Արմեն Այվազյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 122]

3. Մովսես Խորենացու, Եղիշեի և Փավստոս Բուզանդի երկերի պապատմականացման նկրտումները

3.1. Մովսես Խորենացու «Հայոց աատմութան» «քննություն»-ը

Հայոց պատմագրության հիմքը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» անվսւոահելի աղբյուր հռչակելը, իսկ հեղինակին էլ «ստախոս» և «ինքնակոչ» անվանելն ունեն քաղաքական երկու այժմեական նպատակ.

ա) առանց Խորենացու տեղեկությունների մենք՝ հայերս, երբեք չենք գտնի մերօրյա ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգուցային հարցերի պատասխանները, օրինակ՝ թե արդյո՞ք հայերը հայոց բարձրավանդակի բնիկնե՞րն են, թե ո՞չ, ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել հայոց պետությունը, ի՞նչ հզորություն և. միջազգային կշիռ է այն ունեցել, ազգային ինքնագիտակցության ի՞նչ մակարդակ ենք մենք ունեցել հին ժամանակներում, ի՞նչ կառույց և ի՞նչպիսի ավանդույթներ է ունեցել հին հայկական բանակը և այլն:

բ) Մովսես Խորենացուն և նրա երկն այսպես վարկաբեկելն ու իբրև անվսւոահելի սկզբնաղբյուր ներկայացնելը մեխանիկորեն հարվածում է հայ հին և միջնադարյան ամբողջ պատմագրությանը, որի պատկերացումները հայոց պատմության մասին, ինչպես նաև, սկզբունքներն ու մոտեցումները պատմական նյութին, բնականաբար, ունեն Պատմահոր խորը և բարերար ազդեցության կնիքը: Դրանով իսկ փորձում են մեկ առ մեկ պատմականորեն անարժեք հռչակել հայ պատմագրության մյուս գլուխգործոցները ու նրանց պարունակած փաստական ահռելի նյութը:

Ինչպես հայտնի է, Մովսես Խորենացու երկի ուսումնասիրությունն անցել է 19 դարի վերջի և 20 դարի սկզբի մոդայիկ, այսպես կոչված՝ գերքննադատության (գիպերկրիտիցիզմի) փուլի միջով: Բանասիրության նորագյուտ գիտաքննական եղանակներով այդ տարիներին մի շարք գիտնականներ (Ա.

[էջ 123]

Գուտշմիդտ, Ա. Կարիեր, Գ. Խալաթյանց, Հ. Դաղբաշյան, հետագայում սրանց միացան նաև Ն. Ադոնցը, Հ. Մանանդյանը և ուրիշներ) Մովսես Խորենացուն հայտարարեցին հեղինակ ոչ թե 5-րդ դարի, ինչպես Խորենացին ինքն էլ հստակ իր մասին հաղորդել է, այլ ավելի ուշ՝ 7, 8 կամ 9-րդ դարում ստեղծագործած մի ինքնակոչ: ժամանակագրորեն ավելի այս կողմ գալ չկարողացան, որովհետև 10-րդ դարի հեղինակները, հատկապես՝ Թովմա Արծրունին ու ՀովՀաննես Դրասխանակերտցին, առատորեն օգտվել են Խորենացու երկից: Այս գիպերկրիտիկներից մի քանիսը, հատկապես՝ Գ. Խալաթյանցը, Ա. ՝Քարիերը և Հ. Դաղբաշյանը, ավելի առաջ էին անցնում ու անարժանահավատ հայտարարում Խորենացու երկի պարունակած պատմական ամբողջ նյութը: Սկսած արդեն 1890-ականներից, պատմագիտական տեսակետից անվարժ այս քննադատությունն ինքը հիմնավորապես քննադատվեց այնպիսի խոշոր հայագետների կողմից, ինչպիսիք էին, օրինակ, Ն. Բյուզանդացին, Հ. Տաշյանը, Ֆ. Քոնիբերը, Գ. Տեր-Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ստ. Մալխասյանցը, Թ. Ավդալբեկյանը, Հ. Աճառյանը և այլոք: 1940-60-ական թթ. դրությամբ, խորհրդահայ մի շարք մասնագետների քննախույզ պրպտումների (հատկապես՝ Գագիկ Սարգսյանի երկու ուղենիշային մենագրություններին)210 hրապարակումներով Խորենացու երկի 5-րդ դարին պատկանելը և անգերագնաhատելի արժանահավատությունն այլևս մեկընդմիշտ պարզված փաստեր էին, որոնք հետագա տարիներին իրենց համոզիչ հաստատումը գտան բազմաթիվ այլ գիտնականների ուսումնասիրություններում և հայտնագործություններում211։

_____________________________

210 Տե՛ս Գ. Խ. Սարգսյան. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ժամանակագրական համակարգը. Երևան, ԳԱ, 1965: Նույնի՝ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին. Երևան, ԳԱ, 1966:
211 Տե՛ս, օրինակ, Gaguik Sarkissian, "The History of Armenia" by Movses Khorenatzi (Yerevan: State University Press, 1991), pp. 47-58. Խորենացիագիտության մատենագիտության ծավալների մասին որոշ

[էջ 124]

Սակայն 1950-ական թթ. անսպասելիորեն խորենացիագիտության ասպարեզ ցատկեց թուրքական գաղտնի ծառայությունը՝ ի դեմս իր գործակալ վերոհիշյալ Էսաթ Ուրասի: 1950 թ. Անկարայում լույս տեսավ վերջինիս հաստափոր «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» վերը նշված հանրահայտ զեղծարարությունը, որը Խորենացուն ընտրել էր որպես հատուկ հարձակմանն արժանի կարևոր թիրախ212: Անշուշտ, Ուրասը հայոց պատմությունը կեղծելու հանձնարարությունն ստացել էր ո՛չ նույն 1950 թ., այլ դրանից առնվազն մի քանի տարի առաջ, ամենայն հավանականությամբ՝ 1945 թ., երբ Խորհրդային Միությունը մարտի 19-ին չեղյալ հայտարարեց 1925թ. սեպտեմբերի 17-ի թուրք-սովետական պայմանագիրը, իսկ հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը կայացած Պոտսդամի կոնֆերանսում՝ Մոլոտովն արդեն պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացրեց Թուրքիային Կարսի և Արդահանի վերաբերյալ, դրանք հիմնավորելով հայ ժողովրդի և Հայկ. ԽՍՀ պատմական իրավունքներով213: Հետաքրքիր է, որ այդ պահին

_____________________________

պատկերացում կարող են տալ Երևանում կայացած՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ստեղծման 1500-ամյակը» միջազգային գիտաժողովի դրույթները (Երևան, ԳԱ, 1991):
212 Esat Uras, Tarihte Ermeniler ve Ermeni Meselesi (Ankara: Yeni Matbaa, 1950), pp. 3-15, Esat Uras, The Armenians In History And The Armenian Question (Istanbul: Documentary Publications, 1988), pp. 225-244. Օրինաչափ է, որ թուրք պատմագրությանը և մասնավորապես, Ուրասին խիստ քննադատության ենթարկած ամերիկացի գիտնական Ֆոսսը, ընկնելով ԱՄՆ-ում Խորենացուն քննադատողների ազդեցության տակ, ինքն էլ է բացառում Պատմահոր «Հայոց պատմության» և հայկական մյուս թանկարժեք պատմագրական աղբյուրների հավաստիությունը, ասելով, թե հայոց պատմությունը հնարավոր է վերականգնել... հույն և հռոմեական պատմիչների հաղորդած նյութի հիման վրա միայն: Բացի այդ, Ֆոսսը նույնպես չափից դուրս հաճախ անտեղի օգտագործում է Անատոլիա և արևելյան Անատոլիա եզրերը՝ Հայաստան ասելու փոխարեն՝ Clive Foss, "The Turkish View of Armenian History: A Vanishing Nation," op. cit., pp. 258-260.
213 Այս հարցերի մասին ավելի մանրամասն տե՛ս Christopher J. Walker, Armenia: The Survival of a Nation. Revised Second edition (New York: St. Martin's Press, 1990), pp. 360-363.

[էջ 125]

ԱՄՆ նախագահ Հ. Տրումենը այդ հարցր համարում էր թուրք-խորհրդային երկկողմանի հարաբերությունների առարկա, դեմ լինելով որևէ լուծման, որին կհանգեին Թուրքիան և խորհրդային Միությունը: Սակայն, Թուրքիայի թիկունքին կանգնեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, իսկ 1947 թ. մարտին՝ ԱՄՆ-ում «Տրումենի դոկտրինայի» հռչակումով, ԱՄՆ-ն ևս ստանձնեց «կոմունիստական վտանգի» առջև կանգնած Թուրքիայի պաշտպանությունը:

Հասկանալի է, որ 1940-ական թթ. (ու այդուհետև՝ միշտ, քանզի ԽՍՀՄ-ը, հարմար առիթի դեպքում, կարող էր միշտ էլ վերարծարծել տարածքային նույն պահանջը ) Թուրքիայի համար շտապ անհրաժեշտություն էր առաջացել «ապացուցել», որ իր արևելյան մասում մնացած հայկական հողերը պատմականորեն երբեք Հայաստան չեն եղել:

Պատահականությու՞ն էր, ուրեմն, որ Սառը պատերազմի բորբոքման տարիներին Պատմահոր նկատմամբ թուրքական պրոպագանդայի մոտեցումները «գիտականորեն» զարգացվեցին ՆԱՏՕ-ի խմբավար երկրում՝ ԱՄՆ-ում, անմիջապես Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելուց (1952 թ.) հետո: ԱՄՆ-ում Խորենացու (իմա՝ հայ պատմագրության և հայոց պատմության) դեմ նոր խաչակրաց արշավանքի նախաձեռնողի դերում հանդես եկավ պրոֆեսոր Կիրիլ Թումանովը: Վերջինս, առանց որևէ նոր լուրջ փաստարկ ներկայացնելու, և որ ամենակարևորն է՝ ամբողջությամբ զանց առնելով վերջին տասնամյակներում հրապարակված արժեքավոր ուսումնասիրությունները, վերարծարծեց Մովսես Խորենացուն ու նրա «Հայոց պատմության»ը վերաբերող հին դրույթները: Ստորև մեջբերված Թումանովի խոսքերը ցուցադրում են էսաթ Ուրասի հետ նրա գաղափարաբանական կապն ու հարազատությունը.

Այս որոշակիորեն խորհրդավոր և միտումնավոր կերպով հնարող հեղինակը... որ ձևացնում էր, թե գրում է իր ապրած իսկական ժամանակից շատ ավելի վաղ շրջանում... ստեղծեց իր սեփական ավանդույթն ու դպրոցը, ամբողջությամբ խեղաթյուրելով իրեն անմիջապես նախորդող անց-

[էջ 126]

յալն ու այդպիսով իսկ ձևավորելով [հայոց] հաջորդ սերունդների պատկերացումները պատմության մասին:

[This somewhat mysterious and deliberately mystifying author... who pretended to belong to an epoch far anterior to his own... but also forged a tradition, a school, of his own, which completely disfigured the more immediate past and so molded the historical perspective of generations to follow.]214

Թումանովը գրեց, թե «կեղծ-Մովսես Խորենացու "Հայոց պատմությունը" կազմվել է 8-րդ դարի երկրորդ կեսին, սակայն ձևացվել է՝ թե գրվում է 5-րդ դարի երկրորդ կեսին (History of Armenia of pseudo-Moses of Chorene, purporting to have been written in the latter half of the fifth century, but actually compiled in the latter half of the eighth)215: Թումանովն էր, որ դրեց Խորենացուն անվանարկելու ամերիկյան ավանդույթի սկիզբը, գրելով, թե՝ «լինելով մտածված կերպով մոլորեցնողի նման մեկը, այս հեղինակը վաստակել է իր կեղծ-Մովսես անունը (Being, thus, something of a deliberate mystifier, this author has deserved his appelation of Pseudo-Moses)»216։

Այսքանով հանդերձ, խորենացիագիտությունն արդեն այնպիսի խոշոր նվաճումներ էր արձանագրել, որ Թումանովը անմիջապես չհամարձակվեց հռչակել Խորենացու Պատմությունը անվստահելի աղբյուր, ասելով, որ այն «այդուամենայնիվ, պարունակում է հնագույն ժամանակաշրջանին վերաբերող անգնահատելի տեղեկություններ»217 : Իրականում, Թումանովն զբաղված էր Խորենացու դեմ հաջորդ՝ կատաղի և «վճռական» գրոհի նախապատրաստմամբ: Այդ գրոհը ձեռնարկեց Հարվարդում ու, վերջերս էլ, Օքսֆորդի համալսարա-

_____________________________

214 Տե՛ս Cyril Toumanoff, Studies in Christian Caucasian History (Georgetown University Press, 1963), p. 108.
215 Cyril Toumanoff, Studies in Christian Caucasian History, pp. 104-105.
216 Նույն տեղում, p. 330.
217 Նույն տեղում, pp. 104-105.

[էջ 127]

նում հայագիտություն դասավանդող «աշխարհահռչակ պրոֆեսոր» Ռոբերթ Թոմսոնը, որր 1978 թ. առաջին անգամ անգլերեն թարգմանեց Մովսես Խորենացու գլուխգործոցը:

Թոմսոնն սկսեց նրանից, որ Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանեց ո'չ՝ թե «Հայաստանի պատմություն» (History Of Armenia), ինչպես որ նրանից առաջ դեռևս ճիշտ թարգմանում էր Թումանովը218, այլ՝ առաջին անգամը լինելով , «Հայերի պատմություն» (History of the Armenians): Ասենք, որ արդի հայագիտությունը միակարծիք է, որ իրենց երկերը «Հայոց պատմություն» վերնագրելով, մեր ոսկեդարի պատմիչները նկատի են ունեցել Հայաստանի պետության և նրա մեջ ծաղկող հայկական քաղաքակրթության պատմությունը: Իսկ վերջերս Արտաշես Մաթևոսյանը, միանգամայն պատճառաբանված կերպով, ցույց տվեց, որ Խորենացու երկի խորագիրը եղել է ոչ թե սոսկ «Հայոց պատմություն», այլ «Պատմություն Հայոց Մեծաց», այն է՝ «Մեծ Հայաստանի պատմություն»219:

Այս առթիվ ուշագրավ է Թոմսոնի տված բացատրությունը.

Թեև ոմանք կնախընտրեն թարգմանել Հայաստանի պատմություն, սակայն դասական հայերենում "Հայաստան" աշխարհագրական եզրը ավելի հաճախ հաղորդվում է "Հայոց աշխարհ, երկիր" ձևով (ընդգծումն իմն է՝ Ա. Ա.)220:

_____________________________

218 Տե՛ս Toumanoff, Studies in Christian Caucasian History, pp. 104, 108 և այլն:
219 Ա. Ս. Մաթևոսյան. Մովսես Խորենացու պատմագրքի խորագիրը և ավարտման թվականը. - Էջմիածին, 1991, Թ-Ժ, էջ 85-93: Նույն հոդվածը պարզ ցուցադրում է նաև «Հայոց պատմությունը» իբրև «Հայերի պատմություն» հասկանալու անհնարինությունը: Ֆրանսերեն լեզվով Խորենացու երկի վերջին թարգմանութունը նույնպես կրում է «Հայաստանի պատմություն» խորագիրը, տե՛ս Moise de Khorene, Histoire de l'Armenie. Nouvell Traduction de l'armenien classique par Annie et J.-P. Mahe (Paris: Gallimard, 1993).
220 Moses Khorenats'i, History of the Armenians. Translation and

[էջ 128]

Ինչպես դժվար չէ նկատելը, Թոմսոնը Հայաստանին հաղորդում է սոսկ աշխարհագրական իմաստ, դրանով իսկ մատնելով այն, որ ինքը Հայաստան եզրին մոտենում է թուրքական պատմագրության կիզակետի միջով, տակավին Ուրասի կողմից ձևակերպված գաղափարախոսական սահմանումների համաձայն: Մինչդեռ Հայաստան եզրը, նախ և առաջ, նշանակում էր հայկական էթնոսով բնակեցված և. դարեր շարունակ ազգային պետականություն վայելող տարածք, և ո՛չ թե լոկ աշխարհագրական հասկացություն, Աֆրիկայի կամ Հնդկաստանի պես մի եզր:

Մեկ պարբերությամբ շեղվենք Խորենացուց: Համոզվելով, որ իր կեղծիքները հակահարված չեն ստանում, Թոմսոնը լկտիացավ մինչև այն աստիճան, որ 1991 թ. իր Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» վերնագրի հետ վարվեց a la Բունիաթով. բուն խորագրից ջնջվեց Հայաստան բառը և գրքի կազմի ու տիտղոսաթերթի վրա, նաև՝ բոլոր էջերի վերևում գրեց. «.Ղազար Փարպեցու պատմությունը»: Եթե հիշենք, որ տխրահռչակ Զիյա Բունիաթովը ճիշտ նույն սկզբունքով Կիրակոս Գանձակեցու երկի վերնագրից Հայաստան անունը ջնջել և այն «Հայոց պատմությունից» վերածել էր սոսկ «Պատմության»221, ապա, կարծում եմ, ամեն ինչ պարզ է: Սակայն, այս հարցում Թոմսոնը փոքր-ինչ անհետևողական և անփույթ եղավ. առաջաբանում և 33-րդ էջում նա Ղազար Փարպեցու երկի վերնագիրը նշում է իբրև «Հայերի պատմություն», սակայն անցնելով Փարպեցու շարադրանքին, նույն էջում այդ երկի հեղինակային վերնագիրն անզգուշորեն ճիշտ թարգմանում է՝ «Հայաստանի պատմություն»222:

_____________________________

commentary on the literary sources by Robert W. Thomson (Cambridge, Mass.: Harvard University Press, 1978), p. 61, note 120.
221 Паруйр Мурадян. История - память поколений: Проблемы истории Нагорного Карабаха. Ереван, "Айастан", 1990, с. 152.
222 Sե´u The History of Lazar Parpeci. Translated by Robert Thomson (Atlanta, Georgia: Scholars Press, 1991), p. 33.

[էջ 129]

Իր առաջաբան-«ուսումնասիրությունում»223 Թոմսոնը Մովսես Խորենացուն մեղադրում է բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ, ներառյալ՝ «խաբեությունների» (mystifications)224 և զանազան «պատմություններ հնարելու» (entirely Moses' own invention225, Here also Moses invents a "history"226, դարձյալ՝ Moses invents a history227, Again, he has given a personal, tendentious, and composite story228), «դիտավորյալ աղբյուրներն աղավաղելու և դրվագներ հորինելու» (He willfully distorts his sources and invents episodes)229, «կեղծարարության» (fraud)230, «կատարյալ կեղծարարության» (complete fraud)231, «աղավաղումների» (Moses definitely distorts his reading of Josephus)232, «իր աղբյուրը կեզծելու» (has faked his source)233, «Հայկական անունների համար անհավատալի ստուգաբանություններ առաջարկելու» (interest in implausible etymologies for Armenian names)234, «կեղծիքով Հայաստանը համաշխարհային ասպարեզ մտցնելու» (false introduction of Armenia onto the world scene)235, «գոյություն չունեցած կերպար պատմության բեմի վրա ավելացնելու» (Moses has added a nonexistent character to the stage of history)236, «պատմությունը hայացնելու» նպատակ ունենալու (part of Moses'

_____________________________

223 Moses Khorenatzi, History of the Armenians, op. cit., pp. 1-61.
224 Նույն տեղում, p. 27.
225 Նույն տեղում, p. 34.
226 Նույն տեղում, p. 35.
227 Նույն տեղում, p. 42.
228 Նույն տեղում, p. 45.
229 Նույն տեղում, p. 58.
230 Նույն տեղում, p. 34.
231 Նույն տեղում, p. 29.
232 Նույն տեղում, p. 26.
233 Նույն տեղում, p. 14.
234 Նույն տեղում:
235 Նույն տեղում, p. 27.
236 Նույն տեղում, pp. 34-35.

[էջ 130]

"Armenianizing" Of history)237, «Հայաստանի գերակայությունը ցուցադրելու համար տեքստային փոփոխություններ» կատարելու (The amendments to his story are all designed to show the preeminence Of Armenia)238, Շամբատ անունը հորինելու (the name Shambat he has invented)239, «կողմնակալության» (tendentiousness)240, «բացահայտ կողմնակալության» (patent tendentiousness)241, «տենդենցիոզ անախրոնիզմի» (tendentious anachronism)242, «Հայաստանը գովաբանել - փառաբանելու իր ծանոթ սովորությանը տրվելու ու այդ նպատակով ինֆորմացիան փոփոխության ենթարկելու» (he also indulged in his usual habit of adapting the information he found there ad maiorem gloriam Armeniae)243, «պատմական իրողությունների նկատմամբ քամահրական վերաբերմունք» ունենալու (Moses' cavalier attitude toward historical realities)244, «բացահայտ կեղծ հայտարարություն » (patently fraudulent claim)245, Եվսեբիոսի «Ժամանակագրությունից ծավալուն գողագրություն» (...the Chronicle was widely plagiarized by Moses)246 կատարելու, նույնիսկ՝ իր օգտագործած հեղինակներին միտումնավոր չհիշատակելու ու նաև նրանցից «իր փոխառու թյունները սեփական արտադրության լրացումներով զարդարելու»247 և բազ-

_____________________________

237 Նույն տեղում, p. 35.
238 Նույն տեղում, p. 37.
239 Նույն տեղում, p. 30.
240 Նույն տեղում, p. 37.
241 Նույն տեղում, p. 46.
242 Նույն տեղում, p. 49.
243 Նույն տեղում, p. 36.
244 Նույն տեղում, p. 60.
245 Նույն տեղում, p. 40.
246 Նույն տեղում, p. 33.
247 Նույն տեղում, p. 48 (Moses embroiders his borrowings from Koriun with additions of his own devising), cf, pp. 14 (Moses also mentions various Greek historical works without quoting them directly, etc.), 46 (Faustus Buzandats'i... is never mentioned by name).

[էջ 131]

մաթիվ այլ բաների մեջ: Գիտական էթիկայի խախտումներ կատարելու մեղադրանքը միայն ի´նչ ասես արժե, ըստ Թոմսոնի՝ Պատմահայրը պետք է իր աղբյուրները հղեր այնպես, ինչպես րնդունված է մերօրյա պատմագիտության մեջ: Սակայն, Թոմսոնը «մոռանում» է, որ 5-րդ դարում այդ կարգի գիտական ապարատ չէին գործածում ո´չ հույները, ո´չ հռոմեացիները, ո՛չ ասորիները, ո´չ չինացիները, և ո´չ էլ սեփական պատմագրություն ստեղծած այլ ժողովուրդները248: Անհեթեթ և մոլի հայատյացության հայտարար է՝ պահանջելը Խորենացուց հղումների կիրառման այն ձևը, որ Եվրոպայում արմատավորվեց միայն 20-րդ դարի սկզբին: Իրականում՝ Թոմսոնի հայատյացությունն արտածվում է իր գրած առաջաբանի յուրաքանչյուր Էջից։ Այսքանն ասելուց հետո, Թոմսոնը եզրակացնում է, որ Մովսես Խորենացին, «փաստորեն, լկտի և կեղծարար խաբեբա է» (in fact, Moses is an audacious, and mendacious, faker)249, «առաջին կարգի աճպարար:... Խիստ մեթոդաբանության մասին նրա հանդիսավոր հայտարարությունները նպատակ են ունեցել խաբել, շեղել քննադատական հայացքը և ապահովել իր սեփական տենդենցիոզ շարադրանքի ընդունելությունը» (he was a mystifier of the first order....His protestations of strict methodology were intented to deceive, to divert critical attention, and to encourage acceptance of his own tendentious narrative)250։ Ինչպես ստորև, կտեսնենք, այս բնութագրումները գերճշգրիտ բացահայտում են ի՛ր իսկ՝ Թոմսոնի «գիտական» գործունեությունը: Վերևում խոսեցինք Խորենացուն անհավաստի աղբյուր հռչակելու երկու քաղաքական նպատակների մասին: Թոմսոնն ունեցել է (մեծ հավանականությամբ՝ նրան պատվիրվել է) ևս մեկ կարևոր խնդիր, փորձել ապացուցելու հայ ամենամեծ ազգային հեղինակություններից

_____________________________

248 Հմմտ. Gaguik Sarkissian, "The History of Armenia by Movses Khorenatzi (Yerevan: State University Press, 1991) (in English), pp. 68-71:
249 Moses Khorenatzi, History of the Armenians, op. cit., p. 58.
250 Նույն տեղում, p. 56.

[էջ 132]

մեկի անազնիվ լինելը, անվանարկել ու սևացնել այդ հեղինակությանը ու այդպիսով իսկ՝ նսեմացնել հայերի ազգային ինքնասիրությունը, «խեղճացնել» հայերին, նրանց «տեղը դնել», որպեսզի հանկարծ շատ չոգևւորվեն իրենց փառահեղ պատմությամբ և Արևմուտքի դաշնակից Թուրքիայի շահերի դեմ «խելքից դուրս բաներ» չանեն, մի խոսքով՝ իրենք իրենց համար են մի խեղճ ու կրակ ազգ, ըստ այդմ էլ՝ շարժվեն, գործեն ու առաջնորդվեն (ցավոք, այսպիսի մտայնությունից դեռևս չեն ձերբազատվել շատ և շատ հայեր): Պետք է խոստովանել, որ այս նպատակի իրագործումը մեծապես հաջողվել է: Սկզբում Խորենացու հասցեին արված վերոհիշյալ անվանարկությունները լուռ ու մունջ կուլ տվեցին սփյուռքահայ, հատկապես՝ անգլախոս մտավորականներն ու մեկենասները (չմոռանանք՝ Թոմսոնն այն ժամանակ էլ, հիմա էլ աշխատում և. վարձատրվում է սփյուռքահայերի´ գումարներով հաստատված ու գործող հայագիտական ամբիոններում): Նույն կերպ վարվեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիան, որը դեռ ավելին՝ Թոմսոնին երկիցս հրավիրեց Հայաստան՝ 1986 և 1998 թթ., իսկ բոլորովին վերջերս նույնիսկ ետնաբեմային զրույցներ հնչեցին Թոմսոնին ՀԳԱ արտասահմանյան անդամ դարձնելու մասին: Մինչդեռ ազգային առողջ նկարագիր ունեցող յուրաքանչյուր հայ մարդ ու, առավել ևս, հայ մտավորական չի կարող հանգիստ ու անխռով անցնել Պատմահորն ուղղված վերոբերյալ հայհոյաբանությունների կողքով:

Մենք նպատակ չունենք անդրադառնալու Թոմսոնի պատմագիտական տեսակետից չափազանց թերի և թույլ առաջաբանին, քանզի այն որոշ չափով քննադատվել է (թեկուզ և՝ մեզ հայտնի երեք քննադատներից առավել ուղղամիտ և սուր է արտահայտվել միայն մեկը՝ Պ. ՀովՀաննիսյանը, մյուս երկուսը՝ Լ. Տեր- Պետրոսյանը և Գ. Սարգսյանը Թոմսոնի նկատմամբ որդեգրել են անհարկի բարյացակամ-բարեկամական քննախոսական դիրքորոշում)251: Նկատենք, սակայն, երեք

_____________________________

251 Տե՛ս Լևոն Տեր-Պետրոսյանի գրախոսությունը Պատմա-բանասիրա-

[էջ 133]

սկզբունքային կետ, որոնցից միայն առաջինն է, որ մատնանշել են Թոմսոնի նախորդ քննադատները, իսկ երկրորդն ու երրորդը կատարելապես անտեսվել են.

1. Մովսես Խորենացու Պատմության քննության Թոմսոնի մեթոդաբանական մոտեցումները հակագիտական են, քանզի նա, ինչպես ասացինք, զանց է առել՝ պարզապես չի անդրադարձել հայագետների ներկայացրած այն փաստերին ու փաստարկներին, որոնք հակասում են իրեն նախընտրելի պատասխաններին: Սա վերաբերում է հատկապես հայաստանցի հայագետներին, որոնց աշխատությունները, ի դեպ, Թոմսոնը սիրում Է հիշել ոչ այլ կերպ, քան միայն վարկաբեկիչ քամահրական ընդմիջարկություններով252: Ինչ արժե միայն այն փաստը, որ Թոմսոնն իր առաջաբանում չի քննել (առավել ևս՝ մերժել) 1978 թ. դրությամբ խորենացիագիտության մեջ ամենածանրակշիռ և վերջին խոսք համարվող՝ 1965 և 1966 թթ. լույս տեսած, Գ. Սարգսյանի վերոհիշյալ երկու մենագրու-

_____________________________

կան հանդեսում 1980, No. 1, էջ 268-270: Պ. Հովհաննիսյան. Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցի» անգլերեն թարգմանության մասին. - Բանբեր Երևանի Համալսարանի 1981, No. 3 (45), էջ 237-239: Gaguik Sarkissian, "The History of Armenia by Movses Khorenatzi, op. cit., pp. 47-86. այս քննադատությունը նախապես լույս էր տեսել ռուսերենով նույն հրատարակչությունում 1986 թ. և կրկին՝ 1991 թ.: Տե՛ս նաև իտալացի երիտասարդ հայագետ Ջուսթո Տրայինայի՝ Խորենացու 5-րդ դարին պատկանելիությունը հաստատող հետաքրքիր աշխատությունը՝ Giusto Traina, Il complesso di Trimalcione: Movses Xorenaci e le origini del pensiero storico armeno [Թրիմալչիոյի բարդույթը. Մովսես Խորենացին և հայ պատմական մտքի ծագումը] (Venezia: Eurasiatica, 1990).
252 Տե՛ս, օրինակ, Elishe, History of Vardan and the Armenian War. Transl. and commentary by Robert W. Thomson (Cambridge, Mass.: Harvard University Press, 1982), p. 19; Moses Khorenats'i, History of the Armenians, op. cit., p. 39; Moses Khorenatsi, Patmutiwn Hayots. A facsimile reproduction of the 1913 Tiflis edition with an introduction by Robert W. Thomson (Delmar, New York: Caravan Books, 1981), p. XVIII; Review of Krikor H. Maksoudian's translation of Yovhannes Drasxanakertsi's History of Armenia in Journal of the Society for Armenian Studies, Vol. 3 (1987), p. 165.

[էջ 134]

թյունների գեթ մեկ փաստարկ: Սակայն, գիտնականին ոչ-հատուկ այս «շրջանցման» սկզբունքի կիրառման մեջ Թոմսոնը միայն հայաստանցի գիտնականներով չի սահմանափակվել: Միայն մի օրինակ. Մովսես Խորենացուն վերաբերող իր կազմած մատենագիտության մեջ, Թոմսոնը նշել է բրիտանացի նշանավոր հայագետ Ֆ. Կոնիբերի՝ Մովսես Խորենացու խնդիրներին առնչվող երկու հոդվածը, սակայն վերջինիս՝ «Մովսես Խորենացու ժամանակը» խորագրով չափազանց ուշագրավ հոդվածը253 չի հիշել: Թոմսոնի այս «մոռացկոտության» (իրականում՝ եղած գիտական ուսումնասիրություններին խտրաբար մոտենալու) պատճառը միանգամայն պարզ է. իր այդ փայլուն ուսումնասիրության մեջ կոնիբերբ լուրջ քննադատության է ենթարկել իր ժամանակի գերքննադատների ճիշտ այն «փաստարկները», որոնց 1960- ական թթ. սկսած փորձում են հարություն տալ թումանովներն ու թոմսոնները։ Կարծում ենք, այս «շրջանցման» կամ «անտեսման» սկզբունքները նկատի ուներ ակադ. Գագիկ Սարգսյանը՝ դիպուկ բառով որպես «անախրոնիզմ» բնորոշելով Թոմսոնի դատողությունները254:

2. Թոմսոնի քննադատները, ցավոք, չեն արել վերջինիս գրեթե յուրաքանչյուր նախադասությունից ուղղակի ինքնաբերաբար թելադրվող ամենակարևոր հետևությունը, այն է՝ Մովսես Խորենացու և նրա «Հայոց պատմության» մասին գրելիս, Թոմսոնը զբաղվել է ո՛չ թե անաչառ գիտական հետազոտությամբ, այլ կատարել է քաղաքական պատվեր:

Ըստ Թոմսոնի, Մովսես Խորենացու նպատակն է եղել՝ «Փորձել ի մի բերել հայկական ավանդույթը և ներկայացնել այն ներդաշնակ, թեև տենդենցիոզ, ձևով, ու նաև հայերին ապահովել այնպիսի պատկառելի մի պատմությամբ, ինչպիսիք

_____________________________

253 F. C. Conybeare, "The Date of Moses of Khoren," Byzantinische Zeitschrift (Munich) 1901, #'s 3-4, pp. 489-504. հմմտ. Moses Khorenatsi, History of the Armenians, op. cit., pp. 369-386: on p. 378.
254 Տե՛ս Gaguik Sarkissian, "The History of Armenia" by Movses Khorenatzi, op. cit., p. 59.

[էջ 135]

ունեին ուրիշ ազգերը» (to provide the Armenians with a history as respectable as that of other nations)255, ասել է՝ հայերի պատմությունը պակաս պատկառելի էր, քան այլ ազգերինը: Եթե Թոմսոնի այս հայատյաց միտքը բաղդատենք Մովսես Խորենացու հաղորդումները հնարովի հայտարարելու նրա ձախորդ փորձերի հետ, պարզ է, որ Թոմսոնի նպատակը հայերին ամեն կերպ իբր մի աննշան պատմություն ու մշակույթ ունեցող ազգ պատկերել փորձելն է: Իր առաջաբանը եզրափակող պարբերության մեջ Թոմսոնը բացահայտում է նաև իր մտահոգությունների քաղաքական ենթատեքստը՝ պարզ խոսում է Պատմահոր երկի արդիական՝ չխամրող նշանակության մասին, ըստ Թոմսոնի՝ հայ սերունդներին Մովսես Խորենացու հաղորդածը «19-րդ դարում կարևորագույն նշանակություն ունեցավ հայկական ազգայնականության առաջացման գործում: Այժմ նույնպես՝ այն (իմա՝ «Հայոց պատմությունը»՝ Ա. Ա.) դեռևս հզոր ուժ է ազգային ինքնության շուրջը տարվող բանավեճերում»256: Ահա´ թե ինչն է Թոմսոնին դրդել՝ ամեն կերպ ձգտելու ոչնչացնել Խորենացու հաղորդումների նկատմամբ որևէ հավատ, նախ՝ որպեսզի հայոց ինքնության այս իսկական աղբյուրն այլևս երբեք հայերին չծառայի այնտեղից դարձյալ ազգային ոգի ու հայրենասիրություն սովորել-ժողովելուն, ա պա, երկրորդ որպեսզի աշխարհում ոչ ոք չկարողանա, Խորենացու «Հայոց Պատմության» վրա հենվելով, ճշտորեն քննելու, թե իրականում ի՞նչ էին Հայաստանն ու հայկական քաղաքակրթությունը և ո՞վ էր հայ ժողովուրդը հնագույն և հին ժամանակներում: Հետաքրքիր է, որ Խորենացու վրա Թոմսոնի գրոհը համընկավ հայության քաղաքական պահանջների բարձր ալիքին՝ 1978թ. երկրորդ կեսին ցեղասպանության ճանաչմանն ուղղված սփյուռքահայության բավական եռանդուն գործունեության, մասնավորապես՝ հայկական ահաբեկչության ծավալման ժամանակաշրջանին:

_____________________________

255 Moses Khorenats'i, History of the Armenians, op. cit., p. 60.
256 Նույն տեղում, p. 61.

[էջ 136]

Կրկնում ենք՝ Թոմսոնի սխալները ո´չ թե ակադեմիական բնույթի են, ինչպես որ ցայսօր ընդունված է կարծել մեզանում, այլ կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում հակահայկական հզոր և տևական քաղաքական այն արշավի, որ վաղուց ի վեր ձեռնարկել են Թուրքիան և վերջինիս սատարող արևմտյան որոշակի շրջանակները։

3. Թոմսոնի քննադատների ուշադրությունից ամբողջովին վրիպել է մի չափազանց կարևոր հանգամանք ևս, այն է՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Թոմսոնի փառաբանված թարգմանությունը257 խիստ թերի է, իսկ որոշ հատվածներում՛ բացահայտորեն կեղծված։ Ստորև, ներկայացնում ենք ընդամենը այդպիսի երկու ցցուն օրինակ: Ընդգծենք, որ երկու դեպքում էլ Թոմսոնը խեղաթյուրել է Խորենացու այն շատ թանկարժեք վկայությունները, որոնք վերաբերում են հայերիս՝ վաղ ժամանակներում ունեցած ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակին: Այստեղ նպատակահարմար չենք համարում Մովսես Խորենացու այս նախադասությունների պարունակած ամբողջ իմաստի մանրամասն վերլուծությունը, քանզի մտադիր ենք շատ շուտով հրապարակել այդ խնդրի մեր քննությունը:

Ա. «...եմք ածու փոքր »

Պատահականություն չէ, որ Թոմսոնը կեղծել է Մովսես Խորենացու թերևս ամենից հաճախ հիշատակվող՝ զանազան

_____________________________

257 Վերջերս անգլերենին անձնապես չտիրապեւոող հայաստանցի պատմաբաններ Պ. Մուրադյանը և Վ. Բարխուդարյանը, հավանաբար հենվելով սփյուռքահայ անգլախոս մասնագետների կարծիքի վրա, դարձյալ «գերազանց» որակեցին Թոմսոնի կատարած Խորենացու թարգմանությունը՝ տե՛ս Գագիկ Խորենի Սարգսյան: Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության. Համար 47, Երևան (ՀՀ ԳԱԱ Ֆունդամենտալ գիտական գրադարան), 1998, էջ 21. 39:

[էջ 137]

հանդիսավոր առիթներով կրկնվող, գրքերի, դասագրքերի և հոդվածների բնաբան ծառայող հետևյալ խոսքը.

Զի թէպէտ և եմք ածու փոքր, և թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, և զորութեամբ տկար, և ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ՝ սակայն բառում գործք արութեան գտանին գործեալ և ի մերում աշխարհիս, և արժանի գրոյ յիշատակի258:

Ահա և Թոմսոնի թարգմանությունը.

For although we are a small country and very restricted in numbers, weak in power, and often subject to another's rule, yet many manly deeds have been performed in our land worthy of being recorded in writing259.

Առավել պարզ լինելու համար, այս հատվածը վերաթարգմանենք արդի հայերենի, համեմատելով այն հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն վերջին թարգմանությունների հետ (սրանք երեքն էլ բնագիրը հիմնականում հարազատ են վերարտադրել).

Թոմսոն.

Որովհետև թեպետ մենք փոքր երկիր ենք և շատ սահմանափակ թվով և ուրիշի իշխանությանը հաճախ ենք ենթակա, բայց և այնպես մեր հողի վրա էլ տղամարդկության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի (ընդգծումներն իմն են և վերաբերում են բնագրից Թոմսոնի կատարած շեղումներին՝ Ա. Ա.):

_____________________________

258 Տե՛ս Մովսէս Խորենացի. Պատմութիւն Հայոց: Քննական բնագիրը և ներածությունը Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի: Լրացումները Ա. Բ. Սարգսեանի. Երևան, ԳԱ, 1991 (Նմանահանություն Տփղիսի 1913 թ. հրատարակությունից). Գիրք Ա, Գլուխ Գ, էջ 10:
259 Moses Kborenats'i, History of the Armenians, op. cit., p. 69.

[էջ 138]

Մալխասյանց.

Որովհետև թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի260:

Սարգսյան.

Ибо хотя мы и небольшая грядка, и числом очень ограничены, и обделены могуществом, и многократно бывали покорены другими государствами, но ведь и в нашей стране свершено много подвигов мужества, достойных быть письменно увековеченными.261

Մահե.

En effet, quoique nous ne soyons qu'une petite nation, d'un -nombre limite, d'une force restreinte, et bien des fois soumise a une royaute etrangere, il se trouve que beacoup d'actes de vaillance ont ete accomplis dans notre pays, dignes d'etre rappeles par ecrit.262

Թոմսոնի շեղումները բնագրից նշանակալից են.

1. Թոմսոնը թարգմանել է «ածու փոքր»ը ոչ թե բառացիորեն (անգլերեն համարժեքն է՝ «a small garden bed») կամ «փոքր ազգ», որ թերևս առավել մոտ է բնագրի իմաստին, այլ «փոքր երկիր» (a small country): Իրականում՝ Հայաստանն այ-

_____________________________

260 Տե՛ս Մովսես Խորենացի. Պատմություն հայոց: Թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները ակադ. Ստ. Մալխասյանցի: Երևան, «Հայաստան», 1968, էջ
261 Мовсес Хоренаци. История Армении. Перевод с древнеармянского языка, введение и примечания Гагика Саркисяна. Ереван, "Айастан", 1990, с. 7.
262 Moise de Khorene, Histoire de l'Armenie. Nouvell Tr. (1993), op. cit., p. 106.

[էջ 139]

սօր է փոքր երկիր, սակայն hանրաhայտ փաստ է, որ նույն Հայաստանը hին և միջին դարերում Մերձավոր և Միջին Արևելքի հզոր և մեծ պետություններից մեկն էր, իսկ Կովկասյան տարածաշրջանում՝ անվիճելիորեն ամենահզորը։ Հիշենք ընդամենը մեկ պերճախոս վկայություն: Մ.թ. 1-ին դարի սկզբին հռոմեացի հեղինակ Պոմպեոս Տրոգոսը գրում էր.

Չի կարելի լռությամբ անցնել այդպիսի մեծ թագավորության կողքից ինչպիսին է Հայաստանը, քանի որ նրա սահմանները, Պարթևստանից հետո, իրենց ընդարձակությամբ գերազանցում են բոլոր մյուս թագավորությունների սահմաններն, ընդ որում Հայաստանը Կապադովկիայից մինչև Կասպից ծովը 1,100,000 քայլ տարածություն ունի, իսկ լայնքով նրա երկարությունն է 700,000 քայլ 263:

Բնական է, ուրեմն, որ հայերը, անգամ լիակատար անկախության բացակայության ժամանակներում, իրենք էլ անխուսափելիորեն և հրաշալիորեն պետք է գիտակցեին Հայաստանի մեծությունը և անգամ մեծապետականությունը: Մերկախոս չլինելու համար, հիշենք մի քանի դրվագ 5-րդ դարի հեղինակներ Եղիշեից ու Ղազար Փարպեցու երկերից.

Ղազար Փարպեցի.

ա. ...[ Պարսից և Հունաց թագավորները] զմեծ զաշխարհս Հայոց՝ բաժանեալ ծառայեցուցին.

բ. ...ժողովուրդքն այսպիսի մեծ աշխարհի [ինչպիսին Հայաստանն է].

գ. օտար մարզպանն որ երթայ յաշխարհն Հայոց՝ աշխարհն մեծ է, յամս երկուս և երիս հազիվ կարէ ճանաչել նախ զիրս աշխարհին, զդիւրն և զդժուարն, ապա զմարդիկ աշխարհին264:

_____________________________

263 Տե՛ս Հայ ժողովրդի պատմության. Հ. 1. Երևան, 1971, էջ 707: Այսւոեղ 1,100,000-ը սխալմամբ թարգմանվել է իբրև «տասնմեկ հազար քայլ», հմմտ. նույն էջի 8-րդ ծանոթագրության մեջ զետեղված լատիներեն բնագրի հետ:
264 Տե՛ս Ղազար Փարպեցի. Պատմութիւն Հայոց: Թուղթ առ Վահան

[էջ 140]

Եղիշե.

Եվ մինչ [մոգերը] չև հասեալ էին մեծ աշխարհն Հայոց...265։

Այս վկայությունները, որ Թոմսոնին պետք է շաւո լավ ծանոթ լինեն (ինչպես վերն ասացինք, նա հետագայում թարգմանել է նաև Ղազար Փարպեցու և Եղիշեի հիմնական երկերը), բավարար են փաստելու համար, որ Մովսես Խորենացու «ածու փոքր» պատկերավոր խոսքը ոչ մի կերպ հնարավոր չէ թարգմանել «փոքր երկիր», այլ պետք է պահպանել բնագրային տարբերակը այնպես, ինչպես այն գրվել է: Այլապես, յուրաքանչյուր թարգմանիչ կարող է այն թարգմանել իր ցանկացած ձևով, օրինակ՝ «.փոքր ազգ» (այսպես են վարվել մի շարք թարգմանիչներ, այդ թվում Ժ.-Պ. Մահեն), «փոքր բանակ», «փոքր քաղաքակրթություն», «փոքր դաշտ», կամ էլի ինչ-որ փոքր բան: Ի դեպ, այս ամենը գիտակցելով, Մովսես Խորենացու Պատմության հայերեն և ռուսերեն վերջին թարգմանությունների մեջ, «թէպէտ և եմք ածու փոքր»ը հստակ և ճիշտ թարգմանվել է իբրև «թեպետ մենք փոքր ածու ենք» ու «хотя мы и небольшая грядка»266.- Բացառված չէ, որ Թոմսոնն ընկել է «Հայկազյան բառարանի» ազդեցության տակ, որտեղ ևս այս հատվածն սխալ է ներկայացված, իբրև «ազգ սակավաթիվ, փոքր աշխարհ»267. Սակայն, պակաս հավանական չէ նաև այն, որ Թոմոսնը «փոքր ածուն» «փոքր երկրի» վերածած լինի մտածված կերպով՝ թուրքական պատմագրության իր որդեգրած սկզբունքների համաձայն:

_____________________________

Մամիկոնեան: Երևանի Համալսարանի հրատ., 1982, էջ 26, 30, 430:

265.Եղիշե. Վարդանի և Հայոց պատերազմի մասիս: Թարգմ. և ծանոթագրությունները Ե. Տեր-Մինասյանի. Երևանի Համալսարանի հրատ., 1989, էջ 102:
266 Տե՛ս Մովսես Խորենացի. Պատմություն հայոց: Թարգմանությունը Ստ. Մալխասյանցի, նշվ. աշխ., Էջ 70: Мовсес Хоренаци. История Армении. Перевод Гагика Саркисяна, с. 7.
267 Նոր բառգիրք հայկազեան լեզուի: Վենետիկ, Uբ. Ղազարի տպարան, 1836, Էջ 21:

[էջ 141]

2. Բնագրի «ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ»ը Թոմսոնը վերածել է սոսկ «հաճախ ուրիշի իշխանությանը ենթակա» (often subject to another's rule).- Այս դեպքում նա արել է իմաստային երկու ծանրակշիռ աղավաղում.

ա) նախ՝ նա պարզապես դուրս է նետել «օտար թագավորությունների տակ նվաճված» արտահայտությունը. սրանով նա ոչնչացրել է բնագրի այս հատվածի իմաստային կարևոր շերտը՝ Հայաստանի թագավորության հականիշային ենթաիմաստը. «այլ թագավոըություններ»ը նվաճել էին ոչ թե սոսկ հայերով բնակեցված մի երկիր, այլ Հայաստանի թագավորությունը, հայկական պետությունը։

բ) Դուրս նետելով Մովսես Խորենացու բառերը՝ Հայաստանի քանիցս նվաճված լինելու մասին, Թոմսոնն արդյունքում ստացել է, որ հայերը եղել են «հաճախ ուրիշի իշխանության ենթակա», այն էլ՝ ինչ-ինչ անհայտ պատճառներով: Այնինչ Պատմահոր այս պարզ շարադրած հատվածի ճիշտ անգլերեն թարգմանությունը պետք է լիներ այսպես՝ «We... many times have been conquered by foreign kingdoms».- Եվ այսպես՝ Թոմսոնի թարգմանության մեջ ամբողջությամբ վերացված է բնագրում շատ հստակ արտահայտված այն միտքը, որ Հայաստանի թագավորությունը նվաճվել է բռնի ուժով այլ պետությունների կողմից;

Կարելի՞ է արդյոք Թոմսոնի կառուցած այս՝ «մենք... հաճախ ենք ուրիշի իշխանության ենթակա» բառաշղթան պատահական վրիպում համարել: Այս կապակցությամբ տեղին է դարձյալ հիշատակել ամերիկացի գիտնական ՜Քլիվ Ֆոսսին, որն ուշադիր քննելով հայոց պատմության հանդեպ թուրքական պատմագրության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները, եկել է այն եզրակացության, որ թուրք պատմաբանները «որպես կանոն, հայերին ներկայացնում են իբրև մեկ ուրիշին ենթակա» (Armenians [were] presented, as usual, as subject to someone else)268: Որքա´ն կզարմանա Ֆոսսը, եթե հանկարծ

_____________________________

268 Clive Foss, "The Turkish View of Armenian History: A Vanishing

[էջ 142]

պարզի, որ իր վստահած ամերիկացի՛ հեղինակը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Թոմսոնը, անում է նույնը, սակայն ո՛չ թուրքական բռի եղանակներով, որոնք արևմտյան փոքրիշատե պատրաստված ընթերցողին կարող են անվստահություն ներշնչել, այլ շատ ավելի «բարձր որակով»՝ պատմական սկզբնաղբյուրը կեղծելով մինչև, այն աստիճան, որ հայերի Պատմահայրն ինքն արտասանի (ընդ որում՝ բառացիորեն) հայոց պատմության հանդեպ թու՛րք պրոպագանդիստների մշակած գլխավոր սկզբունքներից մեկը՝ «մենք... հաճախ ենք ուրիշի իշխանության ենթակա»:

Թուրքական «հայագիտության» հետ վերոհիշյալ նմանությունները թույլ են տալիս վստահությամբ անելու ևս մեկ խիստ կարևոր եզրակացություն. Թոմսոնը (ինչպես և վերը քննված Սյունին և Ընկ.) ունեցել են միևնույն, ընդհանուր և, ամենայն հավանականությամբ՝ գրավոր հանձնարարական-աղբյուրները, ինչ որ թուրք պատմաբանները: Այդպիսի աղբյուր-հանձնարարական ծառայելու նպատակով է գրվել և անգլերեն թարգմանվել էսաթ Ուրասի վերոհիշյալ գիրքը, սակայն, անշուշտ, եղել են (ու, թերևս, կան) այլևայլ նույնանպատակ գրավոր նյութեր ևս:

3. Թոմսոնը «գործք արութեան»ը թարգմանել է իբրև «տղամարդկային գործեր» (manly deeds), այլ ոչ թե առավել համապատասխանող «քաջության, անվեհերության, խիզախության գործեր» բառերով (անգլերենում հնարավոր են բազմաթիվ տարբերակներ, օրինակ՝ valiant deeds, deeds of valor կամ deeds of bravery): «Տզամարդկայնություն» բառը «քաջություն» իմաստը պարունակող հոմանիշներից, թերևս, ամենաթույլն է: Ուստի, բնական է, որ Թոմսոնը պետք է նախընտրեր պակաս ուժգին հնչողություն ունեցող հոմանիշը, որպեսզի՝ իր պատվիրատուների առաջադրանքներին և ճաշակին համապատասխան, փորձեր հնարավոր չափով նսեմացնել հայերի ազգային արժանիքները: Սակայն, Թոմսոնն ինքն էլ

_____________________________

Nation," op. cit., p. 263.

[էջ 143]

հենց բացահայտել է իր սխալը, երբ նույն գրքի մեջ՝ առաջաբանում, նույն հատվածն անզգուշորեն թարգմանել է ճիշտ՝ valiant deeds269։

Վերջում առաջարկում ենք այս հանգուցային նշանակություն ունեցող հատվածի՝ առավել ճշգրիտ անգլեր են ամբողջական թարգմանությունը.

Although we are a small garden bed, quite limited in numbers and weak in power, and many times have been conquered by foreign kingdoms, yet many deeds of bravery can also be found to have been done in our realm which are worthy of written remembrance.

Բ. «Արանց կացեալ գլուխ» հատվածը

Մովսես Խորենացու երկում կա մի հատված, որ, ի թիվս նմանատիպ այլ տեղիների, շեշտակիորեն ընդգծում է Հայոց մեջ զարմանալիորեն վաղ առաջացած ազգային հստակ ինքնագիտակցության, հայրենասիրության, նույնիսկ՝ ազգայնականության (նացիոնալիզմի) փաստը: Այդ հատվածը վերաբերում է մ.թ.ա. 6-րդ դարի հայ թագավոր Տգրան Երվանդյանին, որը, ըստ Պատմահոր.

Արանց կացեալ գլուխ և արութիւն ցուցեալ՝ զազգս մեր բարձրացոյց, և զընդ լծով կացեալս՝ լծադիրս և հարկապահանջս կացոյցբազմաց ...270

Թոմսոնը թարգմանել է.

He was supreme among men and by showing his valor he glorified our nation. Those who had been under a yoke he put in a position to subject and demand tribute from many.271

_____________________________

269 Moses Khorenatzi, History of the Armenians, op. cit., p. 56.
270Մովսէս Խորենացի. Պատմութիւն Հայոց. Ա. ԻԴ, էջ 72:
271 Moses Khorenats'i, History of the Armenians, op. cit., p. 113.

[էջ 144]

Դարձյալ՝ վերաթարգմանելով այս հատվածը հայերենի՝ համեմատենք այն հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն (երկուսն էլ բնագրին հարազատ են) վերջին թարգմանությունների հետ.

Թոմսոն՝

Նա գլխավորն էր տղամարդկանց մեջ՝ և ցույց տալով քաջություն՝ փառաբանեց մեր ազգը։ Նրանց, ովքեր լծի տակ էին, նա կարգեց շատերի վրա վերադաս և հարկ պահանջող:

Մալխասյանց՝

Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ լծի տակ էինք,դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ 272։

Սարգսյան.

Отважно возглавив мужей, он возвысил наш народ и нас, угнетённых, сделал угнетателями, налагающими дань на многих.273

Մահե.

Sans egal parmi les hommes et montrant partout son courage, il eleva haut notre nation. Nous qui etions sous le joug, il nous mit en etat de subjuguer et de rendre tributaires de nombreux peuples.274

Արդ, Խորենացու բնագրի համեմատ Թոմսոնն արել է երեք իմաստափոխիչ շեղում.

_____________________________

272 Տե՛ս Մովսես Խորենացի. Պատմություն հայոց։ Թարգմ. Ստ. Մալխասյանցի, նշվ. աշխ., էջ 111:
273 Мовсес Хоренаци. История Армении. Перевод Гагика Саркисяна, с. 39.
274 Տե՛ս Moise de Khorene, Histoire de l'Armenie. Nouvell Tr., op. cit., p. 142.

[էջ 145]

ա) նա անհարկի կերպով բաժանել է Խորենացու մեկ նախադասությունը երկու մասի: Նույն սխալը թույլ է տվել նաև Մահեն, որի թարգմանությունը, սակայն, ընդհանուր առմամբ, ճշգրիտ է.

բ) «բարձրացոյց»ը թարգմանել է իբրև "glorified = «փառաբանեց», «մեծարեց», այնինչ միակ ճիշտը կլիներ՝ "raised" կամ "lifted up" = «բարձրացրեց».

գ) ամենանշանակալից շեղումը, կամ, ավելի ճիշտ՝ բացահայտ կեղծիքն այն է, որ Թոմսոնը Խորենացու «մենք»ը, տվյալ դեպքում՝ հոլովված ձևը՝ «մեզ» (հայց. հոլով), վերածել է «նրանք»ի: Արդյունքում՝ այս կարևոր հատվածի ենթաիմաստները, դառնալով խրթին և անորոշ, մեծապես մթագնել են275: Մասնավորապես, և՛ արևմտյան, և՛ խորհրդային ազգաբանությունը (էթնոլոգիան) վաղուց է, ինչ բացահայտել և մանրամասն պարզաբանել են «մենք-նրանք» կամ «մերխումբ-նրանցխումբ» (wegroup-theygroup) բանաձևի գիտակցման վճռորոշ նշանակությունը ազգային ինքնագիտակցության առաջացման և զարգացման գործում276: Բացի այդ, ըստ, օրինակ, սոցիոլոգիայի ամերիկյան մի բառարանի, «մենք»ի հստակ գիտակցումը որևէ խմբի մեջ, նշանակում է, որ այդ խմբի անդամները միմյանց և իրենց խմբի նկատմամբ «կառավարվում են հավատարմության, նվիրվածության, համակրանքի, հարգանքի և համագործակցության ըմբռնումներով, ինչպես նաև ունենում են հպարտության և ընտրվածության որոշակի պատկերացումներ»277։ Բնականաբար, Թոմսո-

_____________________________

275 Այդ ենթաիմաստների համառոտ քննությունը տե՛ս Գագիկ Սարգսյան. Ինքնորոշում և կողմնորոշում, նշվ. աշխ., էջ 90-91:
276 Տե՛ս, օրինակ, Б. Ф. Поршнев. Социальная психология и история. Москва, 1966, сс. 78-84, 103-111; David L. Watson, Gail deBortali-Tregerthan and Joyce Frank, Social Psychology: Science and Application (Scott, Foresman, and Company, 1984), pp. 195-198.
277 Տե՛ս Henry Pratt Fairchild, ed., Dictionary of Sociology (Westport, Connecticut: Greenwood Press, 1970), p. 135.

[էջ 146]

նին չպետք է դուր գար հայերի մասին նմանօրինակ եզրակացությունների հանգեցնող՝ Խորենացու այս թափանցիկ հաղորդումը, քանզի նա և իր թիմակիցները ներկայացնում են հայոց ազգային բնավորությունը իբրև անմիաբանության, անհավատարմության, անազնվության մի թանձրույթ:

Ուստի և՝ Թոմսոնը Խորենացու «մենք»ը վերաձևել է «նրանք»ի և դրանո´վ իսկ աղճատել է Պատմահոր այս հաղորդման տարողունակ իմաստը, որ փաստում է հին ժամանակներում հայերի ազգային համախմբման և կայուն ազգային ինքնագիտակցության անսովոր բարձր մակարդակը: Թոմսոնի վայ-թարգմանությունից անգլախոս ընթերցողը կարող է նույնիսկ մտածել, թե խնդրո առարկա հատվածում Մովսես Խորենացին խոսում է ո´չ թե ազգամիջյան, այլ միջդասակարգային հարաբերությունների մասին, մանավանդ, որ պիտի ծանոթ լինի Աստվածաշնչում նույն երրորդ դեմքով գրված հանրահայտ ու նմանակառույց հատվածին՝ «Շատ առաջիններ պիտի վերջին լինեն, և վերջիններ՝ առաջին»278:

Ընդ որում, Թոմսոնն ինքն էլ է զգացել, որ խնդրո առարկա հատվածի իր «թարգմանությունը» խիստ թերի և խոցելի է, ուստի և փորձել է ինքն իրեն ապահովագրել, ծանոթագրելով, թե «ընդ լծով»ը և «լծագիր»ը իբր դժվար է թարգմանել անգլերենի: Որպեսզի ցույց տանք, որ անգլերենի կարողություններն ամենևին էլ այդքան համեստ չեն, ստորև առաջարկում ենք այդ հատվածի մեր թարգմանությունը.

Taking his place at the head of his men and demonstrating his courage, he raised up our nation, and put us, the once subjugated, in a position to subjugate the many and exact tribute from them.

Արդ, եթե վերոբերյալ երկու իմաստալից հատվածներում Թոմսոնն ակնհայտ միտումով այդ աստիճան աղավաղել է բնագիրը, ապա պարզ է, թե որքան չնկատված շեղումներ կան

_____________________________

278 Մատթէոս, ԺԹ 30, Ի 16. Մարկոս, Ժ 31. Ղուկաս, ԺԳ 30:

[էջ 147]

նրա ամբողջ թարգմանության մեջ։ Սակայն, այստեղ բավարարվենք թերևս այսքանով:

Ինչպե՞ս է Թոմսոնը 1978 թ. հետո անդրադարձել Մովսես Խորենացու «Հայոց պատմությանը» և Հայաստանից իր հասցեին ուղղված քննադատությանը: Շատ պարզ, ոչ էլ անդրադարձել է, կարծես իր դեմ բերված ոչ մի փաստարկ էլ չկա ու չի կարող լինել, այլև՝ ինքը Խորենացու հետ իր հաշիվները փակել և անցել է մյուս հեղինակների «քննությանը»: Մինչդեռ 1978 թ. հետո խորենացիագիտությունը լրացուցիչ ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերեց Պատմահոր «Հայոց պատմության» տեղեկությունների չափազանց բարձր արժանահավատության և 5-րդ դարում գրված լինելու վերաբերյալ: Անդրադառնանք միայն մի փայլուն հայտնագործության:

1989 թ. հրապարակված մի հոդվածում279, վաստակաշատ բանասեր Արտաշես Մաթևոսյանը մասնագետների ուշադրությունը հրավիրեց հայոց հնագույն թղթե ձեռագրում զետեղված մի «ժամանակագրության» վրա, որ, ինչպես պարզվեց նրա քննությամբ, 584 թ. հեղինակել էր Մշո Ս. Կարապետ վանքի առաջնորդ, Հայոց տոմարի կարգող Աթանաս Տարոնացին (ժամանակագրությունը զետեղված է 981 թ. գրված հայերեն հնագույն թղթե ձեռագրի մեջ)280: Մաթևոսյանն ապացուցեց, որ, իր «ժամանակագրությունը» կառուցելիս, Տարոնացին որպես սկզբնաղբյուր առատորեն օգտագործել էր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», «որից քաղված 74 պատմական վկայություններից 55-ը վերաբերում են հայ իրականությանը, 7-ը՝ պարսկական թագավորներին, 12-ը՝ ...հռոմեա-

_____________________________

279 Տե՛ս Ա. Մ. Մաթևոսյան. Մովսես Խորենացին և Աթանաս Տարոնացու ժամանակագրությունը. — Պատմա-բանասիրական հանդես, 1989, No. 1, էջ 220-234:
280 Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 2679: Այս մատյանը նորերս հրատարակվեց նաև նմանահանությամբ, տե՛ս Մատեան գիտութեան եւ հաւատոյԴավթի քահանայի: Նմանահանությունը տպագրության պատրաստեց և աշխատասիրեց Արտաշես Մաթևոսյանը. Երևան, «Նաիրի» հրատ., 1995:

[էջ 148]

կան կայսրերին»281: Այսպիսով, ինչպես իրավացիորեն նշում է Մաթևոսյանը, Աթանաս Տարոնացու մատենագրական երկը, դառնում է Մովսես Խորենացու՝ Ե դարի անսասան "տեղաբնիկության" ազնիվ վավերագիրը: Եվ ոչ միայն Խորենացու "Հայոց պատմության" օգտագործմամբ, այլ նաև Պատմահոր վերաբերյալ եզակի վկայությամբ: Խորենացու Պատմությունից քաղած վերջին վկայությունից հետո... գրված է. "ՆՀԴ (474) Մովսէս Խորենացի փիլիսոփա և մատենագիր": ՆՀԴ - 474 թ. պետք է լինի Մովսես Խորենացու "Պատմություն Հայոց Մեծաց" երկի ավարտման թվականը, քանի որ այն չի կարող լինել Խորենացու ո´չ ծննդյան (նա Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից է), ո´չ էլ մահվան (Սամվել Անեցին նրան հիշատակում է 492 թ. շարականներ հորինելու առթիվ) թվականը:... Աթանասի նշած 474 թ. համընկնում է Խորենացու Պատմության ավարտման վերաբերյալ ուսումնասիրողների բանասիրական քննությունների եզրահանգումներին, որոնց առաջարկները տատանվում են 470—482 թթ. միջև : Աթանաս Տարոնացին վերջ է տալիս այդ տատանումներին: Մովսես անվան կողքին ավելացնելով Խորենացի մականունը, "փիլիսոփա" կոչման կողքին՝ "մատենագիր" մակդիրը, ամբողջացնում է անձը և տեղավորում ժամանակագրության մեջ նրա խոշորագույն Մատյանի ավարտման՝ 474 թ. դիմաց, երբ տեղի է ունեցել Խորենացու բառերով՝ "Ավարտումն... պատմութեան Հայոց Մեծառ"282:

Միթե՞ Թոմսոնը տեղյակ չէ այս փաստերին, միթե՞ նա չի կարդում աշխարհիս լավագույն հայագիտական պարբերական «Պատմա-բանասիրական հանդես»ը: Եթե իրոք չի կարդում, ապա լիակատար հայագետ համարվելու. հավակնությունը չպետք է ունենա: Սակայն, Ա. Մաթևոսյանի հայտնագործությանը նա իրազեկ է, քանզի 1992 թ. մայիսին Նյու- Յորքում կայացած գիտաժողովի ժամանակ անձամբ է ունկնդրել հայաստանցի գիտնականի՝ այս հարցին նվիրված զեկուցումը:

_____________________________

281 Նույն տեղում, Էջ 225:
282 Տե՛ս անդ, Էջ 226:

[էջ 149]

Բացի այդ, Ա. Մաթևոսյանի նույն ուսումնասիրությունը, իբրև հավելված, վերահրատարակվել է 1995 թ. լույu տեսած նրա մի մենագրության մեջ283, որը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Թոմսոնին հասել է:

Ավելացնենք միայն այն, որ Խորենացուն 8-րդ դար տեղաշարժելու ջանքերը ի չիք դարձնող այս իրողությունը միակը չէ: Կան նաև 5-7-րդ դարերի րնթացքում՝ գրված՝ Խորենացուն և նրա երկը հիշող ու այնտեղից փաստական նյութ քաղող, բազմաթիվ այլ վկայություններ284, որոնք Թոմսոնի և նրա հավատակիցների կողմից պարզապես անտեսվում են՝ կարծես գոյություն էլ չունեն: Այսպես, 1996 թ. լույս տեսած իր հերթական թարգմանություններից մեկի առաջաբանում, ձևացնելով, թե անտեղյակ է վերոհիշյալ փաստերին, Թոմսոնը դարձյալ գրեց՝ «Մովսես Խորենացուն ոչ ոք չի մեջբերում մինչև 10-րդ դարը՝ մինչև որ այդ անում է Թովմա Արծրունին» (Moses Khorenac'i is not quoted until the tenth century — by Thomas Arcruni)285 Այս ասելով, Թոմսոնը ևս մեկ անգամ պարզեց, որ պատմական փաստերն իր համար որևէ նշանակություն չունեն:

Այսքանից հետո պետք է խիստ անհամաձայնություն հայտնենք Հայաստանի ակադեմիական շրջանակներում տարածված այն մտայնությանը, թե մենք չպետք է թշնամական (այս բառից ևս չենք խուսափելու) դիրքորոշում բռնենք Թոմսոնի և նրա թիմի հանդեպ: Օրինակ, թոմսոնների հետ բարե-

_____________________________

283 Տե՛ս Արտաշես Մաթևոսյան. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» չորրորդ գիրքը. Երևան, Մատենադարան, 1995, Էջ 205-222:
284 Տե՛ս անդ, Էջ 226-232, ծնթ. 36. տե՛ս նաև Պարույր Մուրադյան. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրական հետքերը 6-7 դարերի երկերում. — էջմիածին, 1992, Զ-Է, էջ 85-98: Г. X.Саркисян, "Моисей Хоренский и Давид Непобедимый (опыт установления источниковедческой связи)" Кавказ и Византия (АН АрмССР, Ин-т востоковедения). -1979. - Вып. 1, с. 67-72.
285 Տե՛ս Rewriting Caucasian History. The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles. Translated with introduction and commentary by Robert W. Thomson (Oxford: Clarendon Press, 1996), p. XXX.

[էջ 150]

կամական հարաբերությունների պահպանման ջատագովներից մեկը՝ անվանի կովկասագետ Պարույր Մուրադյանը նախ արդարացիորեն նշում է, թե՝ «գիտության, մանավանդ բնագրագիտության նորմերով ու մեթոդներով առաջնորդվող հետազուոողի համար այլևս տարակուսելու հնարավորություն և առիթ չպիտի լինի» Խորենացու 5-րդ դարում ապրելու և ստեղծագործելու փաստը, ապա տեղնուտեղն էլ ավելացնում՝ «Բայց այդ ամենևին չի նշանակում, թե պիտի բանադրել Խորենացու քննադատությամբ պարապողներին»286։ Ահա այսպիսի «ճկուն» տրամաբանությունն էլ հենց Խորենացուն ծաղրուծանակի ենթարկողների առջև «կանաչ լույս է վառել»։ Ցավալի փաստն այն է, սակայն, որ այս մտայնության հայաստանցի կողմնակիցները, թեկուզ միայն իրենց՝ անգլերեն չիմանալու հետևանքով, կարգին ծանոթ էլ չեն Թոմսոնի գրածներին։

Զարմանում ենք նաև, որ այս ամենից հետո, ակադ. Գ. Խ. Սարգսյանը կարող էր իբրև խորենացիագիտության ապագա զարգացման «շատ կոնստրուկտիվ ուղղություն» կոչել Թոմսոնի լավագույն ընկեր, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ Ժ.– Պ. Մահեի 1991 թ. արտահայտած հետևյալ միտքը.

...ժամանակավորապես հետաձգենք Խորենացու ժամանակաշրջանի հարցը, շարունակելով հետազոտությունները նրա աղբյուրների ու տեղեկությունների որակի վերաբերյալ։ Հաջողությունները հայ գրականության, ժամանակագրության և, հատկապես, թարգմանության բնագավառում, անկասկած, կհանգեցնեն նաև այդ խնդրի լուծմանը287։

_____________________________

286 Տե՛ս, օրինակ, Պ. Մուրադյան. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրական հետքերը 6-7 դարերի երկերում, էջ 98։
287 Գ. Խ. Սարգսյան. Մովսես Խորենացու «Հայոց պատմությանը» նվիրված աոաջին միջազգային գիտաժողովը (Փարիզ, 1991 թ. հունվարի 25-26). -Պատմա-բանասիրական հանդես, 1991, No. 1 (132), էջ 219։

[էջ 151]

Իսկ մենք անդրադառնալով խորենացիագիտության զարգացման այս «նոր ուղղությանը», նկատենք, որ այն ոչ միայն անհեթեթ է, այլև բոլոր տեսակետներից արատավոր։ Իրականում, հայագետների առանց այդ էլ նոսր ուժերը փորձում են դատապարտել ևս մի քանի հարյուրամյա դեգերումների՝ 100 տոկոսով լուծված և պարզ մի հարցի շուրջը։ Եթե նկատի ունենանք նաև, թե գիտական ինչ բարեխղճություն են ցայժմ դրսևորել թոմսոնները, ապա, կարծում ենք, պարզ կլինի, որ իսկական գիտական բանավեճի մասին խոսք լինել չի կարող, քանի որ թոմսոնները, սյունիներն ու ուրասները անտեսելու են հայագիտության նվաճումները՝ կեղծելով հավերժորեն և միշտ։ Գեթ մի պահ պատկերացնենք, թե ի՞նչ արդյունք կունենայինք, եթե նույնպիսի հանդուրժողականությամբ և կրավորականությամբ մոտենայինք Արցախը «Աղվանք-Ադրբեջանի» անբաժան մաս կազմելու բունիաթովների և մամեդովաների կարծիքին, և կամ՝ թուրք պատմագրության՝ 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսակետներին. չէ՞ որ ցեղասպանության հարցում թուրքերը ևս մեզ առաջարկում են չշտապել, առայժմ եզրակացություններ չանել, այլ փոխարենը ինչ-որ դիվանական պեղումներ կատարել «պարզելու համար», թե ի վերջո եղել է հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ։ Իսկ թե ինչ արդյունք են տալիս թուրքերի դիվանական և այլ կարգի պեղումները՝ շատ լավ հայտնի է. միշտ «պարզվում է», որ ոչ թե հայերն են եղել տուժող կողմը, այլ թուրքերը։ Ինչ վերաբերում է խորենացիագիտությանը, ապա այն Հայաստանում գիտական միանգամայն ուղիղ շավղի վրա է, որի վերջին ծանրակշիռ ձեռքբերումներից այստեղ պարզապես չենք կարող չհիշել Մ. Ս. ՕՀանյանի բառիս բուն իմաստով հեղաշրջիչ ուսումնասիրությունը288։

_____________________________

288 Մ. Ս. Օհանյան. Մար Աբասյան աղբյուրի ծագումը և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը». -- Պատմա-բանասիրական հանդես, 1996, No. 1-2 (143-144), էջ 295-310։

[էջ 152]

Բացի հայաստանցի մասնագետների ցուցաբերած կրավորական վերաբերմունքից, ժամանակին մեկ այլ հանգամանք ևս օգնեց Թոմսոնին պարտադրելու իր խեղաթյուրումները գրեթե ամբողջ արևմտյան ակադեմիական համայնքին ու նաև ամերիկահայությանը: Բանն այն է, որ նրա թիկունքին կանգնեցին ոչ միայն Թոմսոնի թիմակիցները՝ Ն. Գարսոյանը289 և այլոք, որ օրինաչափ էր և սպասելի, այլև՝ ամերիկահայ հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը: Զարմանալի է, որ իրավամբ ինքն իրեն «անձնապես այս նյութի մասնագետը» չհամարող հարգարժան պրոֆեսորը, այդուհանդերձ իրավունք վերապահեց և իր պարտքը համարեց պաշտպանել Թոմսոնի՝ Խորենացուն ստախոս հռչակելու նկրտումները: «Արդարև, -- գրում է Ռ. Հովհաննիսյանը, — Թոմսոնը կհաստատե, թե Խորենացին մեծ առատությամբ կօգտագործե իր ձեռքի տակ ունեցած աղբյուրները և հակառակ այն իրողության, որ ան կհավակնի ըսել; թե ինք կարդացած է այլազան դասական աղբյուրներու բնագրերը, իրականության մեջ, սակայն, այդ բնագրերու հայերեն թարգմանություններուն ծանոթ է միայն»290։ Ըստ Հովհաննիսյանի՝ Թոմսոնը «իրականության մեջ շատ ավելի կգնահատե հայ դասական հեղինակները, քան ոմանք կենթադրեն», ուստի և անտեղի են «զարմացած և վր-

_____________________________

289 Ինչպես խոստովանում է Գարսոյանը՝ «ես միշտ վստահել եմ իմ գործընկերոջ և ընկերոջ (իմա՝ Թոմսոնի) գիտելիքներին վաղ հայկական և հայրաբանական գրականության մեջ» (տե՛ս, The Epic Histories (Buzandaran Patmutiwnk). Translation and commentary by Nina G. Garsoian. Cambridge, Mass.: Harvard University Press, 1989, p. X): Իր այդ «գործընկերոջ և ընկերոջ»ը հետևելով էլ, Գարսոյանը Մովսես Խորենացուն «պատմական լուրջ աղավաղումներ ներմուծելու» մեջ մեղադրելուց չի զլանում (introducing serious historical distortions), տե՛ս նույն տեղում, pp. 44-45.
290Ռիչարդ Հովհաննիսյան. Հայ դասական ադբյուրներու թարգմանությունը Միացյալ Նահանգներու մեջ. -- Պատմա-բանասիրական հանդես, 1987, No. 1, էջ 110: Այս հոդվածը նախապես զեկուցվել էր Երևանում կայացած Միջնադարյան հայ գրականությանը նվիրված միջազգային աոաջին գիտաժողովում, 1986 թ. սեպտեմբերին:

[էջ 153]

դոված» բազմաթիվ հայ մտավորականների քննադատություններն առ այն, որ Թոմսոնի վերաբերմունքը Խորենացուն և Եղիշեին հանդիսանում է «չարամիտ քննադատություն մը, սկզբնաղբյուրներու ընթերցանության լուրջ սխալ հասկացողություն մը և ավելին՝ սխալ մեկնաբանություն մը»291: Այսպիսով՝ Ռ. ՀովՀաննիսյանն իր պաշտպանության տակ է առնում Թոմսոնին, հետն էլ վերամբարձ խրատ կարդում Թոմսոնի հայ քննադատներին: Ի՞նչն է ստիպել մեր հայրենասեր ամերիկահայ պատմաբանին հանդես գալու այսպիսի հեղհեղուկ և անհիմն դիրքորոշմամբ: Ինչու՞ է նա՝ գիտական այլ բնագավառում ձեռք բերած իր հեղինակությունը ի սպաս դրել Պատմահորը միտումնավոր անվանարկող Ռոբերթ Թոմսոնի պաշտպանությանը (մանավանդ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ինքը Հովհաննիսյանը, ցավոք, ի վիճակի էլ չէ կարդալու հայկական հին կամ միջնադարյան որևէ սկզբնաղբյուր, ներառյալ՝ Մովես Խորենացու «Հայոց պատմությունը», գրաբար բնագրի վիճակում): Կարծում ենք, այստեղ իրենց բացասական դերն են խաղացել երեք հանգամանք: Առաջինը, մեր համոզմամբ, Թոմսոնի գործունեության նկատմամբ դարձյալ այն հրահրելու աստիճանի հասնող ներողամիտ կեցվածքն է, որ որդեգրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիան: Չմոռանանք, որ Ռ. Հովհաննիսյանի վերոհիշյալ ելույթը նախապես հնչել էր 1986 թ. Երևանում անցկացված Միջնադարյան հայ գրականությանը նվիրված միջազգային առաջին գիտաժողովին ու հե՛նց Թոմսոնի ներկայությամբ և որևէ պատասխանի հայաստանյան գիտնականների կողմից չէր արժանացել;

Երկրորդ հանգամանքը՝ Հովհաննիսյանի, ինչպես նաև բազմաթիվ այլ ամերիկահայերի ինչ-որ տեղ՝ հասկանալի ամերիկյան մեծապետական մտածելակերպն է, ըստ որի, պրոֆ. Հովհաննիսյանը հակված է կարծելու, թե թերևս՝ աշխարհիս ամենահռչակավոր համալսարան համարվելիք ամերիկյան

_____________________________

291 Նույն տեղում, էջ 108-109:

[էջ 154]

Հարվարդում դասավանդող Թոմսոնը, ի վեր ամենայն կասկածանաց, պետք է առավել պատրաստված և հմուտ հայագետ լինի, քան, ասենք՝ Երևանի Մաշտոցյան Մատենադարանում տասնամյակներ շարունակ ձեռագրերի վերծանությամբ և վերլուծությամբ զբաղվող որևէ հայաստանցի մասնագետ: Այս տեսակ մտայնությունը ոչ միայն սխալ է, այլև զավեշտական, քանզի վերջին տասնամյակների ընթացքում, շատ բնականորեն, Հայաստանը՝ եղել է, է´ և և դեռևս մնում է հայագիտության ամենահզոր կենտրոնը: Մինչդեռ, եթե անգամ մի պահ մոռանանք կանխատրամադրված աղավաղումների իրողությունը, ապա Թոմսոնն ու թոմսոնականներն ավելին չեն, քան՝ սոսկ հայագիտական երկրորդական և երրորդական մակարդակի պատրաստություն ունեցող արևելագետներ292։

Երրորդ հանգամանքն էլ կոնֆորմիզմն է, այն է՝ հարմարվողականությունը ամերիկյան միջավայրի պարտադրած պահանջներին: Ռ. ՀովՀաննիսյանի համար բավական դժվար խնդիր պետք է լիներ տարիներ շարունակ ամերիկյան UCLA հեղինակավոր համալսարանի ամբիոններից մեկի ղեկավարությունը, եթե նա հակամարտության մեջ մտներ կուռ շարքերով ու հզոր ուժերի հովանավորությամբ հանդես եկող կեղծ-հայագիտական դպրոցի հետ: Այս տեսանկյունից դիտելու դեպքում հասկանալի են դառնում նաև Ռ. ՀովՀաննիսյանի սերտ համագործակցությունն ու ջերմ հարաբերությունները Ռ. Սյունիի հետ (Սյունիի հակահայկական ընթացքը, մասնավորապես, ցեղասպանության վերաբերյալ նրա

_____________________________

292 Ասածս փաստենք հորդորելով ընթերցելու սոսկ հետևյալ երեք գրախոսությունը. Գ. Տեր-Վարդանյան. «Դանիելի [մարգարեության] հայերեն տարբերակը, աշխատասիրությամբ Պիտեր Ս. Քաուիի». -Պատմա-բանասիրական հանդես, 1993, հմր. 1-2 (137-138), էջ 199-206. Նույնի՝ «Մատենագիտություն հայ մատենագրության՝ մինչև մ. թ. 1500 թ., կազմեց Ռ՝. Վ. Թոմսոն». - Պատմա-բանասիրական հանդես, 1997, հմր. 1 (145), էջ 269-275: Արմեն Մութաֆյան. Գանձեր՝ երկնքի արքայության մեջ. - Յաոաջ, օրաթերթ (Փարիզ), հունիս 18-19, 1994, էջ 2-3:

[էջ 155]

ելույթները, չպետք է գաղտնիք լինեին Հովհաննիսյանի համար, այստեղ գրաբարի իմացություն չէր պահանջվում):

Ինչևիցե, արժեր որ հարգանքի լիովին արժանի պրոֆ. Հովհաննիսյանը հայոց պատմության իրեն անծանոթ ժամանակաշրջանների հարցերի մասին այլևս ելույթներ չունենար և իրեն անհարմար վիճակների մեջ չդներ, կամ էլ՝ նախապես լրջորեն ծանոթանար անհրաժեշտ ամբողջ նյութին:

3.2. Եղիշեի թարգմանության և թվագրության պարագաները

Հայոց վաղ պատմագրության գլուխգործոցը անգլախոս աշխարհին աղճատված վիճակում ներկայացնելուց հետո Թոմսոնը, փաստորեն, որևէ լուրջ հակահարված չստացավ, որից էլ ակնհայտորեն ոգևորվեց և ձեռք զարկեց հայոց ոսկեդարի այլ երկերի նոր հակագիտական «քննություններին» և «թարգմանություններին»: Մովսես Խորենացուն «շարքից հանելուց» հետո, հերթը հասավ հայոց ազատաշունչ և մարտական ոգու մի այլ վկայի՝ Եղիշեին ու նրա «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» հրաշազան ստեղծագործությանը: Կարծում ենք, ընթերցողն այլևս չի զարմանա՝ տեղեկանալով Թոմսոնի արած եզրակացություններին, այն է՝ թե Եղիշեն ևս գիտական էթիկան խախտող մի ոչ-բարոյական կերպար է («թաքցնում է, թե որքան է օգտվել Մակաբայեցիների պատմությունից»)293: Ըստ Թոմսոնի, Եղիշեն ստել է, թե ինքն անձամբ մասնակցել է 450-451 թթ. հայոց ապստամբությանը, իրականում ապրած լինելով «6-րդ դարի վերջին տասնամյակում կամ ավելի

_____________________________

293 Elishe, History of Vardan and the Armenian War. Transl. and commentary by Robert W. Thomson (Cambridge, Mass.: Harvard University Press, 1982), p. 25. Հայաստանիս գրադարններում, ցավոք, չունենք Եղիշեի նույն երկի՝ 1993 թ. նյու-յորքյան վերահրատարակությունը, որտեղ Թոմսոնն ինչ-ինչ ոչ-առանցքային լրացումներ է կատարել (տե՛ս «Revue des Etudes Armeniennes », 1994-1995, Tome 25, p. 460-461):

[էջ 156]

ուշ»294: Անկապ դատողություններ և բանասիրական արհեստական զուգահեռներ անցկացնելուց հետո, Թոմսոնն ու վերջերս նրան կապկած Քաուին հայտարարում են, թե Եղիշեի երկը իբր Ղազար Փարպեցու հաղորդումների գրական րնդարձակ վերամշակում է, այլ՝ ո´չ ականատեսի պատմած295։ Սա այսպես է ասված, որպեսզի ժխտվի Եղիշեի հաղորդած պատմական եզակի արժեք ունեցող տեղեկությունների հավաստիությունը, ինչը և ասածս երկուսն անվարան արել են: Բոլոր այս մեքենայությունների նպատակը շատ պարզ արտահայտված է Քաուիի եզրահանգման մեջ. հետևաբար՝ Եղիշեի զմայլելի [գրական] նվաճումը ճշգրիտ կամ հավաստի քիչ տեղեկություններ ունի տալու հայոց քաղաքական կամ ռազմական պատմության հետազոտողներին:

[In consequence, Elishe's fascinating achievement affords little precise or reliable information to the student of Armenian political or military history.]296

Որքան էլ զարմանալի է, սակայն Եղիշեի՝ Թոմսոնի արած անգլերեն թարգմանությունն ու նրան կից «քննությունը» մեզանում դեռևս չեն գրախոսվել, թեև լույս են տեսել տակավին 1982 թ.: Այդ տարիներին Հայաստանի Ակադեմիան, Մաշտոցյան Մատենադարանը և Պետական Համալսարանը գործում էին շատ ավելի բարենպաստ պայմաններում և, ունենալով 5-րդ դարի հարցերով զբաղվող մի քանի մասնագետ պատմաբաններ, լիովի՛ն ի վիճակի էին անմիջապես կասեցնելու Թոմսոնի և նրա դպրոցի հակահայկական քառատրոփ ընթացքը: Մինչդեռ այժմ, երբ Հայաստանի գիտական համայնքը

_____________________________

294 Elishe, History of Vardan and the Armenian War, op. cit., p. 27.
295 Տե՛ս նույն տեղում, էջ 25-27. հմմտ. Peter S. Cowe, "Elise's Armenian War as a Metaphor for the Spiritual Life," in Jean-Pierre Mahe and Robert W. Thomson, eds., From Byzantium to Iran: Armenian Studies in Honour of Nina G. Garsoian, op. cit., pp. 341-369: on 345, 355.
296 Peter S. Cowe, "Elise's Armenian War, op. cit., p. 355.

[էջ 157]

կիսաքայքայված վիճակում է, հայոց պատմության դեմ Թոմսոնի և նրա արբանյակների կազմակերպած լայնածավալ հարձակման չեզոքացումը շատ ավելի բարդ, թեև լուծելի խնդիր է։

Այստեղ բավարարվում ենք հայագետների ուշադրությունը հրավիրելով Թոմսոնի՝ Եղիշեին քննադատելու հետևյալ մոտեցումների վրա.

ա) Ինչպես և Մովսես Խորենացու քննադատության պարագայում, և´ Թոմսոնը, և´ Քաուին դարձյալ զանց են առել Եղիշեի մասին եղած պատմաբանասիրական ահռելի գրականությունը՝ ընտրովի նշելով միայն իրենց կանխակալ եզրակացություններին համապատասխանող հեղինակներին և նրանց գործերը: Հիմնականում, Թոմսոնը շարունակել է դեռևս 1930-ական-1940-ական թթ. Վիեննայի մխիթարյան միաբանության անդամ Ներսես Ակինյանի որդեգրած ձախող մոտեցումները297, թեև արտաքնապես վերջինիս հետ «անհամաձայնություն» է հայտնում: Ու թեև Թոմսոնը պարտավոր էր նույն «Առաջաբանում» 298 անդրադառնալու հատկապես խոշորագույն եղիշեագետ ու նաև Ակինյանի քննադատ Երվանդ Տեր-Մինասյանի բազմաթիվ ուսումնասիրություններին299, նա այդ բանը չի արել՝ իր ողջ քննության մեջ Տեր-Մինասյանն առհասարակ հիշատակված չէ: Կեղծարարին վայել մի հնարք, որին դիմելու պատճառները միանգամայն պարզ են ու հասկա-

_____________________________

297 Չենք բացառում, որ դեոևս 1920-ական թթ. սկզբին Հայաստանից անօրինական գործունեության (մասնավորապես՝ հայերեն ձեռագրերը արտասահման տեղափոխելու) համար արտաքսված Ակինյանը ևս քաղաքական պատվեր էր կատարում:
298 Elishe, History of Vardan and the Armenian War, pp. 1-53.
299 Եղիշեի մատենագիտությունը տե՛ս Հ. Անասյան. «Մատենագիտություն» (Եղիշէ. վասն Վարդանայ և հայոց պատերազմին, հրատ. Ե. Տեր-Մինասյան, Երևան, 1957, էջ 204-219): Այդ մատենագիտության մեջ չնշված մի շարք հետազոտություններ լրացրել է Պողոս Լևոն Զեքիյանը, տե՛ս նրա «Եղիշեի երկը որպես վաղ հայկական եկեղեցու եկեղեցաբանության վկայություն» հոդվածը. - Էջմիածին, 1990, Ա, էջ 40, ծնթ. 2:

[էջ 158]

նալի, այն է՝ Ե. Տեր-Մինասյանը բառիս բուն իմաստով ջախփախել էր Ակինյանի կառուցած հե՛նց այն շինծու, դրույթները, որոնք Թոմսոնը փորձում է ներկայացնել իբրև, նորույթ: Պատկերացրեք մի հեղինակ, որը պատմագիտական երկ է գրում, օրինակ, Տիգրան Մեծի մասին և. առհասարակ չի անդրադառնում այդ հարցին Հակոբ Մանանդյանի նվիրած կապիտալ մենագրությանը՝ այնտեղ առաջադրված դրույթները հաստատելու, զարգացնելու կամ, ընդհակառակը, հերքելու նպատակով: Այդպես վարվելու դեպքում, առնվազն մի բան հաստատ կլինի. հեղինակը պրոֆեսիոնալ չէ´։ Ճիշտ այսպիսի գնահատականի են արժանի Տեր-Մինասյանի եղիշեագիտական հետազոտությունները շրջանցող Թոմսոնն ու Քաուին:

Ե. Տեր-Մինասյանը ժամանակին շատ ճիշտ էր նկատել Եղիշեի հասցեին ուղղված քննադատության զարգացման ընթացքը.

Այդ քննություններն սկզբում, ԺԹ դարի վերջին և Ի դարի առաջին տասնամյակում, կրում են չափավոր և փոքր ի շատե անաչառ, զուտ բանասիրական բնույթ (Գր. Տ. Պողոսյան, Ն. Ադոնց, Բաբգեն Կյուլեսերյան և այլք), իսկ հետագայում, Խորենացու վերաբերյալ եղած անչափավոր և միտումնավոր քննադատությունների օրինակով, Եղիշեի վերաբերյալ քննադատություններն էլ դառնում են անսանձ, անհիմն, բռնազբոսիկ և նախատական ու հայհոյական արտահայտություններով լի. Եղիշեն էլ հանդես է բերվում իբրև մի գրական կեղծիք, «ամենաթույլ մի մատյան, որ չի կրնար դիմանալ լուրջ քննադատության» (Ն. Ակինյան)300։

Նույն րնթացքը, ուշացած, ժամանակավրեպ, ըստ որդեգրված քաղքականության, ԱՄՆ-ում կրկնվեց 1960-ականներից մինչև. 1990-ականները ընկած ժամանակամիջոցում: Եթե ամերիկյան «հայագիտության» պատրիարք Կ. Թումանովը Ե-

_____________________________

300 «Եղիշեի Վարդանանց պատմությունը»: Թարգմանությամբ, ներածական ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով պրոֆ. դ-ր Ե. Տեր-Մինասյանի: Երևան, Հայպետհրատ, 1946, էջ 16:

[էջ 159]

ղիշեի հարցում դեռևս ստիպված էր րնդունելու (թեև շատ զուսպ ձևով) Ե. Տեր-Մինասյանի և. այլոց փաստարկների ճշմարտացիությունը301, ապա Թոմսոնը, Քաուին և մյուսները պարզապես ձևացրին, թե գիտական այդպիսի գրականություն գոյություն իսկ չունի: Իսկ թե ինչ կարգի անլուրջ պատճառաբանություններ են առաջ քաշել Եղիշեի «Հայոց պատերազմի» արժանահավատության դեմ Ակինյանը և այլոք (այս բնագավառում Թոմսոնն ու Քաուին իրենցից քիչ բան են ավելացրել) կարելի է համոզվել՝ ընթերցելով Ե. Տեր-Մինասյանի րնդարձակ քննադատությունները302։Եղիշեին վերաբերող ուշագրավ բազմաթիվ աշխատությունների շարքում կուզեինք հատուկ հիշատակել վերջերս Վ. Խաչատրյանի հրապարակած մի ուսումնասիրությունը, որտեղ հեղինակը, համեմատական վերլուծության ենթարկելով Ղազար Փարպեցու և Եղիշեի՝ ռազմական պատմությանը վերաբերող հաղորդումները, գրեթե մաթեմատիկական ճշտությամբ ապացուցում է 450-451 թթ. հայոց բանակում Եղիշեի ծառայությունը և նրա տեղեկությունների բացառիկ հավաստիությունը303:

բ) Եղիշեին ևս ստախոս հայտարարելուց հետո, Թոմսոնն ու Ընկ. արդեն հանգիստ անցնում են ամբողջ հայ պատմագրությունը սևացնելու և այն ոչ-հավաստի որակելու աշխատանքին: Ահա թե այս առթիվ ինչ է գրում Թոմսոնը.

Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք դեպքերի նկարագրությունը Եղիշեի կողմից՝ Սասանյանների հալածանքները, դիմադրության շարժման առաջացումը, Ավարայրի պարտությունը, պարտիզանական պատերազմը և այն կանանց

_____________________________

301 Cyril Toumanoff, Studies in Christian Caucasian History, op. cit., p. 17.
302 Առավել ամփոփ տարբերակով տե՛ս «Եղիշեի վարդանանց պատմությունը»: Հայպետհրատ, 1946, էջ 5-91 (Ակինյանին վերաբերող հատվածը էջ 41-91-ում):
303 Տե՛ս В. Н. Хачатрян. "Вопросы военного искусства в книге Егише "О Вардане и войне армянской". -- Լրաբեր հասարակական գիտությունների, 1992, No. 1 (583). էջ 126-139:

[էջ 160]

տոկունությունը, որոնց ամուսինները սպանվել էին կամ բանտարկված էին, արդյո՞ք այս տեղեկությունները իսկապես պատկանում են ժամանակակից ականատեսին, թե՞ դրանք դեպքերից շատ ավելի ուշ գրառած մեկնաբանություն են:

Եղիշեի պնդումը [դեպքերին իր ականատես լինելու մասին՝ Ա. Ա.] չի կարելի հալած յուղի տեղ դնել, քանի որ հայկական Պատմությունները գրված են եղել այն մարդկանց կողմից, որոնք հայտարարում են իրենց ականատես, սակայն ճանաչված են իբրև, ավելի ուշ գրած արտադրանքներ (sic -լեզվա-ոճական անhարթությունը Թոմսոնինն է՝ Ա. Ա.): Այսպես՝ բոլորն են ընդունում, որ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատին դարձի բերելու մասին Ագաթանգեղոսի պատմությունը՝ ամենաշուտը 5-րդ դարի գործ է, այլ ո´չ Տրդատի գրագրի բառացի հաղորդումը: ...«գրագրի» թեման հարմարեցրել են նաև Եղիշեին, որը հայկական ավելի ուշ աղբյուրներում անվանված է Վարդան Մամիկոնյանի քարտուղար:

Մովսես Խորենացու պնդումները իր՝ իբր Մեսրոպ Մաշտոցի աշակերտ լինելու և իր Պատմությունն իբր 5-րդ դարում գրած լինելու մասին հաստատակամորեն պաշտպանվում են Խորհրդային Հայաստանում, սակայն սուտ են ճանաչված վերջին տասնամյակների ընթացքում ԽՍՀՄ-ից դուրս ապրած գրեթե բոլոր գիտնականների մի քանի սերունդների կողմից: Հետևաբար՝ անհնար է ճանաչել Եղիշեի Պատմությունը իբրև 5-րդ դարի երկրորդ կեսի արտադրանք, հենվելով միայն հեղինակի պնդման վրա304։

Պիթըր Քաուին էլ, ավելի ուղղափառ երևալու համար, առաջ անցնելով, հայ պատմիչների երկերն անվանում է «մերձպատմական շարադրանքներ» (parahistorical texts)305, ասել է թե՝ պատմագրությանը հավակնող, սակայն անհավաստի տեղեկություններ պարունակող գործեր:

_____________________________

304 Elishe, History of Vardan and the Armenian War, p. 19.
305 Peter S. Cowe, "Elise's Armenian War, op. cit., p. 345.

[էջ 161]

Այսպիսով, ըստ թոմսոնների՝ Հայաստանը եղել է մշակութային առումով մի Խոպան տարածք, որտեղ ով ինչ ուզենար՝ կգրեր, իրեն ինչ ուզեր՝ կհռչակեր: Ըստ այս անհեթհթ տեսակետի՝ 8-րդ դարում ապրած Մովսես Խորենացին, մի ինչ-որ անհայտ քարանձավում նստած, ինքն իրենից բաներ է մոգոնել Հայաստանի անցյալի մասին, իրեն էլ հռչակել է 5-րդ դարի հեղինակ, իսկ հայ մշակույթի, գիտության, քաղաքական վերնախավի բոլոր ներկայացուցիչները անվերապահորեն հավատացել էին նրա այդ ստերին:

Այսպիսի մոտեցումները հայոց պատմագրությանը ինքնին ապապատմական են, քանզի իրականում հին և. միջնադարյան Հայաստանի մշակութային դաշտը չափազանց զարգացած է եղել, ունեցել է գիտակրթական ներդաշնակ և խիտ համակարգ, որը համախմբում էր տասնյակ խոշոր և հարյուրավոր միջին ու մանր կենտրոններ (րնթերցողին մոտավոր պատկերացում տալու համար հայոց դպրության րնդգրկումների մասին, ասենք, որ, ըստ ոչ-ավարտուն հաշիվների, հայտնի է հայկական մատյանների 1500-ից ավելի գրչության կենտրոն 306): Հետևաբար, Մովսես Խորենացու և Եղիշեի՝ իրենց և. իրենց ապրած ժամանակի մասին արած հստակ հաղորդումները ինքնին ծանրակշիռ փաստ ու փաստարկ են: Եթե նրանց այդ հաղորդումները կեղծ լինեին, ապա ժամանակին անմիջապես կկանխվեին հե´նց հայոց միջավայրում՝ նախքան 19-20-րդ դարերում բանասեր գերքննադատների կամ ավելի ուշ թոմսոն-քաուիների լույս աշխարհ գալը: Մինչդեռ, հայոց հին և. միջնադարյան վիթխարի դպրությունն ու մատենագրությունը ոչ միայն պաշտպանել են Խորենացու և Եղիշեի 5-րդ դարին պատկանելությունը, այլև, լրացուցիչ կենսագրական մանրամասնություններ են հաղորդել այս երկու մեծ այրերի մասին: Այս առումով առավել ուշագրավ է, որ Մովսես Խորե-

_____________________________

306 Տե՛ս Օ. Եգանյան, Ա. Զեյթունցյան, Փ. Անթաբյան. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի: Հ. Ա, Երևան, ԳԱ, 1984, էջ Թ:

[էջ 162]

նացուն համարել են «պատմահայր», «երանելի փիլիսոփա», «ճարտասան», «մատենագիր», «քերթող, քերթողահայր»: Ինչպես արդարացիորեն նկատվել ու մանրամասն պատճառաբանվել է, այս որակավորումները հաճոյախոսություններ չեն, այլ՝ սրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է Խորենացու իրական վաստակը տարբեր բնագավառներում՝ բացի պատմագրությունից, նաև քերականության, փիլիսոփայության, աշխարհագրության, ճարտասանական արվեստի մեջ307։ Նույնը լիովին վերաբերում է նաև Եղիշեին308:

Մովսես Խորենացին և Եղիշեն իրենց հանճարեղ երկերով բացահայտվում են նախ և առաջ իբրև բարոյական ամենաբարձր առաքինություններով օժտված անհատներ: Մի՞թե նրանց ստեղծագործություններն իսկ լավագույն ապացույցը չեն նրանց բյուրեղյա ազնիվ կերպարի: Մի՞թե պարզ չէ, որ այդպիսի մարդիկ ստախոսությամբ չէ, որ պարապել են: Նաև այս պատճառով՝ նրանց երկերում եղած ինքնակենսագրական մանրամասնություններն ունեն հավաստիության ամենաբարձր աստիճան: Այս առումով տեղին է հիշել գերմանացի թատերագիր Ֆրիդրիխ Գեբբելի արդարացի խոսքը՝ «Յուրաքանչյուր գրող գրում է իր ինքնակենսագրությունը»309։ Սակայն, այսպիսի տրամաբանություն պահանջել Թոմսոնից և նրա կարգի այլ «հայագետներից» անհույս գործ է, քանզի սրանց ըմբռնումներն ու պատկերացումները հայ պատմագրության, ինչպես և ամբողջ հայ ազգի մասին ճիշտ հակառակն են: Ի դեպ, Թոմսոնն ինքն էլ հենց քաշել է Հայաստան-

_____________________________

307 Մանրամասն տե՛ս Ա. Մ. Մաթևոսյան. Մովսես Խորենացին և Աթանաս Տարոնացու ժամանակագրությունը. -- Պատմա-բանասիրական հանդես, 1989. հմր. 1, էջ 226-230. հմմտ. Պ. Մուրադյան. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրական հետքերը 6-7 դարերի երկերում, էջ 98:
308 Եղիշեի կենսագրությանն ու մահվանը վերաբերող արժեքավոր նշխարներ ևս պահպանվել են. տե՛ս Սոփերք հայկականք. ԺԱ. Վենետիկ, 1853, է 39-45:
309 Фридрих Геббель. Избранное. Том 2. Москва, "Искусство", 1978, с. 432.

[էջ 163]

ցի գիտնականների և իր միջև այդ գիծը, Խորենացու մի հաղորդման առթիվ մեծամտորեն հայտարարելով՝ «Թերևս անմտություն կլինի ենթադրելը (ինչպես անում է գիտնականների մեծամասնությունը Հայաստանում), որ այստեղ Մովսեսն ավելի անկեղծ է, քան այլուր» [It is perhaps unwise to assume (with the generality of scholars in Armenia) that Moses is being more candid here than elsewere]310։ Կարծում եմ՝ այդքան շատ տարփողելով հայ պատմիչների և նրանց հաղորդումների «կեղծ» և «սուտ» լինելը, Թոմսոնն ու նրա գործընկերները նույնպես, Գեբբելի բանաձևի համաձայն՝ նախ և առաջ շարադրել են իրենց ինքնակենսագրությունը:

Կարևոր մի հանգամանք ևս. տասնյակ հազարավոր հայերեն մատյաններ, առնվազն այնքան, որքան այսօր մեզ են հասել, կամ գուցե ավելին, կիսելով իրենց ծնած ժողովրդի դառը ճակատագիրը՝ պարզապես ոչնչացվել են՝ ընդմիշտ զրկելով մեզ պատմական տեղեկությունների մի անգնահատելի և մեծ ամբողջությունից311, որ անշուշտ գալու էր հաստատելու և լրացնելու Մովսես Խորենացու և Եղիշեի մասին մեր ունեցած գիտելիքները: Միայն այս կորուստը հաշվի առնելուց հետո է կարելի ճշմարիտ գնահատական տալ հայ մատենագրությանը, մի բան, որ թոմսոնները երբեք չեն էլ ուզի անել:

Ինչ վերաբերում է Ագաթանգեղոսին, ապա պետք է ասենք, որ վերջինիս երկը հայագիտությանս անբավարար ուսումնասիրված հարցերից է, ուստի և չէինք շտապի հաստատապես ասելու, որ Ագաթանգեղոսը 5-րդ դարի հեղինակ է և վերջ: Միանգամայն ընդունելի ու նաև բազմիցս արտահայտված կարծիք է այն, որ վերջինիս Պատմությունը նախապես կարող էր գրված լինել 4-րդ դարում՝ հունարենով, այնուհետև, հայոց գրերի ստեղծումից հետո՝ վերաշարադրվեր և վերամշակվեր 5-րդ դարում: Ինչևիցե, հայագիտությունն առայժմ գո-

_____________________________

310 Moses Khorenatzi, History of the Armenians, op. cit., p. 39.
311 Օ. Եգանյան, Ա. Զեյթունցյան, Փ. Անթաբյան. Մայր ցուցակ հայերեն ձեոագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, էջ Է-Թ:

[էջ 164]

հացուցիչ որևէ լուծում չի տվել Ագաթանգեղոսի առեղծվածին312:

Այսպիսով, ամփոփենք. Թոմսոնյան «հայագիտության» հիմնական սկզբունքները նույնն են, ինչ արդեն ծանոթ Սյունիինը.

ա) նկատելու չտալ սկզբնաղբյուրների այն հաղորդումները, որոնք հակասում են իրենց կանխորոշած պատասխաններին.

բ) անտեսել գիտական այն գրականոլթյունը, որը հակասում է իրենց կանխորոշած եզրակացություններին:

- Սառըպատերազմյան այսպիսի քարոզչական «մեթոդաբանությամբ» դժվար չէ ուզածդ հին հեղինակին վարկաբեկելը, ստախոս հռչակելը, նրան մի դարից մյուսը տեղաշարժելը: Այսպես առաջնորդվելով, մեծ ցանկության դեպքում, կարելի է Պուշկինի մահն էլ թվագրել ոչ թե 1837, այլ 1937՝ շատ հարմար թվականով:

Կարծում ենք, վերոշարադրյալը բավարար չափով բնութագրում է «հայագետ» Թոմսոնին որպես գիտության մեջ ոչ-գիտական պատվեր կատարող մի անձի: Հետևապես՝ մեր ամենակարևոր հետևություններից մեկն այն է, որ Թոմսոնի կանխակալ և թերի թարգմանությունները չեն կարող օգտագործվել իբրև վստահելի աղբյուր, աոանց բնագրի հետ մանրազնին համեմատության:

Փաստորեն, 1978 թվականից ի վեր, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» անգլերեն թոմսոնյան հրատարակությամբ հայոց պատմագրության այս երախայրիքը դուրս հանվեց անգլախոս գիտական լուրջ ուսումնասիրությունների շրջանակից313: Նույնը կատարվեց նաև Եղիշեի՝ Հայոց

_____________________________

312 Ագաթանգեղոսի Պատմությունը ունեցել է իրարից տարբեր բազմաթիվ մեկնաբանություններ, մատենագիտությունը տե՛ս Հակոբ Անասյան. «Հայկական մատենագիտություն. Ե-ԺԸ դդ.» Հ. Ա, Երևան, ԳԱ, 1959. էջ 151-214:
313 Ջուսթո Տրայինայի «Il complesso di Trimalcione» վերը հղված աշխա-

[էջ 165]

հերոսական ավանդույթներն ու ազգային բարձր ինքնագիտակցությունը բացաhայտող, հետագա շատ սերունդներ հայրենասիրական ոգով դաստիարակած, «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» երկի հետ՝ 1982 թ. թոմսոնյան թարգմանությունից հետո (ի դեպ, ի տարբերություն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», ասպարեզում կային Եղիշեի երկու անգլերեն թարգմանություն՝ 1830 թ. Կ. Ֆ. Նոյմանինը և 1952 թ. Տ. Հ. Պոյաճյանինը314): Բերենք ամերիկյան «հայագիտության » այս տխուր իրականությունը ցցուն ներկայացնող մի օրինակ: Կոլումբիայի համալսարանում Նինա Գարսոյանի ղեկավարությամբ իր դոկտորականը պաշտպանած (իսկ այժմ Նյու Յորքում համակարգչային ծրագրավորող աշխատող)315 Ռոբերտ Բեդրոսյանը՝ 1983 թ. հանդես եկավ Արշակունյաց Հայաստանի սպարապետական գործակալությունը քննող մի ընդարձակ ուսումնասիրությամբ316, որտեղ նա, բնութագրելով իր սկզբնաղբյուրները, գրել է բառացիորեն այսպես.

[Սկզբնաղբյուրների] քննության միֆից պարտավոր ենք հանել [eliminate] երկու գիրք, որոնք ավանդաբար ընդունվել են իբրև 5-րդ դարի ստեղծագործություններ, դրանք են Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին»ը և «Հայոց պատմությունը», որ վերագրվում է Մովսես Խորենացուն:

...Ինչ վերաբերում է Խորենացուն, ապա թվում է, թե այս առեղծվածային գրողը կամ խմբագրողն աշխատում էր 8-րդ դարի վերջին... ուստի Խորենացու տեղեկությունների

_____________________________

տությունը գրախոսելիս, այս փաստը նրբորեն նշել է Հ. Լևոն Զեքիյանը, տե՛ս Journal of the Society for Armenian Studies Vol. 7 (1994, սակայն լույս է տեսել 1996-ին), pp. 167, 172.
314 Տե՛ս Հ. Անասյան. «Մատենագիտություն» (Եղիշէ. վասն վարդանայ և հայոց պատերազմին, Երևան, 1957), էջ 211:
315 Տե՛ս Richard Hovannisian, ed., The Armenian People from Ancient to Modern Times, op. cit., Vols. 1, p. 350.
316 Robert Bedrosian, "The Sparapetutiwn in Armenia in the Fourth and F-ifth Centuries," Armenian Review, 1983, Vol. 36, #2, pp. 6-45.

[էջ 166]

քննությունը սահմանափակել ենք ծանոթագրությունների մեջ317:

Այս դեպքում ուղղակի դժվար է չբացականչել՝ բրա՛վո, պարոնայք «հայագեւոներ», փայլուն եք աշխատում: Միայն թե ինչ գիտական արժեք կարող է ունենալ հայոց սպարապետությունը «քննող» մի գործ, եթե այն հաշվի չի առնում իր թեմատիկայի մասին ամենահարուստ տեղեկություններ պարունակող երկու հիմնական սկզբնաղբյուր։ Սա գիտություն չէ, այլ՝ ձախորդ աճպարարություն: Պատկերացնենք, ասենք, կոմունիստական շարժման որևէ պատմաբանի, որը դեն է նետում 1848 թ. Մարքսի և էնգելսի գրած «Կոմունիստական մանիֆեստը», որովհետև համոզված է, թե հեղինակները ապրել են 20-րդ դարում և գրել են այդ երկը 1940-ական թթ., ասենք՝ Մոսկվայում: Այսպիսի եղանակներով ինչպիսի՜ ցնցիչ հայտնագործություններ կարելի է անել: Իրականում, Թոմսոնի թարգմանությունների արդյունքը (եթե ո՛չ բուն նպատակը) եղել է ո՛չ թե հայ պատմագրության հարուստ նյութը լայն շրջանառության մեջ դնելը, այլ ընդհակառակը՝ դրանք գիտական լուրջ ուսումնասիրությունների շրջանակից հանելը, դրանք մեկընդմիշտ անվստահելի աղբյուրներ հռչակելը: Այս ուղղությամբ ԱՄՆ -ում տարվող արդյունավետ աշխատանքների վկայությունն է նաև այն, որ թոմսոնյան տիպի առաջաբաններով վերահրատարակվում են հայերեն երկերի ոչ միայն թարգմանությունները, այլև՝ բուն բնագրերը318:

Այն էլ նշենք, որ Ռ. Բեդրոսյանը թարգմանել է նաև Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու, Կիրակոս Գանձակեցու Հայոց պատմությունները՝ սրանք բոլորը խորագրելով ոչ

_____________________________

317 Տե՛ս նույն տեղում, էջ 10-11:
318 Տե՛ս Moses Khorenatsi, Patmutiwn Hayots. A facsimile reproduction of the 1913 Tiflis edition with an introduction by Robert W. Thomson (Delmar, New York: Caravan Books, 1981). Ps. Pawstos, Buzandaran Patmutiwnk [The Epic Histories]. Classical Armenian Text Reprint Series, gen. ed. John A. C. Greppin (Delmar, N. Y., 1984), with an introduction by N. G. Garsoian, a reprint of the 1883 St. Petersburg edition.

[էջ 167]

թե «Հայաստանի պատմություն», այլ «Հայերի պատմություն» (History of the Armenians)319, որ, ինչպես վերը նշել ենք, կանխամտածված ու կոպիտ սխալ է:

Մովսես Խորենացու (կարդա՝ Հայաստան պետության պատմության) դեմ սկսված արշավը շարունակվում է ամբողջ թափով: Սյունին, հղելով միմիայն Թոմսոնին, տարակարծություն չհանդուրժող ոճով, Մովսես Խորենացու բնագիրը կարդալու ունակ չլինելով իսկ՝ Մովսես Խորենացուն անվանում է 8-րդ դարի հեղինակ320: Նորերս՝ 1995 թ., Թոմսոնի աշակերտներից մեկը՝ Էրիխ Քեթենհոֆենը Գերմանիայում հրապարակել է «Տրդատը և Պայկուլիի արձանագրությունը» խորագրով գիտականորեն չափազանց թույլ մի գիրք 321 (վերջինիս սուր քննադատությամբ հանդես եկավ Ջուսթո Տրայինան322), որի մեջ այս նորաթուխ «հայագետը» բառացիորեն կրկնել է Խորենացու և հայ պատմագրության դեմ Թոմսոնի բարբաջանքները323։ Մովսես Խորենացու ավանդական ոսկեդարյան թվագրությունը հաստատող իր մեկ այլ հոդվածում Տրայինան ՝Քեթենհոֆենի գիրքը բնութագրում է որպես «ռեվիզիոնիստական մի ուսումնասիրություն», քանի որ՝ «ոչ միայն հայագիտական բազում գործեր, այլև, նույնիսկ հայկական շատ աղբյուրներ միտումնավոր կերպով զանց են առնված»324։

_____________________________

319 Տե՛ս Ռիչարդ Հովհաննիսյան. Հայ դասական աղբյուրներու թարգմանությունը Միացյալ Նահանգներու մեջ, էջ 106-109:
320 Տե՛ս Suny, Looking toward Ararat, op. cit., pp. 7, 248, note 9.
321 Տե՛ս Erich Kettenhofen, Tirdad und die Inschrift von Paikuli. Kritik der Quellen zur Geschichte Armeniens im spaten 3. und fruhen 4. Jh. n. Chr., (Wiesbaden, Reichert Verlag, 1995).
322 Տե՛ս Mesopotamia: Rivista di archeologia, epigrafia e storia orientae antica (Casa editrice le lettere, Firenze) 1996, XXXI, pp. 308-311. Նույն գիրքն ավելի զուսպ քննադատել են նաև Բաբկեն Հարությունյանը և Ժ.-Պ. Մահեն (տե՛ս Պատմա-բանասիրական հանդես 1996, No. 1-2 (143-144), էջ 353-355 և Revue des Etudes Armeniennes, 1994-1995, Tome 25, pp. 469-472):
323 Տե՛ս Revue des Etudes Armeniennes, 1994-1995, Tome 25, p.470-471.
324
Տե՛ս Ջուստո Տրայինա, ժամանակագրութիւն եզրի ըմբռնումը Մով-

[էջ 168]

Ինչ վերաբերում է հայաստանյան հայագիտական համայնքին, ապա պարտավոր ենք ի վերջո գիտակցել, որ գործ ունենք ո՛չ թե առանձին՝ Թոմսոնի և Սյունիի կարգի «հայագետների» հետ, այլ ԱՄՆ- ում (մասամբ նաև.՝ ամբողջ Արևմուտքում) հաստատագրված (ինստիտուտիզացված) կեղծ-հայագիտական մի ամբողջ դպրոցի հետ: Փաստորեն, «հայագիտության» այս դպրոցը կյանքի է կոչվել արևմտյան որոշակի ուժերի կողմից՝ սպասարկելու համար հզոր և վաղուց ի վեր գործող թուրքամետ քարոզչությանը: Վերջին երեսնամյակի ընթացքում, կեղծարարական եռանդուն աշխատանքների շնորհիվ, կառուցվել է այդ քարոզչությանը հարմարեցված բավական տարածուն «ակադեմիական» մի հիմք, որի վրա հենվելով էլ քաղաքական պատվեր կատարող արևմտյան «մեկնաբանները» ձևավորում են համապատասխան հասարակական մթնոլորտ 325։ Այս կեղծարարության մյուս լուրջ հետևանքն էլ ո´չ հայախոս և վաղուց հայերեն չկարդացող սփյուռքահայ զանգվածների ստացած աղճատված պատկերացումներն են հայոց պատմության և մշակույթի մասին: Իր ժողովրդի պատմությանն անիրազեկ սփյուռքահայը՝ սյունիների և. թոմսոնների գրքերին վստահելով, այնտեղից ստանալու է

_____________________________

սես Խորենացու "Հայոց պատմության" մեջ (Բ, 82). - Իրան- Նամե, 2-3, 1997 (թիվ 24-25). էջ 16, ծնթ. 4:
325 Բազմաթիվ այդպիսի օրինակներից նշենք Արևմուտքում միջազգային հարաբերությունների ամենահեղինակավոր հանդեսներից մեկում՝ Foreign Affairs-ում (Միջազգային հարաբերություններ) 1997 թ. մարտ-ապրիլյան համարում՝ ոմն Դեյվիդ Ռ՛իֆի տպագրած հոդվածը, որտեղ Ղարաբաղյան հակամարտության ողջ մեղքը բարդվում է հայերի «իռացիոնալ ազգայնականության» վրա, իսկ հայ հասարակությունը նկարագրված է ոասիստական նողկալի քամահրանքով: Այս հոդվածի թարգմանությունը և տպագրությունը «Ռեսպուբլիկա Արմենիյա» պաշտոնաթերթում (հուլիսի 17, 1997)՝ այն էլ խմբագրության կցած դրական մեկնաբանությամբ, վկայում է, թե դեոևս որքան թույլ է մեզանում, անգամ պետական քարոզչության մակարդակի վրա, ազգային անվտանգություն հասկացության ըմբռնումը. հմմտ. այս առթիվ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության և Հ. Հովհաննիսյանի հրապարակած քննադատությունը «Գոլոս Արմենիի» եռօրյայում (հուլիսի 22, 1997):

[էջ 169]

հակահայկական պրոպագանդայի այնպիսի հզոր դոզա, որ այլևս դժվար թե ցանկանա որևէ ձևով իր ուժերը ծառայեցնելու Հայաստանի և հայ ազգի շահերին:

3.3. Փավստոս Բուզանդի թարգմանության և քննության պարագաները

3.3.1.Փավստոսագիտության արդի վիճակը

1989 թ. ԱՄՆ-ում հրապարակվեց Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը»՝ Նինա Գարսոյանի անգլերեն թարգմանությամբ: Մինչ այս հրատարակության բուն քննությանն անցնելը, համառոտակի բնութագրենք փավստոսագիտության արդի վիճակը:

Ցավալի է, բայց հրապարակի վրա դեռևս չունենք Բուզանդի քննական բնագիրը, իսկ վենետիկյան հրատարակությունը (1832) (սրանից են վերարտադրվել բոլոր հետագա տպագրությունները) չի կարող բավարարել հայագիտության արդի պահանջները: Այսօր հնացած պետք է համարել նաև այս երկի Ատ. Մալխասյանցի կատարած վերաշարադրությունը աշխարհաբար հայերենի (1947, 1968), էլ չասած ռուսերեն (1953), գերմաներեն (1879) և ֆրանսերեն (1867) թարգմանությունների մասին326:

Ամենադժգույն վիճակում է հայտնվել, սակայն, Փավստոս Բուզանդի և նրա «Հայոց պատմության» պատմագիտական ուսումնասիրությունը:Կարելի է նույնիսկ վստահ ասել, որ, ի տարբերություն խորենացիագիտոլթյան, փավստոսագիտությունը տակավին չի հաղթահարել գերքննադատության բացասական ազդեցությունը:

Ելնելով այն դրույթից, որ 5-րդ դարում ապրած լինելով՝ Փավստոսը շարադրրել է 4-րդ դարում տեղի ունեցած իրա-

_____________________________

326 Ռուսերեն թարգմանության քննադատական գրախոսությունը տե՛ս Հ. Ս. Անասյան. Մանր երկեր: Լոս Անջելես, 1987, էջ 355-373:

[էջ 170]

դարձությունների պատմությունը, նախորդ բոլոր հետազոտողները եզրակացրել են, որ Փավստոսի աղբյուրները եղել են բացառապես բանավոր, էպիկական: Այսպես, հետևելով Մանուկ Աբեղյանին, «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական բազմահատորյակը գրում է, թե Փավստոսը «ամենից շատ օգտվել է 4-րդ դարի պատմական անձանց և նրանց արարքների շուրջ հյուսված ժողովրդական աշխարհիկ ու կրոնական զրույցներից, լեգենդներից, վեպերից, անգամ երգերից և դրանց հիման վրա գրել իր պատմությունը»327: Նույն այս կարծիքը, ընդհանուր առմամբ, պաշտպանել են նաև Ն. Ադոնցը, Ստ. Մալխասյանցը, 4. Մելիք-Օհանջանյանը և այլոք328: Այստեղից էլ այրվել է հաջորդ մեծապես սխալ եզրակացությունը, այն է՝ թե Փավստոսի «Հայոց պատմությունը» պատմական ստույգ աղբյուր չէ, «իսկական պատմական երկ՝» չէ, այլ առավելապես գեղարվեստական գործ է, վեպ է, որից «կարելի չէ ... օգտվել պատմության համար» 329։

Իրականում, սակայն, Փավստոսի հաղորդումների մեծ մասը պարունակում է տրամաբանորեն կուռ շաղկապված այնպիսի դիպաշար և մանրամասնություններ, որոնք հնարավոր էր քաղել բացառապես գրավոր, վավերագրական աղբյուրներից՝ հատկապես, պատերազմական անցքերի նկարագրությունները, Փավստոսի կողմից խմբագրված և գաղափարապես գունազարդված լինելով հանդերձ՝ իրենց չոր ոճով կարծե՛ս ուղղակի արտագրված լինեն մարտական զեկուզագրերից կամ

_____________________________

327 Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն»: Հտ. Բ, Երևան, ԳԱ, 1984, էջ 452. հմմտ. Մանուկ Աբեղյան. Երկեր, հտ. Գ (Հայոց հին գրականության պատմություն. Գիրք աոաջին), Երևան, ԳԱ, 1968, էջ 193-194:
328 Տե՛ս Н. Адонц. Фауст Византийский как историк. - "Христианский Восток", 1922, VI, вып. 3, С. 235-272. Կ. Մելիք-Օհանջանյան. Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի. - Տեղեկագիր հաս. գիտ., 1947, No. 6, էջ 59-74, 1947, No. 7, էջ 59-77. Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ., ներած, և թարգմանություններն Ստ. Մալխասյանցի. Երևան, «Հայաստան», 1968, էջ 44-53:
329 Տե՛ս Մանուկ Աբեղյան. Երկեր, հտ. Ա, Երևան, ԳԱ, 1966, էջ 199. հմմտ. «Հայ ժողովրդի պատմություն»: Հտ. Բ, նշվ. աշխ., էջ 453-454:

[էջ 171]

տեղեկագրերից330: Չմոռանանք, որ Փավստոսը ստեղծագործել է հայոց սպարապետ Մամիկոնյանների նախարարական տան հանձնարարությամբ և հովանավորությամբ, կարելի է ասել՝ եղել է Մամիկոնյանների «պալատական պատմիչը»: Այս Առումով զարմանալի է, որ հայ պատմիչների հաղորդումների մեծամասնության արժանահավատությանը միշտ «պոզ ու պոչ» կպցնողները կատարյալ վստահությամբ են վերաբերվել Փավստոսից ընդամենը մի քանի տասնամյակ ավելի ուշ՝ դարձյալ Մամիկոնյանների հանձնարարությամբ, «Հայոց պատմություն» շարադրած Ղազար Փարպեցու խառնակ և խիստ անվստահելի մի վկայությանը, ըստ որի՝ վերջինս իբր լավ չգիտեր, թե Փավստոս Բուզանդը ո՞վ է եղել և ի՞նչ կրթությո՛ւն է ունեցել (Ա, 1, 3-4): Այնինչ Ղազարը պետք է շատ էլ լավ իմանար Փավստոսի ով լինելը թեկու´զ միայն Մամիկոնյանների միջոցով, որոնք, ուշադիր լսելով հանդերձ նրա քննադատական խոսքերը Բուզանդի երկասիրության մասին (այս քննադատության պատճառները պետք է հիմնականում անձնական բնույթի լինեին), այնուամենայնիվ հրահանգել են նրան սկսելու իր աշխատությունն այնտեղից, որտեղ ավարտել էր Բուզանդը: Դրանով իսկ՝ Մամիկոնյանները իրենց վստահությունն էին հայտնել Փավստոս Բուզանդին և նրա հեղինակած Պատմությանը: Հետևաբար, Ղազար Փարպեցու անտեղյակությունը Փավստոսի կենսագրությանը պետք է համարել ուղղակի անհնարին բան և նրա գրական հնարանքը: Ավելին՝ հայկական մի ավանդություն պնդում է, թե տարբեր ժամանակներում Փավստոսը և Ղազար Փարպեցին ապրել և գործել են միևնույն՝ Բարձր Հայքի Ս. Թորոս վանքում (Բաբերդ քաղաքից 16 կմ արևմուտք), ընդ որում Փավստոսը՝ «կամ իբրև վանահայր առաջնորդ և կամ վանահայր առաջ-

_____________________________

330 Ի թիվս այլ նմանօրինակ դրվագների, տե՛ս հատկապես՝ Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն, Դ դպրութիւն, ԻԱ-ԽԳ, ԽԵ-ԽԹ, ԾԵ. Ե դպրութիւն. Ը-ԺԹ, ԼԹ-ԽԱ:

[էջ 172]

նորդին ազգականը»331։ Ուստի, եթե այս ավանդությունը համապատասխանում է ճշմարտությանը (իսկ հակառակը պնդելու հիմքեր չունենք), ապա Ղազարն այստեղից ևս պետք է իմանար Փավստոսի մասին։

Ինչևիցե, Փավստոսի համար գրավոր հնարավոր Աղբյուր կարող էին լինել, օրինակ, Մամիկոնյանների տոհմական դիվաններում պահպանվող, հունարենով կամ ասորերենով գրված պատերազմական անցուդարձերի մանրամասն արձանագրություններ, զանազան նամակներ ու փաստաթղթեր, մարտական զեկուցագրերի ժողովածուներ։ Իսկ որ այդպիսի դիվաններ ու փաստաթղթեր եղել են՝ չենք կասկածում, քանզի հայկական պետականության աշխույժ կենսագործունեությունը, սպարապետության ճյուղավորված գործակալության բարդ ղեկավարությունը, այն էլ՝ մշտական պատերազմական իրադրության մեջ, պետք է Մամիկոնյաններին պարտադրած լինեին գրեթե ամենօրյա գրագրություն վարել և՛ արքունիքի, և՛ սահմաններում ու բերդերում գտնվող զորագնդերի, և այրուձի տրամադրող նախարարական բոլոր տների հետ (հիշենք՝ դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակում Հայաստանի մայրաքաղաքներում, ինչպես նաև նահանգային կենտրոններում և տաճարներում եղել են «բանիմաց գրագիրներ՝ կրթություն ստացած համապատասխան դպրոցներում» 332): Մյուս կողմից՝ հայկական զինված ուժերի զարգացած համակարգի կայունությունն ու շարունակականությունը (հատկապես՝ հրամկազմի սահուն սերնդափոխությունն) ապահովելու գործում անհրաժեշտ և նույնիսկ անխուսափելի էր հայ ռազմական ավանդույթի պահպանումը և ուսուցումը ոչ միայն բանավոր, այլև գրավոր ձևով։ Ավելին՝ մեզ է հասել այդպիսի թանկարժեք մի փաստաթուղթ հայոց զորքերի թվաքանակն ու տեղաբաշխումը ար–

_____________________________

331 Տե՛ս Գ. Թուրիկեան, Եփրատեան Հայաստան կամ Քղի եւ շրջ. գաւաոները. Հտ. Ա, Փարիզ, 1947, էջ 80։
332 3ովհաննէս Կարագեոզեան, Սեպագիր տեղանուններ (Այրարատում և հարակից նահանգներում)։ Երևան, «Մագաղաթ», 1998, էջ 48-50։

[էջ 173]

ձանագրած հանրահայտ «Զորանամակը», որ, Բաբկեն Հարությունյանի պատճառաբանված քննությամբ, հառնում է իբրև 3-րդ դարի դիվանական վստահելի վավերագիր333: Հետևաբար՝ կասկածից դուրս պետք է համարել, որ 5-րդ դարում ապրած Փավստոս Բուզանդն իր ձեռքի տակ ունեցել է ոչ թե մեկ կամ մի քանի, այլ՝ բազմաթիվ նմանօրինակ վավերագրեր։

Սխալ է Փավստոս Բուզանդին ներկայացնելն իբրև ընդամենը «իսկապես գրագետ մի վիպասան, որ սովորած է եղել շատ զրույցներ և իմացել է բերանացի վիպել շատ պատումներ «Պարսից պատերազմից», ինչպես մի Նախո Քեռի կամ Մոկացի Հովան պատմել են "Սասնա Ծռերից"» (Մ. Աբեղյան)334, իսկ Փավստոսի «Հայոց պատմությունն» էլ hասկանալ «իբրև մի ժողովածու ավանդությունների ու զրույցների» (Ստ. Մալխասյանց)335: Ո'չ, hազար անգամ ո՛չ՝ Փավստոսը Նախո Քեռի չէ, իսկ նրա «Հայոց պատմությունը» ոչ թե «Սասնա ծռերի» ժանրին պատկանող աղբյուր է, այլ պատմագրական երկ։ Եթե տրամաբանորեն շարունակենք մեր պատմագրության բանասեր քննադատների մտքի թելը, ապա պետք է եզրակացնենք, որ հին Հայաստանում բանահավաքչությունը գրված է եղել գրեթե մերօրյա գիտական մակարդակի վրա, իսկ Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին եղել են Գարեգին Սրվանձտյանի կամ Մանուկ Աբեղյանի՝ 5-րդ դարում ապրած ճշգրիտ նախատիպերը։

_____________________________

333 Տե՛ս Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ստեղծման 1500-ամյակը» միջազգային գիտաժողովի դրույթները (Երևան, ԳԱ, 1991), էջ 28-30։
334 Տե´ս Մանուկ Աբեաղյան. Երկեր. հտ. Գ, էջ 193. Ըստ Կ. Մելիք-Օհանջանյանի ևս՝ Բուզանդը «չի ունեցել ոչ դոկումենտալ գրականության և ոչ էլ որևէ այլ գրավոր սկզբնաղբյուր։ Նրա անմիջական սկզբնաղբյուրն է եղել հայ ֆոլկլորը...» (տե՛ս «Տեղեկագիր հաս. գիտ.», 1947, հմր. 7, էջ 59)։
335 Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց։ Թարգմ. Ստ. Մալխասյանցի (1968), էջ 44։

[էջ 174]

Իրականում, Փավստոս Հայաստանի պատմություն ու առավելապես՝ ռազմական պատմություն գրած մի խիստ յուրօրինակ պատմիչ է, որի եզակիությունը արտահայտվում է իր երկին գաղափարախոսական սուր ուղղվածություն հաղորդելու մեջ: Փավստոսը գաղափարախոս պատմիչ է, իր ժամանակի հայ իրականության և. մտայնության հանճարեղ արտահայտիչ: Համեմատելու դեպքում, Փավստոսին ավելի շուտ կնմանեցնեինք Րաֆֆու հետ, նրա երկն էլ նույն հարթակի վրա կդնեինք Րաֆֆու «Խամսայի մելիքություններ»ի հետ (նկատելով միաժամանակ Փավստոսի աղբյուրների առավել մեծ հավաստիությունը):

Սակայն ի՞նչն է առթել ուսումնասիրողների կատաղի հարձակումները Փավստոսի հաղորդումների հավաստիության դեմ: Հիմնականում երեք հանգամանք.

1. Առասպելական դրվագներով հատվածները, որոնք, սակայն, կազմում են Փավստոսի ամբողջ Պատմության մի փոքր՝ 10%-ից էլ պակաս մասը: Միաժամանակ, այդ հատվածները, հայ ազգային գաղափարախոսության էությունն ու նրբերանգները բացահայտող՝ պատմական թանկարժեք մասունքներ են (այս ճշմարտությունը մասամբ ընդունում են նաև Փավստոսի քննադատները336): Կարճ ասած՝ այն, որ Փավստոսն ունի առասպելաբանություններ, դեռևս չի նշանակում, թե նրա «Հայոց պատմությունն» ամբողջությամբ առասպելաբանություն է: Առասպելաբանություններով լեցուն են նաև հին ժամանակների հունա-հռոմեական պատմիչների երկերը, սակայն այդ պատճառով Հերոդոտոսին և նրան հաջորդած պատմիչներին չեն հայտարարել սովորական «գուսան», ինչպես մեզանում հռչակել են Փավստոս Բուղանդին337։

2 Հստակ ժամանակագրության բացակայությունը: Փաստ է, որ Փավստոսի ժամանակագրությունը բավական

_____________________________

336 Տե՛ս Մանուկ Աբեղյան. Երկեր, հտ. Գ, էջ 259-261:
337 Տե՛ս Մանուկ Աբեղյան. Երկեր, հտ. Գ, էջ 259:

[էջ 175]

խառնաշփոթ վիճակում է 338: Սակայն, սա վկայում է միայն այն մասին, որ Փավստոսի ձեռքի տակ եղած ցրիվ աղբյուրները նրան հնարավորություն չեն ընձեռել կառուցելու դեպքերի կուռ և ճշգրիտ ժամանակագրությունը: Փավստոսն ի վիճակի չի եղել, իսկ գուցե և նպատակ էլ չի ունեցել ժամանակագրական խնդիրներին վերաբերվելու Խորենացու՝ գրեթե ժամանակակից մեթոդաբանական բծախնդրությամբ: Հնարավոր է նաև, որ Փավստոսի ժամանակագրության և շարադրանքի որոշ շփոթներ առաջացել են հետագա մասնակի խմբագրումների և օրինակումների րնթացքում: Ինչևիցե, թերի ժամանակագրություն ունեն նաև. բազմաթիվ այլ միջնադարյան պատմագրական հուշարձաններ, ինչը, սակայն, դեռևս իրավունք չի տալիս դրանք վեպի ժանրին դասելու, եղելությունները ճշտությամբ չվերարտադրող «այլափոխված պատմություն» կոչելու (Մ. Աբեղյան)339: Ժամանակագրության սխալականությունը դեռևս չի նշանակում, թե սկզբնաղբյուրում հիշատակված իրադարձություններն առհասարակ տեղի չեն ունեցել: Միևնույն ժամանակ, Փավստոսի ունեցած ժամանակագրական որոշ տեղեկությունների (հայ—պարսկական ութամյա խաղաղության և հայ-բյուզանդական վեցամյա թշնամության մասին)340 հավաստիությունը ընդունում էր նույնիսկ Փավստոսի աղբյուրների վավերականությունը բացառող, դրանք «հեքիաթային պատումներ» որակող հեղինակներից մեկը՝ Ն. Ադոնցը341 : Ադոնցը, սակայն, ձախողեց այստեղից անելու այն ճիշտ եզրահանգումը, որ ժամանակագրական այդպիսի ճշգրիտ հաղորդումների աղբյուրները պետք է անպատճառ գրավոր լինեին: Մինչդեռ այդպիսի եզրահանգման համար ունենք նաև լրացուցիչ, շատ լուրջ փաստարկ, այն է՝ նույն այն գլխում

_____________________________

338 Տե՛ս, օրինակ, Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ. Ստ. Մալխասյանցի (1968), էջ 30-32:
339 Տե՛ս Մանուկ Աբեղյան. Երկեր, հտ. Ա, էջ 199:
340 Տե՛ս Փավստոս Բուզանդ. Դ, ԺԱ, ԻԱ:
341 Տե՛ս Н. Адонц. Фауст Византийский как историк, с. 235, 259-260.

[էջ 176]

( Դ, ԻԱ), որտեղ խոսվում է հայ-պարսկական ութամյա խաղաղության մասին, Փավստոսը հաղորդում է Պարսից թագավորին Հունաց թագավորի հղած դաշնագրի թղթի մասին և նույնիսկ ամփոփ մեջբերություն է անում այդ վավերագրից ու նաև մեկնաբանում է այն.

«Քեզ եմ տալիս Մծբինը, որ Արվաստանում է գտնվում, և Ասորոց Միջագետքը. Հայաստանի ներքին նահանգներից էլ ձեռք եմ քաշում, եթե կարող ես, նրանց հաղթի՛ր և քո իշխանության տակ նվաճի՛ր, ես նրանց օգնության չեմ գա»: Այսպես ուրեմն, Հունաց թագավորր նեղն է ընկնում ու ճարահատյալ այսպիսի դաշնագիր է կնքում և ուղարկում Պարսից թագավորին և այս կերպով ազատվում է նրանից342։

Ի՞նչն է այստեղ վիպական ոճ հիշեցնում: Ոչի՛նչը: Մի՞թե այսպիսի ոճ ունի ՛Քեռի Նախոյի խոսքը: Իհարկե, ո՛չ: Այս հակիրճ և տարողունակ բովանդակություն ունեցող հատվածում մենք առնչվում ենք միջազգային քաղաքական անցուդարձին քաջածանոթ, մեզ հետ վավերագրական ճշտությամբ խոսող մի հեղինակի հետ:

Այսուհանդերձ, Փավստոսի քննադատների ամենամեծ վրիպումն այլ է: Նրանք ամբողջովին աչքաթող են արել այն չափազանց կարևոր փաստը, որ Հայաստանի 4-րդ դարի պատմության ժամանակագրությունը վերականգնելու ուղղությամբ Փավստոսը ծավալուն և մեծապես հաջողված աշխատանք է կատարել, այն է՝ կարողացել է հիմնականում ճիշւո վերականգնել 4-րդ դարի դեպքերի հաջորդականությունը։ Անշուշտ, սա պետք է մեր պատմիչի մեծ նվաճումը համարել, եթե մանավանդ հաշվի առնենք նրա ձեռքի տակ եղած աղբյուրների խճճվածությունը և այն, որ գրերի գյուտից հետո Փավստոսը թերևս առաջինն էր, որ ձեռնարկում էր Հայաստանյան պատմության մի ընդգրկուն ժամանակահատվածի

_____________________________

342 Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ. Ստ. Մալխասյանցի (1968), էջ 186:

[էջ 177]

շարադրումը (Ագաթանգեղոսն ավելի կենտրոնացած էր Հայոց դարձի պատմությունը շարադրելու վրա):

Սխալվում են Աբեղյանն ու Մալխասյանցը, կարծելով, թե Փավստոսի՝ «ապա, յայնմ ժամանակի, յետ այնորիկ, ետ այսորիկ, յետ այսր ամենայնի» բառերը ժողովրդական վեպի ոճ են կամ էլ՝ «անորոշ խոսքեր, [որոնք] կարող են մեկը մյուսից առաջ կամ ետ դասավորվել կամ դուրս գցվել՝ առանց Պատմության ամբողջությանը վնասելու»343: Իրականում՝ այդ բառերի գրծածումն ինքնին ապացուցում է որ Փավստոսը կիրառել է միջնադարյան պատմագրության ամենակարևոր գիտական սկզբունքներից մեկը՝ ժամանակագրական հաջորդականության պահպանման սկզբունքը։ Այդ նույն սկզբունքը կիրառել են հայ պատմագրության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ՝ ընդհուպ մինչև 19-րդ դար: Օրինակ, հայ մատենագրության մեկ այլ սկզբնաղբյուրի՝ «Դավիթ-բեկի կամ Ղափանցվոց պատմության» (1730-ական թթ.) մեջ ճիշտ նույն սկզբունքի, ճիշտ նույն բառերով արտահայտված հետևողական կիրառությունը մեծապես օգնեց տողերիս հեղինակին վերականգնելու 1720-ական թթ. սյունիք-արցախյան ազատամարտի հստակ՝ երբեմն օրերն ու ժամերը ճշտող, ժամանակագրությունը344։

_____________________________

343 Տե՛ս Մանուկ Աբեղյան. Երկեր, հտ. Գ, էջ 194. Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ. Ստ. Մալխասյանցի (1968), էջ 30:
344 Տե՛ս վեց մասից բաղկացած հոդվածաշարս՝ Պատմա-բանասիրական հանդես 1990. հմր. 2, 3, 4, 1991, հմր. 1, 2, 1992, հմր. 1 (այս որոշակիորեն ամփոփիչ հոդվածի խորագիրն է՝ «"Ղափանցվոց պատմության" ժամանակագրության հավաստիությունը և կառուցվածքը»): 1720-ականների ժամանակագրության աոավել ընդգրկուն ամփոփումը տե՛ս 1992 թ. պաշտպանած թեկնածուական անտիպ ավարտաճաոիս («"Ղափանցվոց պատմությունը" և 1720-ական թթ. ազատագրական շարժման ուսումնասիրությունը») եզրափակիչ գլխում և անգլերենով լույս տեսած հետևյալ գրքում՝ A. M. Aivazian, The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Center for Policy Analysis, American University of Armenia, 1997).

[էջ 178]

Այս առումով օգտակար է նկատել ու բաղդատել, որ Փավստոսին վիպասան հռչակած ամենահեղինակավոր հեղինակներից մեկը՝ Ն. Ադոնցը, անվստահելի պատմական աղբյուր էր հռչակել նաև «Դավիթ բեկի պատմությունը»՝ չափազանց հավաստի տեղեկություններ պարունակող մի սկզբնաղբյուր։ Ինչպես և Փավստոսի պարագայում՝ ի վիճակի չլինելով ամբողջական քննության առնելու «Դավիթ-բեկի պատմություն»ը, այդ թվում՝ շարադրանքում տեղ գտած բնագրական շփոթները, հետագա ներմուծումները, հեղինակի գիտական աշխատանոցը և այլ կարևոր հարցեր, Ադոնցը շտապով այս սկզբնաղբյուրի հաղորդումներն էլ որակեց «անհեթեթ զրույցներ», «չափազանցություններ»։ Բնականաբար, հավաստի սկզբնաղբյուրն այսպես արհամարհելով, Ադոնցն ինքը շփոթեց 1720-ական թթ. պատմական իրադարձությունների ամբողջ ժամանակագրությունն ու ընթացքը։ Իսկ հետագայում, ընկնելով Ադոնցի վայելած մեծ հեղինակության ազդեցության տակ, որոշ գիտնականներ բռնեցին նրա այս անհիմն տեսակետի «զարգացման» ճանապարհը345։

Ինչևիցե, Փավստոսի «Հայոց պատմության» ժամանակագրության կառուցվածքը դեռևս ունի իր հմուտ ուսումնասիրողի կարոտը։ Մի բան, սակայն, պարզ է՝ Փավստոսի գործածած ժամանակագրական հաջորդականության պահպանման սկզբունքը վճռական նշանակություն և պատմագիտական արժեք է ունենալու լրացուցիչ զուգահեռ սկզբնաղբյուրների բաղդատությամբ կատարվելիք այդ քննության համար։

_____________________________

345 Տե՛ս Ն. Ադոնց. «Դավիթ Բեկ» վեպի պատմական հիմը և գաղափարախոսական արժեքը. - Րաֆֆի (Հակոբ Մելիք– Հակոբյան). Կյանքը, գրականությունը, հիշողություններ, Փարիզ, 1937, էջ 122-148 (հատկապես էջ 126, 130, 136-137. հմմտ. Աշ. Հովհաննիսյան. Դավիթ բեկի գլխավորած Ղափանի ապստամբությունը. - Բանբեր Երևանի համալսարանի, 1970, No 1, էջ 96-111. Ա. Գ. Մադոյան. Դիտողություններ Դավիթ Բեկի ապստամբության պատմության շուրջը. - Պատմա-բանասիրական հանդես 1973, Nօ. 3 (62), էջ 177-193։

[էջ 179]

3. Ամենից շատ ուսումնասիրողները խրտնել են Փավստոսի այն հաղորդումներից, որոնք խոսում են հայկական զինված ուժերի տարած տասնյակ փայլուն հաղթանակների և այդ հաղթանակներում պարսիկների կրած մեծ կորուստների մասին։ Հայոց ռազմական հաջողությունների նկատմամբ այս թերահավատ վերաբերմունքը ուներ (և ունի) ոչ այնքան պատմագիտական, որքան հոգեբանական պատճառներ։ Անկախ պետականության կորստից հետո հայոց մեջ ձևավորված ազգային թերարժեքության բարդույթից չկարողացան խուսափել նաև գիտնականները։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական ցեղասպանությունը եկավ հայոց հոգեկանում առավել ևս ամրապնդելու այդ բարդույթի գրաված խորը դիրքերը։ Ցեղասպանությանն ականատես հայագետների համար այլևս շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանն անցյալում դարեր շարունակ հզորագույն պետություն է եղել։ Մենք սկսեցինք ամբողջ չորսհազարամյա հայոց պատմությունը դիտել ցեղասպանության կիզակետի միջով։ Այս ոչ–գիտական, հուզական մտայնությունը, թերևս, լավագույնս արտահայտված է Լեոյի՝ 1927 թ. օգոստոսի 3-ին Թիֆլիսում գրառած հետևյալ տողերում.

[hայոց պատմությունը] շարունակ կրկնվում էր, բերում միշտ միևնույնը.... մեր ժողովրդի պատմությունը ամբողջովին, ծայրից ծայր դժբախտություն[է]։ Մի՛ մոռանաք, մեր պատմությունը ամենից առաջ և ամենից շատ մի հսկայական մարտիրոսագրություն է...346

Հայոց պատմության այսպիսի գնահատականը, անշուշտ, սխալ է։ Կրկնենք, որ այս մինչև վերջերս դեռևս շատ տարածված մտայնությունը վերջին մի քանի հարյուրամյակների համազգային աղետների ու հատկապես՝ հայոց ցեղասպանության պատճառած հոգեբանական վնասվածքի (տրավմայի) արգասիք է։

_____________________________

346 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն։ Հտ. 4։ (Երկերի ժողովածու։ Հտ. 4) Երևան, 1984, «Հայաստան», էջ 12-13։

[էջ 180]

Վերադառնանք, սակայն, Փավստոս Բուզանդի նշած՝ պարսիկների մեծ կորուստների հարցին։ Նկարագրելով հայոց հաղթանակները՝ Փավստոսի մեզ հասած բնագիրը ավանդաբար խոսում է թշնամու բանակների ամբողջական ոչնչացումների մասին, այդ բանակների թվաքանակը հասցնելով երբեմն մի քանի հարյուր հազարի։ Եթե փորձենք այս հաղորդումներին մոտենալ ուղղակիորեն, սրանց հիման վրա հաշվարկներ կատարել, ապա պարզ է, որ պարսիկների բանակներն այդ թվերը չեն ունեցել, ուստի նրանց կորուստներն էլ միլիոնավոր չեն եղել։ Սակայն այսպիսի պարզունակ մոտեցումը 5-րդ դարում գրված սկզբնաղբյուրի նկատմամբ գիտական չէ, սխալ է, քանզի թվային չափազանցություններ բնորոշ են հին և միջնադարյան, հայկական և. ոչ–հայկական աղբյուրներին առհասարակ։ Քննադատական մոտեցումը թվային այդ տվյալներին ո՛չ թե այդ հաղորդումները իրենց ողջ դիպաշարով անվստահելի համարելն է (ինչ և մեզանում արել են), այլ իրական թվերի վերականգնման ու ճշտման աշխատանքը, մի բան, որ լիովին հնարավոր է։ Մեկ օրինակով պատկերացում տանք, թե ինչպես են մեկնաբանել Բուզանգի հաղորդումները։

Փավստոսը, 380-ական թթ. Հայաստանում եղած իրադարձությունների իր նկարագրած լայն հենքի վրա, բավական մանրամասնորեն շարադրում է հայկական և պարսկական զորքերի միջև տեղի ունեցած չորս ճակատամարտ, որոնք բոլորն էլ ավարտվել են սպարապետ Մանվել Մամիկոնյանի հրամանատարությամբ կռված հայերի հաղթանակով։ Սրան հետևել էր յոթամյա խաղաղության և Հայաստանի լիակատար անկախության մի շրջան347։ Ըստ Փավստոսի, առաջին դեպքում հայկական զորքն անսպասելի հարձակում էր գործել պարսկական 10,000–անոց բանակի (հրամանատար՝ Սուրեն) ճամբարի վրա և այն ամբողջովին սրի մատնել։ Երկրորդ ճակատամարտում 20,000– անոց հայկական բանակը հաղթել էր հայոց սահմանները Ատրպատականի կողմից ներխուժել փորձող

_____________________________

347 Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց, Ե, ԼԸ-ԽԲ։

[էջ 181]

48,000-անոց պարսկական զորքին (հրամանատար՝ Գումանդ Շապուհ)։ Ինչպես մեր պատմիչը հատուկ ընդգծում է՝ իր հարաբերականորեն փոքրաթիվ զորքը Մանվելը հավաքել էր շտապով՝ «որքան կարողացավ ձեռք բերել այդ խռովահույզ ժամանակներում» (Ե, ԼԹ)։ «Սրանից հետո,-- ինչպես հաղորդում է Փավստոսը, -- Պարսից թագավորի ոմն Վարազ զորավարը հայոց աշխարհն է գալիս տասնութ բյուրով (180,000)... ապա Հայոց զորավար– սպարապետ Մանվելը կազմակերպում, պատրաստում է տասը հազար լավ սպառազինված հեծելազոր» և դարձյալ կատարյալ հաղթանակ տոնում (Ե, ԽԸ)։ Այնուհետև պարսիկների չորրորդ՝ 40 բյուրանոց (400,000) բանակը, ոմն Մոկան զորավարի հրամանատարությամբ, ներխուժելով Հայաստան, կարողանում է գրավել երկրի մի մասը և բանակ է դնում Արտանդան կամ Արտանգան դաշտում (վայրն այժմ անհայտ է)։ Իսկ «Մանվելը գիշերով հարձակվեց նրա բանակի վրա և հենց բանակատեղում բոլորին առհասարակ սրի քաշեց» (Ե, ԽԱ)։

Արդ, այս հաղորդումների մեջ կասկածելի որևէ բան չկա, բացառությամբ երկու հանգամանքի, որոնց պարզաբանումն էլ հենց պատմաբանի գործն է.

ա) երրորդ և չորրորդ ճակատամարտերում պարսկական զորքերի թվաքանակը խիստ չափազանցված է և անհնար՝ տասնութ բյուր (180,000) և քառասուն բյուր (400,000)։ Բաղդատելով այս երկու անհնարին թիվն առաջին երկու ճակատամարտերում պարսիկների ունեցած բանակների միանգամայն հավանական 10,000-անոց և 40,000-անոց թվերի հետ, տեսնում ենք, որ կա և տրամաբանական և բնագրական ինչ-որ լուրջ անհարթություն։ Տրամաբանորեն, երրորդ և չորրորդ ճակատամարտերում պարսիկների զորքերը պետք է մոտավորապես նույն չափերն ունենային, ինչ առաջին երկու ճակատամարտի դեպքում։ Փավստոսի սահուն և հանգիստ շարադրանքը հուշում է, որ երրորդ և չորրորդ ճակատամարտերում պարսկական զորքը ամենևին էլ տասնապատիկ հավելում չի ունեցել։ Մեր համոզմամբ, Փավստոսի ինքնագրում տասնութ

[էջ 182]

բյուրի (180,000-ի) փոխարեն եղել է 18,000, իսկ քառասուն բյուրի (400,000-ի) փոխարեն՝ 40,000, այսինքն՝ վերոհիշյալ երկու, չափազանցված դեպքերում ունենք մեկ զրոյի հավելում: Ամենայն հավանականությամբ, այս տարընթերցումը ներմուծվել է ձեռագրերի մեջ հետագայում, ինչ-որ գրչի ձեռքով:

բ) Բացառությամբ, առաջին ճակատամարտից, երբ պարսիկների 10,000-անոց բանակն անսպասելի շրջապատվել և ոչնչացվել էր հայկական գերակշիռ ուժերի կողմից, հասկանալի է, որ մյուս երեք դեպքում անհավանական էր պարսիկ բոլոր զինվորների իսպառ բնաջնջումը: Սակայն, ինչպես ասացինք, այդ ժամանակաշրջանի շատ մատենագիրներ հաճախ են չափազանցնում թշնամու կրած կորուստները, որ սակայն բնավ էլ չի նշանակում, թե ո՛չ սկզբնաղբյուրի հիշած ճակատամարտերն էին եղել, ո՛չ էլ հաղթանակները: Օրինակ, 4-րդ դարի հռոմեական պատմիչ Ֆեստուս Ռուփուսը, հաղորդելով Դիոկլետիանոս կայսրի (284-305)՝ պարսիկների դեմ տարած մեկ փայլուն հաղթանակի մասին, ճիշտ նույն ոճն է գործածում՝ «25,000-անոց զորքի գլուխ անցած հասավ թշնամու ճամբարին, հանկարծակի հարձակվեց պարսիկների անթիվ գնդերի վրա և բնաջնջեց նրանց»348:

Այժմ տեսնենք, թե ինչպես է Հակոբ Մանանդյանը վերլուծել Փավստոսի՝ հայերի վերոհիշյալ չորս հաղթանակների մասին հաղորդումները.

Փավստոսի պատմության վիպական-ստեղծական այս հատվածները... չեն ստուգվում հունա-հռոմեական աղբյուրների վկայություններով և ունեն հեքիաթային բնույթ: Շատ պարզ է, որ անդամահատված և քայքայված Հայաստանը, որի ռազմական ուժն այդ ժամանակ շատ փոքր էր, չէր կարող պատերազմ վարած լինել հզոր Պարսկաստանի դեմ349:

_____________________________

348 Rufi Festi, Brevarium, էջ XXV -- մեջբերումը տե՛ս Н. Адонц. "Фауст Византийский как историк", стр. 238-239.
349 Տե՛ս Հ. Մանանդյան, Երկեր: Հտ. Բ, Երևան. 1978. էջ 237-238:

[էջ 183]

Մանանդյանի բերած երկու փաստարկներն էլ կատարելապես խախուտ են. նախ՝ հունա-հռոմեական պատմագրությունն ամենևին կոչված չէր շարադրելու Հայաստանի պատմությունը: Այդպիսի խնդիր հույն և հռոմեացի պատմիչների առջև դրված չէր: Ավելին՝ Հայաստանում օր-օրի փոփոխվող պատերազմական մանրամասնությունների շարադրությունը հունա-հռոմեական պատմագրության մեջ նաև պարզապես անհնար էր, այն էլ՝ հին ժամանակներում: Եթե անգամ, օրինակի համար, վերցնենք մեր՝ կապի և ինֆորմացիայի զարգացած ժամանակաշրջանը, ապա դարձյալ տեղական դեպքերի հեռվում կատարված արձանագրությունը, այն էլ ոչ-լավատեղյակ օտարի կողմից, որպես կանոն, զիջում է իր հավաստիությամբ տեղում գրանցված ինֆորմացիային: Եթե որևէ մեկը փորձի գրել, օրինակ, 1988-1991 թթ. Ղարաբաղյան շարժման պատմությունը, և օգտագործի այդ մասին եղած ոչ թե հայկական, այլ մոսկովյան կամ ամերիկյան մամուլի նյութերը, ապա արդյունքում կունենա իրականության շատ թերի, հաճախ էլ ուղղակի կեղծված պատկերը: Սա առավել ևս ճշմարիտ է, եթե օտար աղբյուրն ունենում է նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ շահեր: Իսկ որ 4-5-րդ դարերում հռոմեական կայսրությունը և նրա շահերը սպասարկող հունա-հռոմեական պատմագրությունը կայսրապետական նկրտումներ ունեին Հայաստանի վերաբերյալ՝ անվիճելի է։ Հետևաբար, բացառությամբ որոշ դեպքերի, իրադարձությունների հավաստիությունը պետք է ճշտել հիմք ընդունելով ոչ թե օտար աղբյուրը, այլ տեղական աղբյուրը, այն էլ ունենալու դեպքում այնպիսի հարուստ ու արժեքավոր տեղեկություններ պարունակող տեղական աղբյուր, ինչպիսին Փավստոսի փառահեղ «Պատմություն Հայոցն» է: Ավանդաբար, մեզանում առաջնորդվել են ճիշտ հակառակ մեթոդաբանական սկզբունքով՝ բոլոր դեպքերում նախապատվությունն անհիմն կերպով տալով օտար աղբյուրներին:

Մանանդյանի երկրորդ փաստարկը, թե իբր հայկական զորքերը ապրիորի չէին կարող հաղթել պարսիկներին, ուղղա-

[էջ 184]

կի անլուրջ է։ Ռազմական պատմությունը գիտի հարյուրավոր հաղթանակներ, որոնք հարաբերականորեն փոքրաթիվ ազգերն ու զորքերը տարել են գերազանցող ուժերի դեմ։ 1996 թվականի օգոստոսին ռուսական բանակը՝ իր ավիացիայով, զրահատանկային և. հրետանային կրակային ամբողջ հզորությամբ, այլ հատուկ ուժերով և միջոցներով, այնուամենայնիվ պարտություն կրեց անհամեմատ ավելի փոքրաթիվ չեչենական ուժերից և դուրս շպրտվես Գրոզնի քաղաքից։ Չեչնիա-Ռուսաստան հակամարտության մեջ առկա էր ուժերի հարաբերակցության սարսափելի մեծ տարբերություն՝ մեկ միլիոնանոց չեչեն ժողովրդի դեմ էր 160 միլիոնանոց Ռուսասաաանը, որի բանակում այդ ժամանակ ընդհանուր առմամբ ծառայում էին շուրջ երկու միլիոն զինվոր։ Պատերազմներում հաղթանակները շատ հաճախ կախված են լինում ոչ թե զուտ թվային կամ սպառազինության առավելությունից, այլ հազար ու մի այլ գործոնների դինամիկ եզակի փոխազդեցություններից։

Դժվարանում ենք ասել, թե արդյո՞ք կհավատար Մանանդյանը չեչենների հաղթանակի հնարավորությանը, եթե նրա ձեռքում մի քանի հարյուր տարի հետո լիներ այդ հաղթանակի մասին չեչենական մի աղբյուր։ Հայոց բանակի տոնած հաղթանակների հավաստիության նկատմամբ Մանանդյանի փաստարկի անհիմն լինելը լիովին պարզ կլինի, եթե նկատի ունենանք մի քանի լրացուցիչ հանգամանք ևս.

1) չորրորդ դարի Հայաստանի և Իրանի ուժերի միջև եղած տարբերությունն այդ աստիճան մեծ չէր՝ գուցե մեկը երեքի կամ հինգի դիմաց, ո՛չ ավելին.

2) նույն չորրորդ դարում հայոց զինված ուժերը հաջողությամբ դիմագրավել էին և´ Իրանի, և՛ Հռոմի՝ Հայաստանի անկախության դեմ ուղղված բազմաթիվ ոտնձգություններին.

3) Հայկական զորքի հաղթանակելու անհնարինությունը պատճառաբանելով Հայաստանի մասնատվածությամբ, Մանանդյանը զարմանալիորեն չի կապում հայերի հաղթանակները իր իսկ կողմից նույն էջի մեջ նշած այն կարևոր փաստի

[էջ 185]

հետ, որ Մանվել սպարապետի իշխանության հենց սկզբից 379 թվականից ի վեր Իրանում սկսվել էին գահակալական կռիվները.

...379 թվին Պարսկաստանում վախճանվել էր Շապուհ Բ-ն... Նրան հաջորդել էր ծերունի Արտաշիր Բ-ը (379-383/4), որին գահընկեց արին մեծամեծները։ Այնուհետև թագավորեցին Շապուհ Բ-ի որդիները՝ Շապուհ Գ-ը (383/4-388/9) և Վռամ Դ-ը (388/9-399), որոնց երկուսին էլ սպանեցին ազնվականները350։

Այսպիսով, հայոց հաղթանակների հնարավորությունը ժխտող Մանանդյանի վերոհիշյալ դատողությունները ոչ թե պատմական տեղեկության քննադատական վերլուծություն են, այլ արժեքավոր, թեև տխուր, ինֆորմացիա՝ ցեղասպանության ականատես Մանանդյան անհատի ծանր վնասված հոգեկանի մասին։ Ցեղասպանությունից հետո Մանանդյանի (ինչպես և իր սերնդից շատ ուրիշների, ներառյալ գիտնականների) աշխարհայացքի վերափոխությունը առավել ևս ակնառու է դառնում, երբ ընթերցում ենք նրա՝ տակավին 1902 թ. գրված փոքրիկ, բայց ճշմարիտ և դիպուկ նկատողություններ պարունակող մի հոդվածը, որում հեղինակն ինքն էր կոչ անում հրաժարվել ժողովրդական ու նաև գիտական շրջանակներում հայոց պատմության նկատմամբ ձևավորված թերարժեքության սոցիալ-հոգեբանական մտապատճեններից (ստերեոտիպներից) (մի ընդարձակ մեջբերում այս հոդվածից մեկ ուրիշ առիթով բերել ենք ստորևք351։

3.3.2. Փավստոս Բուզանդը՝ Ն. Գարսոյանի «քննության» լույսով

Սակայն այն, ինչ Բուզանդի «Հայոց պատմության» հետ արել է Նինա Գարսոյանը, ոչ թե սոսկ վերոհիշյալ անհիմն

_____________________________

350 Նույն տեղում, էջ 238։
351 Տե՛ս Հ. Մանանդյան, Երկեր։ Հտ. Դ. Երևան, 1981, էջ 7-10։

[էջ 186]

գերքննադատության կրկնությունն է, այլ այդ սխալների որակական և միտումնավոր զարգացումը:

Մասնագետ ընթերցողը անակնկալի է գալու այս շքեղ հրատարակության կազմը տեսնելուն պես, քանզի այնտեղ նշված միակ հեղինակը Նինա Գ. Գարսոյանն է, իսկ խորագիրը՝ « Դյուցազնական պատմվածքներ (Բուզանդարան պատմութիւնք)» - Nina G. Garsoian, The Epic Histories (Buzandaran Patmutiwnk): Վրդովեցուցիչ է և՜ Փավստոս Բուզանդի հեղինակային բացակայությունը, և´ մանավանդ այն, որ մեկտեղից վերացվել է այս փառահեղ ստեղծագործության բուն խորագիրը՝ «Հայոց պատմություն»: Ու թեև տիտղոսաթերթը տարբերվում է կազմից, մասնակի ուղղում մտցնելով առ այն, որ Նինա Գարսոյանն այս գրքի թարգմանիչն ու ծանոթագրողն է, իսկ «Դյուցազնական պատմությունները» ընդամենը «վերագրվում են» ոմն Փավստոս Բուզանդին352 , ամենակարևորն այն է, որ Փավստոսի երկի վերնագիրը՝ «Հայոց պատմություն» այլևս չի վերականգնված: Նկատենք, որ ճիշտ նույնպես Նինա Գարսոյանը վարվել էր նաև Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում» մենագրությունն անգլերեն թարգմանելուց հետո, կազմին գրելով՝ Նինա Գ. Գարսոյան. «Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում»353 , ու հետո միայն տիտղոսաթերթին ճշտելով, թե ո՞վ է այդ մենագրության հեղինակը, իսկ ո՞վ՝ թարգմանիչը: Թարգմանչի անունը կազմի վրա դնելը և իսկական հեղինակի անունն այնտեղից ջնջելը լավագույնս են բնորոշում ամերիկյան «հայագիտության» որդեգրած գիտական էթիկայի, մեղմ ասած, տարօրինակ չափանիշները:

_____________________________

352 The Epic Histories Attributed to Pawstos Buzand (Buzandaran Patmutiwnk). Translation and Commentary by Nina G. Garsoian (Cambridge, Mass.: Harvard University Press, 1989).
353 Nina Garsoian, Armenia in the Period of Justinian (Lisbon: Galouste Gulbekian Foundation, 1970).

[էջ 187]

Մինչդեռ ԱՄՆ-ում Փավստոսի «Հայոց պատմության» գարսոյանական թարգմանությունն ու քննությունը հռչակվել են «մոնումենտալ» գիտական նվաճում354 , պետք է ցավով նկատենք, որ դրանք մեզանում տակավին գրախոսված չեն և մնացել են անարձագանք:

Գարսոյանի խնդրո առարկա հրատարակության պատմագիտական և թարգմանչական անսահման թերությունների ամբողջական գրախոսություն գրելու նպատակ ամենևին չունենալով, ստորև կխոսենք միայն Գարսոյանի մի քանի գլխավոր միտումի մասին՝ լրացնելով մեր քննադատությունը որոշ օրինակներով:

Նախ, պատմագիտական խնդիրների մասին։

Դեռևս մինչև իր թարգմանության գլուխ բերելը Նինա Գարսոյանը, կրկնելով անախրոնիզմները վերակենդանացնելու Թումանովի և Թոմսոնի անցած ուղին, որդեգրել էր Փավստոս Բուզանդի նկատմամբ հայագիտության կողմից վաղուց ի վեր մերժված այն տեսակետը, թե այդպիսի անունով հեղինակ առհասարակ չի եղել ու դեռ ավելին՝ այդ երկը երբեք էլ «Հայոց պատմություն» չի կոչվել: Այսպես, արդեն 1983 թ. Փավստոսի երկը Գարսոյանի համար «այսպես կոչված Հայոց պատմություն» էր, իսկ Փավստոս Բուզանդը կեղծ-Փավստոս՝ Pseudo Pawstos Buzand (հիշե՛նք. ճիշտ ինչպես Թումանովի համար Մովսես Խորենացին կեղծ-Մովսես Էր)355: Իսկ 1984 թ., այլևս ժամանակ չկորցնելով, նույն տեսակետներն արտահայտող մի առաջաբանով, Գարսոյանը վերատպեց Փավստոսի 1883 թ. պետերբուրգյան հայերեն հրատարակությունը հետևյալ խորագ-

_____________________________

354 Տե՛ս J. R. Russel, "A Parthian Bhagavad Gita and its Echoes," in From Byzantium to Iran: Armenian Studies in Honour of Nina G. Garsoian, op. cit., p. 30, note 27.
355 Nina Garsoian, "Iran and Caucasia," in Transcaucasia: Nationalism and Social Change. Essays in the history of Armenia, Azerbaijan, and Georgia. Ed. Ronald Grigor Suny (The Univ. of Michigan, Ann Arbor, 1983), p. 14 (n. 24), 20.

[էջ 188]

րությամբ՝ «Կեղծ-Փավստոս. Բուզանդարան պատմութիւնք»356։

Այսինքն՝ 1980-ականների սկզբի դրությամբ, հայ ոսկեդարի պատմագրության աղավաղման ուղղությամբ ամերիկյան «հայագիտության» մեջ արդեն աշխատանքի բաժանում էր արված. Թոմսոնն իր վրա էր վերցրել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու և Եղիշեի երկերի անհավաստի պատմական աղբյուր հռչակելու գործը, իսկ Փավստոս Բուզանդի «հարցերի լուծումը» հանձնվել էր Գարսոյանին:

Հայ միջնադարյան պատմագրության նկատմամբ Ն. Գարսոյանի վերաբերմունքը բացահայտված է հարևանցիորեն արած նրա մի նկատողության մեջ՝ թե միջնադարյան հայ մատենագրությունը «կենտրոնացած էր պատմագրության վրա, որի մեջ այն ներարկեց առասպելական թեմաներ, ինչպես նաև տարբեր տիպի կրոնական գրականության վրա»357, ասել կուզի՝ հայ պատմագրությունը վստահելի չէ, քանզի այն իբր ողողված է անարժանահավատ առասպելաբանություններով: Այս հայտարարությամբ Գարսոյանը ցուցադրում է հայ մատենագրությանն իր վատատեղյակ լինելու փաստը, քանզի անտեղյակի աղաղակող սխալ է ասելը, թե հայ միջնադարյան գիտությունն ու գրականությունը կենտրոնացած է եղել հիմնականում պատմագրության և կրոնագիտական գրականության վրա: Ծավալային ու որակային առումներով հայկական պատմագրությանն ու աստվածաբանությանը չէին զիջում հայ փիլիսոփայությունը, բժշկությունը, քերականությունն ու աշխարհագրությունը, իրավունքը, միջնադարյան մշակույթի այլ բնագավառները:

Գարսոյանը վաղուց էր լծվել հակահայկական գործունեությանը: Հիշենք թեկուզ ռուսերենով գրված նրա մի հոդվածը, որը 1971 թ. հրապարակվել էր ոչ այլուր, քան Երևա-

_____________________________

356 Ps. Pawstos, Buzandaran Patmutiwnk [The Epic Histories], op. cit..
357 Nina Garsoian, "Iran and Caucasia," in Transcaucasia: Nationalism and -Social Change, op. cit., p. 20:

[էջ 189]

նում358: 5-րդ դարի հայոց պատմության ու պատմագրության իր այս ծանակագրության մեջ Գարսոյանը փորձում է ո՛չ ավել, ո՛չ պակաս կասկածի տակ դնել Հայաստան եզրի ըմբռնման ճշմարտացիությունը Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի երկերում: Ըստ Գարսոյանի, այս երկու հեղինակները՝ կամա թե ակամա, արտահայտել են սեփական իդեալները՝ զրադաշտական Իրանին դիմագրավող միասնական, միացյալ Հայաստան: Նրանք խոսում են միասնական թագավորության մասին..., ընդգծում են հայ եկեղեցու միասնականությունը... նրանք անտեսում են հայկական հասարակության և. հաստատությունների վրա իրանական խորը ազդեցությունը..., նախընտրում են մոռացության տալ այն, որ հայ Արշակունիները պարթևական լեգիտիմիզմի (sic) վերջին և ամենավառ ներկայացուցիչներն են: Մեզ համար այժմ կարևոր չէ, թե արդյոք այս պատկերը ճիշտ է 5-րդ դարի համար: Մեզ համար կարևորը միայն այն է, որ այն խեղաթյուրում է 4-րդ դարի իրականությունը, երբ Հայաստանը միասնական չէր, միացյալ չէր և խորթ չէր պարսկական աշխարհին359:

Այս հոդվածում Գարսոյանը խոսում է 4-րդ դարում Հայոց թագավորության ընդամենը «ինքնավարության», սակայն ոչ անկախության մասին, այդ թագավորության կազմից մեծ կտորներ կտրելով հարավում և արևմուտքում: Այստեղ արդեն քննել ենք այն խնդիրը, թե թուրքական և ամերիկյան «հայագիտությունը» ինչ մեծ նշանակություն է տալիս Հայաստան եզրի և բուն հասկացության խեղաթյուրմանը: Գարսոյանը, իր ճստլիկ հոդվածով, շտապել էր իր լուման ներդնելու այդ գործում: Պատահական չէ, որ այս հոդվածը շատ էր դուր եկել տխրահռչակ Զիյա Բունիաթովին և նրա աշակերտներին:

_____________________________

358 Տե՛ս Н. Г. Гарсоян. Армения в IV веке (к вопросу уточнения терминов "Армения" и "верность"). - Լրաբեր հասարակական գիտությունների 1971, No. 3, էջ 55-62:
359 Նույն տեղում, էջ 55-56:

[էջ 190]

Ֆարիդա Մամեդովան, օրինակ, ընդարձակորեն մեջբերել է Գարսոյանի այն կեղծիքը, թե Արշակունիների Հայոց թագավորությունը իբր ամենաչնչին անկախությունից զուրկ է եղել360։ Հենվելով Գարսոյանի և նրա թիմակիցների վրա (թեև ուղղակիորեն ոչ մի աղբյուր չհղելով), նույն թեզը կրկնել են նորահայտ Մոնիկա Բլանշարդը և Ռոբին Դարլինգ Յանգը՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» իրենց կատարած խիստ թերի անգլերեն թարգմանության Առաջաբանում, ուր 1-ից մինչև 4-րդ դարերի Հայաստանի պետականությունը թուրքաբար ժխտվում է ու հայտարարվում, թե այդ ժամանակահատվածում հայերը վայելել են ընդամենը «սահմանափակ ինքնավարություն»՝ limited autonomy361 (ըստ երևույթին, պիտի շնորհակալ լինենք մեծ տերությունների և Ադրբեջանի կողմից Արցախին առաջարկվող «լայն ինքնավարության» (wide autonomy) համար, քանզի 300 հազար քառ. կմ տարածք ու 120 հազարանոց բանակ ունեցող Արշակունյաց Հայաստանը, «պարզվում է», ավելի ցածր կարգավիճակ է ունեցել): Միայն ապշել կարելի է, թե ինչ աստիճան կամազուրկ, գիտականորեն ու քաղաքականապես անպատրաստ են եղել հայաստանցի այն հեղինակները, որոնք երաշխավորել են Գարսոյանի խայտառակ հոդվածի տպագրությունը Հայաստանում:

Գարսոյանն իր բոլոր աշխատություններում սիրում է շեշտել հայ մշակույթի և քաղաքակրթության իբր լիակատար

_____________________________

360 Տե՛ս, օրինակ, Փ. Дж. Мамедова. Политическая история и историческая география Кавказской Албании (III в. до н. э. - VIII в. нашей эры). Баку, 1986, под редакцией 3. М. Буниятова, сс. 122-123, 125:Մամեդովայի գրքի քննադատությունը, որ շատ առումներով կողմնակիորեն վերաբերում է հենց Գարսոյանի արտահայտած տեսակետներին, գրել է Բաբկեն Հարությունյանը, «Когда отсутствует научная добросовестность» - Լրաբեր հասարակական գիտությունների, 1987, No. 7, էջ 33-56:
361 Տե՛ս Monica J. Blanchard & Robin Darting Young, transl., Eznik of Kolb, On God, Eastern Christian Texts in Translation, No. 2 (The Catholic University of America, Peeters, 1998), p. 4. Այս թարգմանության առթիվ շուտով հանդես կգանք աոանձին գրախոսությամբ:

[էջ 191]

ածանցյալությունը իրանական և, փոքր-ինչ պակաս չափով, բյուզանդական ազդեցություններից: Այս մտայնությունը Գարսոյանի մոտ ընդունել է անհեթեթ ձևեր ու չափեր: Ըստ Գարսոյանի, հին «Հայաստանի խորը իրանացումը բավարար չափով չի ճանաչված»362: Օրինակ՝ ըստ նրա, հայոց նախարարական կարգը Իրանի պարթևական հասարակության ճշգրիտ վերարտադրությունն էր: Սակայն, զարմանալի է, որ հեղինակը միաժամանակ րնդունում է, որ պարսկական գրականության մեջ «իրանական հասարակության այդ վաղ փուլի մասին ամբողջ հիշողությունը գրեթե լիովին ջնջված է»363։ Զարմանալի է, այդ ինչպե՞ս Գարսոյանը պարզեց, որ հայկական հասարակությունը վաղ իրանականի հայելային ածանցյալ կրկնությունն է, եթե իրանական «նախատիպի» մասին տեղեկություններ չկան: Այս առումով, Սյունիի հասցեին վերն արված դիտողությունն առ այն, որ անհնար էր հայերի գալը Արևմուտքից մ.թ.ա. 6-րդ դարում ու, մյուս կողմից, ընդամենը մի քանի հարյուրամյակում իրանական հասարակարգի բոլոր գծերի փոխառումը, առաջին հերթին վերաբերում է Սյունիի ուսուցիչ Գարսոյանի մտքի հակասություններին: Նկատենք, որ Գարսոյանը միայնակ չէ Հայաստանը գրեթե լիովին իրանացած հռչակելու իր նկրտումներում: Այդ կեղծ գաղափարի մյուս հայտնի ջատագովն է Նինա Գարսոյանի մյուս սան՝ վերոհիշյալ Ջեյմս Ռասսելը: Սա Փավստոսի «Հայոց պատմությունն» անվանում է «Փավստոսի հայկական Բուզանդարան՝ մի էպոս, որը գրել են քրիստոնյաները, որոնց ամրողջ աշխարհայացքը դեռևս պարթևական էր» ("...the Armenian Buzandaran of Pawstos: an epic composed by Christians whose imaginative universe was still Parthian.")364։ Հայերի ամբողջ աշխարհայացքը պարթևականացնելով՝ Ռասսելն ասել կուզի, թե Փավստոսի ժամանակներում հայերն իսկի կարգին հայ էլ

_____________________________

362 Տե՛ս The Epic Histories (Buzandaran Patmutiwnk), op. cit., p. 51.
363 Նույն տեղում:
364 Տե՛ս J. R. Russel, "A Parthian Bhagavad Gita and its Echoes," op. cit., p. 18.

[էջ 192]

չէին՝ քրիստոնյա պարթևներ էին։ Հայկական ողջ մշակույթը և նույնիսկ հայերին իրանիզացված հայտարարելը քաղաքական ենթատեքստ ունի։ Հիշենք՝ ադրբեջանցի «հայագետները» Ղարաբաղի հայերին փորձում էին հռչակել քրիստոնյա ադրբեջանցիներ, իսկ թուրքերը քրդերին անվանում են լեռնային թուրքեր։ Լրացուցիչ մեկնաբանություններն ավելորդ ենք համարում։

Թե ինչ աստիճան անկախ էր հայկական քաղաքակրթությունը իրանականից, ու նաև՝ առավել ամուր, կուռ ու ներդաշնակ էր հայկական մշակույթը իրանականի համեմատ, ցուցադրենք արաբական ռազմակալմանն այդ երկու «աշխարհների» տված որակապես խիստ տարբեր պատասխաններով։ 7-9-րդ դարերում, հայտնվելով արաբական տիրապետության տակ, իրանական քաղաքակրթության համակարգն ամբողջությամբ փուլ եկավ ու հոգևոր փոխակերպություն ապրեց, ներառյալ՝ ժողովրդի արագընթաց իսլամացումն ու իրանական գրականության ու գիտությունների մեջ արաբերեն լեզվի միքանիդարյա տիրապետումը։ Սրան հակառակ՝ նույն ժամանակահատվածում հայկական քաղաքակրթությունը դյուրությամբ դիմագրավեց արաբական ազդեցություններին և անեղծ ու անվթար պահեց ինչպես իր ավանդական հասարակական ու հոգևոր–մշակութային համակարգերը, այնպես էլ ռազմաքաղաքական կենտրոնացված հաստատությունը հայոց սպարապետությունը։ Այս և այսպիսի որոշիչ պատմական զուգադրությունների շարունակական անտեսումն է, որ հանգեցրել է հայկական միջավայրի վրա իրանական աշխարհի ազդեցության անհիմն ու խիստ թերի մեկնաբանությունների։

Իրանիզացված Հայաստանի և իրանացած հայերի մասին աբսուրդի հեղինակներից մեկը իրավամբ Գարսոյանն է, որին Հայաստանի Գիտությունների Ակադեմիան 1986 թ՝ պատմագիտության մեջ ունեցած «մեծ ձեռքբերումների» դիմաց շնորհել է Անանիա Շիրակացու անվան մրցանակ։ Սակայն շարունակենք։

[էջ 193]

Ծանոթագրելով Փավստոսի նկարագրած հյկական հաղթանակները և հայկական զորքերի մարտավարությունը Գարսոյանը հանգում է արտառոց և չափից դուրս արհեստական եզրակացությունների։ Այսպես՝ Փավստոսը հաղորդում է, որ պարսից Շապուհ Բ թագավորը, Հայաստանում իր կրած մի խոշոր պարտությունից հետո՝ վերադառնալով Իրան, հիացական գնահատական է տվել հայ ռազմիկների անձնվերությանը, պատերազմավարժությանն ու մարտական բարձր ոգուն.

Զարմացել եմ ես, ասում էր նա, իմ տեսածի վրա։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել, և տարի չեմ անցկացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվը այս էր, որին այս անգամ պատահեցի։ Որովհետև երբ Հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հաստ, հզոր և անշարժ աշտարակ, իսկ երբ մենք նրանց փոքր-ինչ վանում էինք, նրանք ապաստանում էին հոռոմների լեգեոնների մեջ, որոնք իրենց կից առ կից վահանները բաց անելով նրանց ներս էին ընդունում, ինչպես մի պարսպապատ ամրոցի մեջ։ Եվ այնտեղ փոքր-ինչ շունչ առնելով՝ նորից դուրս էին գալիս ու կռվում, մինչև որ Արյաց զորքերին ամբողջովին ոչնչացրին։ Մի որիշ բանի վրա էլ եմ զարմացած -- Հայաստան գնդի365 միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ։ Երբ իրենց ախոյաններին գլորում էին, միշտ ասում էին. «Արշակի համար», իսկ նա նրանց մեջ չէր, բայց նրանք իրենց սիրուց և տիրասիրությունից, որ ունեին իրենց բնիկ տիրոջ նկատմամբ՝ ամեն մի ախոյանի, որին սպանում էին, նրան էին նվիրում։ Կամ [Հայոց սպարապետ Մամիկոնյան] Մուշեղի այն մոլեգնած գունդը, ինձ այնպես էր թվում, թե այդ գնդից բոց ու կրակ են թափում, և դրոշակներն այնպես էին գնդի մեջ, կարծես

_____________________________

365 Մալխասյանի թարգմանության մեջ՝ Հայկական գնդի, որ, ինչպես ստորև, կխոսենք՝ սխալ թարգմանություն է։

[էջ 194]

Հրդեհի բոց է անցնում եղեգների միջով: Այսքան ժամանակ է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, գտնվում է Անդմշն բերդում, Խուժաստան երկրում, բայց նրանք իրենց սիրուց այնպես էին համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած իբրև թագավոր, կամ իրենց հետ գնդի մեջ է գտնվում, իբրև պատերազմին գլուխ կանգնած և իրենք նրա առաջ նրան են ծառայում: Այո, -- ասում էր նա, -- երանի´ նրան, որ Հայոց գնդի տերն է, այնպիսի տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի366։

Հայոց բանակին Շապուհ Բ-ի տված այս գնահատականը Նինա Գարսոյանը քմծիծաղով անվանում է մեկ անգամ «մտացածին մենախոսություն», մյուս անգամ՝ «անհավանական մենախոսություն» (imaginary soliloquy և improbable Soliloquy)367։ Գարսոյանը սա այնքան վստահ է ասում, որ թվում է, թե ինքն այնտեղ էր և անձամբ պարսից թագավոր Շապուհի հետ խոսել-ճշտել է իրականությունը։ Սակայն Շապուհի այս խոսքերում անհավանական բան չկա՝ անկախ այն բանից, թե բառացի՞ է դրանք վերարտադրել Փավստոսը թե՝ փոքր-ինչ համապատասխանեցրել է իր երկի ոճին: Հարցնենք տիկի´ն Գարսոյանին՝ այդ ինչպե՞ս է, որ, Կովկասում թուրքական ուժերի գլխավոր հրամանատար Վեհիբ-փաշան, վերհիշելով 1918 թ. մայիսին Ղարաքիլիսայի համար մղված ճակատամարտը, կարող էր խոստովանել, որ.

Դա բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել368:

_____________________________

366 Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ. Ստ. Մալխասյանցի (1968), էջ 244-245:
367 The Epic Histories (Buzandaran Patmutiwnk), op. cit., p. 310-311, note 4 and 12.
368 Տե՛ս Ե.Ղ. Սարգսյան. Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում (1914-1918): Երևան, «Հայաստան», 1964, էջ 455. հմմտ. Турция в годы первой мировой войны. Москва, 1966, стр. 188. И. X. Баграмян, Мои воспоминания. Изд. "Айастан",

[էջ 195]

Ապա ինչու՞ հայոց մարտունակության մասին ճիշտ նույն կարծիքն անհնար պետք է համարենք 4-րդ դարում: Ընդ որում, խիստ հատկանշական է, որ օտարազգի զորավարների՝ Շապուհի և Վեհիբ-փաշայի խոսքի դիպաշարը համընկնում է՝ այն բաղկացած է երկու մասից, նախ ընդգծվում է ճակատամարտի եզակիությունը, ապա արվում է հակառակորդի գնահատականը: Կադրային զինվորականների համար առհասարակ սովորական բան է հակառակորդի զորքերին հրապարակայնորեն արժանի գնահատական տալը: Կարելի է վերհիշել տասնյակ նմանատիպ դեպքեր, համեմատենք, օրինակ, թե 1812 թ. Բորոդինոյի ճակատամարտի մասին հետագայում ինչ է գրել Նապոլեոն Բոնապարտը. «Իմ բոլոր ճակատամարտերից ամենաահավորն այն է, որ ես տվել եմ Մոսկվայի մատույցներում: Ֆրանսիացիները իրենց ցույց տվեցին արժանի հաղթանակ տանելու, իսկ ռուսները նվաճեցին անպարտելի լինելու իրավունքը»369 : Ինչպես դժվար չէ նկատել, այս գնահատականի դիպաշարը, այսինքն՝ Նապոլեոն զորավարի միտքը նույնպես համընկնում է վերոհիշյալ երկու զորավարների մտքի թելին, այն է՝ բոլոր երեքն էլ սկզբում առանձնացրել են իրենց վարած բազմաթիվ ճակատամարտերի մեջ ամենատպավորիչը, այնուհետև՝ արժանին են մատուցել հակառակորդի զորքերին:

Արշակունյաց ժամանակաշրջանում հայոց բանակն իր թվաքանակով զիջում էր միայն երկու տարածաշրջանային գերտերությունների՝ Հռոմի և Իրանի բանակներին, իսկ մարտական որոշակի խնդիրներ լուծելու գործում, հատկապես՝ իր հեծելազորի մանևրային կարողություններով ու հարվածային հզորությամբ, անգերազանցելի էր: Հայկական այրուձին մեծ հռչակ էր վայելում հին աշխարհում (այս փաստը Գարսոյանն ինքն էլ լավ գիտի)370, այդ իսկ պատճառով էլ Հռոմ-Բյուզան-

_____________________________

Ереван, 1979, с. 88.
369 Տե՛ս Советская историческая энциклопедия (Москва, 1962), стр. 630.
370 Ինչպես խոստովանում է Գարսոյանը իր ծանոթագրություններից մեկում, հայկական այրուձին հռչակված էր երկրի սահմաններից

[էջ 196]

դիայի և. Իրանի տիրակալները սիրաշահում էին և. աշխատում տարբեր հնարքներով իրենց զինված ուժերի կազմի մեջ ընդգրկել հայկական ընտիր զորամիավորումները: Հայկական բանակի հրամկազմի ներկայացուցիչներից շատերը՝ շնորհիվ Հայաստանում իրենց ստացած ռազմական կրթության և փայլուն ունակությունների, բյուզանդական բանակում հաճախ էին ստանում բարձրագույն զինվորական կոչումներ և պաշտոններ, հետագայում՝ գրավելով նույնիսկ կայսերական գահը 371։ Ինչ վերաբերում է Իրանում հայկական գորքի ունեցած վարկին, ապա այդ մասին կարելի է որոշակի պատկերացում կազմել թեկուզ Եղիշեի հետևյալ հաղորդումից.

...կարգն այն էր, որ երբ Հայաստանից որևէ պատվավոր զորավարի առաջնորդությամբ հեծելազոր էր գնում [Պարսից թագավորի] Դուռը, [թագավորը] մարդ էր ուղարկում ընդառաջ և հարցնում էր Հայոց աշխարհի ողջությունն ու խաղաղությունը, և երկու-երեք անգամ նույնն էր անում. զորահանդեսն էլ [թագավորն] ինքն էր անում և պատերազմ սկսելուց առաջ նրանց իրեն մոտ գալ՝ տեղ հասնելն անգամ մեծ շնորհակալության արժանի էր համարում և իր աթոռակիցների ու բոլոր մեծամեծների առաջ գովասանք էր տալիս ամենքին, հիշում էր նրանց նախնիների ծառայությունները և պատմում էր նրանցից յուրաքանչյուրի քաջությունը 372։

Սա՞ էլ է «մտացածին» հաղորդում: Կարելի է հիշել նաև Մուշկան Նյուսալավարտի բառերը՝ ուղղված պարսից զորքին Ավարայրի ճակատամարտի նախաշեմին. «Դուք ինքներդ գիտեք Հայոց աշխարհի քաջությունը, և. ամեն մեկի անվեհերու-

_____________________________

դուրս՝ "was renowned beyond its borders" (The Epic Histories, op. cit., p. 573).
371 Բյուգանդական բանակում հայկական զորամասերի և հրամանատարների մասին համառոտաբար տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հտ. Ա, էջ 39-40:
372 Տե՛ս Եղիշե. Վարդանի և Հայոց պատերազմի մասին: Թարգմ. և ծանոթագրությունները Ե. Տեր-Մինասյանի. Երևանի Համալսարանի հրատ., 1989, էջ 89:

[էջ 197]

թյունը. գուցե պարտություն կրելով՝ կենդանի-կենդանի զրկվեք այն մեծ կյանքից, որ ունենալու եք: Հիշեցեք ձեր կանանց և որդիներին, հիշեցեք ձեր սիրելի բարեկամներին, գուցե ոտնահար լինիք...»373: Ասենք , Գարսոյանի համար սրանք անշուշտ մտացածին հաղորդումներ են. չէ՞ որ նրա գործընկեր Ռոբերթ Թոմսոնը ու սրան ընդօրինակող Պիթըր Քաուին Եղիշեի երկը հռչակել են անարժանահավատ աղբյուր, որը «ճշգրիտ կամ հավաստի քիչ տեղեկություններ ունի տալու հայոց քաղաքական կամ ռազմական պատմության հետազոտողներին»374:

Ինչևիցե՝ հայկական բանակին Շապուհի տված հիացական գնահատականր պետք է Համարել միանգամայն Հավաստի: Այդ գնաՀատականը Փավստոսին կարող էր հայտնի դառնալ տարբեր ճանապահներով, հավանական է՝ Մամիկոնյանների միջոցով (նույնպես և Մուշկան Նյուսալավուրտի դիմումը իր բանակին Եղիշեին կարող էր հայտնի դառնալ պարսիկ գերիների պատմածից կամ մեզ անհայտ այլ ուղիներով:)

Սակայն, Գարսոյանը կանգ չի առնում: Պարզվում է, Փավստոսը, կամ Փավստոսի աղբյուրը, ճակատամարտերը նկարագրել են՝ հիմքում ունենալով ոչ թե զորքերի և զորահրամանատարների իրական գործողությունները, այլ... զրադաշտական Իրանի արժեքներն ու ավանդույթները (!?) 375: Ավելին՝ հենվելով Թոմսոնի վրա, Գարսոյանը գրում է, թե նույն ճակատամարտը նկարագրելիս, «Մովսես Խորենացին հիմք է ընդունել ոչ թե իրանական, այլ աստվածաշնչյան և հայրաբանական աշխարհընկալումը» 376:Այսպիսով բոլոր խնդիրները լուծվում են ոչ Բուզանդն է ճշմարիտ հեղինակ, ոչ էլ Խորենացին: Բոլորովին անհասկանալի և շինծու պատճառաբանությամբ Գարսոյանը հրաժարվում է հավաստի համարել

_____________________________

373 Նույն տեղում, Գլուխ հինգերորդ, էջ 232-233:
374 Տե՛ս վերը, ծնթ. 296:
375 Տե՛ս The Epic Histories, op. cit., pp. 310-312, notes 4, 5, 18.
376 Նույն տեղում, էջ 311, ծնթ. 4:

[էջ 198]

նաև Փավստոսի մի այլ մանրամասն հաղորդում ՝ Մծբինի մոտ հայկական զորքի՝ բյուզանդական կայսերական բանակի դեմ տարած խոշոր հաղթանակի մասին 377։

Կարճ ասած՝ Նինա Գարսոյանը Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը» հավասարացրել է հեքիաթասացության։

3.3.3 Գրքի աղբյուրագիտական հիմքի մի հատկանիշ

Ցուցադրելու համար Նինա Գարսոյանի «գիտական բարեխղճությունը», բերում ենք պատմաբան-բանասեր Գևորգ Տեր-Վարդանյանի «Բուզանդի տպագիրներն ու ձեռագրերը»՝ հրատարակության ընթացքի մեջ գտնվող աշխատությունից մի քաղվածք, որ շնորհակալությամբ ստացել ենք հեղինակից։ Այսպես՝ Տեր-Վարդանյանը պարզել է, որ գոյություն ունի՝

Փավստոսի Պատմությունը պարունակող 46 ձեռագիր. 18ը ամբողջական, 3ը՝ թերի, 3ը՝ կորուսյալ. Առանձին դիտելի խումբե են հատվածական ընդօրինակումները՝ 8 միավոր. կրկին առանձին, բայց այլ ավանդույթների կրող ու արտայայտիչ են ճառընտրային 9ը և հայսմավուրային 5ը (ընդամենը՝ 14)։

Գարսոյանի ընդարձակ Մատենագիտության առաջին՝ «Բնագրի ձեռագրեր, տպագիրներ և թարգմանություններ» բաժինն ունի միայն գույքահամարներով և թվականներով՝ ըստ հավաքածուների (Երուսաղեմ, Երևան, Վենետիկ, Վիեննա) թվարկված 32 ձեռագրի մի անկատար և սխալաշատ ցանկ (էջ 601-2), որը թյուր պատկերացում է ստեղծում Փավստոսի ձեռագրական ավանդույթի մասին։ Անկասկած, թարգմանիչը պարտավոր չէր կատարելապես ուսումնասիրելու բնագրի ձեռագրերը, ավելին՝ կարող էր իրեն ազատ համարել նման ցանկ պատրաստելու պարտավորությունից, սակայն, քանի որ այն կա, ապա պետք է արձանագրենք, որ նրա սխալմունքները համարական պարզ ցանկի համար չափազանց շատ են։ Կրկնություններից խուսափում ենք, պա-

_____________________________

377 The Epic Histories, op. cit., p. 290, n. 8.

[էջ 199]

կասների խնդիրը թողնում, ապա՝ մեր շարքի 378 կարգով առաջնորդվելով ու խմբավորելով, նույն շարքի պայմանանիշերով թվարկում ենք Գարսոյանի առավել կարևոր սխալմունքները.

ա) 32 ձեռագրից 25ը համարվել են ամբողջական, 7ը՝ հատվածական (պահպանված ամբողջական օրինակներն իրականում 18ն են),

բ) ամբողջական դարձված Ն, Շ, Չ, Ռ (Երևանի 2748, 1862, 3965) հատվածական և Ց, Փ (Վենետիկի 1014, 512) ճառընտրային օրինակները,

գ) Ժ և Ի (Վենետիկի 721, ,երևանի 3079) օրինակների գրչության 1700 և 1720-30-ական թվականները դարձվել է 1720 և 1681, Հ (Վենետիկի 2460) օրինակի 1783ը՝ 1743, Պ (ՄՄ 8813) օրինակի 1688ը՝ 1668, Լ (Վենետիկի 1188) ձեռագրի Մխիթ. մատենադարան մուտք գործելու 1750 թվականը 1761,

դ) թերի Ճ և Մ (E87ani 6321 և 6554) ձեռագրերը դարձված են հատվածական,

ե) մտացածին (!) 673, 875 և 1706 համարներով են նշանակվել Ր, Ց և Փ՝ Վենետիկի Ա, Բ, Գ ճառընտիրները, որոնց ցուցակի համարները 201, 202 և 203 են, իսկ գույքահամարները՝ 17, 1014 և 512։

Ի վերջո, ինչպես արդեն ասել ենք, ձեռագրերը թվարկված են ըստ հավաքածուների, մինչդեռ որևէ գործի կամ ժողովածուի ձեռագրերը ներկայացնելու լավագույն եղանակը ժամանակագրական-բնութագրական հատկանիշներով առաջնորդվելն է. Նախ՝ խիստ պայմանական, ավելին, բնագրական խնդիրների համար չորրորդական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Փավստոսի ա´յսինչ ձեռագիրը գտնվում է Երևանում, ա´յնինչը՝ Երուսաղեմում կամ մի այլ տեղ. վերջապես, անիմաստ է ի սկզբանե իսկ մեկ կամ մի քանի գլուխ պարունակող ձեռագիրը ամբողջական օրինակների շարքում ներկայացնելը։

_____________________________

378 Ձեռագրերի թվարկում-ներկայացումն արված է հայերեն այբուբենի տառերով և այլ ենթապայմանանիշներով։

[էջ 200]

Պարզ է, որ Գարսոյանը ձեռագրերի այս ցանկը ներկայացրել է ստեղծելու համար «գիտաձևական» այն թյուր տպավորությունը, թե իր թարգմանության մեջ օգտագործվել են նաև Փավստոսի պատմության ձեռագիր տարբերակներն ու նրանց րնթերցումները, ուրեմն և թարգմանությունը բնագրական իմաստով իբր ավելի ճշգրիտ է՝ քան գրաբար բնագրի որևէ հրատարակություն:

3.3.4. Թարգմանչական մի քանի թերությունների մասին

Դրանք շատ են: Մի քանիսի թվարկումը, սակայն, լիակատար պատկերացում կտա Գարսոյանի հայագիտա-գրաբարագիտական պատրաստության մասին:

1. Փավստոսի հետևյալ արտահայտությունը «իբրև զկոյրս մոլորեցան երկիրն լեզուին թորգոմական աշխարհի»379 Գարսոյանը թարգմանել է այսպես] «....the land [Speaking] the language of the realm of Torgom...» 380։ Այս թարգմանությունը վերածենք արդի հայերենի և համեմատենք այն Ստ. Մալ խասյանցի թարգմանության հետ.

Ստ. Մալխասյանց.

Հայ լեզվով խոսող թորգոմական աշխարհը [կույրերի նման մոլորվեց]381

Ն. Գարսոյան.

Թորգոմի աշխարհի լեզվով խոսող երկիրը [կույրերի նման մոլորվեց]:

Գարսոյանի թարգմանության մեջ ստացվել է մի խայտաբղետ անհեթեթություն՝ Հայաստան երկրում խոսում էին

_____________________________

379 Փավստոս Բուզանդ. Պատմութիւն հայոց. Թիֆլիս, 1912, Դպրութիւն Գ, Գլուխ ԺԳ, էջ 50:
380 Տե՛ս The Epic Histories (Buzandaran Patmutiwnk),op. cit., p. 84.
381 Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ., ներած, և թարգմանություններն Ստ. Մալխասյանցի, էջ 90:

[էջ 201]

Թորգոմի աշխարհի (որ նույն Հայաստանն է) լեզվով: Պետք է գրաբար իսկապես շատ վատ իմանաս, որպեսզի չհասկանաս, որ «երկիրն լեզուին թորգոմական աշխարհի» արտահայտության մեջ երկիր և աշխարհ բառերը գործածված են ոչ թե տարբեր, այլ նույն իմաստով՝ իբրև հոմանիշներ, այսպես կոչված պեսպիսություններ: Հոմանիշներն այդպես գործածելը գրաբարում, իսկ Փավստոսի երկում՝ առանձնապես, տարածված երևույթ է ու տարրական կանոն: Այս կանոնին ծանոթ չլինելու պատճառով Գարսոյանը տարբեր տեղերում զանազան ծիծաղաշարժ սխալներ է արել: Օրինակ, նա գրում է, թե աշխարհ և երկիր եզրերը միշտ տարբեր նշանակություն ունեն, որպես «վառ» ապացույց բերելով Փավստոսի՝ ա. «աշխարհին Հայաստան երկրին» (Գ, 6), բ. «զերկիրն Հայոց աշխարհին» (Գ, 7) արտահայտությունները: Առաջին դեպքում Գարսոյանը թարգմանել է այսպես՝ «Հայաստան երկրի տերությունը» (the realm Of the land Of Armenia), երկրորդում՝ «Հայաստան տերության երկիրը» (the land of the realm of Armenia) և այլն382: Այնինչ երկու դեպքում էլ աշխարհն ու երկիրը գործածված են իբրև հոմանիշներ:

2. Պարսիկների կողմից Տիրան թագավորի նենգ առևանգումից հետո ստեղծված կացությունը քննելու համար 350 թ. Հայաստանում հրավիրվեց աշխարհաժողով: Փավստոսը գրում է, թե ժողովականները՝ սկսեցին իրար հետ խոսել և ասում էին. «Այս ի՞նչ է մեր արածը, նստել սուգ ենք անում, թշնամիները սրանից կօգտվեն, շատ չանցած էլի մեր երկիրը կարշավեն...» (բնագրում՝ «թշնամեք այսու գամագիւտ լինին, այլ քան սակաւ ժամանակք են, այսրէն արշավեսցեն թշնամիքն»)383:

Վերջին նախադասության՝ «թշնամիք այսու գամագիւտ լինին »ի պարզ իմաստը (այսինքն՝ կօգտվեն երկրում հաստատ-

_____________________________

382 Տե՛ս The Epic Histories, p. 510.
383 Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ. Ստ. Մալխասյանցի (1968), էջ 110:

[էջ 202]

ված շփոթությունից) Գարսոյանը չի հասկացել և թարգմանել այն է՝ «Թշնամիները այս բանը հաջողեցրեցին» ("The enemy has been successful in this and after a little time will attack again" )384։ Անգլերեն ճշգրիտ թարգմանությունը պետք է լիներ այսպես՝ The enemies would take advantage of this and soon invade our country.

3. Փավսաոսի գունդ բառը Գարսոյանը թարգմանում է հիմնականում իբրև «զորամաս» (contingent), մի քանի դեպքում՝ իբրև «բազմություն», և մի դեպքում՝ իբրև գունդ՝ «թանձրուկ» իմաստով385: Փավստոսը, սակայն, շատ հաճախ գունդը գործածում է «բանակ» իմաստով, իսկ Գարսոյանը, թյուր իմացաբար կամ գիտակցաբար, խուսափում է այդ գործածումը ճիշտ թարգմանելուց: Փոխարենը, սխալմամբ համարում է, թե «բանակ» իմաստն ավելի հաճախ արտահայտվել է զորք բառով: Ինչևիցե, աներկբայելի է, որ գունդ եզրով Փավստոսը երբեմն նկատի է ունեցել առանձին՝ խոշոր կամ փոքր զորամաս, իսկ որոշ դեպքերում էլ զուտ միայն բանակ (տե´ս, օրինակ, Գ, 7, 8. Դ, 3, 4. Ե, 2, 4): Այս գործածումն ակնառու է հատկապես Ե դպրության 5-րդ գլխում, որտեզ «մոլեկան գունդն Մուշեղեան» պարզ տարբերված է «Հայոց գնդերից», «Հայոց գնդից» ու «Հայաստան գնդից»: Վերջին երկու դեպքում էլ խոսքը հստակ վերաբերում է Հայոց միացյալ բանակի ամբողջությանը։

Նկատենք շատ հետաքրքրական մի հանգամանք ևս: Փավստոսի՝ «Հայոց գունդ» ու «Հայաստան գունդ» անվանումների գործածումն երից պարզ երևում է, որ 4-րդ դարում, գուցե նաև ավելի վաղ և ուշ շրջաններում, Հայոց միացյալ բանակն ունեցել է երկու հոմանիշային անվանում՝ «Հայոց գունդ» և «Հայաստան գունդ» (հմմտ. Դ, 39. Ե, 4, 5): Մինչ-

_____________________________

384 Տե՛ս The Epic Histories, p. 98.
385 Տե՛ս The Epic Histories, pp. 68, 73-76, 96-98, 108, 116, 133, 148-151, 155, 158-159, 161, 163-164, 166, 170, 186-187, 189-191, 193-196, 204-205, 217, 219-220, 223-228, 529.

[էջ 203]

դեռ առաջին անունն ընդգծում էր բոլոր հայերի միասնականությունն ու համերաշխությունը, երկրորդը շեշտում էր նրանց ամրագույն կապվածությունը Հայաստան աշխարհին, երկրին և թագավորությանը: Ցավոք, Հայոց միացյալ բանակի այս երկու ջոկ անվանումների գոյությունը նախորդ թարգմանիչների համար աննկատ է մնացել ու, հետևաբար՝ չի մեկնաբանվել386:

4. Ըստ Բուզանդի հաղորդման, դավաճան հրամանատար Դատաբեն Բզնունուն ձերբակալելուց հետո՝ «ածէին զնա առաջի մեծի թագաւորին Խոսրովու, և քարկոծ առնէին զնա քարամբք իբրև զայր, որ աշխարհի և գնդի և զօրաց տեառն իւրոյ դաւաճան լեալ իցէ» (Գ, 8): Վերջին հատվածը Գարսոյանը թարգմանել է այսպես, «որը դավաճանել էր իր տիրոջ աշխարհին, զորամասին և բանակին» ["...who was a traitor to the realm, the contingent, and the army of his lord."]387։ Դարձյալ զուգադրենք հայերեն և ռուսերեն թարգմանությունների հետ.

Մալխասյան.

որ դավաճան է եղել իր աշխարհին և իր տիրոջ գնդին ու զորքերին388։

Գևորգյան.

и побили его камнями, как человека, изменившего своей родине, гунду и войскам своего государя389.

_____________________________

386 Հմմտ. Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ. Ստ. Մալխասյանցի (1968) և История Армении Фавстоса Бузанда. Перевод с древнеармянского и комментарии М. А. Геворгяна. Под редакцией С. Т. Еремяна. Вступительная статья Л. С. Хачикяна. Ереван, АН, 1953.
387 The Epic Histories, op. cit., p. 76.
388 Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց: Թարգմ. Ստ. Մալխասյանցի (1968), էջ 79:
389 История Армении -Фавстоса Бузанда, с. 18.

[էջ 204]

Այս դեպքում Գևորգյանի թարգմանությունն առավել ճշգրիտ է: Կարևորն այն է, սակայն, որ Գարսոյանի թարգմանության մեջ վերացել է Դատաբենին մահապատժի ենթարկելու գլխավոր պատճառը՝ այն, որ վերջինս դավաճանել էր իր հայրենիքին, այլ ո՛չ սոսկ՝ «իր տիրոջ աշխարհին»: Թե ինչու՞ էր Գարսոյանին պետք՝ այս պարզ դրվագում հայրենիք հասկացությունը ջնջելը, թողնում ենք րնթերցողի դատողությանը:

Այսքանով բավարարվենք, թողնելով որ Արշակունյաց Հայաստանի պատմության խնդիրներով զբաղվող մասնագետներն առավել մանրամասնորեն անդրադառնան Գարսոյանի «մոնումենտալ» աշխատությանը: Կարծում ենք, սակայն, որ ասվածը բավարար է, որպեսզի ընթերցողն հստակ պատկերացում կազմի Գարսոյանի գիտական, գաղափարական և բարոյական կերպարի մասին:

Ավելացնենք, սակայն, որ հայկական միջնադարյան աղբյուրները հաջորդաբար «կեղծիքներ» հռչակելու ամերիկյան մարմաջը շարունակվում և ծավալվում է:

Այսպես՝ վերը հիշված Լևոն Ավդոյանը «քաջաբար» բացահայտել է ևս մեկ «խաբեություն»՝ հայտարարելով Հովհան Մամիկոնյանի 7-րդ դարում գրված «Տարոնի պատմությունը», ինչպես ինքն է հպարտությամբ ասում՝ «10-րդ դարի կեղծիք» և անվանելով հեղինակին Կեղծ-Հովհան Մամիկոնյան390: Մի հոդվածում փորձելով կիսաշշուկ հաստատել հայերի հնուց ի վեր Արցախում ապրելու փաստը (ըստ Ավդոյանի՝ հայերը ներկա են եղել Արցախում մ.թ. 370-ական թվականներից, ընդ որում՝ Արցախն անվանված է Կովկասյան Աղվանքի «մեկ մաս»), Ավդոյանն անում է մի չափազանց ուշագրավ հայտա-

_____________________________

390 Ps. Yovhannes Mamikonean. The History of Taron [Patmutiwn Taronoy]:. Historical Investigation, Critical Translation and Historical and Textual Commentaries by Levon Avdoyan. [Columbia University Armenian Studies Program: Suren D. Fesjian Academic Publications; 6]. Atlanta, GA: Schoalrs Press, 1993.

[էջ 205]

րարություն. «այս իմ նկատողությունները որոշակի ետնախորքում դնելու համար նշեմ անձնական վաստակս. վերջերս ես հրատարակել եմ մի գործ, որտեղ հաստատում եմ, որ մի շատ սիրված հայկական միջնադարյան աղբյուր 10-րդ դարի կեղծիք է. այս աշխատությունն ինձ ընկերներ չի բերել և. չի բերելու ուղղափառ կամ կեղծ-ուղղափառ հայկական շրջանակներում»391:Մի կողմ թողնելով հայկական շրջանակներում մերժված լինելու սուտ հավակնությունը (կեղծ-հայագետներից ոչ ոք այդպիսի արդարացի վերաբերմունքի տակավին չի արժանացել, ընդհակառակը՝ նրանք միայն մեծարվել են), անդրադառնանք Ավդոյանի մյուս ասածին: Պարզվում է՝ որպեսզի արևմտյան հայագիտական շրջանակներում ունենաս «օբյեկտիվ» գիտնականի համբավ, պետք է անպատճառ մի լավ աքացի տաս հայոց պատմությանը, օրինակ՝ գոնե մեկ հայկական միջնադարյան սկզբնաղբյուր կեղծիք հռչակես: Ա՛յ, դրանից հետո նոր միայն կարելի է քաջնազարյան կերպով «ձայն բարձրացնել» ի պաշտպանություն Արցախի...

4. Հարձակումներ հայերի ազգային բնավորության և արժանապատվության վրա

Սյունին, օրինակ, սիրում է ընդարձակ մեջբերումներ անել ռուս և եվրոպացի հենց այն մի քանի հայատյաց հեղինակներից, որոնք խիստ նախապաշարված ու բացասական գնահատականներ են տվել հայերի ազգային բնավորությանը, այլազանորեն անվանարկելով նրանց (այդ վիրավորանքներն այստեղ վերարտադրելու ցանկություն չունենք)392: Բնական է, որ Սյունին զլացել է մեջբերել ու օտարերկրացիների՝ hայերի մասին արտաhայտած բազմաթիվ գրական գնաhատականները,

_____________________________

391 Levon Avdoyan, "Nagorno Karabakh: An historical perspective," International Journal on Group Rights 3 1995, pp. 161-167.
392 Տե՛ս, հատկապես, Suny, Looking toward Ararat, op. cit., pp. 37-42, 101.

[էջ 206]

որոնց նա չէր կարող հանդիպած չլինել393: Ըստ երևույթին, Սյունին մտածում է հայերի մասին նույն հայատյաց կատեգորիաներով: Այսպես՝ փորձելով ևս մեկ անգամ ձախկել հայ ազատագրական շարժումները, նա պատմաբանին անհարիր ոճով մեղադրում է միջնադարում ապրող հայերին օտար տիրապետության տակ նրանց կրած բոլոր տառապանքների համար. «Վաճառական գործիչների մի խումբ Մադրասում գրում էր քաղաքական տրակտատներ, որոնք բարդում էին հայության դրության մեղքը նրանց սեփական մեղավոր անցյալից՝ օտար տիրակալների դեսպոտիզմի վրա» (The group of merchant activists in Madras wrote political tracts that shifted the blame for the Armenian condition from their own sinful past onto the despotism of foreign rulers)394։

Նույն միտքը Սյունին սիրում է շեշտել այլ կերպ ևս, թե իբր «քաղաքական համերաշխությունը հայերի մեջ թույլ էր», «հայ ավատատերերը հաճախ դաշնակցում էին ոչ-հայ ուժերի հետ՝ իրենց հայրենակից հայերի դեմ [կռվելու համար]»395։ Փաստորեն, միայն հայերին է վերագրում երևույթներ, որոնք բնորոշ էին միջնադարյան բոլոր հասարակություններին՝ այն էլ շատ ավելի մեծ չափերով (այդպիսի երևույթները բնորոշ են նույնիսկ բազմաթիվ արդի հասարակությունների): Այսպիսի ոչ-գիտական մտապատճենների կապակցությամբ Հակոբ Մանանդյանն իրավացի բացատրություն է տվել տակավին 1902 թ., նույն հարցին ևս մեկ անգամ վերադարձել է 1940-ական թթ..

Թե որքան սովորական, բայց ծայրահեղ կարող են լինել ուրվականների նման բերնից բերան, գրքից գիրք՛ հոդվածից հոդված շրջող դոնքիշոթական ընհանրացումները՝ ցույց

_____________________________

393 Տե՛ս, օրինակ, Christopher Walker, Visions of Ararat (London, 1997); Վալերի Բրյոսով, Հայաստանի և հայ կուլտուրայի մասին: Խմբագրությամբ Գ. Ն. Հովնանի, Երևան, ԳԱ հրատ., 1967:
394 Suny, Nation-making, Nation-breaking, op. cit., p. 6.
395 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 8.

[էջ 207]

տանք մի քանի օրինակներով: Մեր նախկին պատմության վերաբերյալ համարյա ամեն մի գրքում և հոդվածում կարող եք կարդալ այսպիսի մի կարծիք, իբր թե Հայոց նախարարների անմիաբանությունն է Հայաստանի կործանման պատճառը: Այդ միամիտ կարծիքը հայտնողներից ոչ մեկը չէ մտածում, որ պետական միության տեսակետից վտանգավոր նախարարական (իսկ Եվրոպայում ֆեոդալական) կազմակերպությունը ոչ մի ազգության մեջ մոգական գավազանի շարժումով չէ փոխվել, այլ բարոյական, իրավական և տնտեսական որոշ զարգացման շրջանում և աշխարհագրական ու քաղաքական որոշ պայմաններում անխուսափելի անհրաժեշտություն է եղել։ Հունաստանը՝ մեզանից ավելի քաղաքակրթված երկիրը, կործանվեց մասամբ էլ այն պատճառով, որ չկարողացավ լուծել ազգային-քաղաքական միության մեծ խնդիրը: Իսկ մենք դեռ շարունակ կրկնում ենք, եթե հայերը անմիաբան չլինեին, եթե նախարարներն ըմբոստ չլինեին և այսպես անվերջ (ընդգծումը՝ Մանանդյանինը)396։

...Ուշագրավ է, որ [14-րդ դարի իսպանացի ճանապարհորդ] Կլավիխոյին ժամանակակից հայերը իրենց թշվառ կացությունը և ազգային անկախության բարձումը վերագրել են հայ իշխանների անմիաբանությանն ու նրանց ներքին պառակտումներին:

Այս րնդհանուր ու սովորական դարձած ժողովրդական կարծիքը ճիշտ չէ։ Անմիաբանությունը և ներքին խռովությունները, որ րնդհանուր երևույթ էին ֆեոդալական կազմակերպություն ունեցող բոլոր երկրներում՝ համեմատաբար հազվագյուտ էին Զաքարյան Հայաստանի հայ իշխանություններում: Եղբայրասպան կռիվներն ու տիրանենգումներն ավելի մեծ չափերով տեղի էին ունենում, ընդհակառակը, թուրքական, մոնղոլական ու թուրքմենական իշխող դինաստիաների միջև, որոնք տիրել էին նրանց երկրին:

_____________________________

396 Տե՛ս Հ. Մանանդյան, Երկեր: Հտ. Դ. Երևան, ԳԱ, 1981, էջ 8-9 (սույն հոդվածը նախապես լույս է ւոեսել «Արարատ» պարբերականում, 1902, ԼԵ տարի, հմր. Բ, էջ 167-171):

[էջ 208]

Իսկ, իրապես, հիմնական պատճառը Հայաստանի քաղաքական ու. ազգային ինքնուրույնության խորտակման, ինչպես և նրա տնտեսական ու կուլտուրական կյանքի հետադիմության, ո՛չ թե հայերի երկպառակություններն էին ու անմիաբանությունը, այլ Միջին Ասիայից եկող քոչվոր ու խաշնարած թուրք և թաթար ցեղերի տևական ու անհաղթահարելի արշավանքները, որոնք հիմնավորապես ավերածության մատնեցին և քարուքանդ արին առաջադեմ քաղաքակրթությունն ու կուլտուրան ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Արևմտյան Ասիայի: Արշավողների կատաղի առաջշարժումը, ինչպես հայտնի է, չկարողացան կասեցնել մինչև իսկ այնպիսի մեծ ու հզոր պետություններ, ինչպիսիք էին Խվարեզմը, Չինաստանը և Ռուսաստանը: Ուստի միանգամայն պարզ է, որ սելջուկյան, մոնղոլական ու լանկթամուրյան ռազմական տեսակետից խիստ կազմակերպված մոլեգին արշավանքները կործանիչ ու սոսկալի մի աղետ էին, որից փրկվել անկարող էր, իհարկե, և հայ ժողովուրդը397:

Միաժամանակ,պետք է ասենք, որ Սյունին և նրա հավատակիցները գրել են ոչ թե Մանանդյանի նշած ժողովրդական կարծիքի ազդեցության տակ, այլ ընդհակառակը՝ այդպիսի կարծիքն առավել տարածելու և հայերի մեջ իրենց ազգային կարողությունների նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակով: Նաև՝ անկախության ձեռքբերմանը և արցախյան փայլուն ռազմական հաղթանակներին զուգընթաց անհետացող թերարժեքության բարդույթին նոր շունչ հաղորդելու, այն հնարավոր չափով ամրապնդելու նպատակով:

5. Հայաստանի պատմական ժողովրդագրության կեղծում

Ա. Հայաստանում հայերը փոքրամասնություն են հայտարարվում արդեն 15-րդ դարից սկսած: Օրինակ, Ջորջ Բուռնությանը գրում է, թե իբր Արաքսի հովիտը (իմա՝ Արարատյան երկիրը) «կորցրեց իր հայկական դիմագիծը և ընդմիշտ

_____________________________

397 Հ. Մանանդյան, Երկեր: Հտ. Գ, Երևան, ԳԱ, 1977, էջ 418-419:

[էջ 209]

բնակեցվեց թյուրքական ցեղերով, իսկ Իսլամը դարձավ գերիշխող կրոն Լենք Թեմուրի արշավանքներից հետո, 14-րդ դարի վերջին-15-րդ դարի սկզբին»: Իր այս անհիմն հայտարարությունը Բուռնությանը փորձում է հիմնավորել, նշելով այս դարասկզբի արևմտյան մի պատմաբանի՝ Լե Ստրեյնջի գրքի մի էջը398:

Արդյո՞ք Բուռնությանին այդքան դուր եկած եվրոպացի հեղինակի այդ մի էջը մեզ անհայտ մնացած ինչ-ինչ ծանրակշիռ ժողովրդագրական հաշվարկներ է պարունակում: Բացելով Լե Ստրեյնջի գիրքը՝ պարզեցինք, որ այնտեղ գրված է ընդամենը, թե Առանի, Շիրվանի, Վրաստանի և Հայաստանի «բնակչության մեծամասնությունը շարունակում էր մնալ քրիստոնյա մինչև մոտավորապես միջնադարի վերջը։ Հետևապես՝ միայն մոնղոլական ներխուժմանը հաջորդած վերաբնակեցումներից ու հատկապես 14-րդ դարի վերջին Վրաստանում Թիմուրի մղած բազմաթիվ պատերազմներից հետո է, որ այս հողերը մշտապես բնակեցվեցին թյուրքերով և իսլամը դարձավ իշխող կրոն»: Ինչպես տեսնում ենք, Լե Ստրեյնջի այս որևէ պատմա-ժողովրդագրական ուսումնասիրությամբ չփաստարկված նախադասությունը խոսում է ավելի շուտ իշխող կրոնի, այսինքն՝ իշխանության, քան թե մահմեդականների մեծամասնություն կազմելու մասին: Ինչևիցե, միայն կանխամտածվածն ասելու մեծ ցանկություն ունենալու դեպքում էր կարելի Լե Ստրեյնջի առաձգական և հպանցիկ նկատողությունն օգտագործել որպես աղբյուր և հավաստի տեղեկություն:

_____________________________

398 Տե՛ս George A. Bournoutian, The Khanate of Erevan Under Qajar Rule, 1795-1828. Costa Mesa, CA and New York: Mazda Publishers, 1992, p. 58, հղում է G. Le Strange, The Lands of the Eastern Caliphate. London, 1966, p. 177. սա վերատպություն է. աոաջին անգամ գիրքը հրատարակվել է 1905 p.): Տե՛ս նաև George Bournoutian, Eastern Armenia in the Last Decades of Persian Rule: 1807-1828 (Malibu, CA: Undena Publications, 1982), p. 75.

[էջ 210]

Այս հայտարարությանն անմիջապես հաջորդող նախադասության մեջ Բուռնությանը հակասում է ինքն իրեն՝ գրելով, թե «վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արաքսի հովտում հայերը մեծամասնություն էին պահպանել մինչև, թուրք-պարսկական պատերազմները շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթերը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբին»: Դժվար է պատկերացնել, որ որևէ լուրջ գիտական աշխատության մեջ պատասխանատու հայտարարություն անող հեղինակը կարող է դնել տրամագծորեն իրար հակասող երկու միտք, սակայն, փաստ է, որ Բուռնությանի մոտ դա լավ է ստացվել: Եթե բացառելու լինենք վրիպակի փաստը (իսկ մենք հակված ենք այն բացառելուն), ապա այս հայտարարությունները հեղինակին պետք են եղել օպորտունիստական ապահովագրության համար, ասել է թե՝ հեղինակը, մի կողմ դնելով գիտական անաչառությունը, փորձում է «լավ մարդ» երևալ և´ հայերի, և´ թուրքերի ու նրանց հետևում կանգնած ուժերի աչքին:

Սակայն ասենք, որ հայերն Արարատյան երկրում, ինչպես նաև Հայաստանի ամբողջ տարածքում, մեծամասնություն էին կազմում նաև 17 ու 18-րդ դարերում: Ինչպես 17-րդ դարի կեսերին գրում էր ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ ժան Բատիստ Տավերնիեն, որ Կարսով ու Արարատյան դաշտի միջով անցել էր Պարսկաստան՝ «...Թոխաթից մինչև Թավրիզ երկիրը բնակեցված է հայերով» և «չպետք է զարմանալ, եթե հիսուն հային ընկնում է մի մահմեդական»399: Արժանահավատ սկզբնաղբյուրի այս ավելի քան հստակ հաղորդումը բազմիցս է հիշատակվել պատմագիտական գրականության մեջ400, սա-

_____________________________

399 [Jean Baptiste Tavernier], Les six Vouages de Jean Baptiste Tavernier en Turquie, en Perse et aux Indes, Paris, 1682, T. I, p. 32; Paris, 1713, T. 1, p. 79):
400 Տե՛ս Մանվել Զուլալյան. Էնվեր Կոնուկչու. Էրզրումը սելջուկներից մինչև Հանրապետությունը. Անկարա, 1992, 974 էջ (թուրք.). - Պատմա-բանասիրական հանդես, 1997, հմր. 1, էջ 266: Լեո, Հայոց պատմություն. Երրորդ հատոր, Գիրք աոաջին, Երևան, 1969. էջ 266: Աշոտ

[էջ 211]

կայն Բուրնությանը և ամերիկյան մյուս «հայագետներն» այն «չեն նկատել», որովհետև ընտրել են փաստերի խեղաթյուրման ճանապարհը: Հետաքրքիր է, որ Հայաստանում հայերի փոքրամասնություն լինելու մասին Բուռնությանի վերոհիշյալ կեղծիքը, առանց չնչին քննադատական վերաբերմունքի արժանանալու, քոչել է Ամերիկայում լույս տեսած այլ հրապարակումների մեջ401:

Բ. Վերջերս ԱՄՆ-ում լույս տեսած հայոց պատմության մի դասագրքում Կիլիկիայի հայոց պետականության մասին մի առանձին գլուխ է գրել նորահայտ ոմն Անի Ադամյան-Բուռնությանը, որ առաջին իսկ պարբերության մեջ սենսացիոն «հայտնագործություն» է արել: Պարզվում է, որ Կիլիկյան հայկական թագավորությունում «հավանաբար, հայերը նույնիսկ բնակչության մեծամասնությունն էլ չէին» ("Armenians probably did not even constitute a majority of the population")402։ Բնական է, որ պատմական փաստերին հակասող այս անհեթեթ հայտարարությունը չի հենվում ո´չ սկզբնաղբյուրների, ո´չ էլ առանձին որևէ ուսումնասիրության վրա: Այսպես, Կիլիկիայի հայկական պետության հայտնի պատմաբան Գ. Միքայելյանի մոտավոր հաշվումների համաձայն՝ 13-րդ դարում Կիլիկիայի հայկական պետության տարածքը կազմում էր 40,000 քկմ, իսկ բնակչությունը՝ շուրջ 1,000000 մարդ: Ընդ

_____________________________

Հովհաննիսյան. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության. Հտ. P, էջ 363, ծնթ. 3: Армянское Войско в XVIII веке. Документы. Подготовил к изд. А. Хачатрян. Ереван: Изд. АН Арм. ССР, 1968, с. 20. Պետք է ասել, որ Համո Խաչատրյանը թերևս աոաջին հայ հեղինակներից էր, որ ճիշտ գնահատական էր տվել հայ ժողովրդի պատմական ժողովրդագրության և ոազմական պատմության հանդեպ արևմտյան հեղինակների ունեցած կանխակալ և կողմնակալ վերաբերմունքին ու ոտնձգություններին (տե՛ս Армянское Войско в XVIII веке, с. 11-16,20-22):
401 Nora Dudwick, "Armenia: the nation awakens," op. cit., p. 262; Mark Malkasian, 'Gha֊ra-bagh!': The Emergence of the National Movement in Armenia (Wayne State University Press, 1996), pp. 11-12.
402 Richard Hovannisian, ed., The Armenian People from Ancient to Modern times, Vols. 1 (New York, St. Martin's Press, 1997), p. 273.

[էջ 212]

որում՝ «Հայերր իշխում էին Կիլիկիայում ոչ միայն քաղաքական առումով, թվաքանակի առումով ևս նրանք առաջինն էին»403: Անի Բուռնությանի հայտարարության թուրքամեւո քաղաքական ենթաւոեքստն ակնհայտ է. եթե հայերը երբեք՝ նույնիսկ հայկական թագավորության օրոք, Կիլիկիայում մեծամասնություն չեն եղել, ապա հետագայում, մասնավորապես՝ Առաջին Համաշխյարհային պատերազմից հետո, Կիլիկիայի տարածքի հանդեպ նրանց ներկայացրած իրավունքները անշուշտ «անհիմն» են եղել:

Գ. Խիստ նվազեցված են ներկայացվում ցեղասպանությանն անմիջապես նախորդած ժամանակաշրջանում Հայաստանում ապրող հայերի թիվը, ինչպես նաև 1915-1922 թթ. ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը։ Այս մասին շատ է գրվել, ուստի բավարարվում ենք այդ քննադատության մի քանի նմուշ հղելով404:

_____________________________

403 Տե՛ս Г. Г. Микаелян, История Киликийского Армянского государства. Ереван, Изд. АН Арм.ССР, 1952, сс. 17-18. Գ. Միքայելյանի այս հաշվարկը տեղ է գտել նաև «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակում (հ. 3, Երևան, 1976, էջ 672-673):
404 Vahakn N. Dadrian, "Ottoman Archives and Denial of the Armenian Genocide," in The Armenian Genocide: History, Politics, Ethics, op. cit., pp. 280-310: especially, pp. 284-289, 294-296. Levon Marashlian, Politics and Demography: Armenians, Turks, and Kurds in the Ottoman Empire (Cambridge, Mass.: Zorian Institute, 1991). Թուրքական պատմագրությունն ու նրա վճարովի կամակատարները կեղծում են նաև ավելի վաղ շրջանի (ու նաև՝ այլ երկրների) պատմական ժողովրդագրությունը, տե՛ս, օրինակ, Լուսինե Սահակյան, Բաբերդ գավառի տեղանուններն ու էթնիկ կազմը 16 դ. օսմանյան Թահրիր դավթարներում. Իրան-Նամե 6 (1996)-1 (1997), համար 22-23, էջ 21-30: Speros Vryonis, Jr., A Critical Analysis of "Stanford Shaw, History of the Ottoman Empire and Modern Turkey. Volume 1. Empire of the Gazis: The Rise and Decline of the Ottoman Empire, 1280-1808, Cambridge University Press (Cambridge, London, New York, Melbourne, 1976)." Offprint from Balkan Studies 24, 1 (1983), pp. 104-107, 115-117.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։
Տրամադրել է՝ Արմեն Այվազյան
Scanned: Լինա Քամալյան
OCR: Լինա Քամալյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice