Արմեն Այվազյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 115]

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ամերիկյան « հայագիտության» ընդհանուր միտումները, զարգացումները և դրանց հետևանքները

1. Հայագիտական դաշտի «իշխող բարձունքների» գրավումը

Իրականում Սյունիի գրքի ծնվելն ու գովերգվելն օրինաչափ երևույթներ են: Սյունին այլ բան չի արել, սոսկ՝ հայագիտության ամերիկյան դպրոցը ներկայացրել է իր ողջ «պերճանքով ու շքեղությամբ»: Առավել հստակ պատկերացնելու համար, թե «գիտական» ինչ մթնոլորտում է ստեղծագործում Սյունին, ստորև համառոտակի կանդրադառնանք հայագիտության բնագավառում ամերիկացի առաջատար մի շարք մասնագետների գործունեությանն ու «նվաճումներին»:

Ամերիկյան «հայագիտական» դարոցը գրավել և ատամներով պաշտպանում է հայագիտության դաշտի հետևյալ իշխող բարձունքները.

1. Հայերը հայտարարված են հայկական լեռնաշխարհում «եկվոր» տարր.

2. Հայոց ոսկեդարի երեք գլխավոր պատմիչների՝ Մովսես Խորենացու, Եղիշեի և Փավստոս Բուզանդի երկերը հայտարարված են անարժանահավատ նյութեր պարունակող աղբյուրներ:

3. Զանազան ձևերով նսեմացվում են հայերի ազգային բնավորությունը, արժանապատվությունը, ինչպես նաև հայ-

[էջ 116]

կական քաղաքակրթության և մշակույթի մեծագույն նվաճումները (պատկերման եղանակները տարաբնույթ են):

4. Հին և միջնադարյան հայկական պետականությունը ներկայացվում է իբր միշտ օտար ուժերի ձեռքին խաղալիք եղած, գրեթե երբեք կենտրոնացված իշխանություն չունեցած թույլ և անարյուն մի գոյություն:

5. Հայաստանի պատմական ժողովրդագրությունն աղճատվում է ու Հայաստանում գրեթե միշտ ցուցադրում սակավահայություն (անսքող կեղծիք):

6. Այսօր Հայաստանի և. ողջ հայության համար աոաջնահերթ կենսական նշանակություն ունեցող՝ Արցախի ազատագրության ամրապնդման հարցում ամերիկացի «հայագետները» պաշտպանում են ադրբեջանական տխրահռչակ կեղծարարությունը, ըստ որի՝ Արցախն իբր եղել է Կովկասյան Աղվանքի բնիկ տարածքը, ուր իբր նախապես ապրել են ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիների «ուղղակի նախահայրեր» հորջորջվող աղվանները: Այսպես՝ 1992 թ. լույս է տեսել մի ծավալուն մենագրություն, որի հեղինակը՝ այժմ Չիկագոյի համալսարանում ասիստենտ-պրոֆեսորի (Assistant Professor) պաշտոնով դասավանդող Ա. Ալթստատն միտումնավոր անքննադատ եղանակով վերարտադրել Է Զիյա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովայի և ադրբեջանցի այլ կեղծարարների տեսությունները196:

Այժմ փոքր-ինչ մանրամասն քննենք կեղծված գլխավոր դրույթները:

_____________________________

196 Audrey Altstadt, The Azerbaijani Turks: Power and Identity under Russian Rule (Hoover Press, 1992), 331 pages.

[էջ 117]

2. Հայերի՝ Հայկական լեռնաշխարհում եկվոր լինելու թեզը

Այս թեզի քաղաքական ենթաւոեքստը շատ պարզ է. եթե հայերը եկվորներ են Հայկական լեռնաշխարհում և փոխարինելու են եկել ինչ-որ այլ ժողովուրդների, ապա մեկ այլ պատմական ժամանակահատվածում այդ տարածքից նրանց օտարացումը դիտվելու է որպես գրեթե բնականոն երևույթ: Եթե հիշենք, որ թուրք որոշ հեղինակներ նույնիսկ մեղադրում են հայերին «պատմության մեջ առաջին ցեղասպանությունն իրականացնելու», այն է՝ ուրարտացիներին իբր բնաջնջելու մեջ197, ապա 20-րդ դարի սկզբին թուրքերի իրականացրած հայոց ցեղասպանությունն այլևս փորձելու են նկատել որպես զգալի չափով արդարացված իրադարձություն, նույնիսկ պատմական փոխհատուցման պես մի բան:

Հայերի եկվորության թեզն առաջացել է տակավին 19-րդ դարի վերջում, երբ հայտնաբերվեցին ուրարտական կոչված սեպագրերը, ու անմիջապես էլ հայտարարեցին, թե իբր «նախահայերը» Հայկական լեռնաշխարհ են գաղթել միայն մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին: Այս տեսակետը, ինչպես վերն արդեն նշել ենք, գիտական քննություն չբռնեց: Սակայն, կարծում ենք, ընթերցողն ինքն արդեն կարող է մակաբերել, թե ինչու՞Ամերիկայում թարգմանել ու երկու անգամ՝ 1985 և 1995 թթ., հրատարակել են հայերի եկվոր լինելը փողահարող գլխավոր երկը՝ լենինգրադյան պրոֆեսոր Իգոր Դյակոնովի խիստ կողմնակալ աշխատությունը198: Դյակոնովի գիրքը մոսկովյան կենտրոնից պարտադրվեց Հայաստանի Ակադեմիային, և. պատահական չէ, որ այն Երևանում լույս ընծայվեց 1968 թ.:

_____________________________

197 Տե՛ս Մ. Զուլալյան. Հայոց պատմության խեղաթյուրումը, նշվ. աշխ., էջ 41:
198 Игорь М. Дьяконов, Предистория армянского народа. Ереван: АН, 1968. Igor M. Diakonoff, The Pre-history of the Armenian People. The English translation by Lori Jennings (Delmar: Caravan Books, 1985 and 1995).

[էջ 118]

Բանն այն է, որ 1965-1968 թթ. Հայաստանում արագորեն ձևավորվում էր Արևմտյան Հայաստանի թուրքական բռնազավթմանը վերջ տալու պահանջով հզոր ժողովրդական շարժում: Անկանխատեսելի զարգացումներով հղի այս հուժկու ժողովրդական շարժումն աննախադեպ էր Խորհրդային Միության պատմության մեջ, այն չափազանց վտանգավոր էր և Կրեմլի համար իրոք կարող էր դառնալ մեծ գլխացավանք: Ինչպես ցույց տվեցին ավելի ուշ՝ 1988-1991 թթ. ԽՍՀՄ-ում տեղի ունեցած իրադարձությունները, հայկական ազգային շարժումները՝ իրենց հզոր ժողովրդակայնության և արտերկրյա կապերի շնորհիվ, իրոք ընդունակ էին քայքայելու խորհրդային կայսրության ազգային քաղաքականության հիմքերը: 1968 թ. Երևանում հրապարակելով մի գիրք, որ Հայկական լեռնաշխարհը հայտարարում էր ինչ-որ ուրիշ էթնիկ խմբերի նախնական հայրենիքը, Կրեմլը, ի թիվս ավանդական բռնի և ոչ -ավանդական միջոցառումների, «գիտական» հարված էր հասցնում հայկական ժողովրդական նոր ծիլ տված շարժման ծրագրային դրույթներին:

Իհարկե, ակադեմիկոսներ Գրիգոր Ղափանցյանի և Գևորգ Ջահուկյանի հիմնարար ուսումնասիրությունները ԱՄՆ-ում Դյակոնովի գրքի բախտին արժանանալ չէին կարող, չէ՞ որ դրանք ապացուցում են հայերի բնիկությունը Հայաստանում՝ Ուրարտական պետության հիմնադրումից դարեր առաջ199: Ի դեպ, Դյակոնովի գիտական անաչառության մասին դատելու համար, բավական է հիշել, որ նա «ոտքի վրա»՝ ընդամենը 4-5 Էջում, «անհիմն» է հայտարարել Ղափանցյանի և Ջահուկյանի ծավալուն աշխատությունները200 (այդ աշխատությունների, գիտական բարձր արժեքը հաստատվել է հետագա բազմաթիվ ուսումնասիրություններով201: Իսկ հայերի փռյուգիա-

_____________________________

199 Տե՛ս վերը, ծնթ. 18:
200 Տե՛ս Дьяконов, Предистория армянского народа, стр. 209-214.
201 Տե՛ս, օրինակ, Հ. Խ. Բարսեղյան. Գրիգոր Ղափանցյանը լեզվաբան-հայագետ (ծննդյան 110-ամյակի առթիվ). - Պատմա-բանասիրական հանդես 1997, 2 (146), էջ 33-40:

[էջ 119]

կան ծագման անհնարինությունը եզրահանգած՝ գերմանացի գիտնական Օ. Հաասի մենագրությունը (Die phrygischen Sprachdenkmaler, Sofia, 1966) արժանացել է Դյակոնովի քամահրական մերժմանը ընդամենը մի... ծանոթագրության մեջ202: Ինչպես նշում է ակադ. Բ. Առաքելյանը, Դյակոնովը նաև «բացասական վերաբերմունք է ցուցաբերում հայկական աղբյուրների, մասնավորապես՝ Մովսես Խորենացու պահպանած ավանդական տեղեկությունների նկատմամբ»203: Այս փաստը Դյակոնովի կողմնակալությունը մատնում է լավագույնս (Խորենացուն «գերքննադատելու» քաղաքական շարժառիթների մասին առավել մանրամասն կխոսենք ստորև):

Այս առումով ուշագրավ են ամերիկացի «հայագետների» վերջին մի քանի ելույթները: Հայաստանի անկախացումից անմիջապես հետո մի կոչ-զգուշացում ուղղվեց բոլոր նրանց, ովքեր կփորձեն կասկածի առնել հայերի եկվորության մասին փուչ թեզը: Զավեշտ է, սակայն այդ կոչը հրապարակողի դերում՝ Ուրարտուի և հայերի ծագումնաբանության խնդիրների իր անճարակ «մեկնաբանություններով» հանդես եկավ այս հարցերի հետ մասնագիտական որևէ առնչություն չունեցող մի անձնավորություն՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայկական բաժնի պատասխանատու Լևոն Ավդոյանը: 1992 և 1993 թթ. կարդացած իր զեկուցումների և դրանք ամփոփող առանձին ընդարձակ հոդվածի մեջ, Ավդոյանը, փաստական նյութի հետ կապ չունեցող տարտամ դատողություններ անելուց հետո, հավասարության նշան դրեց հայերի բնիկ լինելն ապացուցող հեղինակների և ադրբեջանցի հայտնի կեղծարար Զիյա Բունիաթովի միջև 204։ Արևմտյան բոլոր «անհնազանդ» գիտնա-

_____________________________

202 Նույն տեղում, էջ 243.
203 Նույն տեղում, էջ 184-187. հմմտ. Բ. Ն. Առաքելյան, Գ. Բ. Ջահուկյան, Գ. Խ. Սարգսյան. Ուրարտու-Հայաստան, էջ 36, ծնթ. 41:
204 L. Avdoyan, "Afro-Centrism, Armeno-Centrism and the Uses of History," in Jean-Pierre Mahe and Robert W. Thomson, eds., From Byzantium to Iran: Armenian Studies in Honour of Nina G. Garsoian (Atlanta, Georgia: Scholars Press, 1997), pp. 81-96: on 91.

[էջ 120]

կաններին ուղղված այս հոդված-նախազգուշացման ամբողջ իմաստը պարփակված է հետևյալ նախադասության մեջ. «այդ (իմա՝ Հայ ասա անի -- Ա. Ա.) հողի վրա հայերս տիրապետություն են հաստատել այլ ժողովուրդների տիրապետությունից դարեր հետո» (...the Armenians, whose dominance over the land comes after centuries of dominance by other peoples - ընդգծումն իմն է՝ Ա. Ա.)205: Այսքանով չբավարարվելով, Ավդոյանն առաջ է անցնում և. դոնքիշոթավարի գրոհում աստվածաշնչական մի հայտնի ավանդության վրա, ինչ է թե դրանից ևս մակաբերելի է Հայաստանում հայերի բնիկությունը: Խոսքը վերաբերում է տարածված երկհազարամյա հայկական, եբրայական, հունական և եվրոպական այն ավանդությանը, ըստ որի Նոյյան տապանն իջել էր Արարատ լեռան գագաթին ու, հետևաբար՝ Հայաստանը մարդկության բնօրանն է, իսկ հայերն էլ Նոյի այն ժառանգներն են, որոնք մնացել են իրենց բուն նախնական հայրենիքում: Ավդոյանի համար «հաստատված փաստ» է, որ Աստվածաշունչը նկատի է ունեցել ո՛չ թե Արարատ լեռը, այլ սոսկ « Արարատի /Ուրարտուի սարերը»: Ավդոյանը, չգիտես ինչու, ջղաձգվում է նաև միջնադարյան մեկ այլ՝ Եդեմի պարտեզը Հայաստանում տեղադրող ավանդությունը հիշելիս206: Ընդսմին, Ավդոյանը մի կողմից գովաբանում է Ի. Դյակոնովին, Կ. Թումանովին և. Ն. Գարսոյանին (վերջինս նույնպես անվերապահորեն գրում է հայերի եկվորության մասին, առանց մե´կ բառով իսկ հիշելու հայերի բնիկությունը հաստատող տեսակետները207), իբրև, օբյեկտիվ, անկաշառ գիտնականների, իսկ, մյուս կողմից, քննադատում է, կրկին առանց որևէ փաստարկի, իր օբյեկտիվ դիրքով հայտնի Դեյվիդ Մ. Լանգին («կասկածելի» անվանելով նրա աշխատությունները), Լևոն Զեքիյանին ու Էդվարդ Գուլ-

_____________________________

205 Նույն տեղում, p. 89.
206 Նույն տեղում, p. 87, note 22.
207 Thomas F. Mathews and Roger S. Wieck, eds., Treasures in Heaven: Armenian Illuminated Manuscripts (The Pierpont Morgan Library, New York: Prinston University Press, 1994), p. 5.

[էջ 121]

բեկյանին, որոնք համարձակվել էին անգլերենով գրել հայերի՝ Հայաստանում բնիկ լինելու մասին208։

Ավդոյանի ելույթի ծրագրային բնույթ ունենալը վերջերս ստացավ մի հետաքրքրական հաստատում ևս: 1996-1997 թթ. հայ երիտասարդ գիտնական Ա. Մովսիսյանը, ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ, աշխատում էր ընթերցել ուրարտական գաղափարագրերը (sic - ո´չ սեպագրերը), որոնց ուսումնասիրությունը դեռ նոր է սկսվում: Ա. Մովսիսյանի պրպտումները հանգել էին տակավին հաստատում չգտած այն վարկածին, համաձայն որի այդ հիերոգլիֆները գրված են հին հայերենով: Այս վարկածի հրապարակմանն անմիջապես հետևեց Հարվարդի համալսարանի՝ Մաշտոցի անվան հայագիտական ամբիոնի պրոֆեսոր Ջեյմս Ռասսելի՝ մամուլով լայնորեն սփռված հայտարարությունը, որտեղ նա՝ նախապես Ավդոյանի առաջադրած եղանակով, բունիաթովականության մեջ մեղադրեց հայ գիտնականներին, առանց դույզն իսկ խորամուխ լինելու հարցի էության մեջ, նույնիսկ չիմանալով, որ խոսքը վերաբերում է ուրարատական գաղափարագրերին, և ո՛չ վաղուց ի վեր հիմնականում վերծանված սեպագրերին209: Այստեղ կարևորն այն չէ, թե Ա. Մովսիսյանի վարկածը հետագայում կհաստատվի կամ կմերժվի, այլ այն, որ կրեմլյան թելադրանքից ազատված հայաստանյան հայագիտությանն այժմ էլ փորձում են պարտադրել «հարվարդյան սանձը»:

_____________________________

208 Նույն տեղում, p. 86, 91-92.
209 Տե´ս, օրինակ, Голос Армении, 15 марта 1997 г., с. 4.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։
Տրամադրել է՝ Արմեն Այվազյան
Scanned: Լինա Քամալյան
OCR: Լինա Քամալյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice