգծվածությամբ և ակադեմիական շղարշով։ Այս կարգի կեղծարարությունը հարաբերականորեն դժվար նշմարելի է ու, հետևապես՝ առավել վտանգավոր։

Հարկ է նշել նաև, որ վերոբերյալ գործոններից յուրաքանչյուրը (անգամ առանձին վերցրած) միանգամայն բավարար էր, որ հայաստանցի այս կամ այն մասնագետը կաշկանդվեր պատշաճ կողմնորոշվելու կամ շփոթվեր արևմտյան «հայագիտության» սարքած Գորդյան հանգույցում։

Կարևոր մի նկատառում ևս. խոսելով արևմտյան կեղծ– հայագիտական դպրոցի մասին, միշտ նկատի ունենք Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ակադեմիական իշխող միջավայրը, ասել է թե՝ այն խումբը, ում ձեռքում են (կամ ոչ-վաղ անցյալում եղել են) հայագիտական հիմնական ամբիոնները, հրատարակություններն ու պաշտոնները, հականե-հանվանե՝ Ռոբերթ Թոմսոն (այժմ՝ Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի վարիչ,

[էջ 16]

մինչ այդ՝ 1969-1992 թթ. եղել է Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչը), Նինա Գարսոյան (1965 թվականից հայագիտական ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Կոլումբիայի համալսարանում, մասնավորապես՝ եղել է Գևորգ Ավետիսյանի անվան հայկական պատմության և. քաղաքակրթության ամբիոնի առաջին վարիչը, 1993-ից անցել է թոշակի)5Ռոնալդ Սյունի (Միչիգանի համալսարանում մեկ տասնամյակից ավելի եղել է Ալեք Մանուկյանի անվան Հայոց նոր պատմության ամբիոնի ղեկավար, 1995-ից՝ Չիկագոյի համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր է), Ջեյմս Ռասսել (Թոմսոնին փոխարինել է Հարվարդի հայագիտական ամբիոնի ղեկավարի պաշտոնում), Պիթըր Քաուի (այժմ՝ հրավիրյալ դասախոս Լոս Անջելեսի UCLA համալսարանի Նարեկացու անվան ամբիոնում), Լևոն Ավդոյան (ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Կովկասի բաժնի պատասխանատու), Ջորջ Բուռնության (այժմ դասավանդում է Նյու Յորքի Այոնայի քոլեջում, Հայոց Բարեգործական Ընդհանուր Միության խորհրդական), Ռոբերթ Հյուսն (այժմ դասավանդում է Նյու Ջերսիի Ռովան քոլեջում, զբաղվում է Հայաստանի պատմական աշխարհագրությամբ և. քարտեզագրությամբ)6 և. նրանց ձեռքի տակ աշխատող այլ մասնագետներ: Սրանցից զատ, Արևմուտքում, ներառյալ՝ ԱՄՆ-ում, գործել և. գործում են նաև գիտնականներ, որոնց աշխատություններն իրոք գիտական են և պայմանավորված չեն ոչ-ակադեմիական ինչ-ինչ պատվերներով: Թվենք նրանցից մի քանիսին ևս. Լուիզ Նալբանդյան (?1974 թ.)7, ամերիկուhի սոցիոլոգ Մարի Քիլբորն Մաթոսյան8,

_____________________________

5 Նինա Գարսոյանի կենսագրական մանրամասնաթյունները տե՛ս From Byzantium to Iran: Armenian Studies in Honour of Nina G. Garsoian (Atlanta, Georgia: Scholars Press, 1997), pp. XIII-XV.
6 Համառոտ կենսագրականը տե՛ս R- Hewsen, Russian-Armenian Relations, 1700-1828 (Cambridge, Mass.: Society for Armenian Studies, 1984), p. [I], Preface.
7 Հատկապես հաջողված է նրա հետևյալ աշխատությունը՝ Louise Nalbandian, The Armenian Revolutionary Movement: The Development

[էջ 17]

Վահագն Տատրյան (այժմ Գուգենհայմ հիմնադրամի պատվերով աշխատում է ցեղասպանության ուսումնասիրության իր մշակած ծավալուն ծրագրի վրա), Լևոն Չորբաջյան (Մասաչուսեթսի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր), Ռուբեն Ադալյան (1990-ական թթ. քաղաքագիտություն է դասախոսել Վաշինգտոնում գտնվող Ջոն Հոպկինզի անվան համալսարանում, ԱՆՒ հայագիտական հաստատության տնօրեն), Ւնա Բաղդիյանց 9 (այժմ՝ Թաֆթս համալսարանի Ջառաքյանի անվան Հայագիտական նորաբաց ամբիոնի վարիչ), Դեյվիդ Մ. Լանգ (? 1990 թ.) և Քրիստոֆեր Ուոքեր (լոնդոնաբնակ պատմաբաններ) և ուրիշներ: Սակայն, այս գիտնականների մի մասը, նաև գրեթե ողջ սփյուռքահայ համայնքը, հայոց պատմության հին և միջնադարյան շրջանի աղբյուրներին իրենց անծանոթության պատճառով, առայժմ լիակատար վստահություն է շնորհել արևմտյան հայագիտության կեղծ-դպրոցի ներկայացուցիչներին ու նրանց հրապարակումներին:

* * *

Սույն ուսումնասիրության խնդիրների մեջ չի մտնում ամերիկյան հայագիտության ամբողջական և համապարփակ հետազոտումը: Մեր նպատակն է ընդամենը՝ քննել հայոց պատմության առանցքային, սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանումները ամերիկյան պատմագրության մեջ:

of Armenian Political Parties Through the Nineteenth Century (Berkeley: University of California Press, 1963).

_____________________________

8 Տե՛ս Mary Kilbourne Matossian, The Impact of Soviet Policies in Armenia (Leiden, Netherlands: E. J. Brill, 1962). Այս խիստ արժեքավոր աշխատությունը հայերեն թարգմանելու և հրատարակելու կարիքը կասկածից վեր է:
9 Ծանոթ ենք Կոլումբիայի համալսարանում վերջինիս պաշտպանած դոկտորական ավարտաճառին՝ Ina Baghdiantz, The Armenian Merchants of New Julfa: Some Aspects of Their International Trade in the Late Seventeenth century. Ph. D. dissertation (Unpublished Dissertation Columbia University, 1993).

[էջ 18]

Ուսումնասիրությանս առաջին մասում քննում ենք 1993 թ. լույս տեսած մի գիրք, որի հեղինակը փորձում է վերջնականաաես «օրինականացնել » վերջին տասնամյակների ամերիկյան «հայագիտության» ծանրակշիռ խեղաթյուրումները: ԱՄՆ -ում այդ գիրքը գնահատել են որպես «հետխորհրդային հայ պատմագրության առաջին հիմնարար աշխատությունը»10 ու անմիջապես գրել ամենալայն շրջանառության մեջ: Իսկապես, ինչպես ստորև, կտեսնենք, այդ գրքում տեղ գտած դրույթները լավագույնս արտահայտում են ամերիկյան «հայագիտության» հակագիտական և խիստ քաղաքականացված դիրքն ու էությունը:

Երկրորդ մասում, համառոտաբար, ուրվագծում ենք ամերիկյան «հայագիտության»՝ վերջին երեք տասնամյակում արձանագրած «նվաճումները» և դրանց զարգացման արդի միտումները :

_____________________________

10 Robert H. Hewsen, "Review of Ronald Grigor Suny's Looking toward Ararat: Armenia in Modern History. Bloomington: Indiana University Press, 1993," American Historical Review October, 1994, p. 1357.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։
Տրամադրել է՝ Արմեն Այվազյան
Scanned: Լինա Քամալյան
OCR: Լինա Քամալյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice